HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Գծանշվում են Հայաստանի արշավային արահետները

Սկսեմ վերջից։

Կոտայքի մարզի Բուժական գյուղում ենք։ Դեպի Թեղենյաց վանք տանող արշավային արահետի գծանշումներն իրականացնելուց հետո վերադարձել ենք գյուղ՝ մեքենաները նստելու ու Երևան գալու համար։Դե պարզ է, որ  հենց գյուղում ենք դրել վանք տանող ճանապարհը ցույց տվող առաջին քարը՝ իր նշումներով։

Քարի մոտ կանգնած ենք։ Մի տարեց տղամարդ մոտեցավ։ Սկսվեց հարցուփորձը. «Էս ի՞նչ ա։ Պետականորե՞ն ա արվում»։ Մի քանի անգամ կրկնեց պետականորեն բառը, կամավորներն էլ՝ «Չէ, հայրիկ ջան, պետությունը կապ չունի, կամավոր է արվում»։

Համարյա արդարանալով մարդն ասում է. «Ուղղակի ճիշտ հասկացեք, մենք սենց բան չենք տեսել, որ մարդ իրա հաշվին էս անի, դրա համար եմ հա հարցնում»։Դե, քանի որ հարցը միայն բուժականցի պապիկին չի հետաքրքրում, օգնեմ հասկանալ՝ խոսքն ինչ նախաձեռնության մասին է։

2013 թվականին Լոս Անջելեում ստեղծվել է «Հայ լեռնագնացների ընկերակցություն»-ը (AHA), որի  հիմնական նպատակն է տեղի հայերի շրջանակում զարգացնել արշավելու մշակույթը։ Ժամանակի ընթացքում որոշվում է, որ փորձը կարելի է տարածել, և 2016 թվականից Հայաստանում սկսում է գործել ընկերակցության մասնաճյուղը ՝ «AHA Armenia»-ն։ Վերջինիս նախագահը Գևորգ Գասպարյանն է, իսկ «AHA Armenia»-ի նպատակն է մի քանի ուղղություններով բարելավել Հայաստանում արկածային զբոսաշրջության ենթակառուցվածքները:

Գևորգի, ծրագրի համակարգողների ու նրանց միացած կամավորների հետ միասին բարձրանում եմ դեպի Թեղենյաց վանք։ Գևորգը պատմում է. «Մեր հասարակական կազմակերպության գործունեությունը սկսեցինք մեր առաջ խնդիր դնելով՝ գծանշել Հայաստանի արշավային արահետները, որ զբոսաշրջիկները չմոլորվեն տարածքում։

Քանի որ լավ տեղյակ էինք Հայաստանի արահետների վիճակից, բաց քննարկում կազմակերպեցինք մյուս ընկերների, լեռնագնացների հետ, որոնք ոլորտում մեծ փորձ ունեն, ու որոշեցինք այն քառասուն ամենահայտնի արշավային արահետները, որոնք շատ են օգտագործվում և անհրաժեշտ է գծանշել։ Ցուրտ ձմեռվա պատճառով աշխատանքները մի քիչ դանդաղեցին, հիմա արված է աշխատանքի 30-40 տոկոսը, բայց մինչև մայիսի վերջ կավարտենք։ Մեզ համար շատ կաևոր էր, որ բոլոր արահետների դեպքում օգտագործվեր գծանշման նույն համակարգը։ Մինչև հիմա, եթե նույնիսկ փորձել են գծանշել, նույն տարածաշրջանում դա արվել է տարբեր ձևերով՝ մի տեղ ցուցանակ, մի տեղ նկարված պատկերներ և այլն։

Որոշեցինք գծանշման տեսակը, սկսեցինք հավաքագրել հետագծերի մասին մեր՝ արդեն ունեցած տեղեկությունը, իսկ որը չունեինք, նորից գնացինք, ստացանք ու սկսեցինք աշխատել։Աշխատանքներում բոլորս ներգրավված ենք կամավոր սկզբունքով։ Երբ մենք ընտրեցինք այդ քառասուն արահետը, հաշվարկեցինք՝ քանի ցուցանակ է պետք և որքան վառելիք է անհրաժեշտ նշված տեղերը հասնելու համար։ Ամերիկայի «AHA»-ն դրահամահավաք կազմակերպեց ու մեզ տրամադրեց այդ գումարը։ Մնացածը մեր ներդրումն է՝ մեքենաներ, աշխատուժ, նախապատրաստական աշխատանքներ, տեղեկության հավաքագրում»։

Ընտրված գծանշման համակարգի մասին ծրագրի համակարգողներից մեկը՝ Մարինեն, ավելացնում է. «Քանի որ ՀՀ-ում չկա գծանշման հատուկ ուղեցույց, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնելուց հետո ընտրեցինք ամենաարդյունավետ տարբերակը։ Որոշեցինք օգտագործել քարը, որի վրա էլ փակցնում ենք պլաստիկե շերտ այն պիտակներով, որոնց վրա նշված է արշավային արահետի ուղղությունը, վերջնակետը, հեռավորությունը վերջնակետից, արահետի տեսակը, այսինքն՝ ով և ինչպես կարող է անցնել՝ արշավորդ, հեծանվորդ, մեքենայով թե ձիով, եթե տվյալ տարածքում կա օձի հանդիպելու հավանականություն կամ տարածքում շատ մոծակներ կան, համապատասխան  պիտակով դա էլ է նշվում և, իհարկե, փակցվում է քարի հերթական համարը կրող կարմիր գույնի պիտակը, որի վրա նշվում է 911 հեռախոսահամարը։

Յուրաքանչյուր կետում վերցվում է տվյալ ցուցանակի համապատասխան կոդը, կոորդինատը, ամեն մեկն ունենում է իր նույնականացնող ինչ-որ տվյալ, որն էլ հետագայում նշվելու է քարտեզի վրա և տրամադրվելու է Արտակարգ իրավիճակաների նախարարությանը։ Այս դեպքում, եթե զբոսաշրջիկին ինչ-որ բան պատահի, նա հեշտությամբ կկարողանա փոխանցել իր կոորդինատները։  Հետագայում կլինեն նաև «QR» կոդեր, որոնք  հեռախոսի հավելվածի միջոցով հնարավոր կլինի սկան անել ու ավել տեղեկություն ստանալ տվյալ արահետի մասին»։ Համակարգողներից Նժդեհը շարունակեց. «Հիմա ինտերնետ կապն ամեն տեղ հասնաելի է. մի կողմից լավ է, մի կողմից ՝ ոչ, քանի որ «GPS» հնարավորություն բոլորի մոտ կա, ու շատ հաճախ, մարդիկ սխալ արահետներով գնում են, կորում, դրանք սեյվ են անում, շեյր են անում, բայց չեն նշում, որ դրա վրա կորել են, այսինքն՝ սխալ արահետ է։ Հետագայում զբոսաշրջիկները դրանց հետևում ու կորում են։ Նման դեպքեր շատ են եղել։ Շատ սխալ է նման բան անելը, հատկապես, եթե ճանապարհները գծանշված չեն լինում։ Առաջիկայում նաև առցանց հարթակ կունենանք, որտեղ ամբողջ տեղեկությունը կլինի ու մարդիկ «Barcode»-ով կկարողանան ամեն արահետի սկզբում ստանալ «GPS track»-ը»։

Այն հարցին՝ փաստորեն սա շարունակական աշխատանք է լինելու, բոլորը ծիծաղելով պատասխանեցին. «Մեր սարերն են, հա էլ էստեղ ենք, դժվար չէ ամեն անգամ մի բան ավելացնելը»։

Աշխատանքներն իրականացնելու համար ստացել են գրավոր համաձայնություն տարածքային կառավարման նախարարությունից, ինչպես նաև գծանշման ձևն ու արահետները համաձայնեցրել են զբոսաշրջության պետական կոմիտեի և բնապահպանության նախարարության հետ։ Կազամակերպինչները հանդիպում են նաև մարզպետների, գյուղապետների հետ։ Գևորգն ասում է. «Սովորաբար այն գյուղերը, որտեղ  զբոսաշրջիկները շատ են գնում, մարդիկ շփվել են հետները, շատ ուրախանում են ու գիտակցում են գծանշումների կարևորությունը, բայց շատ տեղերում էլ հարկ կա բացատրել այս ամենի անհրաժեշտությունը։ Եղել են դեպքեր, երբ վնասել են ցուցանակները։ Օրինակ՝ Սաղմոսավանքի արահետի վրա արված գծանշումներից մեկը պոկել էին, մի քանիսը՝ վնասել։ Այսինքն՝ անհրաժեշտ են նաև բացատրական աշխատանքներ, որ մարդիկ ընդունեն, որ դա իրենց միայն օգուտ է ու չվնասեն»։

Նախաձեռնության կարևորության ու օգտակարության վերաբերյալ դրական արձագանքները կազմակերպիչներին էլ ավելի են ոգեշնչում աշխատել։ Գևորգն ասում է. «Որոշ եվրոպական երկրներում կան ասոցացիաներ, որոնց մի բաժինը զբաղվում է լեռներում գտնվող կացարաններով ու արահետներով։ Որոշ երկրներ ունեն դրանց համար նախատեսված գումար, որը տրամադրվում է պետական  բյուջեից։ Մի քանի օր առաջ Ավստրիայում էի։ Այնտեղ նույնպես կամավոր սկզբունքով են անում գծանշումները։ Հայաստանում այս ոլորտում բաց կա։ Մենք փորձում ենք լրացնել։ Դրա համար էլ, իհարկե, շնորհակալ ենք մեզ միացող կամավորներին։ Շատերը մեզ նախապես են միանում, շատերն էլ հենց գյուղերում թողնում են իրենց աշխատանքը, ընկերական հավաքներն ու միանում մեզ»։


Թեղենյաց վանք տանող արշավային արահետը գծանշելու աշխատանքներին միացած կամավորներից մեկը Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանն էր։ Երբ արդեն գծանշումներն արված էին, իսկ մենք վանքի մոտ նստած հանգստանում էինք, պարոն էդիլյանը օրվա տպավորությունները պատմեց. «Այսօր պիտակ կպցրեցի, փորեցի, փորելու սարքին մասնագիտացա։ Շատ հավես, կարևոր ու օգտակար ծրագիր է։ Ինձ ամենաշատը մտահոգում է մեր ոչ հոգատար վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, իսկ սա հոգատարության ինչ-որ դրսևորում է, ու այն մարդիկ, որոնք անցնելու են այս արահետով, տեսնելու ու  մտածելու են, որ իրենց մասին հոգ ա տարվել, ջանք ա դրվել իրենց օգնելու համար։ Եղել է, որ իմ ընկերնեից եկել են էստեղ, ճանապարհները շփոթել են, իսկ էս գծանշումները կօգնեն մարդկանց ճիշտ գտնել։ Հետո ավելի շատ ուրախացա որ էս խումբը ճանապարհին քայլելիս կողքի աղբն էր հավաքում։ Սա միայն գծանշում չէ, սա հենց հոգ տանել է մեր բնության, մեր արժեքների մասին»։

Թեղենյաց վանքից վերադարձանք Բուժական։ Երեխաները ֆուտբոլ էին խաղում, իսկ մեծահասակները փորձում էին պարզել՝ ովքեր էին գյուղում պտտվող շշուկների համաձայն ճանապարհին ինչ-որ քարեր տեղադրող մարդիկ։

Դե ինչ, ևս մեկ արշավային արահետ արդեն գծանշված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter