HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյանի որդիները նոր վիլլա են կառուցում Լոս Անջելեսում

Ինչպես արդեն գրել ենք, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները ապրիլի 21-ին 18,8 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գտնվող իրենց առանձնատունը, որը 11 մլն-ով գնել էին 2010-ին: Այս վիլլան գտնվում է 355 South Mapleton Drive հասցեում: Տան գնորդ է գրանցվել «Kykl Bh S.A.» ընկերությունը:

Բացի սրանից՝ Խաչատրյանի որդիներից Գուրգենը 2011-ի օգոստոսի 5-ին 14,4 մլն դոլարով գնել էր մեկ այլ առանձնատուն, որը գտնվում է նույն փողոցի վրա՝ 530 South Mapleton Drive հասցեում: Վիլլան գրանցվել էր «Veto Trust»-ի եւ դրա կառավարիչ (trustee) Գուրգենի անունով:

Խաչատրյանների առանձնատները՝ 2015-ի մայիսի 2-ի դրությամբ

Հիշեցնենք, որ «Veto»-ի կառավարիչ է նաեւ եղբայրներ Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյանների մտերիմներից Աբրահամ Ստեփանյանը (Abraham Stepanian), ում անդրադարձել ենք առաջին հոդվածում: «Veto Trust»-ը գրանցվել է 2011-ի մայիսի 11-ին, ինչից 8 օր անց՝ մայիսի 19-ին, Գագիկ Խաչատրյանի որդիների գնած առանձնատունը (355 հասցեի) եղբայրների կողմից փոխանցվել է «Veto»-ին ու դրա կառավարիչ Ա. Ստեփանյանին, իսկ վերջերս, ինչպես ասացինք, վաճառվել է:     

«WRH»-ն ու դրա վերադաս անձինք

Ինչ վերաբերում է 530 հասցեի տանը, ապա այն 2016-ի հունիսի 13-ին փոխանցվել է «WRH» ՍՊԸ-ին: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում փոխանցման գործարքը ներկայացված է իբրեւ «trustee’s deed (transfer)» (տես նկարում):

«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ պարզապես տեղի է ունեցել գույքի փոխանցում թրասթից նշված ընկերությանը: «Veto Trust»-ի կողմից գործարքը, ըստ փաստաթղթերի, կատարել է դրա կառավարիչ (թրասթը մի քանի կառավարիչ կարող է ունենալ) Թեդ Թադեւոս Խաչատրյանը (Ted T. Khachatrian):

«WRH»-ն հիմնադրվել է 2016-ի փետրվարի 11-ին: Կալիֆոռնիայի պետքարտուղարի (ԱՄՆ-ում այս պաշտոնյան տվյալ նահանգի կնիքի ու պաշտոնական փաստաթղթերի պահապանն է) կայքի համաձայն՝ ՍՊԸ-ի տնօրենը նույն Թեդ Խաչատրյանն է, ում հասցեում էլ (Լոս Անջելեսի Տոլուկա Լեյք թաղամաս, 4241 Cahuenga Blvd, West Toluca Lake) գրանցվել է ընկերությունը: Corporationwiki.com տեղեկատվական բազայի համաձայն էլ՝ «WRH» ընկերության տերը մեկ այլ իրավաբանական անձ է՝ «A&S Management & Consulting» կորպորացիան, որի նախագահն Աբրահամ Ստեփանյանն է:

Այս ամենը նշանակում է, որ «WRH»-ն եւ Թ. Խաչատրյանը «Veto Trust»-ի ու Ա. Ստեփանյանի պես անմիջական կապ ունեն Գագիկ Խաչատրյանի որդիների հետ:

Ո՞վ է Թեդ Խաչատրյանը

Թեդ Խաչատրյանն էլ, ինչպես Ա. Ստեփանյանը, անշարժ գույքի մասնագետ է: Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Լոս Անջելեսից է, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, անշարժ գույքի գործակալ է աշխատում «Dilbeck Real Estate» ընկերությունում, որտեղ բազմաթիվ այլ հայ գործակալներ կան: Ըստ գործատուի կայքի՝ Խաչատրյանը տնտեսագետ է, տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հոլանդերենի (կարիերան սկսել է Ամստերդամում, Եվրոպայում ապրել է 16 տարի), աշխատում է «Dilbeck»-ի՝ Գլենդելի գրասենյակում:

Թե Թ. Խաչատրյանը, թե Ա. Ստեփանյանը Հայաստանի ֆինանսների նախկին նախարարի որդիների հետ գործընկերային հարաբերությունների մեջ են: Նրանց կապող ընկերություններից են 2014-ին Լոս Անջելեսում հիմնադրված «Westlife Real Estate Management» ՍՊԸ-ն եւ «ATG Investment Group» կորպորացիան:  

530 հասցեի առանձնատան շինարարությունը

Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների մասին պատմող առաջին հոդվածում գրել էինք, որ 530 South Mapleton Drive հասցեի տան տարածքում շինարարություն է ընթանում:

«Google Earth» համակարգով կարելի է տեսնել արբանյակից արված նկարները, որոնցից վերջինն այս պահին թվագրված է 2016-ի հոկտեմբերի 19-ին (տես գլխավոր նկարում): Չնայած այս պատկերում կառուցապատումը դեռ ընթացքի մեջ է, այդուհանդերձ, հասկանալի է, որ ներկա շինությունն ավելի մեծ է, քան նախորդը:

Առանձնատները՝ 2016-ի հոկտեմբերի 3-ի դրությամբ

Հիշեցնենք, որ նախորդ առանձնատունը կառուցվել էր 1927-ին: Այն երկհարկանի տուն էր՝ 5 ննջասենյակով ու 6 լոգասենյակով: Տան մակերեսը 594 քմ էր, իսկ այժմ, հավանաբար, ավելի մեծ կլինի: 530 հասցեի ընդհանուր հողատարածքը 5220 քմ է:

Վերը ներկայացվածից կարելի է ենթադրել, որ Գագիկ Խաչատրյանի որդիները նոր տուն են կառուցում, որը հետագայում 355 հասցեի նման կարող է հայտնվել շուկայում ավելի թանկ գնով, քան ձեռք է բերվել:     

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Հարգելի հեղինակներ: Աշխարհը լիքն է օրինավոր ու պարկեշտ, այսպես կոչված - ,,հաջողակ գործարարներով,, (ըստ Լենինի՝ ,,աշխատավորների արյունը ծծող տզրուկներով,, իսկ ըստ ռուսական հեղափոխական ֆոլկլորի՝ ,,недорезанных собак,,: Հիմա սոված շարքային հայերս ի՞նչ պիտի անենք այս դեպքում ... բացի նախանձելուց (ըստ Ստալինի): Թե նորից մարքսիզմ - լենինիզմ ուսումնասիրենք? Մենք սա գիտեինք ու գոռում էինք, որ այդպես չի կարելի: Հիմա մնում է իրենց քամակները պաչել ... որ մի քանի կոպեկ էլ այս կողմ ուղարկեն ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter