HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյոզալ

Սև շունը ընտանի կենդանու հայացք չուներ.անհանգիստ էր ու ճպռոտ աչքերն` անառողջ: Շնչեց հեռվից եկածներիս անծանոթ հոտը ու զարմանալիորեն բաց թողեց ներս՝ տուն:

Տունն էլ ընտանի չէր.կյանքի հետ անհավասար մարտում տանուլ տվողի վիճակում էր.երկու բազմոց իրար դեմ դիմաց. մեկին հիվանդ տղամարդ՝ մոտ քառասուն տարեկան, շատ գեղեցիկ տղամարդ ու մյուս բազմոցին ութսունամյա կին՝ աշխարհում իմ տեսած ամենամարդկային աչքերով: Ազգությամբ եզդի Քալաշյանների ընտանիքն է: Եկել էինք նրանց վիրավոր զինվոր տղայի վիճակով հետաքրքրվելու: Թամոյան Հասանը վիրավորվել է ծառայության ժամանակ: Մեր գալու պահին նա Կարմիր խաչում էր, արդեն տասնհինգ օր ապաքինվում է: Տանը հիվանդ հայրը՝ Շամո Քալաշյանն էր ու տատը: Մյուս եղբայրը ծառայում է բանակում:

Ընտանիքին մեզ ներկայացրեց հարևանուհին, որին հանդիպեցինք բակում: Հուշակերտ գյուղի փոստի ավագ օպերատորն էր՝ Բուրաստան Տոնոյանը՝ գյուղի նամակ, թոշակ,դրամ բերողը: Հարցնում եմ՝ «հիմա նամակ գրող կա՞», Բուրիկն ասում է՝ «չէ, նամակները միայն դատարանից են, չվճարված հարկերի մասին են, ոստիկանությունից»: Այնպես որ, Սարդարապատի հերոսամարտի տարածքներում տեղավորված այս Հուշակերտ գյուղում էպիստոլյար ժանրը միայն դատա-իրավական բնույթ ունի:

-Գյոզալին զանգենք գա, Գյոզալը հող է մշակում: Գյոզալին խաբար արեք, գա, - ասում էր մեծ կինը՝ Գյոզալի սկեսուրը:

Գյոզալը հարսն է: Մենք դեռ իրեն չենք տեսել,բայց հասկանում ենք, որ Գյոզալը Հուշակերտ գյուղի այս եզդի ընտանիքի բոլոր հոգսերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

Բազմոցին պառկած ամուսինը, դժվարությամբ արտաբերելով բառերը, ինքն էլ է Գյոզալի գալու մասին ասում:

Բոլորս սպասում ենք Գյոզալին:

Տանը երեք մեծ խնդիր կա. քսանամյա որդին վնասվածքից հետո երրորդ կարգի հաշմանդամություն ունի, ամուսինը գլխուղեղի ուռուցք ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է, ընտանիքը նյութական ծանրագույն պայմաններում է, վարկեր ունի չփակված ու այդ պահին միակ աշխատուժը Գյոզալն է, որ հող է մշակում, այդ պահին հող է մշակում ինչ-որ տեղ ու նրան կանչում են, որ գա՝ քաղաքից ժուռնալիստներ են եկել: Մի ուրիշ պահի Գյոզալը անասուն է պահում, հետո հերթով լուծում է անլուծելի հարցերը:

Ծեր կնոջ վերլուծությունները դեպքերի, հիվանդությունների, հաշմանդամության, աղքատության մասին այնքան պարզ են, որ թվում է` լուծումն էլ պարզ պիտի լինի, բայց լուծումը չկա: Ու չեղած լուծման մասին մեր գրեթե անհոդաբաշխ խոսքի ու անհոդաբաշխ լռության արանքում հայտնվում է Գյոզալը:

Գյոզալը ավազե ժամացույցի կառուցվածք ունի՝ դասական, ձիգ մեջքով ու հագին եզդի կանանց սիրած մուգ կարմիր թավշյա փեշ, բայց կարճ փեշ, իսկ փեշի տակից սև նեղ տրիկո: Գյոզալը հոգնած է ՝ հողից է գալիս, դաշտից, բայց արագ է շարժվում, արագ է խոսում:

Մենք գնացել էինք ծառայության ժամանակ վիրավորված զինվորի առողջության մասին իմանալու, իսկ նյութը Գյոզալի մասին է ստացվում՝ զինվորի մոր:

Գյոզալին հարս են բերել տասնվեց տարեկանում: Ասում ենք՝ ո՞նց եք ծանոթացել, ասում է՝ եզդիները չեն ծանոթանում, գնում տուն են բերում:

Իրենց ամուսնությունը գրանցված չէ, տղաները մոր ազգանունն են կրում, չգիտեմ, ասում են եզդիների կյանքում ընդունված բան է: Գյոզալը ութամյա կրթություն ունի:

Կյանքի աժդահա հարվածները գրագիտացրել են Գյոզալին, որովհետև ինքը բացի իրենց գյուղից բան չէր տեսել, Երևանում չէր եղել, ու հանկարծ՝ որդին հոսպիտալում է ,ամուսինը՝ Քանաքեռի օնկոլոգիականում, տանը ծեր սկեսուրը, իսկ մյուս տղան ՝բանակում: Գյոզալը ամեն օր Հուշակերտից եկել է Երևան ու հետ:

Գյոզալը խնդալով պատմում է, որ սկզբում իմացել է, թե 67 համարի ավտոբուսից մի հատ կա ու, որ հեռվից տեսնում էր արդեն հեռացող ավտոբուսը՝ հետևից վազում էր, որ հասնի: Խնդալով պատմում է, որ հետո բացատրել են, թե կանգառում պիտի կանգնի, որ հաջորդը գա, որ էլի կա 67 համարի ավտոբուս: Այսպես,Գյոզալը իմացել է քաղաքային ավտոբուսների մասին, հետո շատ է գնացել-եկել, ու վարորդները սկսել են անվճար տանել: Ասում է՝ անծանոթ քաղաքում օրը մի քանի անգամ մի նախարարությունից մյուս էին ուղարկում, մի հիվանդանոցից մյուսը, որ մի տեղից մի թուղթը տանեմ հասցնեմ մյուսին, որ ամուսնուս հաշմանդամությունը հաստատեմ, տղայիս հաշմանդամությունը հաստատեմ, որ ամուսնուս պետք եղած բաները տանեմ: Ասում է՝ ինձ բոլորն ասում էին . «քեզ էնքան կտանեն-կբերեն, որ զահլեդ գնա ու հրաժարվես հաշմանդամության հարցից»: Իսկ ինքն ասում էր. «ես էնքան կգնամ-կգամ, որ իրանց զահլեն կգնա ու կանեն»:

Ու այնքան գնաց-եկավ Գյոզալը, որ արդեն սիրտը չի պայթում, երբ պաշտպանության նախարարությունից ուղարկում են ուրիշ նախարարություն, արդեն կարողանում է Կարմիր խաչում իրեն մերժող պաշտոնյային տեղում հեռախոսով կապել պաշտպանության նախարարության պաշտոնյայի հետ ու տղայի ապաքինման հարցը լուծել:

Երբ Գյոզալին հարցնում եմ` օգնությունն ինչպե՞ս է պատկերացնում, ասում է` միայն ACBA բանկի երկու միլիոն դրամ վարկս փակվեր՝ գոհ եմ: Երկու միլիոն դրամը: Ինքը համ էլ դա է փակում ՝ անասուն պահելով, վաճառելով, ամեն ամիս կանոնավոր փակում է վարկը՝ մաս-մաս:

Ինքը ուժեղ, ջահել ու ապրելու համար ծնված կին է: Բայց կին է … ու ընդհատում է խոսքը՝ հուզվում, փորձում ուղղել հուզմունքից ծռմռվող շուրթերը, ինքն իրեն կրկնում. «Ես ուժեղ եմ, ես շատ ուժեղ եմ»:

Հետո շոյում է ամուսնու գլուխը, որովհետև երևի նեղվում է մեր ներկայությամբ նրա անհասկանալի դարձող խոսքից, բայց չի ջղայնանում, շոյում է ամուսնու գլուխը, ասում է. «Շամո ջան, դու մի ներվայնացի, քեզ չի կարելի» ու նստում ամուսնու ոտքերի տակ՝ բազմոցի ծայրին: Էնքան սիրուն է էդ ամեն ինչը, որ գրելու չի: Ուղղակի մարդ հարուստ լիներ՝ օգներ ապրեր գլխուղեղի ուռուցքով Շամո Քալաշյանը՝ Գյոզալի ամուսինը, որովհետև իրենք սովորական-ուժեղ մարդիկ են, ոչ մի հերոսություն չեն անում, բայց կյանքի հետ անհավասար մարտում իրար սիրում են, ուզում են ապրել, ու Շամոյի ծեր մայրը խնդրում է օգնել իր տղային, խնդրում է հայերեն, եզդիերեն, իր անտանելի բարի աչքերով: Իսկ բժիշկներն ասել են` իմաստ չունի, տարեք տուն: Ռուսերեն ախտորոշումը տվել են Գյոզալի ձեռքը ու ուղարկել տուն: Գյոզալն էլ կրկնում է բժշկի բացատրածը: Ես վերցրեցի գլխուղեղի բոլոր նկարները` հույսով, որ որևէ բժիշկ կասի. «Կարելի է փրկել», ու մենք փորձենք օգնել բանակում ծառայող զինվորի հորը, որի մյուս որդին հաշմանդամ է դարձել:

-Հայերը ձեզ հո չե՞ն նեղացնում։

-Վաաայ, էդ ի"նչ իս ասում, հայերը մեր ախպերներնին, մեր քուրերնին,-ասում է ծեր կինը:

Հայերը չեն նեղացնում, կյանքն է նեղացնում:

Գյոզալը մեզ ճանապարհում է: Սև շունը դաժան հայացքով դռան դիմաց փռված է: Գյոզալն ասում է, որ տան շուն չի, փողոցից, եսիմ որտեղից եկած շուն է, ուղղակի մի օր, երբ ավազե ժամացույցի մարմնով այս եզդի աղջիկը հոգնել ու հանձնվել է, նստել է դրսում` իրենց տան պատին հենված, ու հեկեկացել է, հանձնվել է Գյոզալը մի քանի րոպե, մեկ էլ զգացել է ինչ-որ տաք մի շունչ ձեռքերին, աչքերից ձեռքերն իջեցրել է, տեսել է վայրի աչքերով շունը լիզում է իր հոգնած մատերը: Գյոզալը շանը գրկել ու լաց է եղել, ու հետո շանը պահել է մոտը:

Գյոզալին շատ քիչ բան է պետք՝ վարկերը փակվեն, ամուսնուն մի հրաշքով վիրահատեն, տղան կազդուրվի:

լուսանկարները` Է.Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (2)

ընթերցող
Ապրես Լուսինե!
նենե
Իսկ մի՞թե բանակում ծառայող տղային չպիտի արձակեն ,որ ընտանիքի հոգսը հոգա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter