HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան՝ ապրիլի 16- ի հանրաքվեից հետո, իսկ հայոց հարցը 102 տարեկան է

Ապրիլի քսաներկուսին Փարիզի կենտրոնում՝ Պանթեոնի հրապարակում, գրադարանների և համալսարանների հարևանությամբ, անցկացվեց բացօթյա  կլոր սեղան, քննարկման թեման՝ օրերս Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո սպասվող քաղաքական հեռանկարն ու միջազգային հարաբերություններում հնարավոր փոփոխությունները։

Կլոր սեղանի հյուրերն էին իրավաբան  և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը,  լրագրող Տիգրան Եգավյանը, թուրքագետ-լրագրող Վիլմա Կույումջյանը (ներկա էր նաև որպես թարգմանիչ), ինչպես նաև լրագրող Արիս Նալչին, որը երկար տարիներ աշխատել է Հրանտ Դինքի հետ։

Արիս Նալչիի խոսքով 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության վարկանիշը բավականին բարձր էր, չնայած որ Էրդողանն արդեն միանձնյա կառավարում էր երկիրը, և վտանգ կար, որ պետությունը կառավարությունը կկորցնի։ Իսկ ահա 2017-ի հանրաքվեով ամբողջ  իշխանությունը հետայսու պաշտոնապես Էրդողանի ձեռքերում է, ընդդիմության առաջնորդը՝ բանտարկված, այսինքն՝ իրավիճակը կտրուկ փոխվել է, մինչդեռ 2015 թվականի ընտրություններից առաջ թուրքական շատ շրջաններում տրամադրությունները խիստ հակաԷրդողանյան էին։

Այն  դեպքում, երբ արդեն կիսով չափ բռնապետություն էր Թուրքիայում, ի՞նչ կարիք կար նմանօրինակ հանրաքվե անցկացնելու, իրավական առումով ի՞նչ է այն փոխում Թուրքիայում հարցին Րաֆֆի Քալֆայանն այսպես պատասխանեց․

«Նրանք բռնակալներ էին, և ուզում էին օրինականացնել իրենց իշխանությունը, բայց նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչպես է Էրդողանը ձեռք բերել այդ իշխանությունը։ 2002 թ․-ին Էրդողանը մտավ ակտիվ քաղաքականություն, նրա քայլերը բավականին «պրոգրեսիվ» էին․ առաջնային նպատակը բանակի վրա իշխանություն հաստատելն էր, հետո նրա ձեռքն անցավ ամբողջ լրատվական դաշտը, այնուհետ նաև արդարադատությունը։ Ինչ վերաբերում է աշխարհականությանը, ապա այն երբեք գոյություն չի ունեցել Թուրքիայում»։

Նրա խոսքով laicité տերմինը փոխարինվում է laicisme –ով, ինչը նշանակում  է, որ կրոնը ամբողջովին վերահսկվում է պետության կողմից։ Ինչպես գիտենք, գոյություն ունի կրոնական գործերով զբաղվող նախարարություն, որն ըստ էության կառավարական վարչակազմի մի մաս է, ունի հարյուր հազարից ավել պաշտոնյա և այլն։

Ստացվում է, որ բավական չէ Թուրքիայում արդեն իսկ ամեն ինչ վերահսկվում էր գործող կառավարության կողմից, այժմ պարզապես այդ բռնակալ իշխանությունը լեգիտիմացվում է։ Ուշագրավ է, որ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը ասել են «այո» Էրդողանի սահմանադրությանը, այսինքն՝ ապրելով ժողովրդավար երկրներում, ըստ Պարոն Քալաֆյանի, ի վերջո քվեարկել են հօգուտ մի սահմանադրության, որը կործանում է ժողովրդավարություն կոչվածը։

Արդյո՞ք այս հանրաքվեի արդյունքներից հետո Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը կաճի, կարո՞ղ է Թուրքիան դեռ հավակնել որ մի օր կանդամակցի Եվրոմիությանը։

«Այս դեպքում կասկածի տակ Թուրքիան չէ, այլ Եվրոպան, որը պարզապես դավաճանել է իր բոլոր արժեքներին, Եվրոպան մի բան է, որ դադարում է գոյություն ունենալ»,-նշեց Րաֆֆի Քալֆայանը։

Արդեն երկու տարի է՝ առանցքային բոլոր իրավունքները խախտվում են Թուրքիայում, իսկ Եվրոպան լռում է։ Այս լռությունը բացատրվում է միջին արևելքից ներգաղթի հոսքը կանգնեցնելու Եվրոպայի ջանքերով, ահա թե ինչու սա նման է «Եվրոպայի հրաժարականին»։ Եվրոմիությունը, ըստ միջազգային իրավունքի փորձագետի, քաղաքականապես այլևս գոյություն չունի։ Այս պարագայում Թուրքիան «իրավացիորեն գնում է» այդ հրաժարականը,  մարդու իրավունքները այնքան լքված են և արհամարհված, որ մենք ականատես ենք բռնապետության վերահաստատմանը աշխարհի տարբեր երկրներում։

Տիգրան Եգավյանի խոսքով  Եվրոպական խորհրդարանն, այնուամենայնիվ, հանրաքվեի արդյունքներին արձագանքելով հայտարարեց, որ պետք է դադարեցնել քաղաքական  հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց ոչ միայն այս մոտեցումը ուշացած է և անփույթ, այլև դիվանագիտության և նրբանկատության բացակայություն է Թուրքիայի քաղաքացիական հասարակության նկատմամբ, որի ձայնը նույնպես պետք է հաշվի առնել։

Այս հարցի առնչությամբ Արիս Նալչին հայտնեց, որ Եվրոպայից Թուրքիային փոխանցված ձայները դրանք այն ձայներն են, որոնք ձեռնտու են Թուրքիային։ Այսպես օրինակ՝ Բելգիայում ապրող երկու հազար հայ ընտանիք (խոսքն, իհարկե, այն մարդկանց մասին է, որոնք նաև Թուրքիայի քաղաքացի են) նույնիսկ ցուցակագրված չեն ընտրել կարողանալու համար, և այսպիսի օրինակները շատ են։

Այնուամենայնիվ, կարծիք հնչեց, որ Էրդողանի գալով կար ժամանակ, երբ քրդերի և հայերի մոտ հույս արթանացավ՝ վերջապես կլինի երկխոսություն, Թուրքիայում ավելի շատ սկսեցին խոսել հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հանրահավաքներին թուրքերի ներգրավվածությունը ակնհայտ էր, բայց վերջին երկու տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել է, երկխոսության հնարավարութունը, այսպես ասած, սառեցվել է։

Միջոցառման կազմակերպիչների այն հարցին, թե ինչ կարելի է ասել Թուրքիա և Հայաստան պետությունների հարաբերությունների մասին, Րաֆֆի Քալֆայանը հիշեցրեց՝ Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այս տեսանկյունից կարելի էր հավակնել երկու երկրների միջև երկխոսության հնարավորությանը, բայց  Թուրքիան միշտ կասկածներ է ունեցել՝ արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ առաջ կքաշի, թե ոչ, այսինքն նրան պարզապես հարկավոր է, որ Հայաստանն իրեն ճանաչի այնպիսին, ինչպիսին այն հիմա է, մյուս կողմից Ղարաբաղի հարցն է , որ բարդացնում է այդ հարաբերությունները։ 

Կլոր սեղանին հաջորդեց համերգ և մոմավառություն։ Ավելացնենք նաև որ երեկոյի խորհրդանիշը Անիի ավերված տաճարի պաստառն էր, որը միջոցառման ավարտին վերականգնված տեսք ստացավ։

Անիի տաճարի վերակառուցումը մի օր հնարավոր կլինի՞, թե այդպես էլ երազանք կմնա, ժամանակը ցույց կտա, գուցե ևս մեկ դար պահանջվի, իսկ մինչ այդ մեզ մնում է հուսալ, որ մի օր վերջապես կհասկանանք՝ արդարադատությունը սկուտեղի վրա չի մատուցվելու, այն պետք է «նվաճել»․ իսկ «նվաճելու» միակ միջոցը ուժեղ պետություն ունենալն է։

Հ․Գ․ Միջոցառման կազմակերպիչներն էին՝  AYO, COPEA, DA-CONNEXION , FRA-NOR SEROUND, JAF, HOMENETMEN, NAZARPEK, NAREGATSI ,UCJA, UGAB JEUNES ասոցիացիաները։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նրանց  գործունեությանը և հետագա ծրագրերին կարելի է հետևել www․veilleedu24avil.com կայքէջում։

Նյութում մեջբերված հարցերը հնչել են միջոցառումը վարող կազմակերպիչների կողմից և թարգմանվել են ֆրանսերենից։ 

Ծովինար Բանուչյան

Փարիզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter