HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան. «Դատախազությունն ավելի լավ կլինի բանասիրությամբ զբաղվի»

Ամալյա Մարգարյան

Այսօր առավոտյան գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է հրապարակել որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտված է, և գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ժիրայր Սեֆիլյանին վերագրող մեղադրանքի վերաբերյալ «Հետքը» զրուցեց պաշտպան Տիգրան Հայրապետյանի հետ, ով նշեց, որ մեղադրանքի լրացումների մասին մամուլից են իմացել:

«Նախաքննության ավարտից հետո դատախազության կողմից հիմնավորումներ են տրվում ու փորձում են քննությանն այլ ընթացք տալ և նորամուծություններ ներկայացնել, որոնք քրեական նյութի գործի հետ ընդհանրապես կապ չունեն»,- հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ապա ավելացրեց, որ դատախազությունն ու քննչական մարմինը «բաց ու լղոզված» տեղերը փորձում են ծածկել: «Սա ավելի շատ քաղաքական հայտարարության նման մի բան է, քան իրավաբանական փաստաթուղթ»,- հայտնեց Տ. Հայրապետյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների մեջ նշված է, որ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ: Այս մասին փաստաբան Հայրապետյանը նշեց. «Մեկ տարի ժամանակ կար, ինչո՞ւ չհայտնաբերեցիք ամբողջ խումբը, չի՞ հետաքրքում քննչական մարմնին, դատախազությանը: Եթե լիներ, կբացահայտվեր: Մեկ-երկու անձ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքն են տվել, այդ անձանց ցուցմունքները վերցրել, տարբեր տեսանկյուններից գրել են ու դրել են մեղադրանքի հիմքում»:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ այն մարդիկ, ում մոտ զենք է հայտաբերվել, չեն ձերբակալվել: «Քննչական մարմինը, ԱԱԾ-ն չեն կարողացել որևէ բան գտնել Ժիրայր Սեֆիլյանի դեմ, իսկ այն անձը, ով ցուցմունք է  տվել Սեֆիլյանի դեմ, շարունակել է մինչև վերջ գործը հասցնելը: Առերեսման ժամանակ, երբ քննիչը հնարավորություն տվեց Սեֆիլյանին հարց ուղղել, այդ անձը ասաց` ինչու հեղափոխությունը մինչև վերջ չհասցրիք, դուք մեզ խոստացել էիք: Ստացվում է, որ սա ստեղծված, ուղղորդված բան է և գործի նյութերով չի հիմնավորում»,- հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը:

Տիգրան Հայրապետյանը խոսեց նաև դատախազության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ հայտնաբերելու մասին: «Բնակարանում սոդա էին հայտնաբերել ու երկու փայտի կտոր և ասում էին, որ Սեֆիլյանն ուզում էր հեղափոխություն անել: Քննիչը դատարանում ասում է սպիտակ դրոշ է հայտնաբերվել, որպեսզի դատավորը հիմնավորվի դրա վրա ու կալանք կիրառի»,- հայտնեց փաստաբանը:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Ժիրայր Սեֆիլյանը պնդում է, որ քաղբանտարկյալ է: «Եթե մեղադրանքները հիմնավորվելը, ձևավորվելն այսպես պետք է շարունակվի, այդ դեպքում, դատախազություն պետք չի, սցենարիստներ են պետք: Կարևոր չեն գործի նյութերը: Դատախազությունն ավելի լավ կլինի բանասիրությամբ զբաղվի»,- խոսքն ամփոփեց պաշտպան Հայրապետյանը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա
Մեր տանն էլ սպիտակ դրոշի համար կտորեղեն կա, և սոդա... ալյուր, քացախ ... և լիքը փայտ ... ու դանակ (նաև գդալ ու ամենասարսափելին' պատառաքաղ): Ես էլ դեմ եմ ցանկացած բռնապետի և անարդարության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter