HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Meluses». Համշեցնակ ռոք կամ, առայժմ, մելանխոլիկ աններդաշնակություն

2009թ. Ստամբուլում ստեղծված «Meluses» («Մելուսես») խումբը ներկայացնում է ալտերնատիվ ռոք` համշենական ժողովրդական երաժշտության հիմքով: Այս տարիների ընթացքում խումբը ակումբային միջավայրից դուրս համերգներ է նաև ունեցել տեղական բազմաթիվ բեմերում, մասնակցել տարբեր փառատոների:

Մոտ երկու տարի առաջ համացանցում հայտնված նրանց «Գարմի» և «Խադուլիկ» երգերի հետքերով այս խումբը մեծ ոգևորություն առաջացրեց նաև հայ երաժշտասերների շրջանում: «Մելուսես»-ը շատերի համար մեծ իմաստով բացահայտում էր, և պատճառը ոչ միայն գեղեցիկ երաժշտությունն էր, այլև՝ երգերի բառերը: Պարզ, հայոց լեզվի բարբառային առանձնահատկություններին բացարձակորեն չտիրապետող ունկնդիրն անգամ երգերում գտնում էր հայերեն բառեր, արտահայտություններ ու անմիջապես շփոթահար մի հարց բարձրաձայնվում էր երգի միջից՝ … «հայերե՞ն են երգում»:  

ԽԱԴՈՒԼԻԿ

Խադուլիկ, խադուլիկ, թրչեր բիդիր,

Հոքութ մեչնիվա տիբնար (դիպչել) բիդիր,

Աաքագին լիզուն  (արեգակի լեզուն) փերներ բիդիր,

Անու հեդե խարբեր բիդիր (նրա հետ զրուցել էր պետք)

Գոդրաձ դաղնուքե (տեղերը) սըրփեր բիդիր,

Սըրփեր բիդիր, սըրփեր բիդիր…                               

և այլն:

«Մելուսես» խմբի հիմնադիր, կիթառահար Մաղրուֆ Քիբարն ասում է, որ «խադուլիկ» բառը համշենի խոսվածքում նշանակում է՝ շատ գեղեցիկ և խայտաբղետ: Համշենագետ Սերգեյ Վարդանյանը երգը գրական հայերենի վերածելիս՝ օգտագործել է «խատուտիկ» բառը, որն այս պարագայում առավել համահունչ է նաև երգի կոնտեքստին:

Այս երգերի լեզվական պատկանելությանն ու դրանից բխող բազմաթիվ ինչուներին «Մելուսեսի» հետ մեր զրույցում չենք անդրադարձել: Նրանց մոտեցումներն այս հարցին սովորաբար տարբեր են և երբեմն ուղղակիորեն բխում են պատմական խորը պատճառներից: Համշենի, համշենցիների՝ իրենց ծագման ու մշակույթի մասին նրանց տարբեր ընկալումներին, լեզվական առանձնահատկության և այս ամենի շուրջ մեր ուսումնասիրությունների մասին է պատմում «Մահիր Օզքան. Համշենի լեռներից, գետերից և ծովից եկող ձայնը» հոդվածը:  

Մելուսես՝ մեր լույսը. խմբի երգերի և երաժշտության հեղինակը մեծ մասամբ Մաղրուֆ Քիբարն է: Նա ասում է, որ հենց այս առաքելությունն է ներդրված խմբի էության և երաժշտական ոգու մեջ: «Այս իմաստն ենք տեսնում մեր երաժշտության մեջ և հենց սա էլ ուզում ենք փոխանցել մարդկանց,- ասում է նա,- «Մեր լույսն» ասելիս՝ իրականում նկատի ունենք նաև այն, որ մեր երգերով կարող ենք բոլորի լույսը լինել»:

Մաղրուֆը ծնունդով Խոփայից է (Արդվինի նահանգ): Ինչպես ինքն է ասում, 2009թ. հինգ ընկերներով հավաքվեցին և որոշեցին խումբ հիմնել: Խմբի նախնական կազմը մի փոքր այլ էր, սակայն արդեն մի քանի տարի է՝ «Մելուսես»-ը ներկայանում է հետևյալ կազմով՝ Քորայ Չելիք՝ վոկալ, Մաղրուֆ Քիբար՝ ակուստիկ կիթառ, շրթհարմոն, վոկալ, Արիֆ Քարա` էլեկտրոկիթառ, Աթա Էրդեմ Շիմշեք՝ հարվածային գործիքներ,  Գյոքհան Օլքե՝  բաս կիթառ: Քորայ Չելիքը վոկալ ևս Խոփայից է, մյուսները՝ Ստամբուլից:

Նրանք սկսեցին երգեր հորինել Համշենի բարբառով, մասամբ՝ նաև թուրքերեն: Խմբի երգացանկում հաճախ են հնչում համշենական ժողովրդական երգեր, ինչպես Մաղրուֆն է ասում՝ անանուն երգեր: «Մեծ մասամբ նոր գրված երգեր են, բայց հաճախ, հիմնականում համերգների ժամանակ, ներկայացնում ենք անանուն երգեր և մեղեդիներ: Թեմաները տարբեր են՝ աշխարհին վերաբերող ամեն ինչ, մինչև իսկ՝ աշխարհի վերջը,- ասում է Մաղրուֆ Քիբարը,- երգում կամ նվագում ենք այնպես, ինչպես տեսնում ենք կյանքը, նայում աշխարհին: Սեր, բնություն, փորձություններ, կարոտ, երաժշտությամբ պատմում ենք երբեմն էլ բաներ, որոնք խոսքերով չենք կարողանում պատմել»:

2013 թ.տեղի ունեցած 18-րդ «Roxy» փառատոնին խումբը 2-րդ մրցանակը շահեց: Այնուհետև սկսեցին հայտնվել հեռուստաեթերներում: «Մելուսեսը» հրավիրվեց Թուրքիայի պետական հեռուստաընկերության «Սոցիալական մեդիա» հաղորդմանը, իսկ թուրքական «Հայաթ» հեռուստաընկերության «Ետին պարտեզ» հաղորդման ուղիղ եթերից հանդես եկավ համերգային կատարումներով: Խմբի մասին մոտավորապես կեսժամանոց վավերագրական ֆիլմ է նկարահանվել և ցուցադրվել Թուրքիայի պետական հեռուստաընկերության «Իմ միջի ձայնը» հաղորդման ընթացքում:

Մրցույթների հանդեպ այս երաժշտի վերաբերմունքը հետաքրքիր է, քանի որ կարևորում է գլխավորապես երաժշտության կապը հանդիսատեսի հետ և տարբեր ստեղծագործողների միջև նոր շփումների հնարավորությունը: Մնացածը երաժշտության հետ այնքան էլ կապ չունի, քանի որ «մեր կարծիքով` երաժշտությունը չի կարող մրցել. երաժշտությունն ուղղակի զգում են, իսկ զգացումները չեն կարող մրցել, - ասում է Մաղրուֆը,- Մեզ համար այդ միջոցառման ամենալավ կողմն այն էր, որ բազմաթիվ երաժիշտ ընկերների հետ ծանոթացանք, ժյուրիի կազմում ևս առաջնակարգ մասնագետներ էին, և մենք հնարավորություն ունեցանք զրուցել բազմաթիվ թեմաների շուրջ: Օրինակ՝ ի՞նչ են նրանք մտածում երաժշտության մասին, ի՞նչ են ուզում ասել, ինչպիսի՞ դժվարությունների են հանդիպել, ի՞նչ մակարդակի են հասել և այլն: Հենց դա էր այդ մրցույթի ամենագեղեցիկ կողմը: »:

2015թ. թողարկվեց խմբի «Խադուլիկ» ձայնասկավառակը, որում ներգրավված են մեզ հայտնի «Խադուլիկ», «Գարմի», «Հորթը», «Բոբոլ» և այլ երգեր:

«Իրականում «Գարմի»-ն և «Խադուլիկ»-ը եռապատումի մաս են:- ասում է Մաղրուֆը,-  Կա նաև շարունակություն` «Թուղուլիկը», որը դեռևս չի ձայնագրվել: Իսկ «Հորթը» երգում ներկայացված են մի հորթուկի` կյանքում հանդիպած առաջին դժվարությունները և մոր հանդեպ տածած կարոտը»:

Մաղրուֆն ասում է նաև, որ խմբի համար կարևոր նշանակություն ունեցող և ազդեցություն թողած շատ երաժիշտներ և խմբեր կան՝ արևմուտքից արևելք ընդգրկող տարածքով և ոճային զանազանությամբ: Սակայն կա մեկը, ում անունը անպայման հիշատակում է՝ Քազըմ Քոյունջու: Ծնունդով Խոփայից այս երաժիշտը Թուրքիայում սիրված երգիչ էր, երգահան և հայտնի էր նաև որպես ակտիվիստ: Նա կատարել է այս երկրի հսկա տարածքում ապրող տարբեր ազգերի լեզուներով երգեր, որոնցում մեծ թիվ են կազմում լազերեն և համշենական երգերը: Ֆոլք-ռոքի ժանրում ստեղծագործող այս երգիչը համարվում է նաև Համշենի խոսվածքով երգերի վերածնման, այս ճանապարհով տարածման հիմնադիրներից մեկը:

Անդրադառնալով «Մելուսեսի» երաժշտական դիմագծին՝ Մաղրուֆը նշում է, որ այն ռոքի կոնկրետ ոճ կամ ենթաժանր չէ, ինչպես բնորոշում են շատերը՝ ֆոլկ-ռոք, էթնիկ ռոք կամ համշենական ռոք և այլն: Թեպետ ընդունում է, որ այն, ինչ նվագում են, մոտ է ռոք կոչվելուն: «Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում մենք էլ կկարողանանք «Մելուսեսի» ոճը գտնել, իսկ առայժմ կարծում եմ` դա կարող ենք անվանել մելանխոլիկ աններդաշնակություն»- ասում է երաժիշտը:

Խմբի ամենահայտնի ու սիրված երգերից մեկն է «Գարմի»-ն («Garmi»): Այն Մաղրուֆ Քիբարի մեկնաբանությամբ՝ նշանակում է «Կարմիր»:

Ջերմագ չախե (անձրև) գաթա գու,   

Իմ սևադային (սիրելիին) փաթթա գու,

Արդացուքաձ (արտասուք-արցունքոտված) ջոմփանուն

Քեզ (տեսնես) ում հեդե քալա գու (քայլում է):

Գարմի ախչիգ, գարմի մոնչ (մանչ-տղա),

Սերդիս մեչը  քոլա գու( այրում է)

Գար մի ախչիգ, գար մի մոնչ,

Խոխոլ (բու) էլի ու էրթաք օչ…   

Երգի ամբողջական գրառմանը և մեկնաբանությանը ծանոթացեք «Ձայն Համշենական» թերթում

Մեր առաջին զրույցի ժամանակ, իմանալով, որ իրենց երգերը լսում են նաև Հայաստանում, Մաղրուֆը շատ ոգևորվեց և հույս հայտնեց, որ մի օր հնարավորություն կունենան այստեղ ևս համերգով հանդես գալու: «Իրականում հայկական երաժշտությունը շատ լավ չգիտենք, սակայն գիտենք, որ այն շատ ազդեցիկ է և պատմական խորը արմատներ ունի»:

«Մելուսես» խումբն առաջիկայում պատրաստվում է նոր երգ ձայնագրել՝ նոր գործիքավորմամբ և ավելի մեծ կազմով: Անհատական ծրագրերից բացի, խումբը հաճախ մասնակցում է տարբեր երաժշտական նախագծերի և բարեգործական համերգների:


Թուրքերենից թարգմանությունը` Մելինե Անումյանի

Լուսանկարները՝ «Մելուսես» խմբի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (4)

Նարե Պապիլիո
Իսկ կոնկրետ «Գարմի» երգի հեղինակն ո՞վ է, ժողովրդական ե՞րգ է, թե՞ Մաղրուֆ Քիբարն է գրել։
Ժան Սարգսյան
Համշենի բառբարով գրված տեքստերը կարդալուց հետո՝ անմիջապես պարզվում է որ սա արևմտահայերենի բառբար է: Ուրեմն այս բառբարը հայատառ գրի առնելու համար շատ ավելի տրամաբանակն է հետևել արևմտահայերենի ֆոնոլոգիայի կանոններին: Տեսե՛ք հենց օրինակի համար՝առաջին երգի տեքստը գրված արմտահայերենի արտասանության օրենքներով՝ անմիջապես թվում է շատ ավելի հարազատ և շատ ավելի հասկանալի: Խատուլիկ, խատուլիկ, թրչեր պիտիր, Հոգուդ մէջնիվա դիպնար պիտիր, Աագակին լիզուն բերներ պիտիր, Անու հետէ խարպեր պիտիր, Կոտրած տաղնուքէ սրբեր պիտիր… հարգանքներով՝ Ժան Սարգսյան
Raffi
Khadoulik, khadoulik, trcher bidir, Hokout mechniva tibnar bidir, Aakagin lizoun perner bidir, Anou kharber bidir, Godrads daghnoukeh srper bidir…
Րաֆֆի
Համամիտ եմ, Ժան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter