Շաբաթ, 22 սեպտեմբերի

Տիգրան Աթանեսյանի գրառումը փաստաբաների միջև վիճաբանության պատճառ էր, թե՞ առիթ. վիճաբանող կողմերի պարզաբանումները



Փաստաբանների միջև ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպից հետո հարուցված քրեական գործերի վարույթներն, ամենայն հավանականությամբ, կմիացվեն, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա լինի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հարուցված երկու գործերի նախաքննություններն առանձին վարույթներով են ընթանում, և երկու գործերով որպես տուժող ներգրավված փաստաբանները հինգն են:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում միջադեպ է տեղի ունեցել մի կողմում՝ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի և մյուս կողմում՝ փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի և Գևորգ Մկրտչյանի միջև: Միջադեպից հետո երկու կողմում կանգնածներն էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:

Մասնավորապես՝ Տիգրան Աթանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ իր աշխատասենյակում ինքն ու իր ընկեր Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել, և հարձրակվողները եղել են փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և Արսեն Հարությունյանը: Միջադեպի հետևանքով Արմեն Սողոմոնյանը վնասվածքներ է ստացել, ընդհուպ անհրաժաշտություն է առաջացել ճակատի հատվածում կար դնելու: Տիգրան Աթանեսյանի պնդմամբ էլ փաստաբան Վրեժ Խաչիկյանն, ով արելյան մարտարվեստի վարպետ է, փորձել է իրեն խեղդամահ անել: Հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ) քրեական գործ է հարուցվել, Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը ճանաչվել են տուժող:

Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաև փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանն ու Արսեն Հարությունյանն,  ու վերջիններիս հաղորդման հիման վրա ևս նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել ու նրանք տուժող են ճանաչվել: Ըստ այս գործով տուժող Արսեն Հարությունյանի՝ ինքը միջադեպի հետևանքով ծնոտի կոտրվածք է ստացել: Վերը նշված երկու քրեական գործի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Երեկ էլ, միջադեպից օրեր անց, ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության վերաբերյալ ևս մեկ հաղորդում է ներկայացվել Սիմոն Բաբայանի կողմից: Վերջինս կարծում է, որ Տիգրան Աթանեսյանը սուտ մատնություն է կատարել՝ լրատվամիջոցներից մեկին հայտնելով, թե իրեն 50 հազար դոլար գումար են առաջարկել «թեման փակելու համար»:

Նշենք, որ հոդվածում, որին հղում է կատարել Բաբայանը, Աթանեսյանը որևէ անձի անուն չի նշում:

«Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկները և գաղափարները տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են:»,- հոդվածում մեջբերված է Աթանեսյանի խոսքը:

Բաբայանը հաղորդմամբ պահանջում է, որպեսզի Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի ոչ միայն քրեական օրենսգրքի 333 հոդվածով (սուտ մատնություն),  այլ նաև182-րդ հոդվածների հատկանիշներով, որը վերաբերում է շորթմանը:

Բաբայանը լիովին տրամաբանական է համարում իր այն պնդումը, որ Տիգրան Աթանեսյանն իրենից կամ Աթանեսյանի հետ վիճաբանած այլ անձանցից նշված հրապարակմամբ անուղղակիորեն պահանջում է 50 հազար դոլար գումար՝ Բաբայանի գնահատմամբ, «բանսարկությունները դադարեցնելու համար»: Այսպիսով`ըստ Բաբայանի`Տիգրան Աթանեսյանը կատարում է շորթում՝ փորձելով այդ եղանակով կատարել հափշտակություն 50 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Չնայած հանգամանքին, որ Տիգրան Աթանեսյանը 50 հազար դոլարի վերաբերյալ իր խոսքում չի տվել կոնկրետ անձի անուն, Սիմոն Բաբայանի փաստաբան Հրանտ Անանյանը կարծում է, որ Աթանեսյանի խոսքից կարելի է ենթադրել, որ անձն, ով գումար է առաջարկել նրան, Բաբայանն է կամ նրա մերձավորներից մեկը:

«Հաղորդում տալու համար շատ բան պետք չէ հիմնավորել. եթե ինչ- որ բան իր մեջ  հանցագործության առերևույթ հատկանիշներ է պարունակում, ապա անձն իրավունք ունի այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին: Այսինքն`այնպես չէ, որ հաղորդում են տալիս միայն այն դեպքում, երբ առկա են անձին  որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը: Բնականաբար այդ հրապարակումներով, թեև ուղղակիորեն չի նշվում, բայց ինքնըստինքյան ենթադրվում է, որ դա պիտի լինի Սիմոն Բաբայանի կամ նրա մերձավորի նախաձեռնությունը»,- ասաց Հրանտ Անանյանը:

Ի՞նչ վերաբերում է շորթման հանցակազմին, ապա, ըստ Անանյանի,  Սիմոն Բաբայանը մտահոգություն ունի, որ Աթանեսյանն իրենից նման գումար է ակնկալում և անուղղակիորեն նման ձևով 50 հազար դոլար վճարելու պահանջ է ներկայացրել:

«Եթե ինչ-որ մեկն ապատեղեկատվություն է տարածում, որ իրեն ինչ-որ բանի համար 50 հազար դոլար գումար են առաջարկել, ու այդպիսի բան չի եղել, ապա  դիմացինը հասկանում է, որ գուցե այդ արարքը նպատակ է հետպնդում նման եղանակով ինչ- որ բան  հասկացնել, 50 հազար դոլար գումար վճարելու պահանջ ներկայացնել»,- ասաց Հրանտ Անանյանը`շեշտելով նաև, որ Սիմոն Բաբայանը շորթման մասով ներկա պահին մեղադրանք չի հնչեցնում Աթանեսյանի հասցեին, այլ ցանկանում է, որ քննություն կատարվի:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Բաբայանի կողմից Դատախազություն ուղարկված հաղորդմանը, նշեց, որ օբյեկտիվ քննության դեպքում Բաբայանի հաղորդումն իր դեմ կշրջի, և նրան մեղադրանք կառաջադրվի սուտ մատնության հոդվածով:

«Հարցի  իրավաբանական կողմի մասին խոսել չեմ ուզում, որովհետև դա պարզապես ծիծաղելի է: Չի կարող փաստաբանական դպրոցի տնօրենը քրեական իրավունքի նման կարգի անտեղյակություն ցուցաբերել: Սակայն ես այլ մտավախություն ունեմ. որ նա ամեն ինչ շատ լավ էլ հասկանում է, և սա արված է հանձնարարությամբ, այսինքն` գոյություն ունի պետական հովանավորչություն»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Վերջինս, հղում կատարել Քրեական օրենսգրքին, նշեց, որ շորթման հանցակազմի դեպքում պետք է անձի կողմից գումար ստանալու պահանջ լինի՝ որևէ մեկին արատավորող կամ նրա, մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ չհրապարակելու դիմաց: Այսպիսով`ըստ Աթանեսյանի`շորթման հանցակազմի մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ինչ վերաբերում է ակնհայտ սուտ մատնություն կատարելու հանցակազմին, Աթանեսյանն ընդգծեց, որ դրա համար պետք է կոնկրետ անձի մեղադրել կոնկրետ հանցագործության մեջ, որն ինքը չի արել: 

Նշենք, որ այսօր փաստաբան Արա Զաքարյանը ևս այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Աթանեսյանին նման առաջարկ է եղել և հայտնելով, որ ինքը 50 հազար դոլարի առաջարկի ժամանակ Աթանեսյանի հետ է եղել:

Փաստաբանների միջև միջադեպը քննարկման առիթ դարձավ նաև այն առումով, որ Բաբայանը Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է, իսկ խորհրդում, ի թիվս այլ հարցերի, քննվում է նաև փաստաբանի վարքագիծը, բացի այդ՝ Բաբայանը նաև Փաստաբանների դպրոցի տնօրենն է, որտեղ փաստաբաններին սովորեցնում են վարքագծի կանոնները: Այս դեպքում հարց է առաջանում, թե էթիկայի տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ սկանդալային միջադեպի առանցքում հայտնված Բաբայանը շարունակի Փաստաբանների դպրոցում և Խորհրդում իր լիազորությունները:

Բաբայանի փաստաբան Հրանտ Անանյանն այս առումով որևէ խնդիր չի տեսնում:

«Թե Սիմոն Բաբայանի վարքագիծն ինչպիսին է եղել, քննության փուլում է. որևէ հաստատված փաստ չկա` նրա վարքագիծն օրինական է եղել, թե ոչ օրինական»,- ասաց Անանյանը:

Ըստ փաստաբանի՝  Բաբայանը, թեև չի ժխտում, որ գնացել է Աթանեսյանի գրասենյակ ու այնտեղ վիճաբանություն է եղել, բայց  չի հաստատում, որ ինքը ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, հանցանք է գործել:

«Քննակումն այն մասին`Բաբայանը փաստաբանին ու մանկավարժին հարիր վարքագիծ է դրսևորել թե ոչ, անուղղակի փորձ է վարկաբեկել պարոն Բաբայանին: Երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, որ Բաբայանը հանցանք է գործել, այդ դեպքում միայն կարելի է քննարկման առարկա դարձնել՝ արդյոք նա կարո՞ղ է շարունակել լինել Պալատի խորհրդի անդամ ու Փաստաբանների դպրոցի տնօրեն, թե ոչ»,- դիրքորոշում հայտնեց Հրանտ Անանյանը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն, հակառակ կարծիքին է. «Իմ համոզմամբ՝ ցանկացած բարոյական մարդ, ում հետ նման միջադեպ է տեղի ունեցել, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե ամեն ինչ եղել է իր նկարագրած տարբերակով, պիտի հրաժարական տա. էլ չեմ ասում, որ իր նկարագրած տարբերակն իրականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Աթանեսյանի կարծիքով` եթե Բաբայանն իր գործողություններում ճիշտ եղած լիներ, ապա կհայտարարեր իր հրաժարականի կամ լիազորությունների ժամանակավոր կասեցման մասին, մինչև գործի քննության  ավարտը:

«Բայց նրանք միանգամից հայտարարեցին, որ իրենք ճիշտ են, պաշտոնից չեն հրաժարվելու, և այստեղ ևս իմ մեջ  համոզմունքն է ամրապնդվում, որ խոսքը պատվերի մասին է, և կան երաշխիքներ, որ իրենք հետ ամեն ինչ լավ կլինի, գուցե կա նաև պետական հովանավորչություն, որն առանց Արա Զոհրաբյանի չէր լինի»,- կարծիք հայտնեց Աթանեսյանը:

Երկու կողմերի պարազաբանումները միադեպի և դրա պատճառների վերաբերյալ

Ըստ Սիմոն Բաբայանի փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքում փաստաբանների փակ խմբերից մեկում, որտեղ շուրջ 400 փաստաբան է ներգրավված, հայհոյանքներ է հնչեցրել Սիմոն Բաբայանի ու նրա ընտանիքի հասցեին, վերջինս էլ գնացել է Աթանեսյանի գրասենյակ՝ պարզաբանում ստանալու:

«Սիմոն Բաբայանը չի զղջում որ գնացել է, բայց, համենայնդեպս, գնալու նպատակն այն չէր, որ ծեծկռտուք առաջանար»,- ասում է Հրանտ Անանյանը: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ ծեծկռտուքը, Անանյանը պատասխանեց, թե իրականում որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կարձագանքի, եթե իմանա, որ իր և ընտանիքի  վերաբերյալ հրապարակային վիրավորանքներ, հայհոյանքներ են հնչեցվել:

«Դա շատ ավելի վիրավորական է, քան, օրինակ, նմանատիպ հայհոյանքներ հնչեցնելը 4-5 հոգու ներկայությամբ: Ես չգիտեմ՝ այս պարագայում ի՞նչ պիտի աներ, որ չգնար ու անձամբ տեսներ: Ի՞նչ պիտի աներ Սիմոն Բաբայանը. լռեր թե՞նմանատիպ հայհոյանքներ գրեր ֆեյսբուքում` հաշվի չառնելով կին ու տղամարդ»,- ասաց Անանյանը:

Մեր հարցին՝ այսինքն՝ Բաբայանն Աթանեսյանի գրասենյակ գնալով՝ հայհոյե՞լ է նրան, Անանյանը պատասխանեց, որ հարցը կոնկրետ միջադեպի վերաբերյալ է, որն ինքը չի կարող հրապարակել:

Հարցին՝ եթե Բաբայանը պարզաբանում ստանալու էր գնում, ինչո՞ւ էր մի քանի անձանց հետ գնում, Անանյանը պատասխանեց, թե մի քանի հոգով գնալու իրավիճակը պատահական է ստացվել, և ամենևին պետք չէ մտածել՝ եթե  մի քանի հոգով են գնում, ուրեմն գնում են  ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու:

«Մարդիկ կարող էին գնալ, որ ավելորդություններ տեղի չունենային»,- ասաց Հրանտ Անանյանը:

Տիգրան Աթանեսյանը, սակայն, պնդում է, որ գրառումները, որոնք ինքն արել է ֆեյսբուքում, Բաբայանին չեն վերաբերել, դրանցում նրա անունը չի եղել:

«Եթե իրեն թվացել է, որ իրեն եմ վիրավորել, ապա առնվազն կարող էր ճշտել, և ոչ թե գալ և խուլիգանական հարձակում գործել: Ցանկացած խելացի մարդ էդպես էլ կաներ. նախ կճշտեր իրեն են վերաբերում գրառումները, թե ոչ»,- ասաց Աթանեսյանը:

Մեր դիտարկմանը, որ վիրավորական արտահայտություների մեջ օգտագործվել է նաև «դպրոցի դիրեկտոր» արտահայտությունը, իսկ Բաբայանը Փաստաբանների դպրոցի տնօրենն է, Աթանեսյանը պատասխանեց, որ դա չի վերաբերել Սիմոն Բաբայանին:

«Դա, ինչպես նկատեցիք, իմ ու Արթուրի գրագրություններ էր, և ես այս պահին չեմ ուզում բացել, թե ինչ էր նշանակում, հետո կբացեմ: Ես իր հետ ոչինչ չունեմ»,- նկատի ունենալով Սիմոն Բաբայանին՝ ասաց Տիգրան Աթանեսյանը:

Անդրադառնալով մյուս կողմի այն պնդմանը, թե իրենք վիճաբանելու համար չեն գնացել Աթանեսյանի գրասենյակ, վերջինս պնդում է, թե նրանք ստում են:

«Իրենք ուզում են խուսափել պատասխանատվությունից, և սուտ են ասում. իրենք եկել են ու առանց որևէ պատճառաբանության, խոսքի, բացատրության հարձակվել: Միանգամից սկսել են խփել ու հայհոյել: Մենք չենք հասցրել, որևէ քայլի դիմել. Վրեժ Խաչիկյանն ինձ փորձում էր խեղդել, իսկ Արմենին հետևից հարվածել են, հետո գլխին են հարվածել ընկել է, արնահոսել»,-  պնդում է Աթանեսյանն ու ընդգծում նաև, որ իրենց վրա հարձակում գործած 4 փաստաբաններն իր գրասենյակից ողջ ու առողջ են գնացել:

«Տեսանյութ կա. ես չգիտեմ՝ իրենք այդ վնասվածքները որտեղ են ստացել. երեք- չորս ժամ հետո գնացել ու բժշկական կենտրոն են դիմել: Մարդը ծնոտի կոտրվածքով չի կարող 3 ժամ հանգիստ ապրել, շրջել ու ցավ զղգալ, դրանք հնարքներ են»,- վստահ է Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը կարծում է, որ գրառումներն ընդամենը պատրվակ են եղել՝ կռվի համար:

«Առիթ էր՝ վաղուց կուտակված մաղձը թափելու համար, որովհետև բանավեճի տրամաբանությունից վաղուց արդեն դուրս են եկել իրենք. իրենք ոչինչ չունեն պատասխանելու մեր քննադատություներին ու փաստարկներին: Ամեն ինչ առաջացել է պալատի վերաբերյալ մեր քննադատութունից, և ես ներքին համոզմունք ունեմ, որ այս ամենը կազմակերպել է Արա Զոհրաբյանն, իսկ Սիմոն Բաբայանն ու մյուսները պարզապես գործիք են դարձել»,- խոսքը եզրափակեց Տիգրան Աթանեսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. LILIT14:57 - 5 մայիսի, 2017
Ներքին համոզմամբ կարող են ՞տատիկները՞ եզրահանգումներ անել՝ այսինքն 6--րդ զգայարանով կամ ինտուիտիվ, իսկ ՓԱՍՏԱԲԱՆԸ պետք է խոսի ՓԱՍՏԵՐՈՎ... Կարիք չկա պարոն Զոհրաբյանի անվանել կազմակերպիչ զուտ ՆԵՐՔԻՆ ՀԱՄՈԶՄԱՄԲ: Սա սուբյեկտվ կարծիք է Արա Զոհրաբյան կիրթ, գրագետ, ուղղամիտ փաստաբան է և ՄԵԾԱՏԱՌՈՎ հայ հայր....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ