HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուսուցիչները գործադուլ են անում. «Աշակերտների ապագային մատների արանքով չենք նայում»

Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր չհնչեց զանգը: 600 աշակերտը դպրոց չէր եկել, իսկ դպրոցում միայն ուսուցիչներն էին նստած: Այսօր դպրոցի ուսուցչական անձնակազմը որոշել է նախազգուշական գործադուլ անել՝ կառավարության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով դպրոցի անմխիթար վիճակի վրա:

«Հետքն» ամիսներ առաջ անդրադարձել է Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի շենքային վիճակին, ուսման որակին վերաբերող հարցերին:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նազինյանը այս դպրոցում աշխատում է արդեն 25 տարի: Նա ասաց, որ 600 աշակերտով փոքր մասնաշենքում անհնար է դաս պարապելը:

Ռուզաննա Նազինյանը

«Դուք պատկերացրեք, որ դասամիջոցին 600 աշակերտ քայլում է, նույնիսկ չի վազում, մենք վախի մթնոլորտում ենք, որ հանկարծ որևէ բան տեղի չունենա»,-ասում է Ռ, Նազինյանը՝ հավելելով, որ իրենց դպրոցի աշակերտները զրկված են ամենատարրական բաներից, ինչը 21-րդ դարի աշակերտի համար շատ սովորական պետք է լիներ:

«Չունեն և չեն էլ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լիներ ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիան: Ավարտում են հիմնական դպրոցը, իսկ տարիներ առաջ ավարտել են միջնակարգ դպրոցը, չեն իմացել ինչ է նշանակում քիմիա առարկայի ժամանակ որևիցէ փորձ կատարել: Էլ չխոսենք ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչների թշվառ վիճակի մասին, որ 25 տարի փողոցում դաս են անում, կարևոր չի՝ արև է, անձրև է, ձյուն է, մարդիկ տեղ չունեն: Չկա մարզադահլիճ, բայց դե այդ դասը պետք է կայանա՞: Այո, պետք է կայանա և այս պայմաններում կայանում է փողոցում»,-ասում է Ռուզաննա Նազինյանը:

Ինչ վերաբերում է հավասար պայմաններում աշակերտների կրթություն ստանալու իրավունքին, մաթեմատիկայի ուսուցչի խոսքերով՝ այդ իրավունքը խախտվում է, քանի որ Վ. Պետրոսյանի անվան դպրոցը Աշտարակ քաղաքի միակ հանրակրթական ուսումնական հաստատությունն է, որը դուրս է մնացել բոլոր պատկան մարմինների ուշադրությունից:

Ռուզաննա Նազինյանը պատմեց, որ մեկ շաբաթ առաջ ուսուցիչներից մեկը, ով աշխատում է նաև ավագ դպրոցում, բարձր դասարանում սովորող աշակերտներին տարել է ավագ դպրոց, որ համակարգչային դասարան ու սպորտային դահլիճ տեսնեն:

«Ես ամոթից էլ չեմ կարողանում երեխաների դեմքին նայել: Ուղղակի շատ ճնշված են աշակերտները, թե ինչու ավագ դպրոցում աշակերտը կարող է սովորել այդ պայմաններում, իսկ իրենք՝ ոչ»,- հավելեց Ռ. Նազինյանը:

Ուսուցիչը նշեց նաև, որ հատկապես ողբալի վիճակում են սանհանգույցները: Բացի այն, որ խիստ վերանորոգման կարիք է զգացվում, դրանց քանակը շատ քիչ է. 2 սանհանգույց 600 աշակերտի համար:

«Տարրական դասարանի երեխաները կես ժամ հերթ են կանգնում: Եթե երեխան դուրս գալու թույլտվություն է ստացել, համարում ենք, որ նա կես ժամ դասարան չի գալու, որովհետև սանհանգույցի հերթ պետք է կանգնի»,- հավելեց Ռուզաննա Նազինյանը:

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի հարևանությամբ է գտնվում Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որտեղ Ռուզաննա Նազինյանի տվյալներով, սովորում են շատ քիչ աշակերտներ:

«Այս տարի նորից հարց են դրել, որ այդ դպրոցը երրորդ անգամ վերանորոգեն: Բայց եթե այդ դպրոցը տրամադրեին մեզ, մենք սիրով կտեղափոխվեինք, վերանորոգման անհրաժեշտություն չէր լինի, քանի որ արդեն եղած պայմանները համարում ենք կարգին ճոխություն: Գոնե կխնայվեն պետության գումարները: Այստեղի միայն մեկ մասնաշենքը լրիվ բավարար է ավագ դպրոցի աշակերտներին տեղավորելու համար, դա կարող են վերանորոգել հանձնել իրենց: Այդ մեկ ուղին մենք տեսնում ենք»,-հավելեց Նազինյանը:

Ուսուցչուհին նշեց, որ ստիպված են եղել դիմել կտրուկ քայլերի՝ գործադուլի, քանի որ 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բարձրաձայնվել է դպրոցի ներկայիս վիճակի մասին, բայց այդպես էլ պատկան մարմինների կողմից ուշադրության չեն արժանացել:

«Սա հուսահատ, ծայրահեղ քայլ  է մեր կողմից»,-հավելեց նա,- «Պատկան մարմիններն ուղղակի պարտավոր են ընդառաջել և դա մեր խնդրանքը չէ: Դա Հայաստանում սովորող 600 աշակերտի և մեր 600 շահառու ծնողների պահանջն է, որին չարձագանքել՝ ուղղակի չեմ պատկերացնում»:

Դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանն էլ պատմեց, որ վաղը դասերը շարունակվելու են, պարզապես հարցը սուր, կտրուկ գործողությունների հասել է այն պատճառով, որ 2016-2017թթ. ուսումնական տարվա սկզբին իրենք բարձրաձայնել են այս մասին: Բաց նամակով դիմել են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ ներկայացնելով դպրոցին հուզող հարցերը: Ստացել են պատասխան, որ հիմնական դպրոցների վերանորոգման համար գումարներ չկան, լինելու դեպքում կանդրադառնան:

Արմեն Գրիգորյանը

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Արագածոտնի մարզպետը, քաղաքաշինության նախարարությունից ներկայացուցիչներ ամիսներ առաջ եկել են դպրոցում, տեսել են իրավիճակը, պայմանները, բայց գործը տեղից առաջ չի շարժվել:

«Մենք ստացանք խոստումներ, դեռևս 2016թ. հոկտեմբեր ամսին մեզ մարզպետարանից ասացին, որ հարցը լուծվել է, պետք է վերանորոգվեն դպրոցի երկու մասնաշենքներն էլ: 2016թ. պետք է կատարվեին դպրոցի նախագծահաշվարկային աշխատանքները, իսկ 2017թ.՝ բուն շինարարական աշխատանքները: Մենք սպասեցինք, նախագիծը 2016թ. չեղավ,  2017թ. արդեն հինգերորդ ամիսն է, որևէ շինարարական աշխատանք չենք տեսել»,-ասում է Ա. Գրիգորյանը:

Մինչդեռ Արմեն Գրիգորյանն ասաց, որ լրատվամիջոցներին, այդ թվում՝ «Հետքին» մարզպետարանից տեղեկացրել էին, որ պետական բյուջեի միջոցներով 2017թ. իրականացվելու է շինարարական աշխատանքներ: Դրանից հետո ծնողներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետին, քանի որ նրանք ևս անհանգստացած են իրենց երեխաների ուսման պայմաններով: Ստացել են պատասխան, որ 2018թ. մարզպետարանն իր միջնաժամկետ ծրագրերով նոր միայն կպատվիրի նախագիծ: Իսկ շինարարության մասին  խոսք չկա:

«Իրենք խնդրի կարևորությունը չեն էլ պատկերացնում: Մենք չենք ասում սեյսմիկ անվտանգության տեսանկյունից հարցը լուծվի, ասում ենք՝ դասասենյակ չկա, որ երեխան դաս անի: Ինֆորմատիկայի դասարան չկա, սպորտային դահլիճ չկա»,-հավելեց Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ ուսուցչական անձնակազմը միշտ ասել է, որ իրենք մատերի արանքով չի նայում աշակերտների ապագային և ավելի կտրուկ գործողությունների են դիմելու: Արմեն Գրիգորյանը նշեց, որ այսօրվա նախազգուշական գործադուլը այդ կտրուկ գործողությունների միայն մի մասն է, իսկ թե ինչ է լինելու հետո՝ կորոշի կոլեկտիվը և հույս ունեն, որ ամառային արձակուրդների 3 ամիսների ընթացքում պատկան մարմինները «մի բան կանեն»:

Դպրոցի մարզադահլիճի տարածքը, որը քանդվել է ու չի կառուցվել

«Այս դպրոցում որոկյալ կրթության մասին խոսելը անհեթեթություն է, քանի որ ինչքան էլ ջանք թափենք, եթե չունենք համակարգչային սենյակ, համակարգիչներ, գրքով, գրատախտակով չես կարող բացատրել երեխային, թե ինչպես ինֆորմատիկայի դասն ընկալի: Դասարանները պետք է կիսվեն, չեն կիսվում, որովհետև դասասենյակ չկա»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ուսուցիչը նշեց, որ իրենց բողոքի ակցիան որևէ մեկի դեմ ուղղված չէ, պարզապես այդ եղանակով փորձում են ուշադրություն հրավիրել: Ա. Գրիգորյանն ավելացրեց, որ մարզպետարանը, որպես պատկան մարմին պետք է պատասխանատվություն կրի իր տված խոստումների համար, սակայն մարզպետարանից որևէ մեկն այսօր չի եկել դպրոց, չի հանդիպել ուսուցչական անձնակազմի հետ:

Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից «Հետքին» պատասխանեցին, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է: Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է հրատապ ծրագրերում, ինչի մասին տեղյակ են նաև դպրոցում: Իսկ թե երբ կսկսվի շինարարական աշխատանքները՝ չեն կարող հստակ ասել:

Մեկնաբանություններ (1)

Նարե
Մեր դպրոցի կողքով, երբ անծանոթ աշակերտներ են անցնում ասում են՝ լու՞րջ էս դպրոց ա։Ուղղակի ամաչում եմ, որ մեր ուսուցիչների նման մասնագետներ պետք է այս «դպրոցում» դասավանդեն, ափսոսում եմ, որ իմ ավարտական միջոցառումը չպիտի տեղի ունենա այս ջերմ պատերի ներքո, դահլիճ և բեմ չունենալու պատճաով։ Ծանր եմ տանում այն փաստը, որ մեզանից հետո եկող սերունդը նույնիսկ ծանոթ չի լինի համակարգչին, որովհետև դպրոցին ծառայում է ընդամենը մի քանի համակարգիչ, որոնք ներկայումս գտնվում են պահեստում ինֆորմատիկայի դասարան չունենալու պատճառով։ Իսկ դպրոցում կտրուկ շարժումներն անել մեզ խստիվ արգելված է, քանզի քանդվելու վտանգը շատ մեծ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter