Կիրակի, 23 սեպտեմբերի

Կալավանի ֆենոմենը․ Մոդել, որ կիրառելի է Հայաստանի գյուղերի համար


Կալավանը մոռացված գյուղակից վերածվել է զբոսաշրջային կենտրոնի։ Չունենալով անգամ բարեկարգ ճանապարհ կամ ժամանակակից հյուրատներ՝ Գեղարքունիքի մարզի այս գյուղը յուրաքանչյուր տարի ընդունում է հնագիտության, արկածային եւ էկոտուրիզմի մոտ մեկուկես-երկու հազար սիրահարների։ Այնինչ ոչ վաղ անցյալում կալավանցիները հեռանկար չտեսնելով՝ լքում էին գյուղը։

Ռոբն է՝ Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա ընտանիքը Կալավան է տեղափոխվել 1980-ականների վերջերին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։ Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները, Ամրխեր անունը կրող ադրբեջանաբնակ գյուղի բնակչությունը Շամխորի շրջանի հայերի հետ փոխանակվեց տներով, Ամրխերը դարձավ հայաբնակ Կալավան։

Գյուղը ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա է, շրջակայքում կան դամբարանադաշտեր, քարե դարի բացօթյա կայան։ Կալավան 1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան 2-ը ավելի քան 34 հազար տարեկան է: 

Ռոբերտն ինքնուս հնագետ ու կենդանաբան է։ Ֆորմալ կրթություն չի ստացել, բայց դա չի խանգարել, որպեսզի շրջի աշխարհի տարբեր երկրներում, ներգրավված լինելով գիտական արշավախմբերում։ Նա մասնակցել է Ալյասկայում կայացած Արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողովին, եղել գլխավոր զեկուցողներից մեկը, նույնը՝ օրերս Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած էկոտուրիզմի սեմինարին։

2012 թվականին վերադառնալով պեղումներից, Ռոբերտը տեսել է, որ կալավանցիները ենթակառուցվածքների բացակայության պատճառով լքում են գյուղը, դպրոցում աշակերտների թիվը նվազել էր։

«Փորձեցի հասկանամ իրավիճակը։ 2013 թվականին արդեն սկսեցի համայնքային զարգացման առաջին քայլերն անել։ Ստեղծեցինք «ԹայմԼենդը», որը հետո դարձավ հիմնադրամ։ «ԹայմԼենդը» կազմակերպում էր արկածային տուրիզմ։ Զբոսաշրջիկը հնարավորություն էր ստանում ապրել քարեդարյա մարդու կենցաղով։ ԹայմԼենդը տարածք է, որտեղ տասնյակ հազարավոր տարիներով ոչինչ չի փոխվել։ Ու դա գրավեց մարդկանց։ Եկան ընկերները, հետո նրանք բերեցին իրենց ընկերներին եւ այդպես շարունակ։ Սկսեցինք լուրջ զբաղվել համայնքի զարգացմամբ։ Ուսումնասիրեցի մարդկային եւ բնական ռեսուրսները` բացահայտելով, որ այն մեզ մոտ հսկայական է։ Շատերն էին թերահավատորեն նայում։ Բայց ես վստահ էի, որ ամեն ինչ լավ կլինի։ Առաջին քայլերից էր` մեր թույլ կողմերը դարձնել մրցակցային առավելություն՝ ճանապարհ չլինելը, խանութ չլինելը մենք դարձրինք ուժեղ կողմ։ Մենք որոշեցինք, անկախ ամեն ինչից, աշխարհով մեկ գոռալ, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ շատ ուրախ է։ Դա հանգեցրեց նրան, ինչն այսօր ունենք Կալավանում»,-հիշում է Ռոբերտ Ղուկասյանը։

Այսօր արդեն Կալավանում տուն են գնել եւ տնտեսություն հիմնել Հայաստանում եւ այլ երկրներում իրենց գործունեությամբ հայտնի հայ ու օտարերկրացի մասնագետներ։

Նրանք դրսից նոր գաղափարներ են ներմուծում Կալավան, փոխարենը այստեղից վերցնում նոր գաղափարներ։

Նրանց թվում է գերմանացի հնագետ, Թյուբինգենի համալսարանի հնագիտության պրոֆեսոր, մոտ 30 տարի Տրոյայի պեղումները ղեկավարած Հանս Պետեր Ուերպմանը։

Հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահե Բոյաջյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ու էլի տարբեր մարդիկ Կալավանում տուն են գնել։

Լուսանկարում պատկերված տունը 7 հոգու սեփականություն է։ Յոթ գործընկերներ՝ հայ ու օտարերկրացի, հավասար համամասնությամբ վճարել են տան արժեքն ու դարձել սեփականատերեր։ Նրանցից մեկը «Վորլդ վիժն» միջազգային կազմակերպության երիտասարդական զարգացման ծրագրերի համակարգող, ավստրալուհի Քեյթ Ուլիյամսն է, որն այս պահին աշխատում է Կամբոջայում։

Իրավաբան Արթուր Գրիգորյանը նույնպես տուն է գնել Կալավանում եւ օրգանիկ գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Նա այգի է ձեռք բերել, տնկել մրգատու ծառեր՝ հետագայում գյուղատնտեսական փոքր արտադրություն հիմնելու նպատակով։ Իսկ վերջնական նպատակը ագրոտուրիզմի սիրահարներին Կալավան բերելն է։

Համայնքային զարգացման մասնագետ Վահե Դարբինյանը փոքրիկ հյուրատուն է կառուցում։

Հուսիկ Սարգսյանն աշխատում է «Վորլդ վիժն» միջազգային կազմակերպությունում եւ Կալավանում միջավայր փոխելու հեռանկարով ոգեւորված՝ նույնպես տուն է գնել։

Նրանցից յուրաքանչյուրը պատմում է, թե ինչպես եղավ, որ եկան Կալավան եւ ինչ նպատակով։

Արթուր Գրիգորյան, իրավաբան․ «Եթե դու մարդկանց ասում ես, որ հանքարդյունաբերությունը ճանապարհ չէ, իսկ ես զբաղվում եմ բնապահպանական խնդիրներով, պետք է այլընտրանք ցույց տաս։

Առաջին հերթին որոշեցի իմ օրինակով ցույց տալ գյուղացուն, որ գյուղատնտեսությունը ուղղակի տանջանք չէ։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օրգանական, ամենամաքուր գյուղատնտեսությամբ զբաղվել, որը կդառնա բիզնես։ Նաեւ փորձում եմ ցույց տալ, որ ինտերնետի դարում եթե քո աշխատանքն օֆիսային չէ, կարող ես ապրել նաեւ գյուղում` զուգահեռաբար աշխատելով աշխարհի ցանկացած կազմակերպության հետ, համացանցի միջոցով»։

Արթուրն արդեն հաշվառվել է Կալավանում, դարձել այս համայնքի բնակիչ։ Տունը վերանորոգում է, որից հետո ծնողները Երեւանից կտեղափոխվեն Կալավան։

Հարցին, թե ինչու՞ հենց Կալավան, պատասխանեց․ «Կալավանում կա Ռոբերտ, որի մշակած համայնքային զարգացման մոդելի համապատասխան՝ կարեւոր է համայնքի յուրաքանչյուր անդամի զբաղվածությունը։ Ոչ թե՝ որ դրսից մեկը գա հյուրանոց հիմնի, եւ մարդիկ զուտ աշխատող լինեն, այլ ստեղծեն իրենց տնտեսությունը, իրենց բիզնեսը»։

Կալավանում գազամատակարարում չկա։ Արթուր Գրիգորյանն ասում է, որ դա առավելություն է՝ շուտով կսկսեն զարգացնել արեւային էներգետիկան։

Հուսիկ Սարգսյան, տնտեսագետ․ «Մեզ բոլորիս գաղափարն է բերել Կալավան։ Սա հետաքրքիր շարժում է, որն ինձ էլ գրավեց։ Այստեղ տուն ունենալու հիմնական նպատակս՝ գալ ու ապրել, գյուղի զարգացման պրոցեսների մեջ մասնակցություն ունենալ։

Երբ Հայաստանի գյուղեր ենք մտնում ինչ-որ ծրագիր իրականացնելու, բոլոր տեղերում հիմնականում տրակտոր են ուզում։ Կալավանում, հակառակը, հաշվի ենք առնում համայնքի մրցակցային կողմերը եւ շեշտը դնում ենք դրա վրա։ Այստեղ վրանային ճամբարներ են կազմակերպվում, մարդկանց բազմաթիվ խմբեր են գալիս։ Այս գյուղը համայնքային զարգացման հիանալի օրինակ է։ Այս մոդելը պետք է փորձել կիրառել ցանկացած գյուղում»։

Վահե Դարբինյան, համայնքային զարգացման մասնագետ․ «Իմ առաջին մոտիվացիան հետեւյալն է եղել՝ դառնալ այս համայնքի մի մասը։ Այստեղ տնտեսություններ են հիմնում Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ։ Ես հասկացա, որ զուտ ուզում եմ էս մարդկանց հետ շփվել, ընկերություն անել, լինել նույն գործի մի մասնիկը։ Դրանից հետո ծնվեց տուն ունենալու, փոքրիկ բիզնես ստեղծելու գաղափարը։ Ես աշխատում եմ հեղինակավոր կազմակերպությունում, ունեմ իմ կայուն եկամուտը եւ ուզում եմ իմ շաբաթ-կիրակիները ստանդարտ տուրիստական ձեւերից դուրս անցկացնել, այցելել գյուղ, շփվել գյուղացիների հետ։ Ես տուրիզմի ոլորտի աշխատող եմ եւ համոզված եմ, որ տուրիստն այս գյուղացիներից շատ բան կսովորի եւ համայնքին դրական փոփոխություններ կբերի։

Երբ Ռոբերտի հետ խոսում ես, ասում է՝ մարդը հարստության վրա ապրելով` չի գիտակցում, որ նա այդ հարստության կրողն է։ Մենք պետք է օգնենք գյուղացիներին՝ հասկանալ իրենց առավելություններն ու օգտագործել դա»։

Հարցին, թե ինչպես է կազմակերպելու իր փոքրիկ հյուրատան գործունեությունը, որպեսզի կալավանցիներն էլ շահեն դրանից, Վահե Դարբինյանը պատասխանեց․ «Մոտեցումը հետեւյալն է՝ ինչ արվում է, դրա շահը պետք է մնա Կալավանում։ Սկսած շինարարությունից, հետագայում՝ հյուրատան սպասարկումը, պետք է կազմակերպեն կալավանցիները։ Մենք մի քանի տեղացիների նաեւ վերապատրաստելու ենք էկո-արշավներ կազմակերպելու հարցում»։

Մերժելով Կալավանում միջին կամ մեծ հյուրանոցի, ռեստորանների անհրաժեշտությունը` Ռոբերտ Ղուկասյանը քայլեր է ձեռնարկում համագյուղացիների համար նույնպես օրգանական գյուղատնտեսության օժանդակության ծրագրեր հայթայթելու, որպեսզի յուրաքանչյուր կալավանցի փոխի իր կյանքի որակը։

«Հավատը համայնքի զարգացման բանալին է։ Եթե 2012թ․ հարցնեին՝ հավատու՞մ են, որ գյուղում մի դրական բան կլինի, 100 տոկոսով կասեին՝ ոչ։ Այսօր բնակչության մեծ մասը պատրաստ է իր տունը վերածել հյուրատան։ Մենք հիմա փորձում ենք իրենց աջակցել, որպեսզի գործընթացներից դուրս չմնան, իրենք էլ ունենան իրենց բիզնեսը»,-ասում է Ռոբերտը։

Նրա հեղինակած համայնքային զարգացման պլանի համաձայն՝ Կալավանում պետք է  լինի իդեալական էկոտուրիզմ՝ այցելեն մարդիկ, որոնք սիրում են բնություն, ուզում են հանգիստ վայելել՝ առանց ավելորդ ճոխությունների։


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (4)
1. Асмик11:45 - 2 մայիսի, 2017
Ребята ,классно и я юрист и я хочу с вами.
2. Սիրարփի Առուստամյան14:16 - 2 մայիսի, 2017
Հարգելի Հետք, հին և նոր կալավանցիներ, Շատ ուրախ եմ, որ մեր այս տխուր և դաժան իրականության մեջ նման մարդիկ կան, նման փայլուն երիտասարդներ: Մաղթում եմ հաջողություն, ծրքագրերի իրականացում և բարգավաճում:
3. Alvard03:12 - 3 մայիսի, 2017
ոգեւորող նախադեպ է, բայց միտում դառնալու համար եւ մեր գյուղերը փրկելու համար տնտեսական քաղաքականությունն ու պետական կառավարումը հիմնավորապես պիտի փոխվեն։ ՀՀԿ-ն իր բնույթով հակա-զարգացում է, հակա-գյուղ, հակա-մարդ։
4. Հոռետես21:15 - 5 մայիսի, 2017
Իզուր էլ գրել եք, էս ա ՀՀԿ-ն կգա ու ամեն ինչ իրանով կանի
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։