HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ամանից հաց ուտելն ու սկեսրայրի հետ չխոսելն ուրախ հիշողություն է 46 տարվա հարս Անիկի համար

Ծաղկավոր գլխաշորն ուղղելով՝ Անիկը կանգնել է թոնրատան երդիկի տակ: Մի քանի տարի է՝ թոնիրը չեն վառում, բայց Անիկի հիշողությունների թոնիրը չի հանգել: Այս թոնրի շուրջ  ժամանակին տան 7 հարսներով հաց էին թխում, կատակներ անում, բարձր ծիծաղում:

Անիկը 46 տարվա հարս է, ապրում է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում: Միայն վերջին տարիներին է սկսել խոսել սկեսրայրի հետ: Ասում է՝ ավանդույթ էր իրենց ընտանիքում, հարսն իրավունք չուներ խոսել ամուսնու հոր հետ: Հետո ավելացնում է, որ իր հերթին սկեսուրն էլ իր սկեսրայրի հետ մինչև վերջինիս մահանալն էդպես էլ չի խոսել: «Ադաթ է, ադաթ»,- սա ասելուց հետո ժպտում է: Անիկի սկեսրայրը թոնրատան բակում է, խոսում է տուն եկած հյուրերի հետ:

Անիկն ասում է՝ 62 տարեկան կին է, 46 տարվա հարս, բայց դեռ սկեսրայրի մոտ մի բաժակ ջուր խմած չկա, էլ ուր մնաց հաց ուտեր: Վույ, ասում է, ամոթ է, չի կարելի, ադաթ է: Թոնրատուն մտած փոքր հարսն էլ է նույնը կրկնում, թե իրենց ընտանիքում դրվածքն էդպիսին է: Դրան հետևում են նաև մյուս հարսները:

Ես նայում եմ հանգած թոնրին, Անիկի՝ արևից կարմրած դեմքին, ու մտածում, թե այդ ադաթներն ինչի համար են, որ մի ընտանիքում մեկը մյուսի հետ չկարողանա խոսել:

Անիկը նկատում է, որ մտքերի մեջ եմ, բացատրում է. «Կաստրուլկայով ճաշը գազի վրա դրած ա, բերանը խուփ ծածկած եփում ա, մեծ հաճույքով կուզիս իմանաս, թե ինչ է եփում: Բայց որ բացիս տեսնիս, որ լավ ճաշ չէ, արդեն հետաքրքրություն չի լինի: Այսինքն՝ որ չես խոսում, հարգված հարս ես, որ խոսես, ինչ ձևի էլ լինի, մի վատ բան կէնես»:

Անիկը 10-րդ դասարանում էր սովորում, երբ ամուսնացավ: 5 ամիս սկեսրայրենց տնից է դասի գնացել: 16 տարեկանում էլ առաջին երեխան է ունեցել: 3 աղջիկ ու մի տղա ունի, նրանք էլ, ասում է, ճյուղավորվել են, 10 թոռ ու 2 ծոռ ունի: «Աստված բոլորին պահի, էս երջանկությունն էլ բոլորին հասնի»,- ասում է՝ նայելով բաց երդիկից երևացող երկնքին:

Թոնրատունը 1960-ականներին են կառուցել: Սկեսրայրի հայրն է կառուցել: Հիմա էդպիսի թոնրատներ հազարից մեկ կգտնես, Ձորագյուղում մեկն էլ կա, բայց վերանորոգել են, գերանները սև-մուր չեն, ինչպես Անիկի ամուսնու հայրական տանը:

Սև-մրոտ գերաններով բրգաձև առաստաղին տեղ-տեղ դեղնավուն կլոր հետքեր են մնացել: Անիկն ասում է, որ հաց թխելիս երբ խմորի գունդ էին անում ու ալյուրով պատում, նետում էին դեպի առաստաղը, ինչից սպիտակ «կետեր» էին գոյանում: Ցույց է տալիս մուգ գույնի «կետերը», ասում է՝ դրանք ավելի հին են, իրենք են արել՝ մեծ հարսները, իսկ ավելի բաց գույն ունեցողները ջահել հարսների ձեռքի գործն է:

Հիմա թոնրատանն ապրում են սկեսուրն ու սկեսրայրը: Անիկին ասում եմ՝ բա էս երդիկը որ բացել եք, դժվար չէ՞ փակելը: Ցորենի կարմիր, մեծ սնդուկանման ամբարից, որ 1940-45 թթ. կահույք է, թել են ամրացրել, դրանով երդիկը բացում-փակում են շերտավարագույրի նման, դա էլ կարծես երդիկի հեռակառավարման թելն է: Անիկը թել քաշում է, երդիկը փակվում է: Մենք հետաքրքրությամբ նայում ենք:

Հիշում է, երբ հարս էր եկել, ամուսնու պապն էլ էր ողջ, սկեսրայրի եղբայրն էլ էր իրենց հետ ապրում՝ 46 շունչ էին մի ընտանիքում: «Մենք շատ համերաշխ ընտանիք ենք եղել, ոնց որ մեկ մարդ ապրեր էս տանը: Ինչքան շատ ընտանիքում հավաքվին իրար վրա, էդքան շնորհքը մեծ կլինի»,- ասում է ձորագյուղցի կինը:

Հիշում է, որ այն ժամանակ սկեսուրի սկեսուրը կար, ու սկեսուրն էլ իրենց հետ հարս էր, միասին գործ էին անում: 4 օրը մեկ լավաշ էին թխում. 1 պարկ ալյուրից 200 հատ մեծ լավաշ էր ստացվում:

«Ես կշաղեի, իմ տեգոր կնիկը կգրտնակեր, էն մյուսը վառելիք կբերեր… Սաղ հարսներն աշխատում էին»,- Անիկը թոնրի բերանը բացում է, նայում, հետո հոգոց հանում, թե ինչքան ուրախ օրեր են անցկացրել: «Կյանքն ուրախ էր, մենք էսպես նստինք նայինք, պիտի մեծը մեզի հաց դներ, մենք մեր ձեռով հաց չէինք ուտի, սոված մահանայինք, պիտի կիսուրիս կիսուրը հաց դներ, որ ուդինք: Էս իմ կիսուրն մեզի հետ հարս էր, որովհետև իրա կիսուրը կար»,- նորից բացատրում է Անիկը:

Հարսներն իրավունք ունեին իրենց համար սեղան դնել, հաց ուտել միայն այն դեպքում, երբ սկեսուրը տանը չէր լինում: Բայց նման դեպքեր շատ քիչ էին լինում:

«4 հարսով մի ամանի մեջ ենք հաց կերել, կուրախանայինք, գդալները շըխկ-շըխկ կխփեինք իրար, որ կուշտ ուտեինք,- նշում է 4 երեխաների մայրը՝ ավելացնելով,- կիսուրս ունի 11 երեխա՝ 7 տղա, 4 աղջիկ... Սարուխան, Իշխան, Տոլուխան, Բաբուխան, Մարգարիտ (հաշվում է մատների վրա- հեղ.)… Ես կիսուրիս 6-րդ էրեխու թայն եմ»:

21 տարի միասին ապրելուց հետո Անիկի ընտանիքն առանձնացել է, ամուսնու հայրական տան հարևանությամբ են ապրում: Բաժան ապրելը, ըստ հարսի, կապ չունի, իրենք դարձյալ մտերիմ, համերաշխ են:

Ասում է, որ 10 տարի Նովոսիբիրսկում է ապրել ամուսնու, տղայի հետ: Բացի Անիկի հարսից՝ մյուսները Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, Անիկը թոշակը ստանում է Ռուսաստանում: Ասում է, որ գնացին Ռուսաստան, էնտեղ ֆերմա էին բացել, խոզեր էին պահում, բայց տեղի կյանքին չհարմարվեց: «Որ նաֆար չունիս, չհարմարվիս էդ կյանքին»,- ասում է Անիկը:

Մեր զրույցի ժամանակ Անիկի հարսն է ներս մտնում:

«Արի, Մարիետա ջան, ինձնի կհարցնե, որ դու տունը չլինես, հարսդ իրավունք ունի՞ հաց լցնի… Իմ հարսը գալացող օրվանից ինքն է օբեսպեչիտ արե մեզի, հացն էլ լցրել, ճաշն էլ է եփել…»,- Մարիետան ժպտում է, Անիկը լիաթոք ծիծաղում է, ասում է՝ կցանկանա, որ բոլորի օջախներում էլ բոլոր հարսները լինեն իր հարսի պես: Իրենք հետևում են ավանդույթներին, բայցև չեն ցանկանում, որպեսզի նոր սերունդը ենթարկվի խիստ նահապատեկան բարքերին: Էն ժամանակ, ասում է, կյանքը հավասար էր, հիմա մեկը լորդի նման է ապրում, մյուսը՝ պակասության:

Ըստ Անիկի՝ մեր ժամանակներում մարդկանց կյանքը, կարծես, հետաքրքիր չէ: «Էն ժամանակ որ մի ռուբլի փող ընկներ մեր ձեռքը, կուրախանայինք, հիմի փողը շատացել է, պրոբլեմները շատացել են»,- ասում է զրուցակիցս:

Ընտանիքի ամրությունն ու երջանկությունը, ըստ 62-ամյա կնոջ, հագնվելուց և ուտելուց չեն. «Երջանիկ ես, երբ ունենում ես լավ ամուսին, լավ էրեխեք: Երբ քու կոլեկտիվը երջանիկ ա, դու էլ ես երջանիկ լինում, սեր, կապվածություն պիտի լինի»,- ասում է Անիկը:

Ընտանիքն ամուր պահելու բանալին զիջելու մեջ է, անսխալական մարդ չկա. սա Անիկի համոզմունքն է. «Եթե հարսս ինձ չներե, ես՝ հարսիս, տղես՝ ինձի, ես՝ տղայիս, երջանկություն չի լինի, երջանկությունն ընտանիքի ամուր կապն ա»:

Թոնրատանը դրված վառարանի մոտ ցածր աթոռին նստել է սկեսուրը:

Ընտանիքի ամրությունը նաև տան մեծերն են պահում՝ ըստ Անիկի: Ասում է՝ էն տունը, որտեղ մեծ չկա, նման է անհովիվ ոչխարի: Մեծի հանդեպ էլ պիտի հարգանք, պատիվ լինի: Հարսներն ասում են, որ չնայած սկեսուրն ու սկեսրայրն 90-ն անց են, բայց մինչև հիմա սեր, հարգանք կա միմյանց հանդեպ: Երբ պապն ու տատը նստում են կողք-կողքի, ջահելները կատակում են, թե «իրար սեր են բացատրում»:

Առաջին լուսանկարում՝ Անիկը (աջից)՝ տեգորկնոջ հետ 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter