HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նորաշենի գյուղապետը չգիտի, թե ով է կրակել իր մեքենայի ուղղությամբ

Երեկ՝ 18։40-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալու ճանապարհին, կրակել են Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի մեքենայի վրա։ Մեքենան վարելիս է եղել նրա վարորդը` նույն համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավարը, ապա մանրամասնեց, որ վիրավորում է ստացել միայն վարորդը, ում Գրիգորյանն անձամբ է տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ ավելի ուշ նրան տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց։

Համայնքի ղեկավարը որևէ կասկած չունի, թե ով կարող էր կրակել մեքենայի վրա, չի էլ ենթադրում, թե ինչի պատճառով կարող էր նման դեպք տեղի ունենալ: «Ճիշտն ասած՝ չեմ կարողանում կողմնորոշվել... Լարվածություն չեմ ունեցել, անձնական ոչ մի ընդհարում չեմ ունեցել։ Թշնամիներ չունեմ, ո´չ քաղաքական  գործիչ եմ, ո´չ էլ տենց լուրջ բիզնեսմեն եմ։ Չգիտեմ, հնարավոր է` զուգադիպել է։ Համապատասխան մարմինները զբաղվում են, ինձ թվում է՝ կբացահայտեն»,- մեզ հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանը։

Գյուղապետը հավաստում է, որ վերջին տասը տարիներին որևէ մեկի հետ ընդհարում չի ունեցել, նման դեպք իր հետ առաջին անգամ է եղել։

Երեկ, երբ վարորդին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, համայնքի ղեկավարն այնտեղ ժամանած ոստիկաններին հանցագործության մասին հաղորդում է տվել: Նրա փոխանցմամբ՝ երեկվանից ոստիկանները ակտիվ աշխատանքներ են իրականացնում հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ։

լուսանկարը www.df.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter