HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել

Հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ արդարադատության նախարարության Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է քննչական ծառայությունը:

Մասնավորապես, Էդիկ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 10.02.2017թ.-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է անձնական խուզարկության: Ըստ Էդիկ Ղ.-ի`  խուզարկության ընթացքում հիշյալ ոստիկանը վերցրել է իրեն պատկանող  Այֆոն 5 և Սամսունգ Դուոս տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև 35.000 ՀՀ դրամը, սակայն հետագայում նշված իրերը կալանավորի հարազատներին հետ չի վերադարձրել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մյուս քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 25.01.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության մի քանի աշխատակիցներ իրեն խոշտանգել են. հարվածել են մարմնի տարբեր մասերին` պահանջելով խոստովանել իր և իր ընկերների կողմից չկատարված` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը:

Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter