HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ընտրությունների վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի գործով ապացույցների հետազոտման փուլն ավարտվեց

Սահանդրական դատարանն այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումներն անվավեր ճանաչելու հարցով գործի քննության ժամանակ սահմանափակեց դիմող կողմի՝ հարցեր հնչեցնելու ժամանակը:

Հիշեցնենք, որ նման միջնորդություն էր նեկայացրել ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն այն բանից հետո, երբ դաշինքը շուրջ երկուսուկես ժամ հարցեր էր ուղղում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և դատարանում պատասխանող կողմ հանդսացող  Տիգրան Մուկուչյանին:

Դատարանը դատական նիստի ընդմիջումից վերադառնալով՝ հրապարակեց որոշում, համաձայն որի դիմողին ևս մեկ ժամ տրվեց՝ պատասխանող կողմին, ինչպես նաև հարակից պատասխանողներ Գլխավոր դատախազության  ու Ոստիկանության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու համար:

Ընդմիջումից հետո, ըստ էության, ԿԸՀ-ին հարցերն ավարտվել էին, և դիմող կողմն անցավ Դատախազությանն ու Ոստիկանությանն ուղղված հարցերին:

Դիմող Զուրաբյանը երկար ժամանակ փորձում էր Դատախազության ներկայացուցիչ, դատախազ Կարեն Բիշարյանից պարզաբանում ստանալ, թե արդյոք կաշառք տալը կամ տալու խոստումը քրեորեն պատժելի արարք է, իսկ Բիշարյանը մեկնաբանում էր, թե կաշառքի խոստում տալու հարցը պետք է կոնկրետ իրավիճակում քննարկել, հասկանալ, թե արդյոք նման խոստումը տրվում է կոնկրետ թեկնածուին օգտին ձայն տալու պայմանով:

«Այսինքն դուք ենթադրում եք որ ՀՀԿ-ն Կոնգրեսի համա՞ր էր ձայն հավաքում»,-օրինակ բերելով «Սաս» ընկերության նախընտրական հավաքն՝ ասաց Լևոն Զուրաբյանը: Ապա պատգամավորը հիշեցրեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի՝ լրատվամիջոցներին տված այն մեկնաբանությունը, թե գումար բաժանելը ոչ թե կաշառք, այլ բարեգործություն է, և դիրքորոշում հայտնեց, որ պետական պաշտոնյաներն իրենց նմանատիպ դիրքորոշմամբ  խրախուսել են անօրինական  գործողություններն ու անպատժելիության մթնոլորտ ստեղծել:

Զուրաբյանը հիշեցրեց նաև ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների պնդումներն այն մասին, որ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո՝ որպես վառ օրինակ դարձյալ բերելով «Սաս» ընկերության ձայնագրությունը:

Պատգամավորը հարց ուղղեց Բիշարյանին, թե մինչև այս պահն այդ ձայնագրության կապակցությամբ ի՞նչ է հաջողվել պարզել Դատախազությանը:

«Դուք տեղյակ եք,  որ քրեական գործ է հարուցվել, բայց ես, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում,  որևէ տվյալ չեմ կարող հրապարակել, քանի որ նախաքննությունն  ընթանում է»,- եղավ Բիշարյանի պատասխանը:

Զուրաբյանը հիշեցրեց, որ նախքան ձայնագրության հրապարակումը մամուլում տևական ժամանակ հրապարակումներ են եղել Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին, և նշեց, որ օրինականության պահպանման նկատմամբ վերահսկողական ֆունկցիա ունեցող Դատախազությունը մինչև ձայնագրության հայտնվելը պիտի գործողությունների դիմեր, ավելին ինքը կատարեր այդ ձայնագրությունն, այլ ոչ թե ինչ- որ քաղաքացի:

«Ինչպե՞ս  է պատահում, որ օրինականության պահպանման նկատմամբ վերահսկողություն ունեցնող մարմինը գրեթե բաց իրադարձության մասին չի իմացել»,- հարց ուղղեց Լևոն Զուրաբյանը:

«Պատասխանը շատ պարզ է. մեր ձեռքի տակ օպերատիվ- հետախուզական տվյալներ չեն եղել, որ ժողով է լինելու, որ ձայնագրեինք»,- արձագանքեց Դատախազության ներկայացուցիչը:

Զուրաբյանն ընդգծեց,  որ,  փաստորեն, ընտրություների վերաբերյալ անթույլատրելի և քրեորեն պատժելի արարքների մասին նյութական ապացույցներ են փորձում հավաքել քաղաքացիներն , այն դեպքում, երբ այդ ֆունկցիան դրված է իրավապահ մարմինների վրա:

«Ի՞նչ անենք. զուգահեռ Դատախազություն, Ոստիկանություն, քննչական մարմիննե՞ր պիտի ստեղծենք, որ կարողանանք բացահայտել այս ամենը, թե՞ դուք ձեր պարտականություների շրջանակներում կգործեք»,- դատախազին դիմելով՝ ասաց Լևոն Զուրաբյանը:

«Մենք մեր պարտականությունները կատարում ենք»,- հակադարձեց Կարեն Բիշարյանը:

Ոստիկանության և դիմողի միջև ըստ էության հարցուպատասխան չեղավ. Լևոն Զուրաբյանը նշեց, որ թեև իրենք հարցեր ունեն, բայց ստիպված են հաշվի առնելՍԴ-ի կողմից իրենց վրա դրված ժամանակի սահմանափակման հանգամանքը:

Այնուամենայիվ, Տիգրան Եգորյանն ու Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը «հասցրին» անդրադառնալ Քոչարյանի՝ երեկ արտահայտած վիրավորական մտքերին:

Հիշեցնենք. Քոչարյանը իր խոսքում նշել էր, թե կնախընտրեր դատավարական մրցակցությանը մասնակցել դեժավյուի ծանր զգացողությունների ներքո, ինչպես Լևոն Զուրաբյանը, քան գիտակցել, թե ինչ ահավոր հետևանքներ կարող է ունենալ դեմագոգիան և իրավական ինֆանտիլիզմը հասարակության վրա:

Եգորյանը խոսքում նշեց, թե իր հոգեկան առողջության վերաբերյալ գնահատականներ են տրվել Քոչարյանի կողմից, վերջինս էլ արձագանքեց.

«Ես ընդամենը խոսել եմ մի երևույթի մասին, որը որակել եմ «ինֆանտիլիզմ», դա ձեր հոգեկանի հետ ընդհանրապես կապ չունի»:

Դիմողի հարցերն ավարտվեցին, ապա նրանք հայտնվեցին հարցեին պատասխանողի կարգավիճակում:

Սահմանդրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը հարց ուղղեց. թե ինչո՞ւ  Կոնգրես-ՀԺԿ դաշինքը չի միացել «Ելք» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումին, երբ վերջիններս մանկապարտեզների և դպրոցների տնօրենների հայտնի ձայնագրությունների հարցով դիմել էին ԿԸՀ:

Փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ  վերը նշված դիմումի՝ ԿԸՀ ներկայացնելուց հետո Կոնգրես- ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր դաշինքի`այդ դիմումներին միանալու մասին, սակայն, ԿԸՀ-ն որոշել էր, որ դաշինքը նման իրավունք չունի, Զուրաբյանն էլ հավելեց, որ, չնայած ամեն ինչի,  իրենք բարոյապես աջակցել են դիմումատուներին:

ՍԴ անդամ Կիմ Բալայանն էլ ընգծեց, թե Լևոն Զուրաբյանը մասնակցել է ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին, փորձ ունի, և հետաքրքրվեց, թե ըստ Զուրաբյանի պատկերացման, ինչպիսի՞ն պիտի լիներ այդ օրենսգիրքը, որպեսզի դժգոհությունների առիթ չտար:

Զուրաբյանն ուղղեց Բալայանին՝ նշելով թե ինքը մշակված օրենսգրքի հեղինակ կամ համահեղինակ չէ, ավելին, ինքն ու Ազգային ժողովում իր ղեկավարած խմբակցությունը դեմ են քվեարկել ընտրական օրենսգրքի նախագծին:

«Եթե նկատի ունեք « 4+4+4» ձևաչափի քննարկումները, ապա դա մի փաթեթ էր, որը վերաբերվում էր միայն տեղամասերում օրինականության վերահսկման մեխանիզմներին»,-շարունակեց Զուրաբյանը:

Վերջինս հիշեցրեց, որ ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որն ինքը պատկերացնում է, ներկայացրել է դեռևս 2012-ին ու առաջարկվող փոփոխությունները չեն անցել:

Զուրաբյանը շեշտեց, որ գործող օրենսգրքի հիմնական խնդիրներից մեկը ռեյտինգային համակարգն է, որը թույլ է տալիս ընտրակաշառքի բաժանումը, վարչական ռեսուրսի կիրառումը դնել կոնկրետ թեկնածուների վրա:

Ապա Կիմ Բալայանին հետաքրքրեց դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կապված ձայնագրությունները:

ՍԴ անդամը նկատեց, որ դպրոցներն ու մանկապարտեզները ենթակա են Կրթության և գիտության նախարարությանը կամ մարզպետարաններին, ապա ուշադրություն հրավիրեց, իր կարծիքով,  մի շատ հետաքրքիր հանգամանքի վրա:

«Ամենահետաքրքիրը Շիրակի մարզն է. այստեղ  և՛ մարզպետն է ՀՅԴ-ական, և՛, փաստորեն,  Կրթության և գիտության նախարարը: Այդ ինչպե՞ս պատահեց, որ դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ-ի օգտին»,- հարցրեց Կիմ Բալայանը:

Դահլիճն աշխույժացավ, իսկ ներկաներից ամենաբարձր ծիծաղողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էր:

Լևոն Զուրաբյանն ասաց, որ կպատասխանի`նկատի ունենալով Կիմ Բալայանի անցյալը:

«Բայց դա անցյալ է»,- հակադարձեց նախկին դաշնակցական Բալայանը:

«Չէի ուզենա վիրավորել ձեր զգացմունքները, բայց թույլ տվեք ասել, որ այսօր, այո, ՀՀԿ-ն լիովին տիրապետելով պետական իշխանության լծակներին և իշխանության ռեսուրսին` իրեն կարող է թույլ տալ`հաշվի չնստել Դաշնակցության հետ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Կիմ Բալայանը հարցեր ուղղեց նաև ԿԸՀ ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանին: ՍԴ անդամը հետաքրքրվեց, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի՞ բավարար օրենսդրական լծակներ՝ կանխելու համար ընտրախախտումները:

Տիգրան Մուկուչյանը պատախանեց, որ ԿԸՀ-ն որոշ առումներով լծակներ չունի`տեղամասային հանձնաժողովների անդամների վրա, երբ վերջիններս իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում:

Ըստ Մուկուչյանի` հաճախ տեղամասային հանձնաժողովի անդամները, որոնք նշանակում են կուսակցությունները, չեն մասնակցում ԿԸՀ նիստերին, դասընթացներին և նրանց վրա, փաստորեն, ներազդման որևէ լծակ չկա:

Դատարանը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ օրենսդրական բազա է Մուկուչյանն անհրաժեշտ համարում, որ մարդկանց հավատը ամբողջովին վերականգնվի ընտրությունների նկատմամբ:

Ի պատասխան Մուկուչյանն ասաց, թե խնդիրն օրենսդրությունը չէ:

«Հավատի վերականգման առումով բոլորի մոտ, երևի թե, պետք է դոմինանտ լինի մի քիչ ազնվությունը, իրականում պետք է ուրախանալ, 99 տոկոս աշխատած սարքերի պարագայում, ոչ թե չարախնդալ դրանց մի տոկոսի չաշխատելով»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Դատարանն այսօր մերժեց «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի երկու միջնորդություններ: Դրանցից մեկը վերաբերում էր ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների ֆիքսած տեսանյութերի ուսումասիրմանը: Մասնավորապես` դիմող կողմը միջնորդել էր, որպեսզի ՍԴ-ն հանձնաժողով ստեղծի և ուսումնասիրի այդ ձայնագրությունները:

Մյուս միջնորդությամբ Դաշինքը պահանջում էր  հանձնախումբ ստեղծել և ընտրությունների ընթացքում ու դրան նախորդող ժամանակաշրջանում հավաքված փաստերը, վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի և այլ դեպքերն ուսումնասիրել:

Այսօր գործի դատաքննություն ապացույցների հետազոտման փուլն ավարտվեց.  վաղվա նիստում կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով:

Գլխավոր լուսանկարում՝ Վահե Տիգրանյանն ու Տիգրան Եգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter