Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Լոռու մարզ. (Չ)վերանորոգված դպրոցները



Գրիշա Բալասանյան

«Հետքի» նկարահանող խումբն այս անգամ մեկնել էր Լոռու մարզ՝ ուսումնասիրելու 2006-2015 թվականներին իրականացված դպրոցաշինական ծրագրերը: Ինչպես նախորդ մարզերում, այնպես էլ Լոռիում պատկերը մտահոգիչ է:

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոց

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցը վերանորոգվել է կառավարության հրատապ ծրագրերով՝ 2013 և 2014 թվականներին, պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով: Լոռու մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի վերանորոգման համար ծախսվել է 23 մլն 655 հազար դրամ: Դպրոցում չէին հիշում, թե որ ընկերությունն ինչ աշխատանք է կատարել, իսկ մարզպետարանն իր գրության մեջ չի հստակեցրել, թե ինչ աշխատանք է կատարվել, սական նշել է, որ շինաշխատանքներն իրականացրել է «Անդրիեսյանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Դպրոցում հիշում էին, որ մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի և ճաշարանի տանիքներն այլ ընկերություն է փոխել:

Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում պետական միջոցներով վերանորոգումն իրականացվել է մասնակի: Փոխվել է տանիքը, պատուհանների մի մասը: Սակայն, վերանորոգումից 2-3 տարի անց տանիքը սկսել է կաթել: Մեր այցի օրը աշխարհագրության դասասենյակում բարեբախտաբար ծեփը չէր ընկել աշակերտների վրա: Այն պոկվել և ընկել էր աշակերտական սեղաններին: Պատշաճ վիճակում չեն նաև փոխված եվրոպատուհանները. ներքևի հատվածից ջուրը հոսում է դասասենյակները:

Դպրոցի փոխտնօրեն Աիդա Հովհաննիսյանն ասում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում հիմնականում ավագ դպրոցներն են, մինչդեռ պետք է ուշադրություն դարձնել նաև հիմնական դպրոցներին:

Աիդա Հովհաննիսյանի կարծիքով` մաս-մաս վերանորոգումներն արդյունավետ չեն և չեն բխում դպրոցի շահերից: Ավելին, նրա խոսքերով՝ դպրոցի վերանորոգումը պետք է իրականացվի խիստ վերահսկողութայան ներքո՝ առանց խնամի-բարեկամ-ծանոթ ավանդական կապերի:

Վանաձորի թիվ 6 դպրոցն ունի նաև գույքի պակաս: Օրինակ` Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Պեպանյանն ասաց, որ ունեն 7 համակարգիչ, սակայն օպերացիոն համակարգն այնքան հին է, որ դասի ժամանակ անհնար է աշխատել:

Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոց

Այս դպրոցի վերանորոգման համար գումար է հատկացվել երեք անգամ՝ 2011, 2012 և 2014 թվականներին: Լոռու մարզպետարանի տեղեկացմամբ, 2011թ. վերանորոգվել է տանիքի մի հատվածը, 2012թ. կառուցվել է ջեռուցման համակարգը, իսկ 2014-ին՝ վերանորոգվել տանիքի մնացած մասը: Ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 30 մլն դրամ:

Շենքի ներսում հարդարման, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Պատուհանները փոխված չեն և ձմռան ամիսներին դրանք պատում են պոլիէթիլենային տոպրակներով: Վերանորոգման խիստ կարիք ունեն նաև սանհանգույցները:

Դպրոցի տնօրեն Մարինե Հովակիմյանն ասաց, որ չունեն լաբորատոր սարքավորումներ, մարզագույք: Ավելին, նա խուսափեց բացել մարզադահլիճի դուռը: Պատճառաբանեց, թե բանալին ուսուցչի մոտ է, որը դպրոցում չէ այդ պահին: Իսկ երբ աշխատակիցներն ասացին, որ ուր որ է` ուսուցիչը կհասնի դպրոց, նա սաստեց նրանց: Պատճառն այն է, որ մարզադահլիճը նույնպես վատ վիճակում է:

Նշենք, որ թիվ 12 դպրոցը տեղակայվել է այս շենքում 1993 թվականին: Այն նախկինում եղել է մանկապարտեզի շենք: 1988-ի երկրաշարժն ավերակների էր վերածել դպրոցի շենքը, և մի քանի տարի տնակում գործելուց հետո տեղափոխվել են այս տարածք, որտեղ ամեն ինչ հարմարեցված է:

Արևաշողի միջնակարգ դպրոց

Արևաշողի միջնակարգ դպրոցը համեմատաբար նոր է՝ շենքը կառուցվել է 1996 թվականին: Դպրոցի առաջին մասնաշենքը վերանորոգվել է 2014 թվականին, իսկ երկրորդ մասնաշենքում ամեն ինչ մնացել է նույնը: Շինաշխատանքներն իրականացրել է «Մ. Սիսակյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ծախսվել է մոտ 33 մլն դրամ:

Արևաշողի դպրոցը չունի մարզադահլիճ: Ձմռանը երեխաները դասասենյակներում են ֆիզկուլտուրա առարկան պարապում, իսկ ամռանը՝ դրսում: Մարզադահլիճ կառուցելու խոստումներ տրվել են, բայց իրականություն չեն դարձել:

Դպրոցի վերանորոգված հատվածում գործում է լոկալ ջեռուցման համակարգ, իսկ չվերանորոգված մասնաշենքը ջեռուցում են գազի վառարաններով, ինչը տարրական դասարաններում սովորողների համար այնքան էլ անվտանգ չէ:

Շահումյանի միջնակարգ դպրոց

Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը ևս մասնակի է վերանորոգվել: 2007 և 2014 թվականներին փոխվել է դպրոցի տանիքի մի մասը: Ընդհանուր առմամբ ծախսվել է 29 մլն դրամ: Պատուհանները դեռևս խորհրդային տարիների ժառանգություն են: Փոխված են միայն դպրոցի գրադարանի պատուհանները, որը դպրոցն իր տնտեսումների հաշվին է արել:

Քանի որ պետական միջոցներով փոխվել է միայն դպրոցի տանիքի մի մասը, դրանից տուժել է մարզադահլիճը: Կոտրված կղմինդրե շիֆերից անձրևաջրերը լցվում են ներս, ինչի հետևանքով փտում է նաև հատակի փայտը:

Շահումյանի միջնակարգ դպրոցը նաև աշակերտական գույքի, լաբորատոր սարքավորումների կարիք ունի: Այս հարցում էլ կառավարությունը չի շտապում ձեռք մեկնել:

Շահումյանի դպրոցը կանգնած է ևս մեկ բարդ խնդրի առջև: Դպրոցի կողքով է հոսում Տանձուտ գետը: Վարարումների ժամանակ դպրոցի կողմից քանդվել է արգելապատնեշների մի հատվածը, իսկ դեռևս կանգուն հատվածին վտանգ է սպառնում, քանի որ մնացել են օդում:

Կառավարությունը դպրոցաշինական ծրագրերի համար վերջին տարիներին զգալի միջոցներ է հատկացրել, սակայն դրանց զգալի մասն անարդյունավետ է ծախսվել: Իսկ թե երբ ամբողջական կվերանորոգվեն կիսատ-պռատ վերանորոգված դպրոցները՝ հայտնի չէ:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։