HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Առաքելյան․ վանաձորցի «Ճուտոն»

«Արսենս շատ սիրուն նկարում էր, փորագրում էր, եկեղեցիներ ու խաչեր էր պատրաստում: Մի եկեղեցի ունի լուցկու չոփերով սարքած, դեռ չի ավարտել»,- անցյալն ու ներկան միահյուսած որդու մասին պատմում է մայրը՝ Արևիկ Խաչյանն ու ցույց տալիս որդու կիաստ մնացած գործը:

Վանաձորցի Արսեն Առաքելյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին եղել է առաջնագծում, զոհվել է 2016թ.-ի հուլիսի 25-ին՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից:

«Իմ հավատը դեռ չի գալիս,  որ երեխուն կորցրել եմ, ասում եմ՝ հնարավոր չի, որ չկա, չեմ հավատում: Անընդհատ թվում է,  որ էսա դուռը կբացվի ու ներս կմտնի: Ես ինձ անընդհատ հույս եմ տալիս, որ երեխես կամ ծառայում ա, կամ ուղղակի հեռու ինչ-որ տեղ աշխատում»,-ասում է Արևիկը:

Արսենն ու եղբայրը՝ Արամայիսը, ով մի տարով է փոքր եղբորից, ծառայության են մեկնել միասին: Եղբայրները ծառայել են նույն զորամասում:

«Կատակով ասում էի՝ գիտեք, չէ՞,  էն թվերին եթե տղու վայեննի բիլետի մեջ գրած էր լինում  «նիգոդնի», աղջիկ չէին տալիս: Գնացեք ծառայեք, տղամարդ դարձեք»,-հիշում է մայրը:

Տարիների ընթացքում  տեղից տեղ տեղափոխվելու ու գրանցման խնդիրներ ունենալու հետևանքով  տղաները մինչև 19 տարեկանն  անձնագիր չեն ունեցել: Երբ Արամայիսը դարձել է 19, Արսենը 20 տարեկան, մոր հորդորով դիմել են զինկոմիսարիատ ու ասել, որ չնայած անձնագիր չունեն, բայց ցանկանում են մեկնել  ծառայության:

Բանակային տղաների զանգին մայրն անընդհատ սպասել է: Եթե Արամայիսը հաճախ էր զանգում, Արսենին զանգին մայրն ու երկու քույրերը կարող էին ամիսներով սպասել:

«Արսենս շատ հազվադեպ էր զանգում: Ջղայնանում էի, ասում էի՝ Արսեն ջան, ինչի՞ ես տենց անջիգյար, զանգի տեսնեմ ո՞նց ես: Ասում էր, այ մամ, լավ եմ, շատ լավ եմ, մի անհանգստանա: Երբ էլ զանգում էր, միշտ բարձր տրամադրությամբ էր լինում: Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորս անհանգստանում էինք, ասում էի՝ Արսեն ջան, զգույշ, հանկարծ ավելորդ շարժումներ չանեք, ասում էր՝ մամ ջան, հանգիստ եղիր, մենք չենք էլ գնում դիրքեր, ամբողջ օրը զորամասում ենք, մեզ չեն տանում: Խաբում էր, անընդհատ խաբում էր մեզ: Հետո իմացանք, որ դիրքերում են եղել այդ օրերին»,- պատմում է մայրը:

Առաջնագծում ծառայող եղբայրը երկրորդ գծում գտնվող Արամայիսին ապրիլյան պատերազմի օրերին խորհուրդ  է տվել՝ հանկարծ չհելնես վերև, գլուխդ չհանես:

«Մենք հիմնականում դիրքեր չէինք գնում, հիմնականում դիտարկողի դերում էինք: Ես էլ իրեն էի ասում, որ զգույշ լինի,  որովհետև գիտեի, որ մեր տեղն ապահով է, իր տեղը՝ չէ»,- հիշում է  Արամայիսը:

Ավագ եղբոր օրինակն աչքի առաջ ունենալով, Արամայիսը խոստովանում է՝ շատ  կուզեի իր նման լինել։  «Արսենի նման բարի մարդ ես չեմ տեսել: Իրան ոչ մի անգամ չեմ տեսել կռիվ անելուց: Կիրովականում  ընդունված է, շատ են կռիվ անում, բայց ինքը՝ չէ, ոչ մի անգամ կռիվ չէր անում, որ շրջապատում էլ եղել է, իրեն բոլորը սիրել են», ասում է Արամայիսը: 

Կարճ հասակի պատճառով Ճուտո մականունն ստացած Արսենին շատ են սիրել ոչ միայն լոռեցի, այլև բանակային ընկերները, ովքեր այժմ էլ հաճախ են այցելում ընկերոջ տուն:

Արսենը մորը հետ շատ է խոսել տուն ունենալու մասին։  «Միշտ  ասում էր՝ մամ, բանակից գամ, գնամ Ռուսաստան աշխատեմ, գամ տուն առնեմ, որ էլ վարձով չապրենք»,- ասում է 4 երեխաների հետ տարիներ շարունակ վարձակալությամբ բնակված մայրը։ Նա հույս ունի, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կաջակցի այդ հարցում:

Առաջին լուսանկարում՝ Արսենը մոր հետ։

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter