HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սեփական թակարդում. Հայաստանը հրաժարվում է ԼՂ կարգավորման նախապայմաններից

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում: «Trend» գործակալությանը այսօր տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե իրենք հույս ունեն, որ Մոսկվայում առաջիկա հանդիպումը կդառնա Սանկտ-Պետերբուրգում 2016թ. հունիսին նախագահների մակարդակով կայացած բանակցությունների շարունակությունը: «Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է էական բանակցությունների, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է նա: Մամեդյարովը նաև հավելել է, թե Հայաստանը միտումնավոր խուսափում է հանդիպումներից, սրում իրավիճակը, փախչում հիմնական հարցերից և ուշադրությունը շեղում դեպի տեխնիկական հարցերը: 

Մամեդյարովն, ըստ էության, բացահայտել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումից Բաքվի հիմնական ակնկալիքը տևականորեն ընդհատված ԼՂ կարգավորման բանակցությունները վերսկսելն է: Մինչ այսօր բանակցությունները չէին վերսկսվում Հայաստանի դիմադրության պատճառով: Երևանը պնդում էր, որ դրանք կարող են վերսկսվել միայն շփման գծում հրադադարի ամրապնդմանն ուղղված այն մեխանիզմների ներդրումից հետո, որոնք համաձայնեցվել էին անցյալ տարի մայիսին Վիեննայում, ապա նաև` Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում, և որոնց կատարման հանձնառությունից Ադրբեջանը հրաժարվում է արդեն մեկ տարի շարունակ: 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս պայմաններում Երևանը համաձայնել նոր հանդիպման, որն ինքնին նշանակում է հրաժարվել նախապայմաններից: Դրա համար կարող է լինել երկու հնարավոր պատճառ: Առաջինն այն է, որ ձեռք է բերվել այդ երեք պայմանավորվածություններից որոշները կատարելու շուրջ նոր համաձայնություն, և Հայաստանն այլևս չի կարողանում գտնել բանակցություններից հրաժարվելու համոզիչ փաստարկներ: Դրա մասին է վկայում Մամեդյարովի այն ակնարկը, թե բանակցությունները լինելու են Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի շարունակությունը՝ անտեսելով Վիեննայի՝ Ադրբեջանի համար շատ ավելի ծանր հետևանքներ ունեցած հանդիպումը: 

Բանն այն է, որ Սանկտ-Պետերբուրգում, ի տարբերություն Վիեննայի, ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որտեղ փաստացի խոսվում էր Վիեննայում համաձայնեցված հրադադարի ամրապնդման երեք մեխանիզմներից միայն մեկի՝ գործնական առումով ամենաանկարևորի իրականացման մասին: Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի մոնիթորինգային խմբի ընդլայնմանը, որը մեծ հաշվով ոչնչով չէր կարող ազդել սահմանին տիրող իրավիճակի վրա: Մինչդեռ մյուս երկուսը, որոնք կարող էին նվազագույնի հասցնել նոր ռազմական բախումները և հստակեցնել կողմերի պատասխանատվությունը հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպքում, սանկտպետերբուրգյան հայտարարությունից դուրս մղվելով՝ դուրս մղվեցին նաև ընդհանուր օրակարգից: Եվ ահա, մարտի 28-ին Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, թե համաձայնություններ են ձեռք բերվել այդ խմբի կազմը 7-ով ավելացնելու շուրջ և մնացել են միայն դրանք իրագործելու հետ կապված տեխնիկական հարցեր: Ամենևին չի բացառվում, որ մոսկովյան հանդիպումն այս «ձեռքբերումը» ամրագրելու համար է: 

Երկրորդ գործոնն այն է, որ ՄԽ եռանախագահությունը գրեթե լիովին Ռուսաստանին է թողել հակամարտության կարգավորման մոդերատորի դերը՝ համաձայնելով ընդունել այն բոլոր որոշումները, որոնք կկայացվեն Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու միջև: Այս իրողությունը բացահայտվեց մարտի վերջերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Երևան և Ստեփանակերտ այցելությունների ժամանակ: Երևանում նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո ասուլիսում ԱՄՆ-ն ներկայացնող նորանշանակ համանախագահող Ռիչարդ Հոգլանդն ասաց. «Մենք՝ ներառյալ մեր երկրների քաղաքական ղեկավարությունները, մշտապես աշխատում ենք՝ գտնելու այն պայմանները, որոնք թույլ կտան կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կամ նույնիսկ նախագահների հանդիպումը: Այս պահին գործընթաց կա: Տեղյակ եք, որ երկու արտգործնախարարներն առանձին-առանձին հանդիպումներ ունեցան Մոսկվայում: Հույս ունենք, որ մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»: Պատասխանելով այն հարցին՝ արդյոք սեղանին դրված կարգավորման ծրագրի հեղինակը Ռուսաստա՞նն է, Հոգլանդն ավելացրել էր. «Այժմ սեղանին առկա ծրագիրը արմատապես չի տարբերվում նախկինում եղածներից: Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն, կարող եմ ասել, որ այն շատ լավն է և միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները և համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին»: 

Հոգլանդն, այսպիսով, դիվանագիտական մանևրներով խոստովանեց, որ կարգավորման ծրագիրը մշակվել է Մոսկվայում, և որ աջակցելով այդ ծրագրին՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրականում աջակցում են Ռուսաստանի նախաձեռնություններին, և կարգավորման մանդատը փաստացի հանձնել են նրան: 

Իրադրության նման փոփոխությունը, որի հիմքում ԱՄՆ-ում և Ֆրանիսայում նոր վարչակարգերի ձևավորման գործընթացն է, բացարձակ չէր կարող բխել հայկական կողմի շահերից: Որովհետև Երևանն, այսպիսով, զրկվում է ՄԽ եռանախագահության ֆորմատին ապավինելով` Ռուսաստանի միակողմանի լուծումներից խուսափելու, ռուս-ադրբեջանական սխեմաների թակարդում հայտնվելու մեծ լծակից: Երևանը չի կարող պնդել, թե իր համար ընդունելի են միայն այն լուծումները, որոնք բխում են ՄԽ եռանախագահությունից, որովհետև պարզվեց՝ այն, ինչ հիմա առաջարկում է Ռուսաստանը, նաև ՄԽ եռանախագահության ընդհանուր առաջարկն է: Այսինքն` պարզ է, որ նաև արտգործնախարարների այս հանդիպման նախաձեռնությունն են նրանք իրենցը համարում, ինչի մասին, ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ խոսել էր Հոգլանդը: 

Պաշտոնական Երևանը, թերևս, կարծում է, որ այս պայմաններում հրաժարվել բանակցություններից` կնշանակի մինչ այս ունեցած դիրքային առավելությունը զիջել Ադրբեջանին և դեմ գնալ ՄԽ-ին և Ռուսաստանին: Փաստացի տեղի է ունեցել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու հիմնական փաստարկներից զրկելու համատեղ օպերացիա, որի մաս է կազմում, թերևս, նաև շփման գծում հարաբերական կայունության ապահովումը: Ժամանակավորապես թուլացնելով լարումը՝ Բաքուն պարզապես ուզում է ամրապնդել միջնորդների կարծիքը, թե ունակ է առանց լրացուցիչ մեխանիզմների ապահովել կայունություն: 

Այն, որ բանակցությունների վերսկսման «ուղտն, ի վերջո, պետք է չոքեր» Երևանի դռանը, կասկածից դուրս էր դեռ այն պահին, երբ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում ստորագրում էր եռակողմ հայտարարությունը: Դեռ այդ ժամանակ պետք է հասկանալի լիներ, որ նպատակը Վիեննայի սրբագրումն է, Հայաստանի՝ ապրիլյան պատերազմի պատճառով օբյեկտիվորեն ուժեղացած դիրքերից զրկելը և մադրիդյան սկզբունքների հիման վրա բովանդակային բանակցությունների վերսկսման՝ Երևանի հարուցած խոչընդոտները վերացնելը: Հիմա Երևանի դեմ այդ հայտարարությունն է աշխատում: 

Հայաստանի դեմ աշխատում է նաև նախապայմաններ առաջադրելով միայն ժամանակ շահելու մարտավարությամբ առաջնորդվելը: Ավելի ճիշտ՝ այդ ժամանակն անիմաստ ու աննպատակ վատնելը: Ի սկզբանէ պարզ էր, որ դա չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ, առավելևս, երբ Ռուսաստանն է գործընթացն արագացնողը, Ադրբեջանին պարտավորություններից ձերբազատողը: 

Ամենևին չի բացառվում, որ բանակցությունների վերսկսումը որոշված էր դեռ մարտի վերջին համանախագահների՝ Երևան կատարած այցի ժամանակ. պարզապես բոլոր կողմերը համբերատար լռում էին՝ մադրիդյան սկզբունքների «լավրովյան» կամ ռուսական պլանի շուրջ բանակցելու պատրաստակամությունից երբևէ չհրաժարված հայաստանյան իշխանությունների համար խորհրդարանական ընտրություններում խնդիրներ չհարուցելու նկատառումով: 

Եվ հիմա ամբողջ հարցն այն է՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինչի՞ շուրջ է պատրաստվում խոսել զորքերը Արցախից հանելու պահանջ դնող Ադրբեջանի արտգործնախարարի հետ. կարգավորմա՞ն, թե՞ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների: Նա գնում է՝ բանակցությունները առկախելու և նորից ժամանակ շահելու՞, թե՞ կարգավորման պրոցեսի շուրջ պայմանավորվելու: Եթե այդ հանդիպումից հետո հայտարարվի նախագահների հանդիպման շուրջ պայմանավորվածությունների մասին, կարելի կլինի ասել, որ ԼՂ կարգավորման գործընթացում սկսվում է նոր շրջափուլ, և այդ շրջափուլը կրկին սկսվում է հայկական կողմի նոր դիրքային զիջումների հաշվին: 

Լուսանկարը` Ռեգնում գործակալության

Մեկնաբանություններ (2)

Հովհաննես
Եկեք «քաղաքագիտական լուրջ վերլուծության »դիմակի տակ ՉԿՌԿՌԱՆՔ դեռ չսկսած գործընթացի վրա։Նալբանդյանը ոչ մեկի աչքի լույսը չի,սակայն հիմա ու հիմա ԻՆՔՆ է Արտգործնախարարը-մի բան անում է,թող անի․․․Թե՞՞ դուք,հարգելի «մեկնաբան»այն լուրջ կարծիքն ունեք,որ նրանց ,մամեդովից,ալիևից կամ ՍՍ-ից մի որևէ բան է կախված․․․Իսկ ԷՆ մեեեեծ գելե՞՞՞՞րը․․․
Հասմիկ
Ասում եք «Պոպովը հայտարարեց, թե համաձայնություններ են ձեռք բերվել այդ խմբի կազմը 7-ով ավելացնելու շուրջ...»։ Այդ խումբը ո՞ր խումբն է. չի հասկացվում։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter