Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Տարոն Մարգարյանը ձախողված քաղաքապետ է»



«Հետք»-ը զրուցել է Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ համար Արայիկ Հարությունյանի հետ: 

- Պարոն Հարությունյան, «Ելք»-ի ծրագրում իդեալական կառավարում ենթադրող խոստումներ են շարադրված։ Բայց իդեալական կառավարում չի լինում, չէ՞։ Ո՞վ է գրել ծրագիրը եւ ի՞նչ հաշվարկներ են այս խոստումների հիմքում։

- Չեմ կարծում, թե իդեալական է, որովհետև ծրագիրը գրելուց հետո ի հայտ եկան խնդիրներ, որոնք չենք ներառել ծրագրում: Սակայն հենց այդ դեպքերի համար բուկլետում նշել ենք, որ այն ամբողջական չէ, ծրագրի անբաժանելի մաս են կազմում դաշինքի անդամների հարցազրույցներում հնչած գաղափարները:

Ծրագիրը պատրաստելու հարցում ներգրավված են եղել տասնյակ մարդիկ։ Մեր թիմի բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև համակիրները հնարավորություն են ունեցել իրենց առաջարկները ներկայացնելու: Դրանք քննարկվել են մեծ խմբով, որից հետո այն ամփոփել է դաշինքի կողմից որոշված մարդկանց խումբը:

Հաշվարկները շատ պարզ են, մենք մեր գործելաոճի մեջ պոպուլիզմին տուրք չենք տալիս եւ ելնում ենք գոյություն ունեցող իրողություններից: Երեք սկզբունքները, որոնց վրա հիմնվում է Երեւանի ընտրություններում հաղթելու մեր ապագա գործելաոճը, հետեւյալն են` հաշվետվողականություն, արդյունավետ կառավարում, համաչափ զարգացում:

Սրանք այն սկզբունքներն են, որոնք թույլ են տալու ոչ միայն արդյունավետ կառավարել գոյություն ունեցող մեծ միջոցները, որոնք տնօրինում է Երևանի քաղաքապետը, այլ նաև ներգրավել զգալի մեծ միջոցներ, այդ թվում` ներդրողներից:

- Ի՞նչ հաշվարկներով է «Ելք»-ը պնդում, որ հնարավոր է մինչեւ 2022 թվականը մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել Երեւանում։ Անգամ իշխանություն ՀՀԿ-ն, որ մեծ ռեսուրսներ ունի, նման հավակնոտ խոստումով հանդես չի եկել։ Ի՞նչ միջոցներով եք պատկերացնում մետրոյի նոր կայարանի կառուցումը։

- ՀՀԿ-ի մտածելակերպը շատ նեղ է, և եթե առաջնորդվենք դրանով, մենք 23-րդ դարում նոր կունենանք 21-րդ դարի Երևան: ՀՀԿ-ում առաջնորդվում են բացառապես իրենց անձնական, իրենց գծատերերի, իրենց բիզնես շահերով, ինչը թույլ չի տալիս ոչ միայն իրականացնել մեծ, ավելի լայնածավալ աշխատանքներ, այլ նույնիսկ մտածել դրանց մասին:

Այս համատեքստում, այն մթնոլորտը, որ ստեղծվելու է մեր կառավարման օրոք, թույլ է տալու ոչ միայն մեկ, այլ ավելի շատ կայարաններ շահագործման հանձնել, թույլ է տալու ի վեջո լուծել տրանսպորտային խնդիրները, որոնք ի զորու չէ լուծել Տարոն Մարգարյանը:

Մեր ասածների մեջ պոպուլիզմը բացակայում է, դրանք միանգամայն իրատեսական ծրագրեր են, մեր խոստումները նվազագույնն են, ինչն ամրագրել ենք ծրագրում: Հաջողության հասնելու դեպքում Երևանը 2022 թվականին մոտ կլինի մեր երազած մայրաքաղաքի տեսլականին:

- Կբացառվի Երևանում որևէ ճարտարապետական հուշարձանի ապամոնտաժումը կամ ձևախեղումը՝ խոստանում է դաշինքը։ Իսկ եթե տվյալ հուշարձանը արդեն որոշակի պայմանավորվածությունների, պայմանագրերի զոհ է դարձել և այսպես ասած քանդման պլանում կա՞։ Եթե «Ելք»-ը վերցնի իշխանությունը, ապա կառավարությունը կարող է մերժել քաղաքապետի՝ շենքը հանրային գերակա շահից փրկելու մասին ցանկացած առաջարկ։

- Գիտեք, մեր հասարակությունը դեռ չի զգացել կամ, թերևս, միայն 1990-ականների սկզբին է զգացել ընտրված իշխանության ուժը: Եթե քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ «Ելք» դաշինքին հաջողվի իշխանափոխություն իրականացնել Երևանում, հանրային պահանջը սպասարկող քաղաքային իշխանության դեմ որևէ կառավարություն ի զորու չի լինի որևէ արգելք դնել: Սա ապացուցված է պատմությամբ և ապացուցման կարիք չունեցող պնդում է:

- «Հին Երևանի» վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ կան «Ելք»-ում։

- Գործող իշխանությունները մի շարք քայլեր են ձեռնարկել, որոնք անդառնալի են Հին Երևանի տեսքը վերականգնելու համար, սակայն նույնիսկ այս դեպքում մենք կարող ենք ունենալ այնպիսի թաղամաս, որը կներկայացնի անցած դարերի Երևանի պատմությունը:

«Հին Երևան» նախագծի պարագայում մենք նշել ենք, որ այդ հարցի լուծումը տեսնում ենք մասնավոր ներդրողների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ:

- «Ելք»-ի ծրագրի այն կետը, թե կներդրվի ձնամաքրման նոր համակարգ, որն օդերեւութաբանական ծառայութան հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ, հումորով քննարկվեց սոցիալական ցաներում։ Կմանրամասնե՞ք, թե ինչի մասին է խոսքը։

- Այո, իրավացի եք, մենք հատուկ նման ձևակերպում էինք տվել, որպեսզի այն գրավի ընթերցողին, ինչու չէ` նաև ժպիտ առաջացնի նրա մոտ (ծիծաղում է – ԳԱ):

Աշխարհում ներկայում կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս արդյունավետ պայքարել առատ տեղումների դեմ` նվազեցնելով քաղաքներում դրա պատճառով առաջացած անհարմարությունները:

Ներկայում օդերևութաբանական ծառայությունները կարողանում են կես ժամվա կամ մեկ ժամվա ճշգրտությամբ կանխատեսել, թե երբ է տեղալու ձյունը: Գոյություն ունեն հեղուկներ, որոնք ձյունը տեղալուց որոշ ժամանակ առաջ հայտնվելով փողոցների ասֆալտապատ մակերեսի վրա, թույլ են տալիս արդյունավետ իրականացնել ձնամաքրման աշխատանքը այն տեղալուց հետո:

Այսինքն, կոմունալ ծառայության մեքենաները ձյունը տեղալուց մեկ ժամ առաջ լվանալու են ասֆալտն այդ հեղուկով, ինչն էլ հիմք է հանդիսացել մեր ծրագրում նման «հումորային» ձևակերպման համար:

- Քաղաքապետարանի աշխատակազմի կրճատման անհրաժեշտություն տեսնու՞մ եք եւ քանի՞ տոկոսով։

- Տոկոսների մասին քննարկում չի եղել: Բայց մեր ընդհանուր դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այդ թվում նաև քաղաքապետարանում աշխատանքի է տեղավորել մարդկանց, ովքեր ամեն ընտրության ժամանակ ապահովում են իշխանության վերարտադրությունն իրենց թաղերում:

Մեր իշխանության օրոք քաղաքապետարանում կաշխատեն միայն այն մարդիկ, ովքեր բարեխղճորեն իրականացրել են իրենց գործառույթները քաղքապետարանի բաժիններում և վարչություններում: Մյուս բոլոր «բիզնեսմենները» թող գնան զբաղվեն իրենց անձնական գործերով, ընտրությունների կեղծման անհրաժեշտություն այլևս չի լինելու:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ԱԺ ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես եկած քաղաքական ուժերից որեւէ մեկը չի սատարում ոչ «Ելք»-ին, ոչ «Երկիր ծիրանի»-ին։

- Կարծում եմ` այդ ուժերն իրենք սատարման կարիք ունեն, քանի որ խայտառակ ձախողում են արձանագրել անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին են եղել ընտրությունները, և ո'ր հանգամանքն է ազդել ընտրությունների ելքի վրա: Թող այդ ուժերը դեռ իրենք իրենց հարցերը լուծեն, քննարկեն քաղաքական դաշտում իրենց ապագան:

Մենք կարծում ենք, որ իրենց խղճի կամքով և առանց ընտրակաշառքի ընտրությունների գնացած էլեկտորատը ձայն է տալու հենց «Ելք» դաշինքին` անկախ նրանից, թե իրենք ում են սատարել ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Ելք»-«Երկիր Ծիրանի» հետագա համագործակցությունից, եթե անգամ այս երկու քաղաքական ուժերը չկարողանան միասին մեծամասնություն կազմել։

- Մենք մեր կողմից բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել ենք մեկ միասնական դաշինքով հանդես գալու համար: Նույնիսկ առաջին հորիզոնականն ենք առաջարկել «Երկիր Ծիրանիի» ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանին:

Ապագա համագործակցության հնարավոր ձևաչափերը լինելու է ընտրություններին մասնակցող քաղաքացիների կամքով, դրա մասին կխոսենք մայիսի 15-ին:

- Տարոն Մարգարյանը խոստանում է շքամուտքերը նորոգել, վերելակները փոխել։ Եվ ընդհանրապես ՀՀԿ-ի ծրագիրը համարում է իրատեսական։

- Տարոն Մարգարյանը 7 տարի ժամանակ է ունեցել այդ հարցերը լուծելու համար: Նա ձախողված քաղաքապետ է։ Թաղապետի մտածելակերպով մարդն ի վիճակի չէ ղեկավարել մեկ միլիոնանոց քաղաքը:

Կարծում եմ, որ քաղաքացին կտարբերի վերջերս ընդդիմադիր հռետորաբանությամբ աչքի ընկնող հանրապետական թեկնածուին իրական այլընտրանքից` «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից:

- Բայց Մարգարյանին աջակցում է մեծ թիմ, անգամ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ են նրան ուղեկցում, թաղապետեր, պատգամավորներ։ Իսկ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն առանց շտաբների, բարձրախոսներով փորձում են ընտրողներին հասցնել իրենց ասելիքը։
Քանի՞ տոկոս քվե եք ակնկալում ընտրություններից։

- 21-րդ դարի տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են ստեղծում շատ քիչ ռեսուրսներով հասնելու մեծ թվով մարդկանց` մեդիագործիքներ, սոցիալական ցանցեր, օնլայն հեռարձակումներ և այլն:

Մենք արմատախիլ պետք է անենք այն մտածելակերպը, թե մարդաքանակն է ուժի ցուցադրության գլխավոր գրավականը: Մեր օրերում մտավոր կարողություններն են ուժի լավագույն դրսևորումը: Այդ պատճառով է, որ մենք տարոնմարգարյանական քարոզարշավին հակադրում ենք նորաոճ քարոզարշավ` բոլոր վերոնշյալ գործիքներով:

լուսանկարը` Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ