HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանին անհրաժեշտ է նոր քաղաքապետ, որ ոչ մի կլանային կապ չունենա»

Հարցազրույց Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանի հետ

-Տիկին Բախշյան, «Ելքը» Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին բանավեճի է հրավիրել: Վերջինս ասել է, որ իրենցից լավ քաղաքային կառավարումը ոչ ոք չի կարող պատկերացնել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հանրապետականը չի ընդունում բանավեճի առաջարկը:

-Տարոն Մարգարյանի հայտարարությունը, թե ոչ մեկն իրենցից լավ չի պատկերացնում քաղաքային տնտեսությունը, շատ վիճելի է: Տարոն Մարգարյանը քաղաքապետ չի ծնվել, և աչքը չի բացել և սովորել այդ գործը: «Ելքում» շատ ավելի պատրաստված աղջիկներ և տղաներ կան, հատկապես տնտեսագիտության, ծրագրավորման, իրավաբանության մեջ, ովքեր բավական է մտնեն այդ գործընթացի մեջ, շատ ավելի հաջող կկառավարեն:

-Իսկ ինչո՞ւ է խուսափում բանավեճից:

-Շատ տարբեր պատճառներով: Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի գնում Ազգային ժողով՝ քաղաքապետարանի հաշվետվությունը կամ որևէ վարկային ծրագիր ներկայացնելու: Ինչո՞ւ: Այս հարցը նույն շղթայի մեջ է:

Ինքը գոնե բանավեճի ոլորտում չի կայացել, իսկ բանավեճի մեջ մտնելու համար պետք է շատ պատրաստված լինել, հարուստ բառապաշար ունենալ, շատ ճկուն լինել, և որքանով էլ ոլորտը տիրապետում ես, իսկ այսօր Տարոն Մարգարյանը տիրապետում է քաղաքային իշխանության մութ ու լուսավոր, ստվերային և ոչ ստվերային անցքերին, բայց այդ ամբողջը պետք է կարողանալ ինքնավստահ, լավ ներկայացնել: Սա անհրաժեշտություն է բանավեճի մասնակցի համար, հիմա թե ինչու չի գնում, նշանակում է, իմ ասած չափորոշիչներից ինչ-որ բան խանգարում է: Սա քաղաքական ընտրություն է, որին գնացող մարդը պետք է պատրաստ լինի ցանկացած բանավեճի, հակառակ դեպքում ինչ-որ բան քեզ կաշկանդում է: Ավելին՝ մամուլի ասուլիսում առաջարկեցի, որ երեք թեկնածուները նստեն մի սեղանի շուրջ, երեքն էլ բազմազավակ ծնողներ են, գոնե խոսեն այդ մասին, շատ բարի թեմա է, ասենք, հասարակությունը տեսնի, որ այս մարդիկ քաղաքական պայքարի են ելել, բայց իրար թշնամի չեն: Սա շատ կարևոր է, այդ թշնամական մոտեցումը կամ վերաբերմունքը որևէ մեկի կողմից ընդունելի չէ ինձ համար:

-2013-ից ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ եք: Քաղաքայաին կառավարման մեջ ի՞նչ խոցելի կետեր կարող եք մատնանշել, և ի՞նչ եք պատրաստվում փոխել այդ ոլորտում:

-Մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքն ասում է՝ Երևանի ավագանին վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ: Դա նշանակում է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է իրականացնես վերահսկողությունը, այնտեղ գրված չէ՝ ընդդիմությունը պետք է անի, իշխանական կուսակցությունը չանի: Երբ 2013-ին մտանք ավագանու կազմ, մեր հարցադրումները սկսեցինք, տեսնեիք, թե ինչպիսի հակազդեցություն, թշնամական պիտակավորում էր Հանրապետական կուսակցական ավագանու անդամների կողմից: Նրանք պարզապես չէին հասկանում, որ ավագանու անդամը քաղաքապետից պիտի հաշիվ պահանջի, հարցեր տա, հարցապնդում անի: Երբ ավագանու նիստին ինչ-որ նախագծի մասին հարց ես բարձրացնում, ասում են՝ գնա հանձնաժողովի նիստին քննարկիր, այստեղ մի բեր: Հանձնաժողովի նիստն այլ բան է, ավագանու լիագումար նիստը՝ այլ: Ես կրթության հանձնաժողովում եմ, բայց իմ հարցը, ասենք, կարող է վերաբերել սեփականաշնորհման: Բազմակարծության ինստիտուտի արժեքը չէր զգացվում, և տարբեր խոսակցություններից հետո Տարոն Մարգարյանն առաջինը հասկացավ, որ պիտի հանգիստ լսի և պատասխանի:

Խոցելի կետերը շատ-շատ են: Դրանք գնումներն են, Երևան համայնքի սեփականության ցուցակը, քաղաքապետարանի աշխատակազմի յուրաքանչյուր ոլորտի գործունեությունն է, ասֆալտն է, մաքրությունն է... Եվ ասել, թե կա մի ոլորտ, որ կայացած է, ցավոք, չկա:

-Գնումների մասին նշեցիք՝ 2014-ին քաղաքապետարանը 29 միլիոն դրամի կոնյակ է գնել, 1,5 միլիոն դրամանոց կոնյակի բաժակներ: Քաղաքապետարանն ի՞նչ է անում այդքան կոնյակ: Ավագանու նիստերին քննարկվո՞ւմ են գնումների ծրագրերը:

-Երբ կարդում ես ավագանու լիազորությունները, դրանք բավական ընդարձակ են, բայց ավագանու նիստում մեծամասամբ ներկայացվում են քաղաքապետի բերած նախագծերը, որոնք ոչ կոնյակին են վերաբերում, ոչ... Այսինքն՝ ավագանին չի որոշում՝ կոնյակը գնե՞լ, թե՞ ոչ: Դա կա իրենց ծրագրում, այն էլ՝ թաքուն, բաց գրված չէ, ինչ-որ տողի տակ նկատի ունեն նաև այդ կոնյակը: Դու չես կարողանում հասկանալ, թե այդ տողի մեջ քանի ենթատող կա, քանի մասի է բաժանվելու այդ գումարը և ուր է գնալու: Հասկանում ես, երբ սկսում ես կոնկրետ ուղղությամբ ուսումնասիրություն անել:

Վերջերս 2017 թվականի ծրագրով նախատեսված էր նախադպրոցական ուսումնական հիմնարկների՝ մանկապարտեզներին գույք ապահովելը: 240 միլիոն էր նախատեսվել, գնումների գործընթացն ավարտվել էր, մահճակալ, աթոռ, սեղան և հանդերձապահարան էին գնել, որը կազմել էր 169 միլիոն դրամ: Քաղաքապետին հարց եմ ուղղել, թե երբ որոշել էիք 240 միլիոն նախատեսել, ապա քանի՞ աթոռ-սեղանի համար էր, արդյոք ավելի պակա՞ս եք պատվիրել, քան նախատեսվել էր, թե՞ պատվիրել եք ինչքան պետք էր և մոտ 71 միլիոն խնայողություն եք արել:

Քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ 2017-ի մրույթների արդյունքում այս տարի 1 միլիարդ 900 միլիոն դրամ տնտեսում ունեն: Հիմա թե այդ գումարն ինչի՞ վրա կծախսվի, որը բյուջեով նախատեսված չէ, այսպիսի շատ հարցեր կան:

-Տիկին Բախշյան, կո՞ղմ եք, որ «Էրեբունի-Երևան» տոնը շքեղ նշվում է, միլիոնավոր դրամներ են հատկացվում հյուրասիրությունների համար: Քննարկվո՞ւմ են այս տոնակատարության ծախսերը ավագանու նիստերին:

-Ամեն տարի բարձրաձայնում եմ այդ մասին, ասում եմ՝ այն գումարը, որ հատկացնում եք Երևանի տոնին, եկեք նվիրենք, օրինակ, Տավուշի Բաղանիս գյուղին, հաջորդ տոնին՝ Շիրակի այսինչ գյուղին...

-Ի՞նչ պատասխան եք ստանում:

-Ոչ մի պատասխան, ոչ էլ ուշադրության են արժանացնում, բայց գումարը 2016-ին երկու անգամ իջեցրին:

-Տիկին Բախշյան, ավագանին ազդեցություն չունի՞:

-Չունի:

-Ստացվում է, որ ձևական մարմի՞ն է իրականում:

-Իրականում կարող էր ձևական չլինել, եթե քաղաքապետի լիազորությունները պակասեն: Քաղաքապետի լիազորությունները գերազանցում են ավագանու լիազորություններին, բնակարանը քաղաքապետն ինքը կարող է տալ կամ չտալ, նայած որ դեպքում է, դեպքեր կան, երբ բերում է, ավագանին է որոշում, դեպքեր կան, երբ միանձնյա է որոշում: Եթե ավագանու անդամը, այսպես ասած, քիթը չխոթի տարբեր տեղեր, ապա դառնում է կոճակ սեղմող:

Ես մասնակցում եմ քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցություններին, իհարկե, բավականին ճակատս պնդացնելով, ինքն ասում էր՝ դա իմ խորհրդակցությունն է, դու ի՞նչ գործ ունես: Երկար նամակագրության արդյունքում համոզեցի, որ ավագանու անդամ եմ, այդ լիազորությունն ունեմ, ուրեմն, պարտավոր եմ մասնակցել քո բոլոր գործողություններին: Այդ խորհրդակցությունների ժամանակ կարող ես իմանալ շատ բան: Այն բոլոր խնդիրները, որոնք երևանցիներին հուզում են, այդտեղ են քննարկվում, ավագանու նիստում չեն քննարկվում:

-«Ելքն» առաջարկում է կրճատել քաղաքապետարանի հաստիքացուցակն ու ծառայողական մեքենաների թիվը: Ունե՞ք ստույգ թիվ՝ քանի՞ մեքենա և աշխատակից ունի քաղաքապետարանը, և ըստ այդ ծրագրի՝ քանի՞ տոկոսն է կրճատվելու:

-Քաղաքապետարանը 89 ծառայողական մեքենա ունի, այս պահին հաստիքացուցակի հստակ թիվը չեմ կարող ասել: Ես ուսումնասիրել եմ քաղաքապետի խորհրդական, օգնական, տեղակալների թիվը, 14-ն են: Խորհրդականներ կան, որոնց կարիքը, ըստ իս, չունի: Օրինակ՝ քաղաքապետարանը տրանսպորտի վարչության պետ ունի, բայց քաղաքապետին տրանսպորտի մասին հարցերը զեկուցում է իր խորհրդականը: Ինչո՞ւ, վարչության պետը թող ամբողջությամբ պատասխանի: Եվ այդպես է տարբեր ոլորտների դեպքում:

Մենք առաջարկում ենք, որ քաղաքապետարանն ունենա մեքենաներ, որոնք կանգնած են ավտոտնակներում, երբ աշխատակիցը դրանց կարիք զգա, ասենք, տվյալ գործով պիտի հասնի Նոր Նորք և հետ գա, մեքենան տրամադրվի նրան, իսկ տրանսպորտի վարչության պետը պետք է աշխատանքի գա երթուղային տրանսպորտով:

-14 խորհրդական, օգնական, տեղակալները ծառայողական մեքենաներ ունե՞ն:

-Այո, բոլորն ունեն: Օրենքով ավագանու խմբակցություններ էլ ունեն, բայց ավագանու գործունեությունը հասարակական է: Նվազագույն աշխատավարձի չափով ինչ-որ ծախսեր են հոգում: Ստացվում է՝ ավագանին պիտի վերահսկի քաղաքապետի գործունեությունը, բայց դա հասարակական բնույթի է: Ավագանու անդամները կարող են գալ, կարող են չգալ, զուգահեռ աշխատել այլ տեղ: Ավագանու անդամները մեծամասամաբ տղամարդիկ են, ընտանիքի հոգսեր ունեն, չեն կարող, օրինակ, ինձ նման բծախնդրորեն աշխատել, ֆիզիկապես չեն կարող: Հետևաբար, եթե ավագանին հասարակական կարգով է շարունակելու մնալ, լրջորեն պետք է վերանայել այդ պարտավորությունները: Ավագանու անդամների թիվը 65 է: Պետք է կրճատել այդ թիվը, բայց պրոֆեսիոնալ դառնալ, մարդիկ գնան և լրջորեն աշխատեն, այդ դեպքում հասկանում եմ մեքենան, իսկ հիմա հասարակական կարգով գործող ավագանու խմբակցության ղեկավարին մեքենան տալիս եք այդ լիազորությունների համա՞ր. ոչ, այդ մարդն օգտագործելու է իր անձնական նպատակների համար:

-Տիկին Բախշյան, Երևանին նոր քաղաքապետ ինչո՞ւ է անհրաժեշտ:

-Երևանին նոր քաղաքապետ շատ է անհրաժեշտ հենց միայն նրա համար, որ Տարոն Մարգարյանը տեսնի, որ իրենից տարբեր ձևով աշխատող է լինելու, թիմ է լինելու, որը ոչ մի կլանային կապ չունի, Հանրապետական կուսակցության մեջ այդ կապերը, որոնք տեսնում եք, քաղաքապետն էլ ներառյալ, այդ կապերը չենք տեսնելու, ավելի անկախ է լինելու, բյուջեն խնամքով է տնտեսվարելու, ավելի թափանցիկ է լինելու, կոնյակին հաստատ այդքան գումար չի տալու, ապօրինի շինարարությունների թույլտվություններին վերջ է դնելու:

Երիտասարդներ են, երամին հակառակ գնացող ճայեր են, համարձակ են, իրենց ասել եմ այդ մասին, և իրենք Հայաստանի հասարակությանը ցույց են տալու, որ կառավարման այս մոդելն էլ կա, որ հասարակությունը գլուխը բռնի, ասի՝ վայ, երևանցիներ, էս ինչ խելոք էիք, որ այս ընտրությունն եք արել, իսկ մենք ամբողջ երկրում տապալեցինք երազանքը: Երևանցին «Ելքին» ընտրելու դեպքում ամբողջ Հայաստանի հասարակությանն ուշքի պիտի բերի, խելքի բերի, սառը ջուր լցնի, ասի, որ իշխանափոխությունն ընտրությունների միջոցով այ սա է նշանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter