HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ իրականացնելու նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով

Ներկայումս Հայաստանում իրականացվում են ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագրի ներդրման եւ շահագործման աշխատանքներ: 2004 թ. Ինտերպոլի և Ավստրայի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից համատեղ ստեղծված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) տվյալների նույնականացման այդ ծրագիրը նախատեսված է միջազգային ոստիկանական համագործակցության համար: Համակարգի ճկունությունը կարող է հնարավորություն ստեղծել նաև ներպետական մակարդակով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:

2015թ. պայմանագիր է ստորագրվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և Ինտերպոլի Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոի միջև, որով Ինտերպոլը` օգտագործման իրավունքով, առանց երրորդ կողմի փոխանցելու իրավունքի Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին թույլատրել է գործարկել ԴՆԹ տվյալների նույնացման ծրագիրը:

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում է ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ:

Ըստ նախագծի՝ հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց և մեղադրյալից վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը: Փորձագիտական հիմնարկները, դատագենետիկական փորձաքննությունը ավարտելուց հետո, 5-օրյա ժամկետում պարտավոր են էլեկտրոնային եղանակով և կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

ԴՆԹ բնութագրերը պետք է պահվեն 80 տարի, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում:

Նախագծով սահմանված է, որ եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:

ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման և հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ, հակառակ դեպքում ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է:

ԴՆԹ բնութագրերը չեն կարող օգտագործվել վերը նշվածից բացի այլ նպատակներով: Այդ պահանջների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացնի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նախագիծը մշակվել է ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

Միջազգային պրակտիկայում բավականաչափ տարածված է ԴՆԹ տվյալների օգտագործումը

Ըստ կառավարության՝ իրավապահ գործունեությունում ԴՆԹ բնութագրերի օգտագործումը տարածված է բազմաթիվ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Մալազիայում, Սինգապուրում և այլն: Կան երկրներ, որոնք հավաքագրում և հաշվառում են ամբողջ բնակչության գենետիկ տվյալները: Կան նաև երկրներ, որոնք հաշվառում են բացառապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված անձանց ԴՆԹ բնութագրերը: Իսկ որոշներն էլ հաշվառում են հանցագործության բոլոր տեսակների համար դատապարտված անձանց ԴՆԹ պրոֆիլները:

Պետության յուրաքանչյուր բնակչի գենետիկ տվյալների` տեղեկատվական բազաներում հաշվառելու պրակտիկան տարածված է Իսլանդիայում: Այստեղ հաշվառված են շուրջ 300.000 գենոտիպ:

Կառավարության տեղեկացմամբ՝ աշխարհում ամենամեծ ԴՆԹ տեղեկատվական բազան հանդիսանում է «NDNAD»-ը («ազգային բազա», Մեծ Բրիտանիա): Այն հիմնադրվել է 1995 թ.: 2012 թ. դրությամբ այն պարունակում էր մոտ 6 միլիոն նմուշ-օրինակ: Այս բազայում հաշվառման ենթակա են դատապարտյալների, ինչպես նաև հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց տվյալները: Ըստ բրիտանական աղբյուրների` ԴՆԹ բազաների վարումը հնարավորություն է տալիս բացահայտել շաբաթական շուրջ 2000 հանցագործություն: Մեծ Բրիտանիայում ևս քննարկումներ են տարվում տվյալների բազա ստեղծելու շուրջ, որը իր մեջ պետք է ներառի ամբողջ բնակչության գենոտիպերը:

ՌԴ-ում ԴՆԹ տվյալների բազա ստեղծելու ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկվել են 2008թ., երբ ընդունվել է «ՌԴ-ում պետական գենոմային հաշվառման մասին» ՌԴ օրենքը: Ստեղծված բազայում հաշվառման վերցվեցին ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց, սեռական ազատության և անձեռնամխելիության դեմ ուղղված հանցանք կատարած անձանց տվյալները, քննչական գործողությունների իրականացման ընթացքում չճանաչված անձանցից վերցված կենսաբանական ծագման նմուշները: ԴՆԹ բազայի օպերատորը երկրի ներքին գործերի նախարարությունն է:

Հայաստանի կառավարությունն առաջարկում է այստեղ ներդնել այլ մոդել: Մասնավորապես՝ նախատեսվում է հաշվառման վերցնել մեղադրյալներից, հանցագործության դեպքի վայրից վերցված և դատագենետիկական փորձաքննությունների ընթացքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը: Տարիների ընթացքում, երբ ԴՆԹ բնութագրերը քանակական իմաստով մեծ ծավալ կկազմեն, ոստիկանությունը կարող է համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների և հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում կատարելով քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձի տվյալները:

լուսանկարը` Amaly

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter