HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հրապարակումից հետո Սևանի սոցիալական գործակալության պետն ազատվել է աշխատանքից

Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Լևոն Պողոսյանը «Հետքի» հրապարակումից հետո ազատվել է աշխատանքից, իսկ տեսուչ Հուսիկ Ենոքյանին խիստ նկատողություն է տրվել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Վերջինս ավելացրել է, որ իր ունեցած տվյալներով՝ իրավապահ մարմինները նյութեր են նախապատրաստում դեպքի վերաբերյալ:

Խոսքը մարտի 29-ին «Ասեց՝ էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել» վերնագրով հրապարակման մասին է: Անասնագոմին կից հացատանն ապաստանած Մարատ Քառյանի ընտանիքը 3 ամսվա սոցիալական նպաստը չէր ստացել: Մարատն ու կինը՝ Արմինե Գրիգորյանը, մեզ պատմել էին, որ Սևանի տարածքային գործակալության աշխատակից Հուսիկ Ենոքյանը 3 ամսվա «կանխավճար» է ուզել՝ ընտանիքի նպաստը դասավորելու համար: Մեկ ամսվա նպաստը 37.500 դրամ է: Քառյանները հրաժարվել էին առաջարկից, և մինչ օրս այդ երեք ամսվա նպաստը չեն ստացել:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասում է, որ մինչ այս հրապարակումը Լևոն Պողոսյանին տրվել էր կարգապահական տույժ, ավելի կոնկրետ՝ վերջին նախազգուշացմամբ խիստ նկատողություն: Մարզպետն ասում է, որ օրենսդրությամբ գործակալությունը պարտավոր էր սոցիալապես անապահով ընտանիքներին գտնել և ընդգրկել ցանկում: Քանի որ գործընթաց է սկսվել, Ռ. Գրիգորյանն այս պահին ճիշտ չի համարում խախտումներն առանձանցնելը:

«Հետքի» հրապարակումից հետո, ըստ մարզպետի, Լևոն Պողոսյանի հարցով քննարկում է եղել մարզպետարանում, ինչից հետո էլ որոշվել է նրան ազատել աշխատանքից:

Հոդվածի հրապարակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Քառյաններին: «Այդ ընտանիքը մեր ուշադրության կենտրոնում է: 100 հազար դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել»,- նշում է Ռ. Գրիգորյանը:

Մարզպետը նաև չի բացառում, որ հնարավոր է հետագայում լուծեն նաև Քառյանների տան հարցը՝ ավելացնելով, որ չի ցանկանում առաջ ընկնել:

Ռաֆիկ Գրիգորյանն ասում է, որ «Հետքի» հրապարակումից հետո բողոք-նամակներ են սկսել ստանալ նաև Մարտունու տարածքային գործակալության վերաբերյալ: Նամակագիրները նշել են, որ Սևանում տեղի ունեցողի նմանօրինակն այստեղ է: Ըստ մարզի ղեկավարի, ով Մարտունու Ձորագյուղ համայնքից է՝ ինքն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին: Նշում է, որ Մարտունու գործակալության պետը երեք տարվա ընթացքում երեք կարգապահական տույժ էր ստացել, ու վերջերս սևանցի գործընկերոջ պես ազատվել է աշխատանքից:

Հարցին, թե ազատված պետերի կողմից արդյոք փորձեր արվում են աշխատանքի վերականգնվելու համար, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանում է. «Փորձ անում են, բայց կարծում եմ՝ չեն կարողանա: Որպեսզի չհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից: Իրենք փորձում են, երևի խորհրդատուներ ունեն, բայց համոզված եղեք՝ չեն վերականգնվելու»:

Մարզպետը համաձայն է, որ Քառյանների բողոքն առաջինը չէր, բայց նշում է, որ բնակիչները ոչ բոլոր դեպքերում են ահազանգում: Ըստ նրա՝ քանի որ նման պարագայում քրեական տարր կա, շատերը խուսափում են բողոքել:

Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Սևանի սոցիալական գործակալության վերաբերյալ նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի (Քառյանների որդիներից Կամոն ու Ռաֆայելը)

Մեկնաբանություններ (2)

Արա
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը մի՞թե քրեական պատժից ազատում է...
աննա
բա հուսիկը, հուսիկը, էդ հուսիկին խիստ նկատողությունը բան չի անի, նա արդեն տասնհինգ տարի ա փարոս ստացողներից գռփում ա․․․ նա շորթող ա, էդ ամբողջ գրասենյակը պետք ա թափ տալ, բոլորի վրայից թափվելիքներ կան․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter