HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բեռլինը գրավելուց հետո մի կուշտ հաց կերանք»,- ասում է Ռայխստագի մոտ պարած 92- ամյա պապը

Հրաչիկ պապը 1945 թ. մայիսին Ռայսխտագի մոտ քոչարի պարողներից մեկն է: Պատերազմի 92-ամյա վետերանը պատմում է, որ Բեռլին են մտել 1945-ի մայիսի 2-ին, բայց «նեմեցները» չէին հանձնվում ու միայն մայիսի 9-ին (Բեռլինի ժամանակով՝ ամսի 8-ին) զինաթափ եղան: «Բեռլինը գրավելուց հետո մի կուշտ հաց կերանք, մինչև էդ սոված օրեր էինք անցկացնում»,- պատմում է պապը:

Պատերազմի տարիները պապի հիշողություններում թարմ են, ինչպես հողն անձրևից հետո: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից է: Ընտանիքում 5 երեխա էին՝ երկու աղջիկ և երեք տղա: Տղաներից ավագն ինքն էր: 10-րդ դասարան գնալու համար 150 ռուբլի էին ուզել, մայրը չէր կարողացել վճարել: Դրա համար էլ, պապի ասելով, իրեն «ֆրոնտ» տարան: Հայրն էլ արդեն ռազմաճակատում էր, բայց երկուսով չհանդիպեցին իրար: Հայրն իրենից շուտ վերադարձավ:

«1944 թվի դեկտեմբերին ինձ տարան ֆրոնտ, 4-րդ դիվիզիայում էի, որ Ժուկովն էր ղեկավարել, 137-րդ հրետանային բրիգադի 152 մմ-ոց հրանոթների վրա էինք աշխատում, հասել ենք մինչև Բեռլին»,- նշում է պապը: Բեռլին մտնելուց հետո այնտեղ մնացել են 6 ամիս: Այդ ժամանակ, ասում է, իրենց զգուշացրել էին, որ հրաժարվեն գերմանացիների հյուրասիրած օղուց ու սննդից, որովհետև հնարավոր է թունավորված լինեին:

«Նեմեցները շատ մարդիկներ թունավորեցին, եկան մեզ զգուշացրին: 1915-ի ծնվածներ էին, որ պիտի ազատվեին, գնային, բայց Բեռլինի մեջն էնտեղի աղջիկները արաղ էին տվել, արաղ խմած էին, մեկ էլ խաբար արած էին, ելանք, գնացինք, աչքները դուրս էին ընկել, երկուսը մահացել էին... Դրա համար շատ ժամանակ սոված էինք մնում, մեզ ասած էին, որ նեմեցական բաներ չուտենք»,- հիշում է պապը:

«Շենքեր էին վառում, բլում, մենք դրանց միջով անցնում էինք... Մարդ կար, շատ ոսկիներ էր վերցրել էնտեղից, ես երեխա էի, չէի ֆայմում... Անտեր, անտիրական տներ էին, ինչ ուզում, վերցնում էին... Մի հատ սիրտ կուլոն էլ ես էի վերցրել, բերեցի, հերս տվեց 200 կգ կարտոլ վերցրեց»,- պատմում է նա:

1946 թ. ապրիլի 1-ին պապը վերադարձել է Հայաստան: Վերադառնալուց հետո էլ սոված օրերը շարունակվել են: Պատմում է, որ մայրը հազար տեղից կարկատան էր արել շալվարը, պատահել է՝ օրերով հաց չեն ունեցել, ձյութ են ծամել:

Ռազմաճակատից գալուց 4 տարի անց ամուսնացել է, 5 երեխա է ունեցել: «Աշխատեցի լուսերու կանտրոլումը 12 տարի , 12 տարի էլ նասոսնի եմ աշխատել, ջուր էինք կաչատ անում, որ դաշտերը ջրեն»,- ասում է Հրաչիկ պապը: Երեխաներից երկուսն Ուկրաինայում են ապրում, մյուսները՝ Հայաստանում: 78-ամյա Ելենա տատը պապի երրորդ կինն է: Առաջին կինը մահացել է 1980 թվականին:

«Իմ տղեն մեքենա ունի, ես էի ստացել, իրեն տվի: Կէրթայինք, կֆռայինք ռայոններում: Մեկը կար, երեխա ուներ, էն մեկն էլ չէր ուզում ամուսնանար ինձ հետ, կար որ ջահել էր, չէր ուզում: Ինքն էլ լավ աղջիկ էր (նկատի ունի Ելենա տատին- հեղ.), գործարան կաշխատեր, ասին մի քիչ թոփալ ա, կաղում ա, մանկությունից տենց ա ծնվել, գեղեցիկ աղջիկ էր, առա: 83-ին ամուսնացա»,-պատմում է պապը:

Տատը, որ մեր ամբողջ զրույցին գրեթե չէր միջամտում, այս կետին հասնելուց միանգամից ընդհատում է պապին, թե բա երկրորդ կնիկդ ի՞նչ է եղել: Պապը թե՝ վըր մի կնի՞կ, տատը կրկնում է՝ երկրորդ, երկրորդ: Սովի, պատերազմի մասին հիշողությունները, դառնությունը պապի դեմքից մի վայրկյանում անհետանում են:

«Մեկ հատ կար, էս մեր ռայոնից էր, առա, աշխատանքից կգայի, կըսեի՝ ճաշ եփե՞լ ես, կասեր՝ ըշտա (իշտահ, ախորժակ- հեղ.) չկա ճաշ եփելու: Խելքից պակաս էր, ասի՝ գնա: Ինն ամիս պահի»,- ասում է պապը: Ելենա տատը ժպտում է:

Հրաչիկ պապն իր երրորդ կնոջից գոհ է, ասում է, որ եթե «պրոդուկտ» է բերում, տատը լավ ճաշեր է պատարստում: Տատն էլ ավելացնում է, որ ամեն կիրակի պապը Մարտունու շուկա է գնում, առևտուր է անում, գալիս: «Խաց կէղնի՝ խաց կուտինք, խամ էղնի՝ խամ կուտինք»,- բնորոշում է պապը: Նրա թոշակը 50.000 դրամ է, տատինը՝ 34.000: Վերջինս ասում է, որ պապը բարեգործ է՝ ունեցած փողից բաժանում է ոչ միայն դժվար ապրող զավակներին, այլև գյուղացիներին:

Ամուսիններով աշխատում են տնամերձ այգում՝ կարտոֆիլ, կաղամբ են աճեցնում: Պապն ասում է. «Ես կփորիմ, տատը կտնկա կարտոլներ»: Մեր հանդիպումից առաջ հասցրել էր կատոֆիլ փոխանակել Դիլիջանից բերված վառելափայտի հետ, որ շարված էր բակում:

Պապը 15 թոռ ունի: Ասում է՝ մկա (հիմա, այժմ) կցանկանա, որ իր երեխաները, թոռները փորձանքի չհանդիպեն: «Ես ու պառավս ուտինք, խմինք, դոլար-մոլար որ բերին, ապրինք»,- սա ասելուն պես Հրաչիկ պապը բարձր ծիծաղում է, վառարանի մոտ նստած Ելենա տատն էլ չի կարողանում զսպել ծիծաղը: Տատն ասում է, թե ինքը չի խմում, բայց պապն օգտագործում է: Պապն էլ պնդում է, թե տատն էլ է իր հետ մի բաժակ խմում:

«Եթե իմ պառավ ինձ չսիրա, չհարգա, կասիմ՝ թող գնա»,- շեշտում է 92-ամյա պապը՝ ավելացնելով, թե ընտանիքն ամուր է, երբ սեր է լինում: Կյանքում, ասում է, պիտի աշխատես, աչք չնդես հարևանիդ ունեցածին, որ աշխատես, դու էլ կունենաս:

Հրաչիկ պապի համոզմամբ՝ սերունդը չի փոխվել: Այդ մասին խոսելիս նա հոնքերը կիտում է, դեմքը մթնում է. « Որ չեն ասում սերունդը փոխվել ա... Լոդր, պարազիտ մարդու մոտ պարազիտ երեխա կծնվի, խելոք մարդու մոտ՝ խելոք, լավ դաստիարակված»:

«Էն արաղը հանի, ինձ լավություն արեք, մի բաժակ խմեք, այ կնիկ, սեղան դիր»,- պապը ելնում է տեղից, Ելենա տատը հետևում է նրան: Մենք հրաժարվում ենք հյուրասիրությունից, տանտերերը նեղանում են, թե բա ոնց կլինի, հասել ենք իրենց տուն, հաց չկտրենք: Ասում ենք՝ մի ուրիշ անգամ:

Դարպասի մոտ պապի «սուրբն» է՝ «Նարեկը»: Փոքր աղոթատեղի է: 1829-30-ին Ալաշկերտից գաղթելուց հետո բերել են պապի նախնիները: Պապն ասում է՝ էստեղ արած աղոթքն իրականանում է: «Ես քեզ ասիմ, էդ տերտերնուն չեմ սիրում, բայց վերևներում աստված կա… Արածդ բերում ա քո դեմ»,- արդեն բակում ասում է պապը:

Ելենա տատը կանչում է ինձ, թե բա մոմ վառեք «Նարեկում», անպայման վառեք:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter