HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանելի ժամանակներ

Լեռ Կամսար

Ժամանակներից ամենաերանելին Քաջ Նազարի ժամանակն է եղել։

Մի ժամանակ, երբ մարդիկ անսահմանափակ ազատություն են վայելել ու արել են այն, ինչ իրենք են կամեցել։

Երևակայեցեք մի հասարակարգ, ուր անհատն իրավունք է ունեցել մի զարկով հազար ճանճ սպանել․․․

Մինչդեռ ներկայիս մի ամբողջ Հայաստանի կառավարություն, իր զորքերով ու թնդանոթներով չի կարող ոչ միայն մի ճանճ սպանել, այլ չի կարող իր քթին նստած ճանճերը քշել․․․ առանց Մոսկվաի թույլտվության։

Չի կարող ասել՝ ճա՛նճ, ի՞նչ կլինի, գնա մի քիչ էլ Ադրբեջանի կամ Վրաստանի քթին թառիր։

Իսկ այս երեք կառավարությունները Մոսկվային են միացել «ինքնակամ», ուզած ժամանակ անջատվելու պայմանով․․․

Ասենք, քթի վրայից ճանճ քշելը մի փոքր պատասխանատու բան է, և պետք է Մոսկվան էլ համաձայնի, բայց ախր ճանճից ավելի փոքր հարցերում էլ է Մոսկվան միջամտում, Հայաստանին անելիք չթողնելով։

Վերցնենք մի այսպիսի շատ չնչին հարց։

Սրանից հիսուն տարի առաջ թուրքերը բնաջնջեցին հայության ուղիղ կեսը։ Հայաստանի կառավարությունն այս տարի կամեցավ հիշել իր կորցրած կեսին, հիշել, ափսոսալ ու մի քիչ էլ, եթե կարելի է՝ լաց լինել։

Այս մասին դիմեց Մոսկվա, բայց պատասխան չստանալով, կարծեց լռությունը համաձայնության նշան է, ու սկսեց լաց լինել։

Հայաստանի արցունքները տեսավ Մոսկվան ու զայրացած հրամայեց․

- Վշտի արցունքներն անմիջապես ծիծաղի արցունքի վերածել և ուրախանալ, որ թուրքերը հայության կեսը կոտորել են․․․Ինչպե՞ս կարելի է թուրքի խաթրին դիպչել հիմա, երբ մենք բանակցության մեջ ենք մտել և ուզում ենք իրար հետ բարեկամանալ։

Այս լսելով, Հայաստանի կառավարությունը, վախից արցունքի մի մասը կուլ տվեց, մյուս մասն էլ երջանկության արցունքի վերածելով, փառք տվեց թուրքերին և ուժ մաղթեց նրա բազուկներին՝ մնացած հայությունն էլ կոտորելու համար․․․

Այս բանին ի տես, շատերն այն կարծիքը հայտնեցին, որ սոցիալիստական պետությանը վայել չէ քաջալերել ոճրագործությունը, բայց նրանք չէին իմանում, որ սոցիալիզմն ինքը մի ոճրագործություն է, և չի կարող չհովանավորել աշխարհի բոլոր ոճրագործներին․․․

Որովհետև մեռնողի վրա լաց լինել՝ Աստվածն անգամ չի արգելում։

Ա՜խ Աստված․․․ որքա՜ն բարեգութ ես։ Դու հրամայեցիր Աբրահամին տանել սար իր միամոր որդի Իսահակին և զոհել քեզ, իսկ վերջում թույլ չտվեցիր, բայց Հայաստանի կառավարությունը սա քառասուն տարի է Մոսկվայի հրամանով զոհում է իր միամոր որդիներին, ու Մոսկվան վերջին րոպեին նրա ձեռքը չի բռնում, և նա իր ամենաընտիր զավակների արյունն է թափում ու ողջակիզում սոցիալիզմի աստծուն։

Եթե «կառավարություն» ասելով պետք է հասկանալ մի մարդ, որ կառքին նստած, սանձը ձեռքին կառավարում է այն, ապա Հայաստանի կառավարությունն անսանձ նստել է կառքին, իսկ Մոսկվան, որի ձեռքին է սանձը, տանում է կառքն իր ուզած ուղղությունով, չվախենալով անգամ նրա հիմնահատակ կործանումով։

Եվ սրանից հետո էլ Հայստանի կառավարությունն ինքզինքը համարում է պայմանագրով Մոսկվային միացած, և ուզած ժամանակ կարող է նրանից անջատվել ու անկախանալ․․․

Բայց, էհե՜, Հայստանի՛ կառավարություն, չմտածես անկախության մասին․ դու այնքան բարձր ես կախված Մոսկվայից, որ ընկար՝ մեծ կտորն ականջդ կմնա․․․

1964թ․, անտիպ

Մեկնաբանություններ (2)

Վանուհի
Փաստորեն, եթե մենք 65-ին չավերեինք օպերայի շենքի լուսամուտները, Կրեմլը մեզ թույլ չէր տալու Եղեռնի հուշահամալիրը սարքել։ Խելոք որոշում՝ ցասումն ու վիշտը ճարպկորեն ուղղորդեցին քարե արձանների վրա․․․ Հետո էլ խորամանկորեն մարզահամերգային համալիրը սարքել տվեցին նույն վայրում։ Ա՜խ, այդ Մոսկվան․․․ Միայն չեմ հասկանում՝ ինչո՞ւ ուղիղ գծով չի կառավարում մեզ․ Ո՞ւմ են պետք մեր հաշվին ապրող մեր թագավորիկները․․․
Հադմիկ Ա. Ա.
Սիրելի Վանուհի, երազում եմ այն օրվա մասին, երբ Ձեր հանճարեղ պապի երգիծանքը հնացած կլինի: Առայժմ այն արդիական է, ինչպես Խորենացու ողբը, Թումանյանի, Կոմիտասի, Տերյանի նամակները, մյուս մեծերի մտահոգությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter