HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզային ներդրումային ծրագրերը շուրջ 50 նոր աշխատատեղ են խոստանում

Վարչապետ Կարեն Կարապետյանի  մարզային այցելություններից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված  ներդրումային ծրագրերից ևս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը` հիշեցնելով, որ օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից սիրիահայ ներդրողին (հաղորդագրության մեջ անուն նշված չէ-Հետք) տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման («ՓՄՁ ներդրումներ»  Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ)  հաշվին տարեկան 11% տոկոսադրույքով:

Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել ևս 5,0 մլն դրամը` տարեկան 4% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն` վառարաններ, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալներ, ակնաբուժական աշխատասեղան, բժշկական հետազոտման թախտ, հիվանդի սայլակ, ճաղավանդակներ և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույք: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել 5 հիմնական աշխատատեղ:

Հաջորդ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Որակյալ պանրի արտադրության կազմակերպում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի իրագործման դեպքում ակնկալվում է ստեղծել 16-18 նոր աշխատատեղ: Այս ծրագրով  ակնկալվող 42,0 մլն ՀՀ դրամից արդեն իսկ տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 12% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է վերազինել գործարանը նոր սարքավորումներով և արտադրել բարձր որակական չափանիշներով պանիրներ (սեփական  բրենդային արտադրանքի տեսքով):

Արդեն ֆինանսավորված Լոռու մարզի «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ Տավուշի մարզի «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով էլ 20 աշխատեղ:

Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Շինշիլաբուծության տոհմային տնտեսության» ծրագրի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել է վարկային պայմանագիր` տարեկան 12% տոկոսադրույքով վարկային միջոցների տրամադրման նպատակով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել շինշիլաբուծությամբ զբաղվող մինի ֆերմաների լայն ցանց, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter