Շաբաթ, 22 սեպտեմբերի

Չարենցը՝ 34 լեզուների, մթության ու մերկության փորձարկման մեջ․ զրույց Վահրամ Զարյանի հետ



Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից, մնջախաղաց Վահրամ Զարյանը, ընդգրկվելով Théâtre(«Թատրոն») բազմաձայն եւ բազմալեզու ներկայացման մեջ, եվրոպացի հանդիսատեսին փոխանցել է Չարենցի տեքստը, «Հորովելի» հնչյունը։

Ներկայացումը կազմված է 50 ձայներից։ Այն յուրահատուկ ճամփորդություն է ժամանակի եւ տարածության մեջ՝ 34 լեզուների եւ 34 մշակույթների համատեղման խաչմերուկում, որը ներկայացնում են 5 մայրցամաքի ներկայացուցիչներ։

Յուրաքանչյուր դերասան պատմում է իր իսկ մշակութային ժառանգության եւ ոգեշնչումների մասին՝ երբեմն շշնջալով, երբեմն գոռալով՝ իբրեւ հոգու կանչ ու կարոտ, ապա ընդմիջելով երգով։ Ողջ ներկայացումը ձայների եւ լեզուների պոլիֆոնիկ եւ պոետիկ հնչունային ճամփորդություն է։ Հանդիսատեսը մթություն մեջ մխրճված, հնչունային լսումների շնորհիվ, ֆիզիկապես «հայտնվում» է մի տարածքում, որտեղ դառնում է համաշխարհային մշակույթի եւ լեզուների միասնական սիմֆոնիայի մի մասնիկը։

Մեկ ու կես ժամ տեւողությամբ ներկայացման ենթատեքստում դերասանները տեսանելի են միայն վերջում՝ մերկ։

Վահրամ, սկսենք այնտեղից, որտեղ որ ես` քո ստեղծագործական միջավայրից, փոփոխություններից։ Ես՝ որպես լրագրող ու հանդիսատես, գիտեմ, որ միշտ մի անսպասելի բան ասելու ես, որ տեղի է ունեցել կամ ունենալու է։

2014թ-ին “Mater Replik”  ներկայացման Սլովակիայի հյուրախաղերի ընթացքում զանգ ստացա իմ լավ բարեկամ, բրազիլիացի ֆրանսաբնակ ռեժիսոր Մարկուս Բորժայից․ առաջարկում էր ընդգրկվել “Theatre” («Թատրոն») ներկայացման մեջ, որն արդեն փորձերի վերջին փուլում էր եւ շուտով պետք է հայտնվեր բեմում։ Ծանոթ լինելով Մարկուսի ստեղծագործությանը՝ առաջարկն ինձ զարմացրեց․ բանն այն է, որ նրա բեմադրությունը հիմնված էր ձայնի վրա։

Այդ տարի ընդգրկվել ներկայացման մեջ, ժամանակի առումով, անհնարին էր, քանի որ արդեն 2014-ից մինչ 2016թ․ “Vahram Zaryan Compagnie”-ի թատերական գրաֆիկս լցված էր “La tete en Bas” («Գլխիվայր»)-ի եւ “Mater Replik”-ի հյուրախաղերով։

Եվ ահա նորից առաջարկ Մարկուսից՝ անցյալ տարի (նույն ներկայացման ցուցադրությունների երկրորդ սեզոնն էր սկսվում), որին արդեն չհամաձայնելը դժվար էր նրա այս արտահայտությունից հետո․ «Վահրամ, արդյոք միտքդ չե՞ս փոխել եւ չե՞ս ցանկանում միանալ մեզ։ Ես շատ կուզեի, որ այս բազմալեզու ներկայացման մեջ հնչեր նաեւ քո գեղեցիկ հայերեն լեզուն»։

Ինչպես գիտեք, ես իմ ներկայացումներում խոսք չեմ գործածում, իսկ Մարկուսի պահանջը մթության մեջ միայն խոսք ու ձայն օգտագործելն էր։ Ինձ միշտ է հետաքրքրել գնալ ու լինել այնտեղ, որտեղ առաջին հայացքից ոչ ես, ոչ հանդիսատեսը չենք պատկերացնում։

Սկսվեց փորձերի նոր էտապը․ հայերենն ընդգրկվեց արդեն իսկ 34 լեզուներով կառուցված այս հրաշալի պոլիգլոտիկ եւ պոլիֆոնիկ ձայնային սիմֆոնիայում։

Այսինքն յուրաքանչյուր արտիստ ի՞ր լեզվով է ներկայանում։

Միակ պայմանն էր՝ ընդգրկել ներկայացման մեջ այնպիսի նյութեր (խոսք եւ/կամ երգ), որոնք արտահայտում են գործածվող լեզվի հնչունային առանձնահատկությունը, եւ գործ, որը մոտ է կատարողի ներաշխարհին։

Նույն պահին առանց երկար մտածելու որոշեցի առաջարկել Չարենցի բանաստեղծությունները՝ հատկապես առանձնացնելով «Հեռացումի խոսքերը»՝ չարենցյան իմ ամենասիրելի գործը, որի հետ չափազանց հուզումնալի ու անձնական պատմություններ են կապված նաեւ։

Ներկայացման մեջ ընդգրկված է նաեւ “Replik” գործից մի հատված, որը գրել եմ 2014թ․-ին իմ ծննդավայրի՝ Լոռու մարզի Նալբանդ գյուղի սարսափելի երկրաշարժի մասին (1988) եւ այն կորուստների, որ ունեցավ նաեւ իմ ընտանիքը։ Բացի այս ներկայացման մեջ ընդգրկվեց նաեւ «Հորովելը»։

Հետաքրքիր էքսպերիմենտ է։ Ես հիմա փորձում եմ հանդիսատեսի աչքերով նայել կամ այս դեպքում՝ լսել, «մտնել» ներս․․․

Օտար հանդիսատեսը, որ հայերեն չի խոսում եւ գուցե անգամ երբեւէ լսած չկա այս լեզուն, ներկայացումից հետո իր հիացմունքն էր արտահայտում լեզվի երաժշտականության, խորության մասին։

Իսկ իմ զգացողությունը․․․ Չափից ինտիմ էր։ Ներկայացման կոնտեքստն այնպիսին էր, որ ինքնակամ գնում ես դեպի աղոթք՝ եւ Չարենցի, եւ «Հորովելի» դեպքում։ Մենք բոլորս մթության միջից ենք հասցնում մեր ձայնը, մեր լեզուն ու դա անում ենք մերկ՝ ազատված ցանկացած ազգային վիզուալ նշաններից, մաշկից գույնից եւ այլնից։ Միայն վերջում է հանդիսատեսը տեսնում մեզ՝ մեր մերկ մարմինները։

Ստացվում է այնպես, որ միակ արտահայտությունը՝ մարմնականի, հոգեւորի, այդ պահին այդ տեքստն է։

Կամ տեքստը դառնում է մարմին։ Իսկ այս մարմինը հանդիսատեսը, միեւնույն է, «տեսնում» է իր լսողական ապարատով։

Կապիտալիզմը մարմինը նախ «հագցնում», ձեւավորում ու ուռճացնում է։ «Մերկացնելն» էլ հիմնականում կոմերցիոն բնույթ է կրում։ Այստեսակ մերկությունն ինչ-որ առումով հակահարվա՞ծ (ընդդիմություն) է կապիտալիզմին ու «վաճառվելու» հեշտությանը։

Այո, ճիշտ ես։ Մեկ է, մարդն աշխարհ է գալիս այդ մերկությամբ։ Գուցե հարված է․ տոտալ մերկությունը՝ թե մարմնի, թե հոգու մեզ տեղափոխում է մի այնպիսի տարածք, որտեղ բոլոր մշակույթները, բոլոր ռասսային տարբերությունները ապրում, ստեղծագործում են միասին։ Վերանում է սահմանի հասկացությունը, որն ամեն մի «իզմի» հետեւանք կամ արդյունք է։

Այս դեպքում մի տեսակ Չարենցն էլ իր «մերկությամբ» է ներկայանում՝ որպես տեքստ, որն ընկալում են այնպես, ինչպես կարող են ընկալել երաժշտությունը, ստեղծագործությունը, որը ուղիղ վերբալ մակարդակով հասանելի, բացատրելի չէ։

Բացատրել կնշանակի ակնկալում ես հանդիսատեսի հասկանալու ընթացք։ Մարկուսի խնդիրը բոլորովին այլ էր․ առանց տարածք փոխելու ուղարկել երկար՝ ձայնային, հնչունային ճանապարհորդության։

Վահրամ, վերադառնալով քո «ճամփորդության» պատմությանը՝ Նալբանդ գյուղից մինչեւ Փարիզ, Փարիզից մինչեւ եվրոպացի հանդիսատես։ Խոսել ենք սրա մասին, նաեւ այն դռների, որոնք հեշտությամբ չեն բացվել։ Երբ մտածում ես այս ճանապարհի մասին ու ներկայի, որն ամեն րոպե կարող է հարցադրումներ առաջ քաշել, ի՞նչն է նախեւառաջ սկսում խանգարել, կանգնել դիմացդ։

Անուշ, հենց էս պահին հիշեցի իմ սիրելի պոետեսայի խոսքը․ Դիկինսոնն ասում էր՝ մենք կորցրեցինք, քանի որ մենք հաղթեցինք։

Ճանապարհ բառի մեջ կա շարժման ու տարածքի խորհուրդ։ Ցանկացած ճանապարհ սկսվում է մի տեղից ու հասնում մի որեւէ տեղ․․․ Արդյո՞ք։

Դիկինսոնի ասածը, եթե վերագրենք ճանապարհին, կստացվի, որ մենք չենք կարող անցնել որեւիցե ճանապարհ ու տարածք, եթե չենք կորցրել ուրիշ տարածք ու ճանապարհ։

Իմ դեպքում ճանապարհը oblique խորհուրդն ունի․ գուցե այն ոչ մի տեղ չի սկսվում եւ ոչ մի տեղ էլ չի ավարտվում․ անընդհատ ու անընդմեջ շարժում՝ լեգատոների պես։

Օblique` թեքություն իմաստո՞վ․․․

Ահա, հենց դա․ փնտրում էի բառի հայերեն տաբերակը, շնորհակալ եմ։ Վերափոխման իմաստով՝ այն դառնում է իմ դեպքում քո նշած «թեքությունը», որն էլ հենց հաջորդ ստեղծագործությանս անվանումն է (մանրամասները՝ հետգրության մեջ)։

Այս դեպքում ստեղծագործությանդ մեջ՝ թեքություն՝ որպես անհամաձայնությու՞ն, թե՞ արդեն «համաձայնված» (տեղի ունեցած) իրականության դեմ պայքար։

Անհամաձայնություն․ միշտ։ Ժամանակակից ստեղծագործողի դիրքը այլ կերպ չեմ տեսնում։

Ուզում եմ անդրադառնանք նաեւ «Ոչ-մնջախաղ» մնջախաղային շարժմանը, որն ստեղծվել է «Վահրամ Զարյան» թատերախմբի կողմից, եւ որը հերքում է ավանդական մնջախաղը։ Ո՞րն է անհրաժեշտությունը (հաշվի առնելով, որ դու ինքդ նշում ես, որ ժամանակակից մնջախաղն այլեւս այդ մնջախաղը չէ):

«Ոչ մնջախաղը» չի հերքում այլ հեռանում է ավանդականից ու չի օգտագործում այդ ավանդականը։

Եվ ինչպե՞ս։

Երբ հեռանում ես կամ նույնիսկ հերքում, կարող ես միայն այն ժամանակ, երբ ճանաչում ես ու գիտես։ Դրանից է, որ փորձելով հեռանալ, ստեղծվում է նորը՝ ժամանակակիցը՝ գնահատելով ավանդականը, բայց այլեւս պահելով այն հետեւում։

«Մերօրյա ժամանակակից արվեստագետը չպիտի այլեւս ընկալվի որպես աշխարհին դիմակայող միայնակ «պատ» իր փակ եւ գեղեցիկ ներկայացումներում»․ ինչպես ասում ես․․․

Այո, ժամանակակից արվեստագետի անելիքը պատկերներ ստեղծելը չի։

Վահրամ, հետաքրքիր այսպիսի մի տենդենց կա, որը, հարկավ, ուսումնասիրության նյութ կարող է լինել, առայժմ ենթադրությունն եմ արձանագրում եթե խոսքի ազատությունը ենթադրելի «անազատ» տարածքում ընդունվում է կառավարվող մեդիաների կողմից, հաճախ պատճառը այդ «ազատ» խոսքն էլ ավելի արժեզրկելն է։ Մնջախաղի դեպքում՝ արժեզրկված ազատության մեջ տանուլ տալու վտանգներ արդյոք չկա՞ն։

Ամենադժվար հարցը․․․ Նախ պետք է հասկանալ ազատ տարածքի ու ազատ խոսքի կշիռն ու կիրառումը։ Դրա համար նախ պետք է մեր մեջ լինենք անընդհատ (ավանդականն է, որ այստեղ դեր է խաղում), ապա հեռանանք, որպեսզի քո ու երեւույթի մեջ հնարավոր դիտողականություն եւ հետազոտման տարածք բացվի։

ՀԳ“Oblique”-ը «Վահրամ Զարյան» թատերախմբի եւ “Ensemble Regards” նվագախմբի համատեղ արտադրանքն է, որը ներկայացնում է ժամանակակից երաժշտություն եւ պերֆորմանս՝ հիմնված ժամանակակից պոետ Ֆեդերիկ Պարչեմինիերի  պոեզիայի վրա (կոմպոզիտոր Վինսենթ Տրոլլետի, Ֆրեդերիկ Պարչեմինիերի եւ Վահրամ Զարյանի համատեղ աշխատանքըԱվելին՝ www.vahramzaryan.com։

Գլխավոր լուսանկարը՝ Լաուրենտ Մարիոնի, «Թատրոն» ներկայացման լուսանկարը՝ Դիեգո Բրեսանիի, բեմական լուսանկարը՝ Գեւորգ Փերկուփերկյանի, վերջինը՝ Ա Ջիբիլյանի։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մերրի 02:55 - 26 ապրիլի, 2017
Այսօր անձամբ բախտ եմ ունեցել ներկա գտնվել այս ներկայացմանը։ Իր տեսակի մեջ ունիկալ և եզակի, իսկ զգացումը, որ գտնվում ես Փաիրզում և նման հայտնի ներկայացման մեջ խաղում է տաղանդաշատ և մեծ սեր վայելող հայ արտիստ միայն հպառտության մեծ զգացում է պարգևում։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ