HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումի քննությունը շարունակվում է

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումի քննությունն ընթանում է Մուկուչյան-Եգորյան, Մուկուչյան-Զուրաբյան փոխադարձ մեկնաբանություններով:

Սահմանդրական դատարանում արդեն երրորդ օրն էч քննվում է ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը:

Դատարանում դաշինքի ներկայացուցիչները հարցեր են ուղղում պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Կոնգրեսի անդամ և դատարանում Դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ԿԸՀ անդամ Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե ինչն է եղել ընտրությունների օրը ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների` ինտերնետային հեռարձակման խափանման պատճառը: Ի պատասխան` Մուկուչյանը հայտնեց, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել:

Զուրաբյանն անդրադարձավ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո համացանցում հայտնված «Սաս» ընկերության նախընտրական ժողովին, որից, հիշեցնենք, պարզ է դառնում, որ ընկերության աշխատակիցներին ստիպել են ՀՀԿ-ական թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքել:

Զուրաբյանը նշեց, որ այդ հավաքին, ըստ տարբեր հաշվարկների, մասնակցել է 200-ից 400 անձ և Մուկուչյանին հարց ուղղեց՝ եթե պարզվի, որ Արտակ Սարգսյանի ձայները ձեռք են բերվել ընտրողների նկատմամբ ապօրինի ներազդեցություններով, այս հանգամանքը կարելի՞ է համարել ընտրությունների վրա ազդեցություն ունեցող գործոն:

«Հիմա 200, թե՞ 400»,- արձագանքեց Տիգրան Մուկուչյանը: Զուրաբյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ ըստ տարբեր հաշվարկների` խոսքը «Սաս» ընկերության 200-400 աշխատակիցների մասին է:

Մուկուչյանը, սակայն, հարցին չպատսխանեց՝ նշելով, որ «եթե»-ներով հարցերին չի կարող պատասխանել, ապա հարկ համարեց նշել, որ Զուրաբյանը հղում է կատարում վերացական տվյալների:

«Այդպես չի լինի»,-  ասաց Տիգրան Մուկուչյանը:

Դիմողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի ու ԿԸՀ ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանի միջև հարցուպատասխանը, առավել, քան Զուրաբյանի հետ հարցուպատասխանը, ընթացավ պարբերական փոխադարձ մեկնաբանություններով, որոնք ժամեր շարունակ ընթացող դատական նիստի ընթացքում դահլիճում ներկա գտնվողների համար «թարմացնող» էֆեկտ էին ունենում:

Հարցերից մեկն, օրինակ, Եգորյանը բավականին երկար շարադրեց՝ փորձելով բացատրել, թե ինչով է հարցը կարևոր: Երբ Եգորյանն ավարտեց, Մուկուչյանն ասաց, թե մոռացել է հարցը:

«Այդ դեպքում ասեք՝ որքա՞ն տևողությամբ հարցեր տամ, որ չմոռանաք»,- ասաց Եգորյանը:

«7 րոպե»,- եղավ Մուկուչյանի պատասխանը:

Եգորյանի մեկ այլ հարցի վերաբերյալ , որն առնչվում էր դպրոցի տնօրենների ձայնագրությանը, Մուկուչյանն արձահանքեց, թե ինքն այդ հարցին արդեն պատասխանել է: Եգորյանը Մուկուչյանի պատասխանը պատշաճ չհամարեց:

«Իմ պատասխանը. կետ, չակերտները բաց, ես այս հարցին պատասխանել եմ, չակերտները փակ, վերջակետ»,- հեգնեց Տիգրան Մուկուչյանը:

Հետո Զուրաբյանի ու Մուկուչյանի միջև «մատով խոսելու» շուրջ դարձյալ կոնֆլիկտ առաջացավ:

Այն ժամանակ, երբ Եգորյանն ու Մուկուչյանը քննարկում էին վերջինիս պատասխանի պատշաճության հարցը, Զուրաբյանը մատի կիրառմամբ ինչ-որ բան ասաց, բայց ոչ Մուկուչյանին:

Մուկուչյանը դարձյալ նկատողություն արեց Զուրաբյանին, որ մատով չխոսի:

«Իսկ ո՞վ էր ձեզ հետ խոսում»,- արձագանքեց  Լևոն Զուրաբյանը:

«Ձեր ենթագիտակցական մակարդա՞կն է...»,- դիմելով Զուրաբյանին` ասաց Տիգրան Մուկուչյանը` ամենայն հավանականությամբ նկատի ունենալով, թե Զուրաբյանը ենթագիտակցորեն է մարդկանց հետ մատով խոսում:

«Չէ, դու այդ մատի վրա շատ եք կենտրոնանում»,- արձագանքեց Լևոն Զուրաբյանը:

Նիստի ընթացքում Եգորյանը ևս Մուկուչյանին հարց ուղղեց` կապված տեսանկարահանում իրականացնող սարքերի ինտերնետային խափանման վերաբերյալ` փորձելով հասկանալ, թե արդյոք, ըստ Մուկուչյանի, այդ խափանումը ազդեցություն  ունեցել է ընտրությունների վրա: Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ ազդեցություն չի ունեցել:

Եգորյանն անդրադարձավ  նաև ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացրած անձանց թվին` Մուկուչյանին հարց ուղղելով, թե արդյոք, երբ Մուկուչյանը խոսում է դիտորդություն իրականացրած 28 000 անձանց մասին, նկատի ունի  նաև նրանց, որոնք Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո են եղել:

«Ես չգիտեմ՝ Եգորյանն ում նկատի ունի, ես նկատի ունեմ 49 կազմակերպությունների կողմից հավատարմագրված անձանց, որոնք ընտրությունների ժամանակ դիտորդություն են իրականացրել ու ունեցել նույն իրավունքները»,- արձագանքեց Տիգրան Մուկուչյանը:

Շուրջ երկուսուկես ժամ շարունակվող հարցուպատասխանի ընթացքում Մուկուչյանը պարբերաբար դժգոհում էր, որ դիմողն, ըստ էության, նույն հարցը տարբեր ձևակերպումներով է հնչեցնում:

Գագիկ Հարությունյանը կողմերին կոչ արեց ժամանակը ռացիոնալ օգտագործել:

«Արդեն երկուսուկես ժամ է՝ հիմնական մասը ծախսել ենք առանձին մասերի ճշգրտման վրա, անգամ առաջարկ կա, որ սահմանափակենք հարցերի ժամանակը»,- կողմերին դիմելով` ասաց Գագիկ Հարությունյանը:

Քիչ անց ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հարցերի ժամանակը սահմանափակելու միջնորդությամբ հանդես եկավ: Դատարանը դիմող կողմից ճշտեց, թե որքան ժամանակ է իրենց անհրաժեշտ հարցեր տալու համար: Դիմող կողմը քննարկելուց հետո պատասխանեց, որ անհրաժեշտ է մոտ մեկ ժամ, և քիչ անց նիստն ընդմիջվեց:

Դրա վերասկսվելուց հետո դատարանը  դիրքորոշում կհայտնի դիմող կողմի՝ հարց տալու ժամանակը սահմանափակելու միջնորդության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter