HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս օգուտ քաղել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի շահագործումից

Արտյուշ Գրիգորյան

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը շատ մոտ ապագայում սկսելու է գործել։ Շատ է խոսվել այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը, բացի տնտեսական շահ հետապնդելուց, ակնկալում են, որ այն կդառնա Հայաստանը կոմունիկացիոն շրջափակման ենթարկող գործիք,  որին Վրաստանը ևս ակամայից մասնակից է դառնում։ 

Ջավախքում ևս այն ընկալվում է ոչ միանշանակ, քանի որ երկաթգիծը կարող է նպաստել թուրքական տարրերի ներթափանցմանը և ապագայում վերածվել լուրջ սպառնալիքի։ 

Հիմնականում այս պատճառներով Ջավախքում և Հայաստանում երկաթգծի գոյությունը բացասական է ընկալվում։ Սակայն, քանի որ երկաթգիծն այլևս իրականություն է ու վերջինիս գործարկումը սարերի հետևում չէ, անհրաժեշտ է հաշվի նստել այս փաստի հետ և մտածել այն մասին, թե արդյո՞ք հնարավոր և իրատեսական է երկաթգծից սպասվող վտանգները ոչ միայն չեզոքացնել, այլ նույնիսկ հնարավորինս օգուտ ստանալ։

Ուստի, առաջին հերթին պետք է հասնել նրան, որ Վրաստանը ապահովի ջավախքցիների առավելագույն մասնակցությունը երկաթգծի շահագործմանը։ Կա դառը փորձ, որ Ջավախքում թուրքական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկություններում ջավախքցիների աշխատելու մասով խնդիրներ են հարուցվում։

Այս խնդրով պետք է զբաղվի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ջավախքի տեղական իշխանությունները, խորհրդարանի պատգամավորները և հասարակական կազմակերպությունները։  Եվ երկրորդ, քննարկել   Հայաստանի՝ բեռներ փոխադրելու նպատակով երկաթգծից օգտվելու հնարավորություններն ու հեռանկարները։  

Կասկածից դուրս է, որ ադրբեջանաթուրքական տանդեմն ամեն ինչ անելու է ոչ միայն ջավախքցիներին մասնակցությունից հեռու պահելու, այլ նաև երկաթգծից Հայաստանի օգտվելը բացառելու համար, սակայն Վրաստանի հետ ակտիվ աշխատելու պարագայում  հնարավոր է դրական արդյունքներ ունենալ։

Ցավոք, Վրաստանի հետ համագործակցության ներկայիս ֆորմատով  անհնար է ակնառու  հաջողություններ գրանցել։ Անշարժ գույքի վերածված միջպետական հանձնաժողովների և դեսպանության գործելաոճը, որը սահմանափակված է  կոնյակներ նվիրելով, գինիներ նվեր ստանալով ու Հայոս – Քարթլոսի կենացը խմելով,  իրեն սպառել է։

Անհրաժեշտ են նոր, ժամանակակից մոտեցումներ, նոր շարժառիթներ և այս և այլ խնդիրներով զբաղվող կոմպետենտ ու մոտիվացված մարդիկ՝ հարցերը խորքային մակարդակում գնահատող, պետական շահը առաջնային ընկալող և  կոնկրետ քայլեր ձեռնարկող։

Երկաթգծի գործարկումով տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվում, և Հայաստանի կողմից անգործությունը և դիտորդի կարգավիճակը կարող է ճակատագրական լինել։ 

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Պետք է կատարել որոշակի քայլեր, որոնք կասկածի տակ կդնեն երկաթուղու անխափան գործունեությունը։ Չմանրամասնելով այդ քայլերի բնույթն ու բովանդակությունը, համոզված եմ, դրանց արդյունքում ջավախքահայությունը կստանա անառարկելի հնարավորություն երկաթուղու շահագործումը իրեն ցանկալի պայմաններով կատարելու համար։ Հակառակ պարագայում այդ շահագործումը կդառնա ոչ ձեռընտու, առաջին հերթին Վրաստանի համար։ Այդ գործընթացները անկասկած աջակցություն կստանան նաև ռուսական կողմից։ Այնպես֊որ նշված երկաթուղու շահագործումը կարող է ամբողջությամբ կախված լինել Ջավախքահայության և ընդհանրապես հայության ցանկությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter