HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նոտարները վավերացրել են կեղծ փաստաթղթերով գործարքները

Երջանիկ Կիրակոսյան անունով ներկայացող անձը Երեւան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 հասցեի մեկսենյականոց բնակարանը 2007 թ. օգոստոսի 4-6-ը 30-35 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է 4 տարբեր գնորդների` Գագիկ Ավետիսյանին, Հասմիկ Վարդանյանին, Լուսինե Ստեփանյանին եւ Նարինե Սաքեյանին:

Հաջողակ գործարքներից ոգեւորվելով` նա օգոստոսի 6-ին Արաբկիր նոտարական գրասենյակում պատրաստվում էր հինգերորդ գործարքն իրականացնել, սակայն երբ նոտար Վերա Աբաջյանը լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար հարցեր է ուղղել սեփականատիրոջը, վերջինս դիմել է փախուստի` նոտարի մոտ թողնելով բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաեւ Երջանիկ Կիրակոսյանի անունով ձեռք բերված կեղծ անձնագիրը: Սակայն նոտար Վերա Աբաջյանը դրանից հետեւություններ չի արել եւ ոստիկանությանը չի տեղեկացրել կասկածելի գործարքի մասին:

Բնակարանի գնորդներից Նարինե Սաքեյանը պատմում է, որ Շենգավիթ վարչական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի մոտ առքուվաճառքի պայմանագիրը վավերացնելուց հետո նույն օրը պայմանագիրը ներկայացրել է Շենգավիթ տարածքի կադաստրի ստորաբաժանում` սեփականության իրավունքը գրանցելու համար եւ ընտանիքով տեղափոխվել է նոր բնակարան: Կադաստրում նրան մերժել են սեփականության իրավունքի վկայական տրամադրել` ասելով, որ Շերամի 113 շենքի թիվ 81 բնակարանը տարբեր նոտարական գրասենյակներում վաճառվել է 4 հոգու:

«Կադաստրի իրավաբան Թեւանյանի ավտոմեքենայով գնացինք Շենգավիթ նոտարական գրասենյակ` կատարվածը պարզելու համար: Նա նոտար Անահիտ Մինասյանից վերցրեց բնակարանի առքուվաճառքի փաստաթղթերը եւ ասաց, որ դա իրենց տված փաստաթղթերը չեն, ինչպե՞ս կարող էիք չտեսնել, սակայն նոտարը փորձում էր արդարանալ, թե միայն ինքը չէ, որ չի նկատել, մյուս նոտարներն էլ են վավերացրել գործարքը»,- պատմում է Ն. Սաքեյանը:

Առաջին գնորդը` Լուսինե Ստեփանյանը, Երջանիկ Կիրակոսյանի հետ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանի մոտ, Գագիկ Ավետիսյանը` Նոր Նորքի նոտարական գրասենյակի նոտար Օսան Հակոբյանի մոտ, իսկ Հասմիկ Վարդանյանը` Մալաթիա տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի մոտ:

Նարինե Սաքեյանի հաղորդման հիման վրա Շենգավիթի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, սակայն կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ Երջանիկ Կիրակոսյանը գտնվում է փախուստի մեջ:

Հետախուզման մեջ գտնվող աձը, որի իրական անուն-ազգանունը, ինչպես հետագայում է պարզվել, Ֆրունզիկ Մկրտչյան է, դարձյալ Երեւան քաղաքում նույն խարդախությունը վերսկսել է մոտ երկու տարի հետո` այս անգամ գնորդներին ներկայանալով Հովակ Մինասյան անունով:

Նա սեփականության կեղծ վկայականով այս անգամ վաճառքի է ներկայացրել Թելմանի փողոցի 17 շենքի 18 բնակարանը: 2009 թ. ապրիլի 30-ին բնակարանը 38.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Մանվել Առաքելյանին` առքուվաճառքի պայմանագիրը վավերացնելով Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Գայանե Ազարյանի մոտ: Մեկ ժամ հետո 35.000 ԱՄՆ դոլարով նույն բնակարանը փորձել է վաճառել Նորայր Թորոսյանին` Մալաթիա նոտարական գրասենյակում, սակայն երբ այնտեղ պարզվել է, որ Թելմանի 17 հասցե գոյություն չունի, եւ կեղծիքը կարող է բացահայտվել` կրկին դիմել է փախուստի:

Մեղադրական եզրակացության համաձայն` հետախուզման մեջ գտնվող Ֆրունզիկ Մկրտչյանն այդ ամենը կատարել է` «ոմն Թոռնիկի» հետ նախնական համաձայնության գալով: Այնուհետեւ «...պատասխանատվությունից խույս տալու նպատակով 2010 թ. մայիս ամսին, նախնական համաձայնության գալով ոմն Թոռնիկի հետ, առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության, հատել է պետական սահմանը ու գնացել Վրաստանի Հանրապետություն, իսկ երկու ամիս հետո նույն ճանապարհով վերադարձել է Հայաստան: Դարձյալ «առանձնապես խոշոր չափի խարդախություններ կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ոմն Թոռնիկի հետ, կեղծ անձնագրով, այս անգամ` Հովակ Մինասյանի անվամբ....»:

Նախաքննական մարմինը Ֆրունզիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել նաեւ սահմանն անօրինական հատելու համար, սակայն այդպես էլ չի պարզել, թե իրականում ով է «ոմն Թոռնիկը», ում աջակցությամբ նա կատարել է հիշյալ խարդախությունները եւ հատել սահմանը: Նրա դատապաշտպան Էդիկ Աղաջանյանը մի շարք հարցեր է առաջ քաշել, որոնց պատասխանները չի տվել նախաքննական մարմինը` վերացական արտահայտություններով կոծկելով թերի քննությունը:

Քրեական գործում ոչինչ չկա այն մասին, թե ինչպես են ձերբակալել հետախուզման մեջ գտնվող Ֆ. Մկրտչյանին, ինչպես է նա ձեռք բերել անձնագրերը եւ կեղծել դրանք, որտեղ են պատրաստվել սեփականության կեղծ վկայականները եւ կադաստրի միասնական տեղեկանքը: Սահմանն ապօրինի հատելու համար դատապարտել են նրան, սակայն պարզված չէ, թե «ոմն Թոռնիկի ուղեկցությամբ» ինչպե՞ս է նա հատել սահմանը, ինչպե՞ս է երկու ամիս հետո, հետախուզման մեջ գտնվելով, անարգել վերադարձել Հայաստան եւ շարունակել իր խարդախ գործարքները:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011 թ. սեպտեմբերի 6-ի դատավճռով 75-ամյա Ֆրունզիկ Մկրտչյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, 58 մլն 167.338 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Տուժողները, սակայն, ոչ մի հույս չունեն, թե հնարավոր է վնասների հատուցումը ստանալ նրանից, քանի որ արգելանքի տակ դրված միակ գույքը Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 հասցեի մեկսենյականոց բնակարանն է, որտեղ ներկայումս բնակվում է Նարինե Սաքեյանի ընտանիքը:

Խաբված գնորդներն այս ամենի հիմնական մեղավոր համարում են նոտարներին եւ կարծում են, որ նրանք պետք է փոխհատուցեն իրենց կրած նյութական վնասը: Սակայն նոտարների դեմ իրավապահ մարմիններին ներկայացված բողոքներն ընթացք չեն ստացել: Նոտարները հավաստիացրել են, թե չեն նկատել, որ Ֆրունզիկ Մկրտչյանի ներկայացրած անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականում բացակայել է միասնական մատյանի համարը, որը սեփականության իրավունքի վկայականում պարտադիր պայման է:

Անշարժ գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տրված միասնական տեղեկանքում բացակայել է ծածկագիրը: Նոտարների անբարեխիղճ գործելաոճից տուժածները նշում են, որ եթե նոտարը ստուգեր փաստաթղթերի իսկությունը, անպայման կտեսներ այդ բացթողումները:

Գնորդները քրեական գործով արդյունքի չհասնելով` իրենց կորցրած գումարներն ինչ-որ կերպ ետ բերելու փորձեր են կատարել: Գագիկ Ավետիսյանը, ով բնակարանը ձեռք է բերել «Հայկ եւ Ալբերտ եղբայրներ» ՍՊԸ անշարժ գույքի գործակալության միջոցով եւ գործակալության ծառայության դիմաց նրանց 1000 ԱՄՆ դոլար է վճարել, 2009 թ. դիմել է դատարան` նրանցից պահանջելով բնակարանի գումարը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա պահանջը` բնակարանի գումարը գանձել է նրանցից: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները բեկանել են վճիռը եւ որոշել են հօգուտ պետբյուջեի Գ. Ավետիսյանից բռնագանձել 210.800 դրամ պետտուրք: Այնուհետեւ գործակալները դիմել են դատարան եւ Գագիկ Ավետիսյանից պահանջել փոխհատուցել փաստաբանի համար վճարած գումարը` 765.000 դրամ, որը դատարանը բավարարել է:

Լուսինե Ստեփանյանը, ով բնակարանը գնել է «Մենդեր» ՍՊԸ անշարժ գույքի գործակալության միջնորդությամբ, հայտնում է, որ գործակալության աշխատակիցները պարտավորվել են հետեւել պայմանագրի կետերի ամբողջական եւ բարեխիղճ կատարմանը, սակայն ոչ բարեխիղճ ծառայություններ մատուցելու արդյունքում իրեն խոշոր չափերի հասնող նյութական վնաս է պատճառվել: Վնասը փոխհատուցելու պահանջով դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ միջնորդել արգելանք դնել «Մենդեր» գործակալության վրա, սակայն դատարանը մերժել է:

«Արդյունքում, գործակալությունը լուծարվեց այդ ընթացքում, եւ 2 դատական նիստերն անցան առանց պատասխանողի մասնակցության: 2010 թ. դատարանը կարճեց գործը եւ մեզնից հօգուտ պետբյուջեի բռնագանձեց 242.948 դրամ պետտուրք: Մենք հայտնվել ենք ծայրահեղ ծանր վիճակում` խնամքիս նորածին երեխաս է, կենսաթոշակառու մայրս, իսկ ես եւ ամուսինս աշխատանք չունենք»,- ասում է Լուսինեն:

Նոտարների գործելաոճի վերաբերյալ իրենց բողոքները նրանք ներկայացրել են արդարադատության նախկին եւ ներկա նախարարներին` նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելով: «Նոտարների անփույթ, անբարեխիղճ, աշխատանքային ծառայությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով մի քանի ընտանիքներ մնացել են անօթեւան»,- գրում են նրանք: Նախարար Հրայր Թովմասյանը նրանց գրությանը պատասխանել է, որ, իրոք, մեղավոր են նոտարները, սակայն նրանց դեմ վարույթ չի հարուցվել, քանի որ խախտումը կատարելու օրից անցել է մեկ տարի:

Տարօրինակն այստեղ այն է, որ մեր երկրում, ինչպես պարզվում է այս օրինակով, նոտարական ոլորտում առայսօր միասնական տեղեկատվական համակարգ չկա, որը գործարքը վավերացնելուց առաջ նոտարին հնարավորություն տար ստուգել տվյալ անշարժ գույքի շարժը: Հատկապես այն դեպքում, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն ցանկացած վայրի նոտարի մոտ գործարք իրականացնել: Եթե նոտարի համար դժվար է միանգամից տարբերակել իրական փաստաթղթերը կեղծից, գոնե այդ կերպ հնարավոր կլիներ պարզել, որ իր մոտ գալուց մեկ ժամ առաջ անշարժ գույքն արդեն վաճառվել է:

Նկարում ձախից` Ռայա Լիպինան (Հասմիկ Վարդանյանի ներկայացուցիչը), Լուսինե Հակոբյանը, Նարինե Սաքեյանը եւ Նարինե Ավետիսյանը (Գագիկ Ավետիսյանի կինը)

Մեկնաբանություններ (3)

Lusine
Tikin Sara shat shnorhakalutyun dipuk ev chshmartaci hodvaci hamar, amen inch nerkayacvac e manramasn.
Սյունեցի
Ահավոր է:Ցնցող:Խոսքեր չկան:Հայաստանը հո ՋՈՒՆԳԼԻՆԵՐ ՉԻ? Այս բոլորը ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ միջոցներով նախօրոք կարելի է կանխել: Այդ բոլոր «ոչ կաշառակեր» ու «միամիտ» ՆՈՏԱՐՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ. Բա էլ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ եք վեր ընգած տեղ?-որ կաշառք խցկեք ձեր գրպանները? Էդ կադաստրում էլ մի բան ԷՆ ՉԻ: Հետաքրքիր է,ԿԱ Հայաստանում ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՀՍԿՈՂ պետական կամ այլ անկախ օրգան. ՀԳ. Բա Կապանի ՄԻԱԿ նոտարը. Տեր Աստված,բա էդ կինը : Հիմա էլ տղուն է Քաջարանում նոտար դասավորում:Այս «արդար» կինը վերևներում հաստատ ոչ մեկին կաշառք «չի տալիս»:
GEVORG
SA VAR ORINAK E VOR BOLOR KARUJCNERUM KASHARAKERUTUN@ GTNVUM E BARCR MAKARDAKI VRA,,,,EV HANCAGORCUTUN@ LIARJEK CHI BACAHAJTVUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter