HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվրոպական դատարանը երկրորդ վճիռը կայացրեց Սիլվա Ասատրյանի գործով

Ապրիլի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երկրորդ վճիռը կայացրեց Սիլվա Ասատրյանի գործով: Ս· Ասատրյանի դատապաշտպաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսսա Պետրոսյանը 2009 թ·-ին Եվրոպական դատարան ներկայացրած բողոքով հայտնել էին, որ վերաքննիչ քրեական դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել իրենց պաշտպանյալին՝ դատավճռի հիմքում դնելով դատաքննության ժամանակ չհետազոտված ապացույցներ եւ չհարցաքննված վկաների ցուցմունքներ, նրա վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ է տրվել եւ կիրառվել:

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ վերաքննիչ դատարանը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի խախտում է թույլ տվել գործով չհետազոտված ապացույցները դնելով Ս· Ասատրյանի մեղադրանքի հիմքում: Արձանագրել է, որ դատարանում չհետազոտված ապացույցները չեն կարող մեղադրանքի հիմքում դրվել: Անձը, ում դեմ ցուցմունք են տվել՝ պետք է հնարավորություն ունենա նրանց հարցեր առաջադրելու դատարանում:

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 2700 եվրո բարոյական վնասի փոխհատուցում վճարել Ս· Ասատրյանին եւ 1700 եվրոյի չափով փոխհատուցել դատական ծախսերը:

ՄԻԵԴ վճիռն ուժի մեջ կմտնի 3 ամսից:  «Վճիռը մեզ հնավորություն է տալիս այս գործով վերանայման վարույթ սկսելու, եթե Հայաստանի կառավարությունը չբողոքարկի: Ուժի մեջ մտնելուց հետո կրկին կդիմենք Վճռաբեկ դատարան՝ գործի վերանայման վարույթ սկսելու պահանջով»,- հայտնեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:


   Կարեն Մեժլումյանը կնոջ՝ Ինեսսա Պետրոսյանի հետ

Սիլվա Ասատրյանը ձերբակալվեց 2005 թ.-ի սեպտեմբերի 23-ին, նախկին ԱԺ պատգամավոր, արդեն հանգուցյալ Մելիք Գասպարյանի դեմ ահաբեկչություն կազմակերպելու համար եւ երկու տարի անց, 2007 թ. հոկտեմբերի 12-ին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նա իրեն մեղավոր չճանաչեց եւ իր խախտված իրավունքների վերաբերյալ բողոքով դիմեց Եվրադատարան:

«Վկաներին առաջին ատյանի դատարանը չհրավիրեց հարցաքննելու, նրանց ցուցմունքները չհրապարակեց եւ որպես ապացույց չհետազոտեց: Հետո դատավճռում կարդում ենք, որ մեղադրանքը հիմնավորելու հիմքում դրված են այդ ապացույցները: Դրանցով էլ չէր հիմնավորվի նրա մեղքը, բայց քանի որ դատարանը դրանք չէր հետազոտել դատաքննության ընթացքում, ուրեմն չէր էլ կարող որպես ապացույց օգտագործել»,- նշում է Կ· Մեժլումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ հիմնավորելով, որ գործի հիմքում անընդունելի ապացույցներ են դրված: Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը չքննեց բողոքը:

2009 թ·-ին փաստաբանները միաժամանակ բողոք էին ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ) եւ Եվրոպական դատարան: ՍԴ-ն 4 անգամ Սիլվա Ասատրյանի գործով հակասահմանադրական է ճանաչել վերաքննիչ դատարանի դատավճիռը, սակայն դատական իշխանության բարձրագույն մարմինը չէր կատարում ՍԴ-ի որոշումները՝ մերժում էր գործը վերաբացելու մասին փաստաբանների պահանջը:

«Դիմում էինք ՎՃռաբեկ դատարան՝ վերանայման վարույթ սկսելու պահանջով, սակայն մերժում էին: Վճռաբեկ դատարանը վերադարձնում էր բողոքը հակասահմանադրական նորմի կիրառմամբ, ՍԴ-ի որոշումից հետո անգամ վճռաբեկ բողոքը վարույթ չէր ընդունվում: Ի վերջո վարույթ սկսեցին, վերանայեցին եւ մերժեցին՝ ասելով, որ ապացույցները պատշաճ ընթացակարգի արդյունքում են գնահատվել եւ դրվել դատական ակտի հիմքում: ՍԴ-ի որոշումը, որով բավարարվել էր Ս· Ասատրյանի դիմումը, նույնպես կցեցինք Եվրոպական դատարան ուղարկված բողոքին»,- ասում է Կ· Մեժլումյանը:

ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով նրա դեմ մահափորձ կատարելու համար Սիլվա Ասատրյանին ձերբակալելուց երեք տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրեց նրա որդուն՝ 19-ամյա Վարուժան Գյուրջինյանին: Վերջինիս 9 ամիս կալանքի տակ պահելուց եւ 10 հատոր քրեական գործ քննելուց հետո դատախազությունը չկարողացավ ապացուցել նրա հանցավորությունը:  Մեր հրապարակումից հետո, որով հիմնավորել էինք Վ· Գյուրջինյանի անմեղությունը, դատախազությունը նրան ազատ արձակեց:

Երկու տարի հետո կրկին «բացահայտելով» գործը՝ դատախազությունն ահաբեկչության պատվիրատու ներկայացրեց Ս· Ասատրյանին: Վերաքննիչ դատարանը Ս· Ասատրյանի մեղադրանքի հիմքում դրել էր այն անձանց հարցաքննությունները, որոնք տրվել էին 2001 թ·-ին նրա որդուն ձերբակալելու ժամանակ:

Սիլվա Ասատրյանը Եվրոպական դատարան առաջին բողոքը ներկայացրել էր 2005 թ.-ին՝ իրեն 19 ժամ առանց դատարանի որոշման կալանքի տակ պահելու համար: Նրա  դատապաշտպանները 2005 թ. նոյեմբերի 23-ին վերաքննիչ քրեական դատարանում վիճարկում էին Ս· Ասատրյանի նախնական կալանքի որոշումը: Այդ օրը ժամը 6-ին լրանում էր նրա երկամսյա կալանքի ժամկետը, իսկ դատարանը կալանքը երկարաձգելու որոշում չէր կայացրել: Դատարանը միայն հաջորդ օրը որոշում կայացրեց` երկարաձգելով կալանքի ժամկետը, որի արդյունքում մեղադրյալը 19 ժամ կալանքի տակ մնաց առանց դատարանի որոշման:

ՄԻԵԴ-ը Հայաստանի քաղաքացի Սիլվա Ասատրյանի բողոքի հիման վրա 2010 թ· փետրվարի 9-ին կայացրած վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի  խախտում (անձին անձնական անձեռնմխելիության իրավունքից զրկելը): Այս վճռով Հայաստանի Հանրապետությունը Ս· Ասատրյանին 2500 եվրո փոխհատուցում վճարեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter