HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է թանկացել լիցքավորումը. ՏՄՊՊՀ-ի ստացած փաստերն ու օպերատորների քայլերը

Վերջին ամիսներին Հայաստանում բջջային հեռախոսակապի լիցքավորման քարտերի և լիցքավորման ծառայությունների թանկացման «հեղինակները» միջնորդներն են, որոնց միջոցով բջջային օպերատորները կազմակերպում են վերալիցքավորումն ու վաճառքը։ Նման եզրահանգման է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը ստացած բողոքների և մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն է կատարել։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։ Հիշեցնենք, որ «Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է այս խնդրին։

ՏՄՊՊՀ-ն նշում է, որ խնդիրը (լիցքավորման թանկացումը) առաջացել է վերավաճառողների, այլ կերպ ասած՝ երկրորդային շուկայում, որտեղ գործում են հազարավոր անհատներ  և ընկերություններ։

Նշված միջնորդները՝ դիլերներն ու դիստրիբյուտորները, քարտերը ձեռք են բերում օպերատորներից և վերավաճառում խանութներին ու կրպակներին՝ ստանալով որոշակի միջնորդավճարներ։ Ու թեև, ինչպես կարելի է ենթադրել բջջային օպերատորների և ՏՄՊՊՀ-ի հայտարարություններից, թանկացման «մեղավորները»  միջնորդներն են, իսկ ընկերությունների կողմից լիցքավորման քարտերի և ծառայությունների սակագների բարձրացում չի եղել, սակայն հանձնաժողովն այսօր հրապարակեց ևս մի կարևոր փաստ, որը որոշ եզրահանգումների տեղիք է տալիս։ «Բջջային կապի օպերատորները ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել են, որ տարեսկզբից նվազեցրել են լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները։ Ընկերությունններն այս քայլը մեկնաբանում են իրենց մարքեթինգային քաղաքականությամբ, ըստ որի, որոշակի բիզնես ռիսկերով պայմանավորված, առաջացել է ծախսերը նվազեցնելու անհրաժեշտություն։ Այսպես, «ՄՏՍ Հայաստան»-ի (նախկինում՝ «Ղ-Տելեկոմ», ապրանքանիշը՝ VivaCell-MTSմիջնորդավճարի նվազումը կազմում է 2.5%, «Յուքոմ»-ինը (Ucom)՝ մոտ 3%, «ԱրմենՏել»-ինը (Beeline)՝ մոտ 2%»,- հայտարարվեց այսօրվա նիստին։

Ի՞նչ կարող է սա նշանակել։ Նիստի ընթացքում չմանրամասնվեց, թե ինչ բիզնես ռիսկերի մասին է խոսքը, որոնք ծախսերը կրճատելու անհրաժեշտություն են առաջացրել բջջային օպերատորների մոտ, սակայն դժվար չէ դա կռահել։ Ավելի վաղ գրել ենք, որ թե՚ Հայաստանում, թե՚ ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում OTT (անգլ. Over the Top) ծառայությունները։ Դրանց ամենահայտնի օրինակներից են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն։ Այս երևույթը լուրջ մտահոգության առիթ է դարձել բջջային օպերատորների համար, քանի որ OTT ծառայությունների տարածումը հանգեցրել է հեռախոսակապի դերի նվազմանը, և պակասել են բջջային օպերատոների եկամուտները։ Եվ հիմա օպերատորները ճանապարհներ են փնտրում իրավիճակից դուրս գալու համար։  Մեր հարցումներին  նրանք պատասխանել էին, որ  ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար նոր տեխնոլոգիաներ են կիրառում։ Ու, ինչպես երևում է, օպերատորներն այս իրավիճակում փորձում են նաև ծախսերը կրճատել, դրա համար էլ նվազեցրել են միջնորդներին վճարվող գումարների չափը։ Սրանից, փաստորեն, տուժել են  միջնորդները։ Վերջիններս էլ որոշել են այս «բացը» լրացնել՝  լիցքավորման քարտերը վերավաճառելով ավելի թանկ գնով։ Մրցակցության հանձնաժողովի նիստին, իհարկե, նման հայտարարություն չարվեց, սակայն տրամաբանությունը դա է հուշում։

Միջնորդները խախտել են պայմանագրերի դրույթները

Բջջային օպերատորներն էլ իրենց հերթին շեշտեցին, որ միջնորդների կողմից լիցքավորման քարտերի ու ծառայությունների թանկացումը ուղեկցվել է պայմանագրերի խախտմամբ։ Հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացնում օպերատորները, որ միջնորդների կողմից գների կամայական բարձրացումները կանխեն, «ՄՏՍ Հայաստան»-ի իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը պատասխանեց. «Մեր աշխատակիցները տարբեր վաճառակետերում իրականացնում են ստուգիչ գնումներ, և երբ խախտումներ են արձանագրվում, կիրառվում են համապատասխան տույժեր։  Առաջին դեպքի համար պայմանագրով սահմանված է 100 հազ. դրամ տուգանք, երկրորդ և երրորդ դեպքերում՝ յուրաքանչյուրի համար 200 հազ. դրամ տուգանք։ Նշված միջոցառումներն արդեն պլանավորված են։ Հետագայում հանձնաժողովին ևս մեկ անգամ կտեղեկացնենք կատարված գործողությունների մասին»։

Իսկ «Յուքոմ»  ընկերությունը նախատեսում  է դիստրիբյուտորների հետ կնքված պայմանագրերում  կատարել փոփոխություններ։ «Փոփոխությունների արդյունքում ընկերությունը հնարավորություն կունենա պարզապես լուծարելու պայմանագիրը տվյալ ընկերության հետ՝ պահանջելով նաև ընկերության գործարար համբավի արատավորման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում»,- նշեց ընկերության ներկայացուցիչ Գևորգ Աթոյանը։

«ԱրմենՏել»-ն էլ, չնայած իր պայմանագրերում առկա դրույթներին, հեռախոսային զույցներ է ունեցել բոլոր դիստրիբյուտորների հետ և զգուշացրել չդրսևորել նման վարքագիծ։

Ինչպե՞ս կավարտվի լիցքավորման թանկացման այս թեման, գները կվերադառնա՞ն նախկին մակարդակին, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ։ Ամեն ինչ կախված է օպերատորների կողմից ներկայում տարվող աշխատանքներից և ՏՄՊՊՀ-ի վերահսկողությունից։ Համենայնդեպս, խանութներում և կրպակներում այս պահին էլ քարտերի ու լիցքավորման համար հավելյալ գումարներ են գանձվում։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը օպերատորներին հորդորեց խնդրի վերջնական կարգավորման հարցում լինել առավել հետևողական և հնարավորինս կանխել ծառայությունների գնի բարձրացումը երկրորդային շուկայում։  

Նշենք, որ բջջային ոլորտն, ըստ օրենքի, գտնվում է մրցակցության հանձնաժողովի վերահսկողության տիրույթում, քանի որ շուկայում կան գերիշխող դիրք ունեցող 3 ընկերություններ,  իսկ վերևում նշված երկրորդային շուկան հանձնաժողովի վերահսկողության տիրույթում չէ։

Լիցքավորման այլընտրանքային տարբերակները

Թե ՏՄՊՊՀ-ի  և թե բջջային օպերատորների ներկայացուցիչները նիստին շեշտեցին, որ օպերատորներն առաջարկում են լիցաքավորման ծառայությունների այլընտրանքային տարբերակներ, որոնք  որևէ միջնորդավճար և հավելյալ գումար չեն նախատեսում։ Այսինքն՝  500 դրամով հեռախոսահամարը լիցքավորելու պարագայում գանձվում է 500 դրամ, 1000-ի դեպքում՝ 1000  դրամ և այլն։ Օրինակ՝ սպասարկման կետերի,  տերմինալների, բանկերի և բանկոմատների, առցանց վճարման միջոցով և այլն։

Բջջային օպերատորները հորդորում են օգտվել այդ այլընտրանքային միջոցներից և լիցքավորելիս չվճարել լրացուցիչ գումարներ։ Սակայն, փաստ է, որ հատկապես մարզերում հեռախոսահամարը լիցքավորելու ամենահարմար տարբերակը խանութներն ու կրպակներն են, որտեղից կարելի է քարտեր գնել կամ վերալիցքավորել։ Իսկ թանկացումները վերաբերում են հենց նրանց։

Մեկնաբանություններ (1)

Մելիք
Տեքստում տեղ գտած այս արտահայտությունը հակամրցակցային համաձայնության վերաբերյալ փաստ է. «Բջջային կապի օպերատորները ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել են, որ տարեսկզբից նվազեցրել են լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները։ Ընկերությունններն այս քայլը մեկնաբանում են իրենց մարքեթինգային քաղաքականությամբ, ըստ որի, որոշակի բիզնես ռիսկերով պայմանավորված, առաջացել է ծախսերը նվազեցնելու անհրաժեշտություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter