HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սվերդլովում ավագանին պարբերաբար խախտում է օրենքը, իսկ Լոռու մարզպետարանում դա չեն նկատում

Գայանե Սարգսյան

2015թ.-ի նոյեմբերի 2-ին կայացած ավագանու նիստում Լոռու մարզի Սվերդլով համայնքի ավագանու 4 անդամներ միաձայն կողմ են քվեարկել համայնքի մի խումբ բնակիչների 30.000-40.000 դրամի չափով սոցիալական օգնություն հատկացնելու հարցին: Այս հարցին կողմ է քվեարկել նաև ավագանու անդամ Կարեն Ցոլակի Մուրադյանը` այդպիսով տալով իր համաձայնությունը եղբորը՝ Արա Ցոլակի Մուրադյանին գումար հատկացնելուն:

2015թ.-ի մայիսի 15-ին կայացած նիստում էլ Կարեն Մուրադյանը կողմ է քվեարկել այս անգամ մյուս եղբորը՝ Հովհաննես Ցոլակի Մուրադյանին 40.000 դրամ հակացնելու մասին հարցին: 

Տարիներ շարունակ համայնքի ֆինանսական միջոցներից աջակցություն են ստացել նաև համայնքապետի եղբոր ընտանիքի անդամները: 2015թ.-ի մայիսի 15-ի որոշմամբ Կամսար Չերքեզյանի եղբոր դուստրը՝ Ջուլիետա Հովհաննեսի Չերքեզյանը, ով համայնքապետի հետ հաշվառված է նույն հասցեում, որպես սոցիալական օգնություն ստացել է 40.000 դրամ: Համայնքապետի եղբորորդու՝ Գևորգ Հովհաննեսի Չերքեզյանի ուսման վարձը համայնքի ավագանու միաձայն որոշմամբ տարիներ շարունակ փոխհատուցվել է:  

2014թ.-ի սեպտեմբերի 12-ի նիստում ավագանին միաձայն կողմ է քվեարկել համայնքապետի դստերը՝ Մերի Կամսարի Չերքեզյանի ուսման վարձը 150.000 դրամի չափով փոխհատուցելու հարցին: Եվս 150.000 դրամ բաժին է հասել համայքնապետի եղբորորդուն:

2015թ.-ի մայիսի 12-ի մեկ այլ որոշմամբ ավագանու անդամ Հրաչիկ Հայկազի Այվազյանը կողմ է քվեարկել եղբորը՝ Խաչիկ Հայկազի Այվազյանին 40.000 դրամի չափով աջակցելուն:

2014թ.-ի մարտի 12-ին Կարեն Մուրադյանը կրկին կողմ է  քվեարկել եղբորը՝ Հովհաննես Ցոլակի Մուրադյանին 30.000 դրամի չափով օգնություն դտրամադրելուն:

Նույն օրը մեկ այլ որոշմամբ ավագանին փոխհատուցել է նաև համայնքապետի տեղակալ Անդրանիկ Այվազյանի դստեր՝ Ելենա Անդրանիկի Այվազյանի ուսման վարձը` համայնքային բյուջեից հատկացնելով 263.500 դրամ:

2014թ.-ի հունվարի 13-ի նիստում էլ Կարեն Մուրադյանը կողմ է քվեարկել դստերը՝ Սաթիկ Կարենի Մուրադյանին ֆինանսապես աջակցելու և ուսման վարձը 110.000 դրամի չափով փոխհատուցելու որոշմանը:

Սվերդլովում ավագանու թույլ տված խախտումների շարքը կարելի է երկար շարունակել: Հիմա, սակայն, ամենակարևորի մասին: 2016թ.-ին Սվերդլովում վարչական հսկողություն է իրականացրել Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը: Ստուգման ենթակա համայնքի աշխատակազմի ու ավագանու վերջին երեք տարիների գործունեության ուսումնասիրման արդյունքում հանձնաժողովը Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի մասով որևէ խախտում չի արձանագրել:

Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով «ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների ու մերձավոր բարեկամների՝ ծնող, քույր, եղբայր, երեխա շահերին»: Օրենքի այս կետը, սակայն, ինչպես վերը նշված օրինակներից է երևում, Սվերդլովի ավագանին խախտել է պարբերաբար:

Սա, ի դեպ, Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից առկա խախտումները չարձանագրելու առաջին դեպքը չէ: Վերջինս 2016թ.-ի վարչական հսկողության ընթացքում «չէր նկատել» նաև Նոր Խաչակապի ավագանու կողմից օրենքի այս կետի խախտման դեպքերը, ինչին «Հետք»-ն անդրադարձել էր ավելի վաղ:

Հիշեցնենք, որ  2016թ.-ի դեկտեմբերին կայացած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսի ժամանակ «Հետք»-ը բարձրացրել էր ավագանու անդամների կողմից իրենց հարազատներին աջակցելու ու տարբեր արտոնություններ կիրառելու հարցը, ինչին մարզպետը արձագանքել էր այսպես. «Ցանկացած ավագանու որոշում իրավաբանական բաժնով անցնում է, և եթե կան նման դեպքեր, անմիջապես հետ ենք ուղարկում, որպեսզի որոշումը վերանայեն: Նախկինում իհարկե եղել են նման դեպքեր, երբ ավագանու անդամներն, օրինակ, իրենք իրենց գույքահարկից ազատում էին: Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, որ նման դեպքեր չկան, և վարչական հսկողության ժամանակ նման դեպքեր չենք էլ արձանագրում»:

Ի դեպ, գույքահարկի գծով արտոնություններ կիրառելուց ևս Սվերդլովի ավագանին զերծ չի մնացել:

Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հնչեցրած հայտարարությունից օրեր առաջ՝ 2016թ.-ի նոյեմբերի 30-ին համայնքի ավագանու անդամներ Կարեն Մուրադյանն ու Հրաչիկ Այվազյանը կողմ են քվեարկել իրենց մեքենաների գույքահարկի ապառքները զիջելուն վերաբերող հարցին՝ իրենք իրենց արտոնություն տրամադրելով համապատասխանաբար 13.650 և 20.650 դրամի չափով:

Ավագանին գույքահարկից շռայլորեն ազատել է նաև համայնքապետի տեղակալ Անդրանիկ Այվազյանին՝ 45.900 դրամի չափով: Վերջինիս երկու մեքենաների գույքահարկը ավագանին հոժարակամ զիջել է նաև 2014թ.-ի դեկտեմբերի 2-ին՝ 34.150 դրամի չափով: Lexus RX300 մակնիշի մեքենայի սեփականատեր Վաչիկ Վանիկի Սարգսյանի նկատմամբ ևս ավագանին շռայլ է գտնվել՝ նրան մեքենայի գույքահարկի ապառքից զիջելով և՛ 2014, և՛ 2015թ.-ին՝ համապատասխանաբար 37.477 և 25.000 դրամի չափով:

Օգտվելով այն հանգամանքից, որ վարչական հսկողություն իրականացնող մարմինը, միևնույնն է, չի նկատում թույլ տված խախտումները, Սվերդլովի ավագանին ու գյուղապետարանի աշխատակազմը շարունակում են բարի ավանդույթները նաև այս տարի: Մարտի 13-ին կայացած նիստում ավագանու անդամ Կարեն Մուրադյանը կողմ է քվեարկել որդուն՝ Ցոլակին 30.000, Վազգեն Սուքիասյանը՝ հորը՝ Վրամիկին 30.000 դրամով ֆինանսապես աջակցելու հարցին: Ավագանին 30.000 դրամի չափով էլ սոցօգնություն է հատկացրել համայնքապետի տեղակալի դստերը:

Մեկնաբանություններ (2)

Մ.Գրիգորյան
Համայնքի անվանումը՝ Սվերդլով, տեսնես երիտասարդները գիտե՞ն ով է Սվերդլովը: Բարքերն էլ համահունչ են:
Բոբ
Միամտություն կլինի մտածել, թե գումարները հասել են ցուցակներում թվարկված մարդկանց։ Բացառությամբ մի քանիսի (դուստր,կին)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter