HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղագործական ընկերությունների և բուժհաստատությունների համագործակցությունը կսահմանափակվի. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղագործության ոլորտում գործող կազմակերպությունների համար վարքագծի կանոնագիրք է մշակել: Այս մասին ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղագործության ոլորտում պարբերաբար կատարած ուսումնասիրությունների ընթացքում բազմիցս բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք օրենքով կամ իրավական որևէ ակտով կարգավորած չեն: Կարևորելով դրանց կարգավորման անհրաժեշտությունը, ՏՄՊՊՀ-ը այդ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար մշակել է բարեխիղճ վարքագծի կանոնագիրք, որը կկարգավորի սուբյեկտների փոխհարաբերությունները, առաջացած խնդիրները, ինչպես նաև կխրախուսի մրցակցային վարքագծի արդար, բարեխիղճ և հավասար կանոնների ստեղծումը:

Կանոնագրքի մշակման ժամանակ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել դեղագործության ոլորտում՝ առավել արդիական խնդիրների վերհանման նպատակով: Այս կերպ մատնանշվել են նաև առկա խնդիրների կարգավորման և լուծման ուղիները՝ սկսած բարեխիղճ գովազդից մինչև բժիշկների և դեղագործական ընկերությունների հարաբերություններում կոռուպցիոն և ոչ բարեխիղճ վարքագծի անթույլատրելությունը:

Մասնավորապես, կանոնագրքով հստակ սահմանվել է, որ դեղ արտադրող կամ ներմուծող ընկերություններին արգելվում է առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրել ցանկացած տեսքով պարգևատրում, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն հիվանդներին նշանակել հենց իրենց կողմից առաջարկվող դեղամիջոցները: Բացի այդ, բուժաշխատողների համար հաճախ կազմակերպվող մասնագիտական սեմինարները չպետք է պարտադրեն վերջիններիս աջակցելու կազմակերպիչների դեղամիջոցների վաճառքի ծավալների ավելացմանը:

Հանձնաժողովը հաճախ է այս կամ այն դեղագործական ընկերությունից դժգոհություն ստանում նաև այն մասին, որ մրցակից ընկերությունները մեծ քանակով դեղամիջոցներ և սարքավորումներ են նվիրում բժիշկներին, որպեսզի վերջիներս հիվանդներին ուղղորդեն հենց իրենց դեղատներ: Այդ իսկ պատճառով էլ կանոնագրքում ամրագրվել է դրույթ, որի համաձայն արգելվում է գովազդի նպատակով դեղագործական ընկերությունների կողմից բուժաշխատողներին դեղերի անվճար նմուշների տրամադրումը։

Կանոնագրքին միացած դեղագործական ընկերությունները պարտավորվում են նաև առողջապահության ոլորտի մասնագետներին չտրամադրել անձնական օգտագործման համար, այսինքն բժշկության մեջ ոչ պիտանի նվերներ: Իսկ հուշանվերների (դեղարտադրող ընկերության լոգոտիպով օրացույց, սեղանի ժամացույց, նոթատետր և այլն) արժեքը չի կարող գերազանցել 15 հազար դրամը:

Կանոնագրքի առանցքային կետերից մեկն էլ այն է, որ բոլոր տնտեսվարողները պարտավորություն են ստանձնում ձեռնարկելու անհրաժեշտ և հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի շուկա հանեն ժամանակակից, անվտանգ և արդյունավետ դեղագործական արտադրանք, և, բացի այդ, իրենց գործունեությամբ և վարքագծով չխաթարեն մրցակցությունը: Նրանք պարտավորվում են իրենց արտադրանքը ձեռքբերող բոլոր ընկերությունների համար ապահովել բարեխիղճ և ոչ խտրական վաճառքի պայմաններ:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն իր խոսքում նշեց, որ, ցավոք, այսօր քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ դեղագործական ընկերությունները պայմանավորվում են բուժհաստատությունների հետ և տարբեր միջոցներով շահագրգռում են վերջիններիս՝ հիվանդներին դեղատոմս գրելիս ուղղորդել հենց իրենց դեղատներ, կամ դեղատոմսում գրել իրենց կողմից արտադվող կամ ներմուծվող դեղորայքի կամ բժշկական սարքավորման անվանումը. «Նման երևույթներն անթույլատրելի են, նախ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ վերջիններս զրկվում են այլընտրանքից և տվյալ դեղամիջոցը մեկ այլ դեղատանը միգուցե ավելի մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությունից: Բացի այդ, այստեղ առկա է նաև տնտեսվարողների շահերի բախման խնդիր, քանի որ ուղղորդելով մեկ դեղագործական ընկերության մոտ, անհավասար դաշտում են գտնվում նույն գործունեությամբ զբաղվող մյուս ընկերությունները»: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ կանոնագրքով հստակ սահմանվել և ամրագրվել է նման վարքագծի անթույլատրելիությունը:   

Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը կանոնագրքի մշակման ժամանակ հիմք է ընդունել միջազգային պրակտիկայում, այդ թվում նաև ԵԱՏՄ անդամ երկրներում առկա փորձը, որը փաստում է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում` դեղագործության, բարեխիղճ վարքագծի կանոնները կարևոր դեր են կատարում՝ օրենքներով կամ այլ իրավական ակտերով թերի կամ ամբողջութայմբ չկարգավորվող հարաբերությունների կարգավորմանը: Դրանք առանցքային դեր են կատարում նաև  ոլորտի զարգացման և սուբյեկտների վարքագծի կանոնակարգման գործընթացում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter