HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Լևոն Մնացականյան․ «Մոտ ժամանակներս պատերազմի հավանականությունը բացառվում է»

«1994թ․ մինչ այսօր պատերազմի վտանգ միշտ էլ կա ու պետք է պատրաստ լինենք ավելի վատ ու բարդ իրավիճակներին։ Բանակն էլ, ըստ իս, նախատեսված է հենց պատերազմները կանխելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։ Նախարարի կարծիքով՝ հակառակորդը չի հրաժարվել իր մտադրություններից և չի ուզում հարցերը լուծել քաղաքական հարթակում։ Առաջին հերթին նա ձգտում է իր հարցերը լուծել ռազմական ճանապարհով, և մենք էլ պետք է դրան միշտ պատրաստ լինենք։

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսվելու հավանականությանը Լ․Մնացականյանն ասաց․ «Ապրիլից հետո ունեցանք այս տարվա փետրվարի 24-25-ի դիվերսիոն գործողությունները, որից հետո հակառակորդը հասկացավ, որ անհնար է խոսել ուժի լեզվով։ Այդ ժամանակահատվածում նորից էր լարվածությունը աճել առաջնագծում ու հնարավոր էր լոկալ ընդհարումից վերածվեր ավելի լայնամասշտաբ մարտական գործողությունների։ Նման միջադեպերի կրկնությունից մենք երաշխավորված չենք»։

Նախարարը վստահեցրեց, որ հետևում են հակառակորդի բոլոր տեղաշարժերին, ու կարող են ասել, որ մոտ ժամանակներս պատերազմի հավանականությունը բացառվում է, բայց չի կարելի ընդհանրապես բացառել պատերազմի հավանականությունը։ Ապրիլից հետո շարունակվում է սպառազինության համալրումը և առաջնագծի կահավորման աշխատանքները։ Ըստ Լ․Մնացականյանի՝ հաշվի են առնվում երեկվա պատերազմը և պատրաստվում են վաղվա պատերազմներին։ «Մենք պետք է միշտ կատարելագործվենք ու երբեք կանգ չառնենք։ Բայց դեռ անելիքներ ունենք»,-ասաց նա։

Առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհերի մեծ մասը դիպուկահարի գնդակից են։ Այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվել են և այսօր արդեն որոշ դիրքեր կահավորված են հատուկ հակադիպուկահարային համակարգերով։ Նախարարը վստահեցրեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ավելի մեծ արդյունավետության կհասնեն հակադիպուկահարային կահավորանքի հարցում։ «Ցավոք սրտի անձնական անփութության և անզգուշության պատճառով պատահում են դեպքեր, երբ զինվորները հայտնվում են հակառակորդի խոցման դաշտում ու ունենում ենք զոհեր։ Բայց հակառակորդի և ոչ մի քայլ անպատասխան չի մնում»,-ասաց նա։

Վերջում էլ, անդրադառնալով զինծառայողների համար նախատեսված սոցիալական ծրագրերին, նախարարն ասաց, որ առաջնային հարցը մնում է բնակարանների տրամադրումը։ Վերջերս Մարտունի քաղաքում շուրջ 70 զինծառայողների ու թոշակառու զինվորականների ապահովել են բնակարաններով։ Ընթացքի մեջ են տասնյակ բնակարաների շինարարական աշխատանքները Ստեփանակերտում, Մարտունիում և Հադրութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter