HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ սփյուռքում (թարմացվող)

Արտաքին գործերի նախարարությունը տարածում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրներում կատարվող միջոցառումների մասին հաղորդագրություններ: Դրանք ներկայացնում ենք ստորև. 

Լիտվայի Կաունաս քաղաքում

Ապրիլի 23-ին Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալների մայր տաճարում, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ 

Արքեպիսկոպոս Վիրբալասն իր խոսքում նշեց. «Այսօր հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցը, երբ ոչնչացվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ: 20-րդ դարում մարդկությունն ապրեց ևս երկու մեծագույն ողբերգություն` նացիզմ եւ ստալինիզմ»: Արքեպիսկոպոսը նշեց, որ այսօր ևս այն տարածքներում, որտեղ նահատակվեցին հայերը, այլ քրիստոնյաներ ու կրոնական փոքրամասնություններ են ենթարկվում սպանդի: Արքեպիսկոպոսը հիշատակեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2016 թ-ին Հայաստան կատարած պատմական այցի ընթացքում հնչեցրած ուղերձները:

Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այժմ դիտարկվում է որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական միջոցներից մեկը: «Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է և զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած», նշեց դեսպան Մկրտչյանը։

Մեջբերելով Հռոմի Բենեդիկտոս XV-րդ Պապի 1915 թ․ հնչեցված խոսքերը հայերի ոչնչացման փորձի մասին, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը զոհ են դարձել նաև 48 հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քան 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են, ինչը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

«102 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները», նշեց դեսպան Մկրտչյանը:

Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով: Պատարագի ընթացքում հնչեցին հայկական հոգևոր երգեր։

Նույն օրը տաճարում և արքեպիսկոպոսարանի տարածքում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին կազմակերպած հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո-ցուցահանդես, որը կտևի շուրջ մեկ ամիս։ Ցուցադրության են ներկայացվել 8-15-րդ դարերի հայկական եկեղեցիների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք կատարվել են «Արմենպրես» գործակալության կողմից իր շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում:

Տեղեկանք. Լիտվայի նախկին մայրաքաղաք և իր մեծությամբ երկրորդ քաղաք Կաունասի Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքյալների մայր տաճարի կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն գրավոր աղբյուրներում այն սկսել է հիշատակվել է 15-րդ դարից: Այն կառուցված է գոթական ոճով և իր չափով համարվում է Լիտվայի ամենամեծ տաճարը: 

Սլովակիայում

Ապրիլի 24-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` Դանուբ գետի ափին տեղադրված հայկական խաչքարի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն։

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, փոխխոսնակ Բելա Բուգարը, Տռնավայի նահանգապետ Տիբոր Միկուշը, Հայաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի և Ռուսաստանի դեսպանները։ Արարողությանը ներկա էին Սլովակիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Արարողությանը ելույթներ ունեցան խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա)։

Դեսպան Սեյրանյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը հնարավորություն է ստեղծել, որ դրանից հետո ևս տեղի ունենան մարդկության դեմ նոր հանցագործություններ։ Դեսպանը նաև անդրադարձավ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտողականության քրեականցման գործընթացին՝ նշելով, որ շատ երկրների համար դա կարող է լավագույն օրինակ ծառայել։

Շվեդիայում

Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին նախորդել էր ավանդական ուխտագնացությունը: Արարողությունից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրերի կողմից կատարվեց հոգեհանգստյան աղոթք։ Միջոցառմանը մասնակցեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ։

Նույն օրը Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Հումլեգորդենում կայացավ հանրահավաք, որի մասնակիցներն այնուհետև քայլարշավ կատարեցին դեպի Թուրքիայի դեսպանություն։

Երեկոյան Ստոկհոլմի Սոդերմալմի Հոգալիդ եկեղեցում մատուցվեց Բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։

Հիշատակի արարողությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անդերշ Օստերբերգը (իշխող Սոցիալ դեմոկրատներ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն) և Յենս Հոլմը (Ձախ կուսակցություն)։ Միջոցառմանը ելույթներ ունեցան նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր այրեր, Շվեդիայում ասորական համադրող կենտրոնի ներկայացուցիչը։

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, նա ընդգծեց, որ քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին, լինի դա ներկայում, թե անցյալում։

Ապրիլի 22-ին Սոդերթելյե քաղաքում Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության «Սարդարապատ» մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո, որի հիմնական բանախոսն էր ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արշակ Մանուկյանը։ 

Ռումինիայում 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։

Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, փիլիսոփայության դոկտոր, նախկին նախագահ Տրայան Բասեսկուի խորհրդական Կատալին Ավրամեսկուն, դոկտոր Օանա Սուչիուն, ցեղասպանագետ, դոկտոր Միհայ Կիովեանուն և գրող Պետրոս Խորասանջյանը: Իր ելույթում Կատալին Ավրամեսկուն կոչ արեց Ռումինիայի իշխանություններին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանը, տեղի Հայագիտության ինստիտուտի և Հայոց միության նախաձեռնությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարի պատմությանը նվիրված սիմպոզիում, որը բացեցին Արվեստի թանգարանի և Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը և Կլուժի Հայոց միության նախագահ Կարեն Աթիլա Սեբեշին: Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և հումանիտար ծանր հետևանքների մասին ծավալուն ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը, քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը, պատմաբան Պաուլ Կրաչիունը և մշակութաբան Աթիլա Յակոբը:

Այնուհետև, Արվեստի թանգարանի սրահում բացվեց ռումինահայ նկարիչ Օվիդիու Փանիկյանցի գործերի ցուցահանդեսը։

Ապրիլի 22-ին Բոտոշանի քաղաքում տեղի ունեցավ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի համերգը, որի ընթացքում երաժիշտը հանդես եկավ հայկական ազգային և հոգևոր երաժշտության կատարումներով:

Ապրիլի 24-ին Ռոման քաղաքի Ֆրանցիսկյան աստվածաբանական ինստիտուտում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը. պատմության էջեր» խորագրով գիտական սիմպոզիում, որտեղ ելույթներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա.Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարիուս Կելկուն, պատմաբան հայր Ալոիս Մորարուն, ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը:

Ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկումներ տեղի ունեցան նաև Յաշ, Բակաու, Գեռլա, Դումբրավեն, Գեորգեն, Թըրգու Մուրեշ, Բայա Մարե քաղաքներում, Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակության կարգ կատարվեց Պիտեշտի քաղաքում, Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր տաճարում, ինչպես նաև Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում:

Ապրիլի 25-ին Կոնստանցա քաղաքում տեղի հայ համայնքի ջանքերով կբացվի խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, ինչպես նաև ի նշան Դոբրուջայում հայության դարավոր ներկայության և որպես երախտագիտություն հյուրընկալ ռումին ժողովրդին։ 

Ղազախստանում

Ապրիլի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյի ձեռամբ մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված հայ նահատակներին:

Եկեղեցական ծիսակատարությունից հետո ելույթով հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով մասնավորապես, նշեց, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և Սփյուռքում միլիոնավոր հայեր և օտարերկրացիներ ոգեկոչում են այն գիտակցությամբ, որ ի վերջո պատմական արդարությունը հաղթանակելու է, և մարդկության պատմության այդ մեծագույն ոճիրը ստանալու է համընդհանուր ճանաչում ու դատապարտում:

Զորակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին և խաղաղություն ու հաշտություն մաղթելով ողջ մարդկությանը` հայր Սերգիյը ներկաներին կոչ արեց իրենց աղոթքներում հայցել սրբադասված հայ նահատակների բարեխոսությունն առ Աստված: 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Իսպանիայի Առնեդո քաղաքում

Ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:

Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում: Պաշտոնական արարողությանը մասնակցեցին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Առնեդոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, ինչպես նաև մյուս բանախոսները կարևորեցին հայկական խաչքարի տեղադրումն Առնեդոյում՝ ընդգծելով դրա խորհուրդը, գեղագիտական արժեքը, հայ-իսպանական բարեկամության ևս մեկ օրինակ հանդիսանալը:

Դեսպան Ադոնցն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը, նվիրված լինելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ համայնքի դերին՝ որպես կամուրջ հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Երախտիքի խոսքեր հնչեցին նախաձեռնության հեղինակների հասցեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter