HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատարանում հերթական միջադեպը եղավ

Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննությունն այսօր շարունակվեց Խաչատրյանի կնոջ` գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանի բացակայությամբ:

Մեյթիխանյանը, ով, հիշեցնենք, նախորդ դատական նիստի ընթացքում ջրով լի շիշ էր նետել ամուսնու սպանության գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի ուղղությամբ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջոցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գրություն էր ուղարկել՝ հայտնելով իր բացակայության պատճառը:

«Ապրիլի 21-ին կայացած դատական նիստին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի վիճակի չեմ լսել անմարդկային գործողությունների հետևանքով իմ ամուսնու սպանության գործը և նայել այդ ամբաստանյալների դեմքերին»,- գրության մեջ նշել էր Փառանձեմ Մեյթիխանյանն ու խնդրել, որպեսզի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ներգրավվի որպես իր ներկայացուցիչ:

 

Փաստաբան Պետրոսյանը  դատարանին հայտնեց նաև, որ Մեյթիխանյանն, ըստ նպատակահարմարության, ներկա կլինի դատական նիստերին: 

Խոսելով ապրիլի 21-ին կայացած դատական նիստի ընթացքում ինչպես Մեյթիխանյանի, այնպես էլ դահլիճում ներկա գտնվող որոշ անձանց պահվածքի մասին` դատարանը դա անթույլատրելի գնահատեց: Ապրիլի 21-ին կայացած դատական նիստին դահլիճում ներկա գտնվողներից ոմանք, հիշեցնենք, բղավել ու հայհոյանքներ էին հնչեցրել. դատավորը զգուշացրեց, որ նմանատիպ գործողությունների դեպքում ինքը կարող է դահլիճում ներկա գտնվողներին մինչև դատական գործի քննության ավարտը հեռացնել նիստերի դահլիճից: 

Ինչ վերաբերում է Մեյթիխանյանի արարքին, դատավորը նպատակահարմար գտավ դրան անդրադառնալ Մեյթիխանյանի ներկայությամբ: 

Մեյթիխանյանի բացակայության ու դատավորի նախազգուշացման պայմաններում, այնուամենայնիվ, դատական նիստն առանց միջադեպի չանցավ. փաստաբան Արմեն Նադիրյանը իր պաշտպանյալ Յուրի Հակոբյանին կալանքից ազատելու կամ նրա նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ որպես իր պաշտպանյալին դրական բնութագրող հատկանիշ շեշտելով նաև այն հանգամանքը, որ երբ Մեյթիխանյանը նրան հարվածել է, վերջինս որևէ կերպ չի արձագանքել: 

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս շեշտեց, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած դատական նիստին Մեյթիխանյանն իրեն լավ չզգալու պատճառով է դուրս եկել նիստերի դահլիճից, որ դա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի եղել, ինչպես նաև ընդգծեց, որ համամիտ չէ պաշտպան Նադիրյանի պնդմանը, թե Յուրի Հակոբյանի՝ Մեյթիխանյանի արարքին չարձագանքելը պարկեշտ վարքի ցուցիչ է: 

«Ցանկանում եմ հիշեցնել ամբաստանյալների հարազատներին և դահլիճում ներկա գտնվող անձանց, թե ինչ դեպք է տեղի ունեցել Մեյթիխանյանի ընտանիքում և ինչ գործողությունների արդյունքում է սպանվել նրա ամուսինը: Այս պարագայում ամբաստանյալները պիտի հասկանային, թե ինչի՞ց ելնելով կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ:

Ինչ վերաբերում է պաշտպան Արմեն Նադիրյանի այն պնդմանը, թե Յուրի Հակոբյանը զսպվածություն է ցուցաբերել, ապա տուժող կողմը համաձայն չէ այդ տեսակետի հետ, հակառակը` հավաստում է, որ ընդամենը մի կայծ էր անհրաժեշտ, որ դահլիճում ներկաներից ոմանք «Եղիշե Խաչատրյան» դարձնեին տուժողներին ու մեղադրող կողմին»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը: 

Փաստաբանի խոսքի ընթացքում դահլիճում ներկա գտնվողները բարձրաձայն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով` լքեցին նիստերի դահլիճը: Ինեսսա Պետրոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկա գտնվողներից ոմանք շարունակում են հայհոյել: Դատական նիստն ընդմիջվեց, իսկ երբ վերսկսվեց, դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նադիրյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու ու մերժեց միջնորդությունը:

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազները շարունակեցին նախորդ դատական նիստի ընթացքում կիսատ մնացած մեղադրական եզրակացություններն ընթերցել: 

Ընդհանուր առմամբ, բոլոր մեղադրյալներին մեղսագրվող արարքները նույն ձևակերպումն ունեին: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալներ Արտաշես Չիշոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, ինքնությունը չպարզած անձի հետ, խուլիգանական դրդումներով, Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և լրացնելով դրանք` խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև որովայնի և կրծքավանդակի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

 

Պաշտպան Արմեն Նադիրյանը ամբաստանյալ Յուրի Հակոբյանի հետ

Միևնույն ժամանակ, ըստ մեղադրանքի, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ կերպով անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` ամբաստանյալները կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելով: 

Ըստ մեղադրական եղրակացության՝ 2016 թվականի հունիսի 4-ին, գտնվելով Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, Չիչոյանը փեսայից՝ Խաչիկ Կոսյանից տեղեկացել է, որ վերջինս վթարի է ենթարվել, ապա մեքենան քարշակով ուղարկել Նուբարաշենի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետ: Արտաշես Չիչոյանը Արարատ Նիկողոսյանի, վերջինիս մտերմուհու՝ Մարիամ Գրիգորյանի և Յուրի Հակոբյանի հետ Հակոբյանին պատկանող ավտոմեքենայով ուղևորվել են ավտոտեխսպասարկման կետ:

 

Ըստ մեղադրանքի՝ Յուրի Հակոբյանը, ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, խոչընդոտել տվյալ ժամանակահատվածում նույն տարածքով երթևեկող Եղիշե Խաչատրյանի երթևեկությանը: Վերջինս անակնկալի գալով՝ կտրուկ արգելակել է մեքենան, մանևրել և կանխել վթարը, ապա առանց մեքենայից դուրս գալու օրինախախտ վարորդին հանդիմանել: 

Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության, Յուրի Հակոբյանին պատկանող մեքենայից դուրս են եկել Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը և Եղիշե Խաչատրյանի մոր՝ 75-ամյա Էմմա Աբրահամյանի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվել Խաչատրյանին, վիրավորել նրա արժանապատվությունը, պարզաբանումներ ստանալու նպատակով նրան մեքենայից իջեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

 Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակահատվածում ավտոտեխսպասարկման կետում գտնվող Խաչիկ Կոսյանը, տեղեկանալով վիճաբանության մասին, ընկերոջ՝ Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ շտապել է դեպքի վայր, որտեղ էլ, ըստ մեղադրանքի, ամբաստանյալները Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ են հասցրել նրան ու զրկել կյանքից: 

Ամբաստանյալներն անտեսել են Եղիշե Խաչատրյանի մոր՝ որդուն չհարվածելու աղերսանքը, հրել են Եղիշեին, գցել գետնին, ապա հարվածներ հասցրել որդուն փրկելու համար ծեծկռտուքին խառնված մորը՝ նրան ևս առողջության համար միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելով: Ըստ գործի նյութերի՝ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեկ այլ մեքենայի վարորդ՝ Սանասար Բադալյանը, ամբաստանյալներին հորդորել է դադարեցնել տարեց տղամարդու նկատմամբ բռնի գործողությունները, սակայն Արարատ Նիկողոյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել այդ հանգամանքն ու շտապել նրա ետևից, քաշքշել ու հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Մեղադրական եզրակացությունները լսելուց հետո ամբաստանյալներ Չիչոյանն ու Նիկողոսյանը դատարանին հայտնեցին, որ իրենց պարզ չէ առաջադրված մեղադրանքը: Չնայած այդ հանգամանքին՝  դատավորը փորձեց  պարզել՝ ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունո՞ւմ են, թե՞ ոչ: Մեղադրյալներից ոչ ոք չընդունեց մեղադրանքը:

 

«Ես եղել եմ այնտեղ, կռիվ եմ արել, բայց ես մարդ սպանելու միտում չեմ ունեցել, մեղադրանքը չեմ ընդունում»,- դատարանին հայտնեց մեղադրյալ Արտաշես Չիչոյանը:

 

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը նշեց, որ մեղադրանքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում: «Մեղադրանքը չեմ ընդունում, չեմ ցանկանում պարզաբանել, թե ինչու»,- ասաց Նիկողոսյանը:

 Մեղադրյալ Կոսյանը ևս չընդունեց մեղադրանքն ու պատճառաբանեց, որ ընդհանրապես կապ չունի մեղադրանքում ներկայացված դրվագների հետ: «Նկարագրված գործողությունններին ես ընդհանրապես ներկա չեմ եղել»,- ասաց Կոսյանը:

 

Արթուր Զաքարյանը ևս հայտարարեց, որ դեպքերին առնչություն չունի:

Մեղադրյալ Յուրի Հակոբյանն առհասարակ հերքեց իր մասնակցությունը միջադեպին: 

«Ես ընդհանրապես կապ չունեմ, ո՛չ Եղիշե Խաչատրյան եմ ճանաչում, ո՛չ Էմմա Աբրահամյան. երբ դեպքը եղել է, ես ուրիշ վայրում եմ եղել»,- ասաց Յուրի Հակոբյանը: 

Նշենք, որ տուժող կողմը քաղհայցով ամբաստանյալներից նաև 30 մլն դրամ է պահանջում՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Ամբաստանյալներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը դիրքորոշում հայտնեցին, որ չեն ընդունում նաև այս մասով պահանջը, քանի որ կապ չունեն տեղի ունեցածի հետ, իսկ մեղադրյալներ Արտաշես Չիչոյանն ու Արարատ Նիկոսյանը այս առնչությամբ դիրքորոշում չհայտնեցին: 

Ըստ պաշտպանական կողմի՝ խախտվում է մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը

Մեղադրյալների՝ իրենց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո գործով ամբաստանյալների պաշտպանները բարձրաձայնեցին այն խնդիրը, որ չնայած մեղադրյալներից առնվազն երկուսը հայտարարեցին, թե իրենց համար պարզ չէ առաջադրված մեղադրանքը, այնուամենայնիվ, դատավորը փորձեց ճշտել դրանց վերաբերյալ վերջիններիս դիրքորոշումը:

Չիչոյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքին, Վճռաբեկ դատարանի ու ՄԻԵԴ-ի՝ նախկինում հայտնած դիրքորոշմանը, ընդգծեց, որ մեղադրանքի էությունը պետք է ամբաստանյալներին պարզ լինի: 

Սարգսյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացություններում խմբի կողմից կատարված հանցագործության մասին է խոսվում, որտեղ տարանջատված չէ, թե ամբաստանյալներից ով ինչ գործողություն է կատարել: 

«Օրինակ՝  Արտաշես Չիչոյանը ո՞ր մասին է հարվածել, ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ»,- հարց բարձրացրեց Սարգսյանն ու պնդեց, որ ամբաստանյալների գործողությունները, միջադեպին նրանց մասնակցության աստիճանը չտարանջատելու դեպքում կխախտվի նրանց արդար դատաքննության իրավունքը: 

Փաստաբան Միհրան Պոսայանը հիշեցրեց, որ ըստ մեղադրանքի` ամբաստանյալները լրացրել են մեկը մյուսի գործողություններն ու դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ մեղադրանքից պարզ չի դառնում, թե «մեկն ո՞վ էր, որ մյուսն էլ լրացնում էր նրա գործողութունները»: 

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ նշեց, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները տարանջատված չեն նաև խուլիգանության հոդվածի պարագայում: 

Տուժող կողմն ու մեղադրողները, սակայն, կարծիք հայտնեցին, որ մեղադրանքում մանրամասն նկարագրված են ամբաստանյալների գործողությունները: 

Այսօր դատարանը սահմանեց նաև գործով ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Ըստ այդմ` առաջինը կհարցաքննվեն տուժողները: Հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հունիսի 7-ին,  դատարանը կլսի սպանված Եղիշե Խաչատրյանի մորը՝ տուժող Էմմա Աբրահամյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter