HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ քաղաքականությունը մտահոգում է նաև երաժիշտներին

Նաիրա Հայրապետյան

Սթինգի երգացանկում ոչ հաճախ կարելի է հանդիպել քաղաքական թեմաներով երգերի: Նա ավելի շատ բնապահպան է, հասարակական խնդիրներ ևս բարձրաձայնում է, բայց ասել, որ անտարբեր է աշխարհում տիրող քաղաքական իրադարձությունների հանդեպ, միանգամայն սխալ է: Նա բոլորովին էլ այն արտիստներից չէ, ովքեր պարփակվում են իրենց աշխատասենյակի պատերի ներսում և ամեն ինչ տեսնում միայն այդ սենյակի լույսի ներքո:

Սթինգը բազմիցս հանդես է եկել իբրև հասարակական գործիչ՝ անդրադառնալով մարդու իրավունքների և սոցիալական տարբեր խնդիրների, կազմակերպելով և մասնակցելով մի շարք բարեգործական համերգային ծրագրերի և այլն: 2011թվականին, օրինակ, Աստանայում կայանալիք համերգը նա չեղյալ հայտարարեց՝ այս կերպ բողոքելով Ղազախստանի նավթային և գազի հանքերում աշխատող մարդկանց իրավունքների խախտման դեմ: Այս ընթացքում նա և՛ ելույթներում, և՛ հատուկ ուղերձներով ժամանակ առ ժամանակ ակնարկել է իր մտահոգությունների մասին նաև քաղաքական դաշտում: Դրանցից մի քանիսը երգեր դարձան և այս առումով ամենավաղ պատմություններից մեկն էլ կոչվում էր «Russians»`  ռուսներ:

Երգը ծնվեց ԽՍՀՄ-ԱՄՆ սառը պատերազմի և դրա հետևանքով առաջացած երկարատև թշնամության, արհամարհանքի, վախի զգացումների մեջ: Այդպիսի մթնոլորտում էին այն ժամանակ ոչ միայն այս երկու երկրների ժողովուրդներն ապրում, այլև նրանց անմիջական հարևաններն ու քաղաքական համակիրները: Մեծ իմաստով այդպիսին էր աշխարհը:

Պատերազմում հաղթող չկա, դա կեղծիք է, որին մենք այլևս չենք հավատում

Սթինգն այսպես է պատասխանում հոխորտացող ամերիկյան կոչերին: Դրանք 80-ականներին հիմնականում լի էին «սովետական սպառնալիքը» միջուկային պատերազմով մոխրացնելու կոչերով: Նման կոչեր ավելի հաճախ հանդիպում էին Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին: Այդ պատճառով այս քաղաքական գործիչը հիշատակվում է «Russians»-ում: Նա հզոր, անվախ ու իր ժողովրդի մեջքին ամուր կանգնելու խոստմամբ առաջնորդն է, ով, սակայն, ըստ երաժշտի, իր ռումբերով ալևս չի կարող շահել մարդկանց ներքին խաղաղությունը: Բայց միևնույն ժամանակ ռումբերը խոսում են, քանի որ երկաթե ցանկապատից այն կողմ ևս հնչել են համապատասխան սպառնալիքներ:

Սթինգը սովետական առաջնորդների աստղաբույլից չգիտես ինչու նախընտրել է Նիկիտա Խրուշչովին այս երգում անմահացնել, թեև 80-ականներին նա վաղուց արդեն ԽՄԿԿ առաջին քարտուղարը չէր (1984-1985թթ. Կ. Չեռնենկոն էր): Եվ մինչ հսկա միության կուլիսներում անձայն ծիծաղում էին հայտնի կոշիկի ելույթի վրա, կարելի է ենթադրել, որ արևմուտքն այս ողջ ընթացքում սփրթնած հետևել է կապիտալիստական աշխարհի դեմ ամենակրակոտ ելույթին: Համենայն դեպս այս առաջնորդը ԽՍՀՄ-ի խորհրդանիշն է այն պատերազմում, որը մտահոգել է բրիտանացի հայտնի երաժշտին ու ստիպել խոսել հետևանքների մասին: Խորհրդային Միությունը սպառնում էր «թաղել» իր թշնամիներին, որին ի պատասխան՝ Ռեյգանը ստիպված էր հանգստացնել իր ժողովրդին՝ «Օպենհեյմերի մահացու խաղալիքով»:  

Հավատում եմ՝  ռուսները նույնպես սիրում են իրենց երեխաներին

Երգում նշված խրուշչովյան, այսինքն՝ սովետական սպառնալիքին («we will bury you»), որը ԽՍՀՄ-ից դուրս գտնվող ու նրան դեմ մտածող հասարակության ընկալմամբ՝ ռուսական է միայն լինում, երգիչը հակադրվում է հետևյալ արտահայտությամբ՝ «Եթե ռուսներն էլ են սիրում իրենց երեխաներին»: Այն երգի հաջորդող տներում փոքր-ինչ ձևափոխվում է՝ վերածվելով հույսի և վստահության:

Սթինգի վկայությամբ՝ երգի ստեղծման համար հիմք են հանդիսացել երկու նախադրյալ: Առաջինը ռուսների հանդեպ, իբրև մարդկանց, եղած կարծրատիպի վանումն էր: Երաժշտի՝ Նյու- Յորքում ապրող ընկերը հատուկ սարքի միջոցով կարողացել էր որսալ ռուսական հեռաուստաալիքներից մեկը: Մի քանի հաղորդում նայելուց հետո Ստինգը համոզվեց, որ ռուսը նույն մարդն է, ինչ ամերիկացին և մյուսները:

Երգին անդրադարձող զրույցներից մեկում ասել է. «Գիշերվա այդ ժամին մենք միայն կարողացանք մանկական հաղորդում գտնել, ամերիկյան «Սեզամ փողոց»-ի նման մի բան: Ես խորապես տպավորված էի այն հոգատարությամբ, սիրով և ուշադրությամբ, որը նրանք ներդրել էին այդ հաղորդումների մեջ: Ցավում եմ, որ այսօրվա թշնամիները չունեն այս նույն մոտեցումը»: Սթինգը, այս ընկալման շարունակությամբ, ասում է, որ նրանք նույն բիոլոգիական մարմիններն են՝ տարբեր գաղափարական դավանանքով: Ուստի պետք է որ նրանց միջև ռումբեր չպայթեն, քանի որ հավատում է ռուսների՝ երեխաների հանդեպ ունեցած սիրուն:

Երկրորդ նախադրյալը երգի ստեղծման համար երաժշտի որդու հարցն էր՝ «Հայրիկ, իսկապե՞ս գոյություն ունի այնպիսի ռումբ, որը կկարողանա կործանել ամբողջ աշխարհը»: Նա ստիպված էր պատասխանել «այո», բայց դրանից հետո որդու աչքերում հայտնված վախն ու սարսափը երկար ժամանակ դուրս չեկավ նրա մտապատկերից:

«We share the same biology

Regardless of ideology

What might save us, me and you

Is if the Russians love their children too»

«Russians»-ը թողարկվել է Սթինգի դեբյուտային՝ «The Dream of the Blue Turtles» ալբոմի կազմում, 1985թ.: Այն առաջինն էի երաժշտի անհատական կարիերայում «The Police» խմբի լուծարումից հետո: Նույն տարվա նոյեմբերին թողարկվեց երգի սինգլը: Սթինգը այս երգը կատարեց «Գրեմիի» 1986թ. մրցանակաբաշխության ժամանակ, և ավելի ուշ այս ելույթն ընդգրկվեց «Grammy’s Greatest Moments Volume» ալբոմի կազմում:

«Russians»-ում Սթինգն օգտագործել է ռուս կոմպոզիտոր Ս. Պրոկոֆևի «Լեյտենանտ Կիժեն» սյուիտի մեղեդին: Սովետական ժամանակաշրջանի նոստալգիա ունեցողները երգի մեջ այլ ծանոթ ու խորհրդանշական ձայներ ևս կգտնեն:

Տարիներ անց` ռուսական հեռուստաալիքում ունեցած հարցազույցի ժամանակ, Սթինգը նշում է, որ այս երգը կարևոր է եղել իր ողջ բովանդակությամբ և հատկապես 80-ականների համար: Դա նաև մի փուլ էր, երբ մարդիկ ԽՍՀՄ-ն ու նրան խորհրդանշող ռուսին սովորել էին նայել միայն որպես խաղաղության սպառնալիքի: Անդրադառնալով ռուսական կողմին մշտապես վիրավորական հնչող տողին՝ ասում է, որ մինչ այդ եղած ընկալումը անհեթեթություն է եղել: « Իրականում այդ միտքը, թե ռուսները չեն սիրում իրենց երեխաներին, անհեթեթություն է, - ասում է Սթինգը,- հենց սա եղավ այն հենասյունը, որի շնորհիվ մենք չոչնչացրինք միմյանց: Որովհետև բոլորը, թե՛ Արևմուտքը, թե՛ Խորհրդային Միությունը, վտանգի էինք ենթարկելու իրենց երեխաների ապագան: Ես ասում եմ, որ մենք սիրում ենք մեր երեխաներին և, հետևաբար, չենք պատրաստվում պայթեցնել աշխարհը»:

Որտե՞ղ են հասել կամ ավարտվե՞լ են Սթինգի պատկերացումները սառը պատերազմի մասին, թե ոչ, առայժմ վստահ չենք կարող ասել: Բայց անդրադառնալով վերոնշյալ մտքին՝ «մենք սիրում ենք մեր երեխաներին և, հետևաբար, չենք պատրաստվում պայթեցնել աշխարհը», հավանաբար երաժիշտն ավելի լավատես էր: Կարծում եմ՝ Սթինգն այն ժամանակ չի էլ փորձել երևակայել անգամ, թե ինչքան են սիրում իրենց երեխաներին նաև Մերձավոր Արևելքի, Սիրիայի ժողովուրդները:

Գլխավոր լուսանկարը՝ www.curacaonorthseajazz.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter