HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրումի բնակիչներն ընդվզել են համայնքի բյուջեն իր ընտանիքի կարիքներին ծառայեցնող գյուղապետի դեմ

Մեծ Այրում համայնքում կոնֆլիկտ է հասունանում գյուղապետի եւ համայնքի բնակիչների միջեւ: Գյուղացիները դժգոհում են, որ համայնքի բյուջե իրենց վճարած հարկերը գյուղապետ Սահակ Նազարյանն անձնական նպատակներով է ծախսում: Բացի այդ, նրանց ասելով, Ս. Նազարյանն առաջնորդվում է «Ինձ չես ընտրել, աշխատանքից պետք է հեռանաս» սկզբունքով: Սահակ Նազարյանը առաջին անգամ Մեծ Այրումի գյուղապետ է ընտրվել 2012թ. սեպտեմբերի 9-ին: 2016թ. հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է: 

Մեծայրումցի Արմեն Ասլանյանը գյուղապետից համագյուղացիների ունեցած դժգոհությունն օրեր առաջ ներկայացրել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետի հանձնարարությամբ ապրիլի 26-ին բողոքներն ուսումնասիրելու համար Մեծ Այրում էին եկել մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության (ՏԻ և ՀԳՄՀ) պետ Դավիթ Մանուչարյանը և վարչության աշխատակից Արմեն Շահվերդյանը:

Այս տարվա հունվարի 2-ին սառնամանիքներից այրումցիների մի մասի ջրագծի 100 մ խողովակները սառել են: «Գյուղապետն էլ է էդ ջրագծից օգտվում: Հունվարի 2-9-ը ուրիշները Նոր տարի անեին, ես տրուբեքի ջուրը բացեի: Գյուղապետին զանգել, ասել եմ՝ Նազարյան, կիրկին ու լապատկեն վերցրու, արի օգնի, դու ոչ մեկից լավ տղա չես: Ի՞նչ անենք գյուղապետ ես: Եկավ: Խոստացավ, որ վթարված տրուբեն փոխելու համար 100 մ նոր տրուբա կառնի: Մինչև հիմա ոչինչ չի արել, իսկ էդ տրուբեքը քայքայված են, ջրի կորուստների պատճառ են դառնում և նյութական վնաս են պատճառում գյուղացիներին»,-պատմեց Արմեն Ասլանյանը:

Վերջինիս խոսքով` Ս. Նազարյանն այրումցիներին խոսք է տվել գյուղում ավտոբուսի կանգառ կառուցել, փողոցային լուսավորության խնդիրը լուծել: Դրանք այդպես էլ մնացել են խոստում: «Մենք փախստականներ ենք, Ադրբեջանից փախել ենք մեր հայրենիք, ուզում ենք լավ ապրենք»,- ասաց Արմենը և խոստովանեց, որ անձամբ ինքը իր հողի հարկը համայնքային բյուջե դիտավորյալ չի վճարում: Արմենը 1,5 հա սեփական հող, 4 տնամերձ ունի, նաև վարձակալությամբ հող է մշակում: Հարկեր չվճարելու պատճառը նա բացատրեց այսպես. «Սահակ Նազարյանի ընտանիքի 4 անդամներն էլ գյուղապետարանում են աշխատում: Ինքը գյուղապետ, ախպերը` վարորդ, կնիկը 2-րդ կարգի մասնագետ է աշխատում, ոչ մի բան չի անում, գնում է գյուղապետարան կոֆե ու չայ խմում ու գնում տուն: Մայրն էլ մանկապարտեզի տնօրենն է»: Ըստ համայնքապետարանի հաստիքացուցակների` համայնքի բյուջեից Սահակ Նազարյանը 206 հազար դրամ, վարորդ եղբայրը՝ Տիգրան Նազարյանը, 78 հազար դրամ, կինը՝ 78 հազար դրամ, իսկ մանկապարտեզի տնօրեն մայրը՝ ԷմմաՎարդումյանը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Գյուղապետի ընտանիքի անդամների 2017թ.աշխատավարձը կազմում  է 5, 3 մլն դրամ: «Ինչի՞ պտի մեր հարկերը գյուղապետի ընտանիքին ծառայեն»,- հարցնում է Արմենը:

Սեդա Թումասյանի որդին՝ 18-ամյա Արթուր Բեգլարյանը, 1993թ. ապրիլի 1-ին  զոհվել է Քարվաճառում: Սեդայի ամուսինը՝ կապիտան Սամվել Բեգլարյանը, 1992թ. մասնակցել է Նոյեմբերյանի, Կարմիրի, Գորիսի, Կապանի ինքնապաշտպանական, Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, ինչպես նաև` Լաչինի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի և Զանգելանի շրջանների ազատագրական և Օմարի լեռնանցքի պաշտպանական մարտերին: Որդու զոհվելուց հետո մահացել է նաև Սամվել Բեգլարյանը: «Որդիս հետմահու պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակցի» և «ՀՀ Արիության մեդալով»: Մեծ Այրումի որևէ դպրոցական չգիտի, թե որտեղ և ինչի համար է  նահատակվել որդիս: Գոնե դպրոցի մի դասարան արժանի չեն համարել կոչել Արթուրիս անունով»,- ասաց զոհված զինվորի մայրը: Սահակ Նազարյանն արդարացավ, թե «խելքը չի հասել» հայրենիքի համար նահատակված զինվորի հիշատակի հարգանքի միջոցառումներ իրականացնել: Որդուն և ամուսնուն կորցրած Սեդան ապրում  է աղջկա ընտանիքի հետ: Թոռնիկը՝ Արթուր Գիգոլյանը,  ծառայում է Մարտունու զորամասերից մեկում, ապրիլյան պատերազմին 30 օր դիրքերում է եղել: Տիկին Սեդայի պայմանագրային զինծառայող փեսան պաշտպանում է Բաղանիսի սահմանները: Սեդայի բարձրագույն կրթությամբ ուսուցչուհի աղջիկը տարիներ շարունակ աշխատանք չի գտնում: Մայրն իր թոշակով է թեթևացնում աղջկա ընտանիքի հոգսը: «Ձեր աղջկա աշխատանքի հարցով ինձ գրավոր դիմե՞լ եք»,- տիկին Սեդային հարցրեց գյուղապետը: Նրա փոխարեն պատասխանեց համագյուղացի Արմենը. «800 բնակիչ ունեցող Մեծ Այրումում գյուղապետը 2 գրադարանավարուհի է պահում. մեկը նախկին գյուղապետ Առուշանյան Պապիկի աղջիկն է՝ Ջուլիետան, մեկն էլ փոքր այրումցի Մարգոն է: Գյուղում որևէ երեխայի կամ որևէ գյուղացու եթե հարցնես, թե երբ է եղել գրադարանում, ոչ մեկը չի կարող ասել: Փոքր Այրումը Մեծ Այրումից հազիվ 3 կմ է  հեռու, 2 տեղակալի հաստիք է պահում: Մեկը՝ ասում է Փոքր Այրումը կառավարելու համար է: Գյուղապետարանում էլի աշխատող ունի, որ գյուղին պետք չի: Սրանք բյուջեից աշխատավարձ են ստանում, որ ընտրություններին Սահակ Նազարյանի քվեները պաշտպանեն: Իսկ զոհված զինվորի բարձրագույն կրթությամբ քրոջ համար գյուղապետը հարմար աշխատանք չի տեսնում»:

Ս. Նազարյանը համայնքի բյուջեի միջոցներով գյուղապետարանի համար «Գազել» ավտոմեքենա է գնել՝ Փոքր Այրումից երեխաներին Մեծ Այրում՝ դպրոց տեղափոխելու համար: Մեկ մլն դրամ է բյուջեից հատկացրել էդ գազելի վառելիքի համար: Հարց` կարելի՞է դասերի օրերին ընդամենը 6 կմ քշելու համար տարին 1մլն դրամ գազի լիցքավորման ծախս անել: Էդ ավտոն ծառայում է գյուղապետի հսկայական վարելահողերի սելիտրան, սերմացուն, վառելիքը իրենց դաշտեր տանելու համար: Իսկ եթե դպրոցի երեխաներին էդ գազելը էքսկուրսիա է տանում Հաղպատ կամ այլ վայր, երեխաներից փող են ուզում»:

Անցած տարվա հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունից հետո Սահակ Նազարյանը ընտրություններում իրեն չսատարած այրումցիներին ազատել է զբաղեցրած պաշտոններից: «Մանկապարտեզի դայակին դիմում գրել է տվել և աշխատանքից հեռացրել: Մանկապարտեզի նախկին տնօրեն Անի Պետրոսյանի եղբայրը՝ Արսեն Պետրոսյանը, նույնպես առաջադրվել էր Մեծ Այրումի գյուղապետի թեկնածու: Եղբորը ընտրելու համար Սահակ Նազարյանը Անի Պետրոսյանին հոկտեմբերի 10-ին  հեռացրել է աշխատանքից և իր թոշակառու, հաշմանդամ մորն է նշանակել  մանկապարտեզի տնօրեն: Ասում է` Անին ստաժ չունի, եթե ջահել կադրին չթողնի աշխատել, ստաժը որտեղի՞ց պետք է ունենա»,- հայտնեց ավագանու անդամ Գրիշա Գրիգորյանը: Սահակ Նազարյանն էլ բացատրում է, որ իր մորը մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Կինը մրցույթով է ստացել գյուղապետարանի 2-րդ կարգի մասնագետի աշխատանքը: Գյուղապետի մայրը նաև համայնքի ավագանու անդամ է:

Մանկապարտեզի այլևս նախկին դայակ Մարինա Շիրվանյանը պատմեց, որ 2016թ. մարտից է որպես դայակ մանկապարտեզում ընդունվել աշխատանքի: Դայակ է աշխատել 7 ամիս, այսինքն` մինչև հոկտեմբեր: «Տղաս՝ Հովիկը, մեկ տարի  է Ղարաբաղում է, Խոջալուի զորամասում է ծառայում: Ընտրությունից առաջ զանգեց, թե`  մամա, ընկերոջս՝ Վազգենին կընտրեք: Ասի՝ Հովո ջան, քանի որ ես մանկապարտեզում եմ աշխատում, ես պարտավոր եմ գյուղապետին ընտրել: Բայց մերոնք Հովոյի խաթեր Վազգենին են ընտրել: Մի քանի օրից հետո կանչեցին գյուղապետարան, թե` դիմում գրի: Ասի` ինչի՞ համար եմ էդ դիմումը գրում, թե՝ ազատման: Ասացին` աշխատանքից ազատվում ես քո դիմումի համաձայն: Ես ասացի` դիմում չեմ գրում, գյուղապետն ասաց` չէ, պտի գրես»,- պատմեց Մարինան:

Գյուղապետարանի նախկին գանձապահ Մարինե Ալեքսանյանը աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 3-ին՝ գյուղապետի ընտրության հենց հաջորդ օրը. «Հորս ընկերոջ տղան էլ էր իր թեկնածությունն առաջադրել: Մեր ընտանիքը պետք է Արսենին ընտրեր: Ես իմ աշխատանքը չկորցնելու համար պատրաստվում էի  գյուղապետին ընտրել: Բայց Սահակ Նազարյանը մի անգամ ասաց, որ ինքը թքած ունի իմ ձայնի վրա: Ես մտածեցի` եթե մարդ կարող է թքած ունենալ իմ ձայնի վրա, ապա ինքը արժանի չէ իմ ձայնը ստանալու: Գյուղապետի հետ պայման կար` եթե ուզում եմ  գյուղապետարանում աշխատել, պիտի ընտրեի իրեն, հեռախոսով իմ կատարած ընտրությունը նկարեի և բերեի իրեն ցույց տայի: Ես դա չեմ արել, որի համար Սահակ Նազարյանն ինձ ազատել է աշխատանքից: Ինքն ինձնից պահանջեց աշխատանքից ազատվելու դիմում գրել, ես էլ գրել եմ, եթե չգրեի, վրաս ֆինանսական գործ կսարքեր»,- բացատրեց Մարինեն:

Այրումցի Սյոմա Դանիելյանը Շահումյանի փախստականներից է: Արդեն 4 տարի բանվոր  է աշխատում մանկապարտեզում: «Իմ աշխատավարձը 55 հազար դրամ է եղել, դարձրել է 27 հազար դրամ: Նույն աշխատանքն եմ կատարում: Պատճառը էն ա, որ հոկտեմբերի 2-ին գյուղապետին իմ երեխեքը ձայն չեն տվել: Էդքան բան: Հետն էլ տանը 3 հոգի ենք, կինս էլ  ինսուլտով հիվանդ է, տղաս էլ աշխատում չի: Երեք տղաս նայոմնիկ են, Կոթի գյուղի սահմանի հենց 1-ին լինյայում: Սահակ Նազարյանը իրեն ծննդավայր Կոթին թողել, եկել էստեղ մեզ  նեղացնում է, իմ տղաները նրա ծննդավայրի սահմանները պահում են»,-ասաց Սյոման:

«Էսենց մի օրենք ունեն գյուղապետանք` եթե իրենց տանը ինչ-որ մի աշխատանք կա կատարելու, գյուղապետարանի աշխատողները պարտադիր պիտի գնան նրա տանը աշխատեն որպես ծառա: Պետք ա սաղ գյուղը դրանց տհե ծառայի: Գյուղապետանք թագավոր են, գյուղացիք էլ դրանց նոքյարն են»,- ասաց 85-ամյա Ժորա Շիրվանյանը: 

Մեկնաբանություններ (3)

Բագրատ
Նման իրավիճակ է տիրում համայնքների համարյա 90% - ում: Դրա համար էլ դժվար թե այդ բողոքները ինչ որ մեկի պնգլին հասնեն: Բայց որ սկսել են պիտի դադար չտան ու չհամակերպվեն, որ լռեցին ավելի վատ է լինելու իրենց համար:
Kara
Բագրատ,շատ ճիշտ եք ասում,նման իրավիճակ է գրեթե բոլոր համայնքներում,համայնքի ղեկավարները բյուջեի միջոցները ծառայեցնում են իրենց ու հարազատների կարիքներին,ինչքան ուզում են վառելիք են դուրս գրում,ինչան ուզում են ավտոպահեստամասեր ձեռք բերում ու տենց շարունակ
Ժաննա
Ինքս հիմա գտնվում եմ այս գյուղում և պետք է ուղակի տեսնեք թե ինչ է կատարվում այստեղ ,անունով գյուղապետ է կոչվում Սահակ Նազարյանը բայց գիտեք որտեղ է գտնվել այսօր ,? գտնվել է ոստիկանությունում պատչառն համայնքի բնակիչների հետ բախում է եղել, պաշտոնի չարաշահում կարճ ասած ,ուղակի ամոթ է եթե գոնե մի քիչ մտածում եք բնակիչների մասին կարելի զբաղվել այս հարցերով և որոշակի չափով օգնություն ցուցաբերել բնակիչներին ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter