Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Էդմոն Մարուքյան․ «Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ամեն բան արվել է մեր դեմ, անգամ Գուգարաց թեմի առաջնորդը մեր դեմ հակաքարոզչություն է իրականացրել»



«Հետքի» հարցերին պատասխանում է Աժ պատգամավոր , «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը։

- Ինչ գնահատական կտաք  Լոռու մարզում ԱԺ ընտրությունների ընթացքին։

-Գիտեք, մենք ի սկզբանե դաշինքով հայտարարությամբ հանդես ենք եկել, որտեղ ընդհանուր գնահատական ենք տվել երկրում ԱԺ ընտրություններին և ասել ենք, որ այդ ընտրությունների արդյունքների ձևավորման վրա ազդեցություն է ունեցել փողի զանգվածային բաժանումը և ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, որի մասին բազմաթիվ ահազանգեր են եղել:

Նաև ԵԱՀԿ դիտորդների գնահատականի մեջ  է գրված, որ շատ վստահելի աղբյուրներ իրենց հայտնում են, որ դա  տեղի է ունեցել: Բայց մյուս կողմից մենք չենք ունեցել գոնե մի քաղաքացու վկայություն, որը ասեր x-ը ինձ գումար է տվել, որ ես քվեարկեմ այսինչ ուժի օգտին: Այս առումով մենք արձանագրել ենք մի բան, որ այն մարդիկ , ովքեր ձայն են տվել «Ելք» դաշինքին, մենք այդ ձայները պահել ենք:

ԱԺ ընտրություններին հանրապետության 13 ընտրատարածքներից երևի ամենախայտառակը եղել է Լոռու մարզի ընտրատարածքը, որտեղ ադմինստրատիվ ռեսուրսը և զանգվածային փողաբաժանությունն ուղղակի բոլոր հնարավոր սահմաններն անցել են: Անգամ ընտրությունների օրը մարդիկ են բերման ենթարկվել փող բաժանելու հերթերից, բայց որևէ քրեական ընթացք չի եղել: Դրա արդյունքում մարզում Հանրապետական կուսակցությունը 68 տոկոս ձայն է արձանագրել և ստացել է 3 մանդատ: Սա այն դեպքում, երբ Լոռու մարզը հանրապետության ամենաաղքատ մարզերից մեկ է, Շիրակի մարզից հետո:

«Ելք» դաշինքը մարզում ստացել է 12 հազարին մոտ ձայն, որը այն  իրավիճակում, որ հայտնվել էի ես և Վանաձորի մեր թիմը, մենք շատ լուրջ արձանագրում ենք կատարել: Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ամեն բան արվել է մեր դեմ, անգամ Գուգարաց թեմի առաջնորդը մեր դեմ հակաքարոզչություն է իրականացրել: Պատկերացնում եք, մեկը հավատացյալների վրա է աշխատում, մյուսը՝ ադմինիստատիվ ռեսուրսի, մյուսը կրիմինալ աշխարհն է ոտքի հանում մեր դեմ: Մենք  մեծ հնարավորություններ ենք ունեցել ԱԺ ընտրություններին մարզում գոնե 2-րդ տեղում լինելու, բայց այդ պայմաններում ուղղակի դա չի ստացվել: Եթե մարդը 5 տարին մեկ ստացված երկիրը կառավարելու իր իրավունքը 10 հազար դրամով վաճառում է, մեզ ինչ է մնում անել, մեզ մնում է մարդկանց հետ էլի ավելի շատ աշխատել, որ գոնե մյուս անգամ նրանք չգնան էդ քայլին:

-Իսկ ովքեր են Ձեզ ընտրել։

- Հայաստանում «ազատներն» են  կարողացել քվեարկել ընդիմադիր ուժերի օգտին: Ազատներ ասելով ի նկատի ունեմ այն ընտրողին, որն ազատ է ադմինստրատիվ ռեսուրսից, 10 հազար դրամ գայթակղությունից: Մեր հույսը հենց այդ «ազատներն» են: Դրանք 200-300 հազարը չեն անցնում: Այսինքն, եթե 1,5 մլն. քվեարկողներից 300 հազարն են «ազատներ», ուրեմն պետք է Հայաստանում «ազատների» թիվն ավելացնել: Այլ տարբերակ չկա: Իշխանությունը այնպես է անում, որ Հայաստանում մեկ մլն. մարդ  լինի աղքատ, իսկ աղքատը վախի ազդեցության տակ ստիպված ենթարկվում է ադմինստրատիվ ռեսուրսի լծակին, կամ էդ 10 հազար դրամին:  Եթե մենք նայում ենք վիճակագրությունը, հանրապետական կուսակցությունը ամեն ցիկլում՝ 5 տարին մեկ, ավելի շատ ձայն է հավաքում: Բայց ամեն ցիկլի ժամանակ երկիրն ավելի շատ է հետընթաց ապրում: Այսինքն ինչքան մարդիկ վատ են ապրում, այնքան իշխող կուսակցությունը շատ է ձայն տանում: Աժ ընտրությունների արդյունքներով բոլոր քաղաքական ուժերն արձանագրում են, որ ՀՀԿ-ն ապօրինի շատ ձայն է տարել:

- Ինչ գնահատակ կտաք Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզչության ընթացքին: Արդյոք Երևանում էլ ընտրական նույն մեխանիզմը չի գործելու:

-Ես ակնկալում եմ , որ, այո, փորձելու են Երևանում զանգվածաբար փող բաժանել, բայց  Երևանը դա Լոռու Փամբակ գյուղը չէ: Որևէ մեկը թող չշփոթի: Երևանը Հայաստանի թիվ մեկ քաղաքն է, ամբողջ տնտեսության, ֆինանսական  և մարդկային բարձր տեխնոլոգիաների ռեսուրսը կենտրոնացված է Երևանում: Եվ մեր արդեն ձևակերպված ազատ ընտրողների մեծ մասը Երևանում են ապրում: Մեր հույսը հենց այդ «ազատներն» են: Մեր հույսը նրանք չեն, ովքեր իրենց անձնագրերը տանում, հանձնում են տարբեր շտաբների, որ փող վերցնեն: Մենք հենվելով էդ «ազատների» վրա՝ շարժվելու ենք առաջ: Էդ մեր 120-200 հազար ձայնը տարվա ընթացքում դարձնելու ենք մեկ մլն ձայն: Սա է մեր տեսլականը: Եվ այդ համոզմուքով էլ մասնակցում ենք Երևան քաղաքի ՏԻՄ ընտրություններին՝ հենց հաղթելու համոզմունքով: Մենք ասում ենք Տարոն Մարգարյանը 3-րդ անգամ չպիտի լինի Երևանի քաղաքապետ, նա ձախողել է Երևանի կառավարումը, խայտառակ կենտրոնացում է այստեղ կատարվել, կյանքի խայտառակ որակ: Պետք է էդ ամեն ինչը փոխել: Եվ շատ լուրջ, անկաշառ , մաքուր կենսագրություն ունեցող երիտասարդ մարդկանց թիմ ենք ձևավորել, որով էլ մտել ենք քարոզարշավի մեջ: Ես կարծում եմ, որ մեր ռազմավարությունն ինչպես պլանավորել ենք՝ ընթացքի մեջ է:

 -Նկատում եմ հաղթանակի ակնկալիք ունեք:

-Միանշանակ, մենք գնում ենք հաղթելու: Մենք 2-րդ տեղում աչքներս փակ էլ կլինենք: Ավագանու 60 թեկնածուներ ունենք: Քաղաքապետի թեկնածուն էլ Նիկոլ Փաշինյանն է, գիտեք: Այսինքն, Երևանի ընտրություններին ամենայն լրջությամբ վերաբերվելով, ապահովել ենք ամենայն բարձր մակարդակ: Եթե մենք Երևանում վերցնենք տեղական իշխանությունը, դա մի ընտիր փոխզսպման մեխանիզմ կլինի Հայաստանի քաղաքական համակարգը առողջացնելու համար: Այս հիվանդ քաղաքական համակարգը մի օրում չի կարող առողջացվել: Երբ մենք ստանձնենք Երևանի կառավարումն, այսինքն տնտեսության տոկոսի մեծ մասը, մենք կկարողանանք պառլամենտի մեր խմբակցության հետ միասնաբար հակակշիռ լինել գործող «Հանրապետական» կուսակցության իշխանությանը: Դրա արդյունքում կշահի մեր պետականությունը:

-Վերադառնանք նորից Լոռի: Ինչպիսի իրադրություն է տիրում Վանաձորի քաղաքապետարանում:      

 -Վանաձորում հիմա տիրում է անիշխանություն: Մի կողմից կա քաղաքապետ, որն ունի աշխատակազմ և նա ապօրինի կերպով մեկնաբանում է նոր ընդունված ՏԻՄ օրենքը, հունվարից հետո նիստեր է սկսել գումարել, վախենալով, որ ժամկետը կլրանա և իր լիազորությունները կդադարեն: Էդ նիստերով նա ուռճացրել է քաղաքապետարանի հաստիքացուցակը և  թալանի նոր մեխանիզմներ է ներդրել՝ ավել հաստիքով տեղակալ է նշանակել: Եվ այդ աղքատ քաղաքի ռեսուրսի վրա նստած են այդ մարդիկ: Փորձում են շարունակել այն թալանը, որ երկար տարիներ եղել է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10 ավագանիների խմբակցությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Այցելում են  համայնքային հիմնարկներ, մանկապարտեզները ստուգումների տակ են մեր կողմից, որի  արդյունքում մանկապարտեզներում սնունդն է լավացել, ավելի լավ հաց են մատակարարում,վախենում են ինչ որ ատկատների մեջ մտնեն: Այսինքն այնպես չէ, որ մենք դերակատարում չունենք, բայց այդ իրավիճակում նաև քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք ձևավորված այդ իշխանությունն ունակ չի լուծել:

-Ինչ եք նախատեսում անել ստեղծված իրավիճակում:

- «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմա պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել օրենքի այն դրույթը, որն իրենք մեկնաբանում են, թե 33 հոգանոց ներկայացուցչական մարմնից՝ ավագանուց, 15-ի մասնակցությունը ավագանու նիստին  բավարար է քվորում ապահովելու համար և կարող են  իրենք որոշումներ կայացնել: Եթե Սահմանադրական դատարանն այդ նորմերը ճանաչում է հակասահմանադրական, նշանակում է մինչ այդ օրը տեղի ունեցած բոլոր նիստերը առ ոչինչ են, իրավական որևէ հետևանք չունեն: Հետաբար  գործելու է ՏԻՄ օրենքի մյուս դրույթը, ըստ որի, եթե որոշակի ժամկետում ավագանին չի կարողանում գումարել նիստեր, ավագանու լիազորությունները մեխանիկորեն դադարում են և կառավարությունը Վանաձորում նշանակում է նոր ընտրություններ: Եթե Սահմանադրական դատարանը մերժի մեր դիմումը, մենք կքննարկեք մեր հետագա քայլերը: Բայց կուլ տալ այդ ապօինությունը, որ 33 հոգանոց ներկայացուցչական մարմնի 15 հոգին բավարար են քվորում ապահովելու և քվեարկություն կազմակերպելու համար, դա կնշանակի, որ մենք դա վաղը կուլ կտանք Երևանում, մյուս օրը՝ Գյումրիում, որովհետև նույն նորմը կիրառելի է նաև մյուս երկու մեծ քաղաքներում: Դա մենք չենք պատրաստվում անել: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ