HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քաղաքական գովազդի գները նվազել են

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քարոզչական վճարովի վահանակներ տրամադրելու առաջարկ է ներկայացրել 14 ընկերություն։

Բոլոր ընկերությունները ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի համար նախատեսել են 325 վահանակ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Չնայած, ինչպես ցույց տվեցին մեր դիտարկումները, այս պահի դրությամբ դրանց մի փոքր մասն է միայն զբաղված։

«ԱԴՎ դիզայն» ՍՊԸ-ն, խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած սակագների համեմատ, վահանակների տրամադրման արժեքը մոտ 20 տոկոսով նվազեցրել է։ Այս ընկերությունը մայրաքաղաքի Կենտրոն, Աջափնյակ, Նոր Նորք, Մալաթիա Սեբաստիա, Ավան վարչական շրջաններում ունեցած իր վահանակների համար առաջարկում է միեւնույն գինը՝ 108 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։ Խորհրդարանական ընտրությունների նախաընտրական շրջանում «ԱԴՎ դիզայն»-ն իր վահանակների համար սահմանել էր 129 հազար դրամ/քմ սակագին։

Արշակունյաց 2 շենքի պատի ողջ երկայնքով մեկ քաղաքական պաստառ կախելու մտահղացումն ու իրավունքը պատկանում է «Ադվերսիթի» ընկերությանը։ Եթե հիշում եք, ապրիլի 2-ի ընտրություններից առաջ այստեղ կախված էին ՀՀԿ թեկնածուների՝ Վիգեն Սարգսյանի եւ Արփինե Հովհաննիսյանի նկարներով պաստառները։

144 քմ մակերեսով պաստառներից յուրաքանչյուրն արժե 1 միլիոն 36 հազար 800 դրամ։ Սակայն, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, այս անգամ առաջադրված երեք քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չի օգտվել այդ թանկ ծառայությունից։

Այս պաստառների դեպքում շինմոնտաժային աշխատանքների գինը հաշվարկվում է հավելյալ՝ 1 քառակուսի մետրի համար՝ 3600 դրամ, ներառյալ հարկերը։ Սա՝ ավագանու ընտրությունների համար։

ԱԺ ընտրությունների քարոզչության համար սահմանվել էր ավելի բարձր գին՝ 1 միլիոն 382 հազար 400 դրամ։

«Ադվերսիթի» ընկերությունը եւս 21 վայրում վահանակներ ունի, որոնց մեջ կան 600 հազար դրամից մինչեւ ավելի քան 800 հազար դրամի հասնող վահանակներ։

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը նույնպես վահանակներ ունի մայրաքաղաքում։ «Ալեքս Հոլդինգն» առաջարկում է երկու տարածք՝ Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցներում, համապատասխանաբար 108 հազար եւ 162 հազար դրամով։

Քաղաքական ուժերին 75 վահանակ է առաջարկում «Զեբրա» ապրանքանիշով հայտնի «Էգա» ՍՊԸ-ն, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարվել էր փակցնել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի պաստառը, չնայած նախնական պայմանավորվածությանը։

Այս ընկերության գովազդային վահանակները տեղադրված են Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Միայն Երեւանում ընկերությունն ունի 300-ից ավել գովազդային վահանակ։ Դրանք տեղադրված են նաեւ միջպետական ճանապարհներին եւ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։

 «Էգա»-ի վահանակներն արժեն 108 հազար եւ 162 հազար դրամ։

Վահան Հարությույանին(75%) եւ նրա հորը՝ Միխաիլ Հարությունյանին(25%) պատկանող «Միկմետալ» ընկերությունը պատրաստ է տրամադրել 37 գովազդային վահանակ, որոնց մեծամասնությունը՝ Արշակունյաց պողոտայում, 108 հազար դրամ անփոփոխ արժեքով։

Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունը քաղաքական ուժերի համար նախատեսել է 9 վահանակ մայրաքաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Սրանց գինը 108 եւ 132 հազար դրամ է։

Աղվան Հովսեփյանի որդու եւ Գարեգին Նուշիկյանի դստեր հիմնադրած «Իմիջ մեդիա» ընկերությունը վարձով է տրամադրում 19 վահանակ՝ 108 հազար դրամ անփոփոխ գնով։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասերը այժմ պատկանում են Արմեն Աղվանի Հովսեփյանին։

Իսկ Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան» այս դաշտի խոշոր խաղացողներից է եւ Երեւանի ավագանու ընտրությունների համար նախատեսել է 98 արտաքին գովազդային վահանակ, որոնց գները սահմանվում են 108-162 հազար դրամի սահմաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter