Շաբաթ, 24 հունիսի

«Ռուսաստանի միջոցով Ադրբեջանն անընդհատ ճնշում է գործադրում Հայաստանի վրա»



Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

-4 օր առաջ Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Ձեր կարծիքով՝ Վիեննայից մինչև Մոսկվա ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կարողացե՞լ է հաջողություն գրանցել ԼՂ հակամարտության բանակցային սեղանին:

-Հաջողությունը ո՞րն է, բանակցային պրոցես, փաստորեն, գոյություն չի ունեցել, և մենք կարող ենք փորձել գնահատել կամ նկարագրել այն, թե ինչ դիվանագիտական կամ քաղաքական վիճակ է ստեղծվել ապրիլյան պատերազմից հետո:

Թե ինչ արդյունքներ են գրանցել կամ չեն գրանցել, ուրիշ խնդիր է, մի բան պարզ է, որ Վիեննայում առաջադրվեցին շատ կոնկրետ հարցեր: Ադրբեջանը որևէ ցանկություն չունի իրականացնել դրանք, անգամ Ռուսաստանի լեզվով ասում են, որ նման բանակցություններ չեն եղել, եթե բանավոր էլ եղել են, գրավոր չկան: Չնայած դրան՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները և ընդհանրապես միջազգային հանրությունը անգամ ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով պնդում էին, որ ամենաէական խնդիրն այսօր այդ բանակցություններն իրականացնելն է: Բովանդակային բանակցություններ սկսելուց առաջ Հայաստանը նույնպես նախապայման է դրել և պահանջում է իրականություն դարձնել դրանք, եթե ոչ՝ բանակցային պրոցեսը մի մասը կորցնում է, որովհետև չեն կատարվում այդ որոշումները: Դա էր խնդիրը:

Ադրբեջանի համար, իհարկե, բավականին բարդ վիճակ է ստեղծվել քաղաքական ասպարեզում, որովհետև Ռուսաստանն էլ, կարծես, մի քիչ ավելի հավասարակշռված սկսեց մոտենալ խնդրին, Հայաստանին նույնպես տրամադրեցին նորագույն զենքեր, և, փաստորեն, Ադրբեջանը որևէ կերպ չի կարողանում դուրս գալ այդ վիճակից: Մեկ տարվա մեջ նրանց հիմնական ստրատեգիան դարձել է այն, որ փորձեն պարտադրել Մինսկի խմբին ու Հայաստանին հրաժարվել այդ պահանջներից, որոնք դրված են Ադրբեջանի առաջ, որովհետև Հայաստանը խնդիր չունի, Հայաստանը կողմ է, որպեսզի ներդրվեն այդ մեխանիզմները:

Մենք տեսնում ենք, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Պակիստանի, թե՛ ուրիշ երկրների և հիմնականում Ռուսաստանի հետ շատ տարբեր հարաբերություննրում Ադրբեջանն ամբողջովին փորձում է հասնել նրան, որ այդ պահանջները հանվեն, բայց դրանք չեն հանվել, մնացել են: Անգամ Հայաստանը բանակցությունների չէր գնում, տարվա սկզբին մի քանի անգամ որ պիտի կազմակերպվեին Ռուսաստանի միջոցով, չէր գնում, որովհետև պահանջնում էին դա:

Հիմա շատ է խոսվում, թե Հայաստանն ինչու պիտի գնար այս հանդիպմանը, մանավանդ ճնշման էլեմենտներ նկատվեցին, նորից զենքի խմբաքանակ տրամադրվեց Ադրբեջանին, զինվորներ սպանվեցին այդ օրերին, հենց նույն հանդիպման օրը, և շատերը գտնում էին, որ դա ճնշում է Հայաստանի նկատմամբ, ու որ սխալ էր հանդիպման գնալը:

Ինչևէ, բանակցություններից հետո էլ պրակտիկորեն որևէ բան չհայտարարվեց, ընդամենը նշվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է խոսվել, հիմա թե իրականության մեջ ի՞նչ է խոսվել, ոչ ոք չգիտի:

Սա է վիճակը, և հիմա, իհարկե, կարելի է ասել, որ Ադրբեջանը բարդություն ունեցել է ապրիլյան պատերազմից հետո: Հայաստանը կարողացե՞լ է դա դարձնել նոր քաղաքականություն, առավելություններ ունենալ, չեմ կարող պնդել. այն ժամանակ մայիսին ինչ-որ հայտարարություններ էին արվել՝ Ղարաբաղի անկախությունը կճանաչի, պայմանագիր կստորագրեն և այլն, անգամ մի պահ ասում էին, որ Ադրբեջանը պիտի վերադառնա մինչապրիլյան պատերազմի շփման գծին, բայց իրականության մեջ ոչ մի բան չի արվել, ընդամենը խոսակցություններ էին, որևէ այլ բան չեն արել:

Մի կարևոր բան կա, որը հօգուտ հայկական քաղաքականության աշխատեց, այն է, որ ամենաբարձր մակարդակներում՝ նորից մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բոլոր միջազգային ատյանները պնդեցին, որ Ղարաբաղի կոնֆլիկտի իրավաքաղաքական կողմը 1994-95 թթ. պայմանագրերն են, որոնց պիտի հետևեն: Դա շատ էական է, որովհետև պատերազմից հետո ստորագրված, իրար հետ շաղկապված այդ երկու պայմանագրերը հստակեցնում են շփման գիծը, քարտեզ էլ գոյություն ունի, Ղարաբաղի՝ որպես հավասար կողմի մասնակցությունն էլ ամրագրված է այդտեղ: Ադրբեջանը տարիներ շարունակ ամեն կերպ փորձում էր ասել, որ կարգավորման հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 1993-ի 4 բանաձևերն են, բայց տեսանք, որ միջազգային հանրությունն անտեսեց դա՝ ասելով, որ 1994-ի պայմանագրերն են:

Սա, իհարկե, էական նշանակություն ունի, որովհետև դրանք նույնպես Ադրբեջանի համար դժվարընդունելի պայմանագրեր էին, անգամ մի պահ ապրիլյան պատերազմից հետո փորձում էին հրաժարվել դրանցից, մոռացության տալ, բայց պարզ երևում է, որ վախեցան, միանգամից լռեցին, որովհետև կլինեին միջազգային վատ հետևանքներ:

-Այդուհանդերձ, բանակցային պրոցեսում ինչ-որ տեղաշարժ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ:

-Տեղաշարժի մասին չեն խոսում, որովհետև եթե նույնիսկ եղել է, կստացվեր, որ Հայաստանը հետ է կանգնում իր դիրքորոշումից: Հիմա «կամ-կամ» է:

-Նշեցիք, որ շատերը կարծում էին, որ Հայաստանը պիտի չգնար այս հանդիպմանը: Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք: Ի վերջո, նման հանդիպումներն ի՞նչ են տալիս հայկական կողմին:

-Շատ վաղուց հայ հանրությունը միայն վատ բաներ է սպասում այդ հանդիպումներից: Բազմիցս խոսվել է, որ շփման գծում զինվորների նպատակուղղված սպանությունները կապված են հենց բանակցությունների հետ, բանակցություններն առնվազն բերում են այդ սպանություններին: Բայց օգուտը ո՞րը եղավ՝ ոչ ոք չտեսավ, դրա համար էլ շատերն ասում են՝ իսկ նպատակը ո՞րն է: Եթե Մինսկի խումբը լիներ, միասնական առաջարկ լիներ, հանդիպեին, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց Ռուսաստանի հետ հանդիպես՝ ի՞նչ անես: Բոլորը փայլուն գիտեն, որ Ռուսաստանի միջոցով Ադրբեջանն անընդհատ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, մինչև հիմա բանակցություններն այդպիսին են եղել:

-Ամեն դեպքում, այսպիսի հանդիպումներից հետո ամեն անգամ որոշակի ակնկալիքներ են լինում, որ հնարավոր է ինչ-որ փոփոխություն լինի բանակցային գործընթացում:

-Ադրբեջանը գնում է բանակցությունների՝ դրանք Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործելու համար, 20 տարուց ավելի գնում է միայն դրա համար, նրանք չեն գնում բանակցելու, նման խնդիր բացարձակապես չեն ունեցել ու չունեն: Բնական է, որ ամեն անգամ հայկական կողմը մասնակցելով պիտի իմանա, թե ինչու է գնում: Հիմա մեր կողմը կարող է գնալ ու ուլտիմատում դնել՝ ասելով՝ կատարեք այդ որոշումներն ու վերջ, մենք պահանջում ենք, պարտադրում ենք: Եթե Հայաստանը դա է արել, ապա կարելի է հասկանալ:

-Հիմա Հայաստանն առաջ տանո՞ւմ է այդ գիծը, պարտադրանքի լեզվով խոսելը:

-Հայաստանում պաշտոնյաները՝ արտգործնախարարը, նախագահը, շատ են սիրում ասել, որ մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրությանը, մենք միասին ենք, Ադրբեջանը՝ ոչ: Դա անընդհատ ընդգծվում է: Եթե տվյալ պահին միջազգային հանրությունը պահանջում է Ադրբեջանից տեղադրել այդ մեխազնիմները, ի՞նչ խոսակցություն կարող է լինել: Ոչ մի խոսակցություն. պարտադրանք է, պիտի անի: Եթե Հայաստանը հետ կանգնեց իր դիրքորոշումից, իհարկե, դա անհասկանալի կլինի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գեւորգ10:06 - 2 մայիսի, 2017
Արդեն իսկ շատ մեծ տեղաշարժ է տեղի ունեցել, եւ գիտեք ինչու՞: Որովհերտեւ Սերժը համարձակվեց մի տարրական հարց կախել՝ - ,,բանակցենք, որ ի՞նչ անենք,,: Այս պարզունակ տրամաբանությունը անսովոր էր դիվանագիտական վիրտոուզ աճապարարության բնագավառում ուստի եւ մեծ շփոթմունք առաջացրեց: Իսկ նման բազմաթիվ հարցեր կախելու լիքը հնարավորություն կա քանի որ ,,մադրիդյան սկզբունքներ,, կոչվածը հակասական ու անտրամաբանական դրույթներից է կառուցված: Նման մի հասարակ հարց էլ, օրինակ, կարելի էր Մոսկվայի դեմ կախել՝ ,,դաշնակցում ենք որ ի՞նչ անենք:,, Կամ ասենք - ,,եթե Արցախը ծախելու առարկա լիներ, ապա ինքներս այն կվաճառեինք, առանց ձեր օգնության,, եւ այլն: Ասելս այն է՝ եթե թուրքերը մարդ սպանելուց չեն ամաչում, մենք հարց տալուց ինչու՞ պիտի քաշվենք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ