HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ինտրիգային սեռը»՝ «անպաշտպան մարմնում»․ զրույց Թեքգյոզյանի հետ

Երբ ժամանակին գրում էի Հովհաննես Թեքգյոզյանի կամ նրա տեքստերի մասին, մեծ ուրախությամբ ու մի տեսակ բացառիկության իրավունքով նշում էի, որ նա ամենուր էոնց որ Երեւանն իրենը լիներ, ինքը՝ Երեւանինը։ Մեկ-մեկ կատակում էի նաեւ, որ ինքն այնքան «շատ» է, որ ինձ թվում է՝ միաժամանակ մի քանի տեղում է։ Ու սրանից մեկուկես տարի առաջ մի կիսամութ փաբում Հովհաննես Թեքգյոզյանին հրաժեշտ էինք տալիս։ Մեծ ցավ էի զգում, որ նա հեռանալու է, բայց միեւույն ժամանակ մտածում էի, որ տեխնոլոգիական մեր ժամանակներում ամեն րոպե կարող եմ իմանալ՝ ինչպես է, ինչ է անում, ուր է հասել։ Պարզվեց՝ տեխնոլոգիան անզոր է, երբ ստեղծողն իրեն «որոշակի» եւ «նպատակաուղղված» կտրում է միջավայրից։

Թեքգյոզյանը գնաց։ Հիմա Ֆրանսիայում է՝ Ստրասբուրգում։ Միանում է էկրանը՝ կողքին ֆրանսերենով նշումներ են, պատրաստվում է առաջիկա շաբաթվա քննություններին։ Ասում է՝ սպասիր, մինչեւ զրուցելը ֆրանսերենով քեզ համար մանիֆեստս կարդամ ու կարդում է, թարգմանում ամեն տողը, թե ամեն ինչից առաջ, ամեն ինչի արանքում խաղաղությունն է, որ պետք է լինի։ Հետո կորչում են մեր երկուսի պատկերները, ու սկսվում է զրույցը։

«Հաղորդագրություն եկավ` քաղաքը փախչում է, լոզոտ շուրթերի արանքում մարդը փախչում է»․․․ Մեկ էլ մի օր, մի փաբում հրաժեշտի երեկո եղավ, ու դու մեկնեցիր։ Արդեն մեկուկես տարուց ավելի է՝ էլ քաղաքում չես։ Անուննդ էլ փոխվեց՝ Jean-Chat (Ժան- ՇԱ)․․․

․․․Երևի, չէ հաստատ անխուսափելի բաներ, նույնիսկ չգիտեմ ինչեր կան գրելու մեջ, ու գալիս է մի պահ, որ հասկանում ես էն, ինչը դու գիտեիր շատ վաղուց։ Հիմա էս ամեն ինչն ասացի, ու աչքիս միանգամից Սեն-Դենիի կտրված գլուխը երևաց՝ հենց Սեն-Դենիի ձեռքերի մեջ՝ երկրորդ դարի Փարիզի փողոցներով շրջելիս։

Փաստացի գրածդ երբեմն դառնում է քեզնից կտրված մի «գլուխ», որն ակամայից սկսում է քեզ առաջնորդել։ Նույնը պատահեց «Փախչող քաղաքի» հետ։ Չգիտեմ՝ ես ինչ կգրեմ այսուհետ ու ամենակարևորը՝ ինչ լեզվով, բայց «Փախչող քաղաքը» դարձավ ուղենշային՝ ստիպելով իլուստրացնել էն, ինչը գրել ու չէի նկատել։

«․․․Բայց ամառը երկուսին էլ հիշեցրեց, որ իրենք ապրում են ՓԱԽԱԾ քաղաքում, որտեղ շենքերից բացի, ուրիշ ոչինչ չկա։ Ու երկուսն էլ հասկացան, որ էլ երբեք իրար չեն տեսնի»։ Անգիր եմ հիշում վեպի վերջին այս նախադասությունը։

Երբ արդեն մեկնեցիր, միայն շենքե՞րն էին մնացել այս իմաստով, թե՞ զգայական մակարդակում հասկացար, որ մի բան իսկապես կոտրվեց, անհետացավ։

Կոտրվեց, անհետացավ ավելի ուշ, երբ արդեն մեկնել էի, չնայած ամբողջական երևի չէր եղել։ Հենց էդ էր պատճառը․ հիմա, որ հետ եմ նայում, տեսնում եմ, որ ինձ համար ուղենշային դարձավ տաքուկ անկյունից զրկվելն ու «բագաժից» ազատվելը։ Էնքան տարօրինակ բան կատարվեց։ Ուղղակի մի դետալ նշեմ․ Ֆրանսիա գալուց հետո ես երբեմն-երբեմն փորձում էի իմ անունը «Google»-ում փնտրել։ Սկզբում զարմանքով, հետո սարսափով տեսնում էի, թե ես (անունս) ոնց եմ կորչում վերջին շրջանի նորությունների էջերից։ Հետո, երբ ժամանակային մի հատվածում (իմ կարծիքով մեծ ժամանակահատվածում) իսպառ ջնջվեցի՝ անասելի թեթևություն զգացի։

Ու հենց էդ պահին որոշեցի նոր անուն ունենալ, որովհետև հեռանալով շատ երևույթներ ավելի խոշորացված տեսա, երևի էդ էլ փախուստի մի տեսակ էր, բայց ասեմ, որ վերջին շրջանում «զրո», «առանց մասնագիտության» լինելն ինձ հաճույք է պատճառում։

Այդտեղ շարունակում ես կրթությունդ, արդեն տեսա, որ ֆրանսերենով նույնիսկ մանիֆեստներ գրելու փորձ ես անում։ Այսինքն լեզու՞ն ես քեզ բերում, ոչ թե դու ես հեռանում քեզնից։

Լեզուն ավելի հեշտ է դեպի ինձ գալիս, քանի որ (էլի վերջերս զգացի դա) ֆրանսերենով գրված ամեն ինչ որպես տեքստ եմ ընկալում։ Բացի դա անվերջ ուղղվելու հնարավորություն ունեմ։ Ֆրանսերենը պաշտպանիչ թաղանթ դարձավ ինձ համար․ էն, ինչի մասին չէի ուզում մտածել կամ էն, ինչը ինձ հունից հանում էր, սկսեցի ֆրանսերենով «փակել»։ Փոխարենը բացվեց բառերի հետ խոսելու, ոչ թե բառերից կախված լինելու կամ ծաղրելու մի կարողություն, որը սկսեց ներդաշնակել էն հնչյուններին, որոնք վաղուց ուզում էի «արտահայտել»։

Միջավայրային փոփոխությունը տեքստի վերածելու հնարավորությունը ո՞ր լեզվով է տրվում այս դեպքում։

Դեռ երկուսի արանքում եմ, դա էլ է անսովոր․ մեկը քնում է մյուսի հաշվին, բայց պրոգրեսիվը, այնուամենայնիվ, ֆրանսերենն է, շատ եմ վախենում էդ լեզվով գրելուց, բայց ամեն անգամ երբ ինչ-որ բան եմ գրում, զարմանում եմ հեշտության ու հարազատության վրա՝ չհաշված, որ կան բառեր, որոնց ակամայից սիրահարվում եմ, ու, իմաստը չի պատճառը, երևի որ սկսեցի հենց էդ ոճով գրել՝ նախընտրած բառերի՝ անկախ իմաստից։

Անհանգստությունները, որոնք ունեիր այստեղ՝ կապված միջավայրի, թատրոնի զարգացման եւ առհասարակ զարգացման, այդտեղ ինչպե՞ս են ձեւափոխվել։ Կամ արդյո՞ք դեռ կան․․․

Չէ, չկան․․․ Կոնկրոտ թատրոնի հետ կապված՝ առավել ևս, ու չեմ էլ ուզում էդ մասին մտածել, առավել ևս քննարկել, քանի որ թատրոնը, որը ես սիրում էի ու, որը էս պահի դրությամբ արդեն շատ հին է, ոչ մի կապ չունի էն թատրոնի հետ, որը նույն տարածքում հիմա գոյություն ունի։ Ավելի ճիշտ՝ գոյություն չունի։ Թատրոնը ևս, (իսկական թատրոնը նկատի ունեմ) հիմա առավել վերբալ, շարժումային, հնչունային միքսերի մեջ է և ոչ մի կապ չունի բուֆետի կամ դասականների անվան տակ «սաղցրած» «պրոտեզային» կոմեդիաների հետ։ Մեր օրերի թատրոնը առավել լսելի է, ոչ թե տեսանելի․․․

Այստեղ շարունակում են կարդալ քո վեպերը, եթերից հաճախ գրական գործակալիդ՝ Արեւիկ Աշխարոյանի կողմից հնչում է քո գրքերի մասին մեկնաբանություններն ու առաջիկա պլանները։ Այնուամենայնիվ, եթե լեզվի հարց դրվի, վիպական լեզուդ արդյո՞ք կարող է ֆրանսերենը լինել։

Չեմ կարծում՝ մոտակա տասը տարում դեռ կկարողանամ վեպ գրել ֆրանսերենով․․․ Իմ նախընտրած տեքստը հիմա պտտվում է լոկալ միջավայում, առոգանված, ասել է թե՝ «առոգանությամբ ասված» վիրտուալ արտահայտչամիջոցների շուրջ։ Իսկ Արեւիկը․․․ Չգիտեմ՝ նրան երեւի կոչեմ մի մարդ, ով կարող է օգնել գրողին ինքնաոգեւորվել․ կարևոր, շատ կարևոր մի հատկանիշ։

Երբ դեռ երկու տարի առաջ զրուցում էինք, ու այստեղ էիր, քաղաքին «կպած» լինելու իմ հարցին արդեն գրված տեքստով պատասխանեցիր, հիշու՞մ ես։ Այսպես էր

«…Կրկին տեսնում եմ ինձ տասնվեց ու կես տարեկանԴեմքիս վրա մենակ մանկական աչքերն են մնացել: Էս քաղաքում մատ չմնաց, որ ինձ ցույց չտա: Լեզու չմնաց, որ իր վատ բառապաշարից ինձ բաժին չհանի: Ձայն չմնաց, որ մեջքիցս չխփի: Ես Երեւանի մասսայական տեսարանների մասնակիցն եմ՝ արհամարհված, ծաղրի առարկաԲա ինչի՞ չեմ փախչումՉգիտեմՉգիտեմըՉգիտեմը չիմանալով չի, տգետ էլ չի…»: (Հատված «Անվտանգ մարմին» գործից)» :

Հիմա, եթե Ստրասբուրգի մասին խոսենք ու տեքստի, որը որ այդտեղին է վերագրվում, ինչպիսի՞ն է․․․ Կամ գուցե արդեն կա՞ այդ տեքստը։

Այո կա․սա է․ «Հեռախոսին չեմ հավատում։ Զարթնած՝ չզարթնած քո անունն եմ տալիս։ Քանի՞ վանկ կա էդ անտեր անվան մեջ, քանի՞ ձայնավոր։ Ուզում եմ անունդ քրքրեմ, զզվում եմ քեզնից։ Քո էդ մաքուր կովբոյի կերպարը չեմ ուզում լինի, էդ քո աչքերը չեմ ուզում նայեն, որ բոզի տղա քաղցրությամբ ինձ չխաբեն, չհարիֆացնեն։

-Դու աղջ՞իկ ես, թե՞ Չղջիկ։ Էզ, հետամնաց ես դու։ Մտքիս մեջ նայում եմ քեզ ու սիրտս թթու վարունգ է ուզում, շա՜տ, դաժան փշերով վարունգ։ Աղիացած բերանս բաց՝ հեռախոսը վերցնում ու գծերի մեջ եղող բերաններին չեմ հավատում։ Չեմ հավատո՛ւմ։ Ու չհավատալով էլի քեզ եմ տեսնում, Ար-ար, Արտ-աաա, անունդ ինձ հղիացնում, աբորտ անել ա տալիս։ Քեզ եմ դիտանցքում քեզ, մեկ էլ՝ դիմացի երևակայական պարանի վրա թրև եկող լղոզած տրուսիկդ․․ Հեռախոսին չեմ հավատում, բայց գծի վրա վիբրացվող ձայնը շատ բնական է ու ինձ միանգամից զարթնացնում, օրացույցը բուռս է տալիս։ Վախենալու բան ա էդ օրացույցը, վառել աղբը գցել չի լինի, արդյունքում՝ ինքն ա քեզ վառում, աղբը գցում, արտագաղթել, քեզնից՝ գլուխը պրծցնել տալիս։ Օրացույցին նայելը մշտական ստորացում ա․․․ Բայց չէ, քեզնից բացի կամ ավելի ճիշտ քեզնից հետո էլ ցավ չկա։ Դու քո տված ցավով մնացած կյանքս ցավազրկեցիր․․․ Բայց, այնուամենայնիվ, չեմ հավատում, էլի չեմ հավատում․․․ Մի խոսքով չեմ հավատում, որ վաղը նույն ժամին, նույն րոպեին, բայց տարբեր տեղերում երկու թաղում կա հայտնի ռեժիսորի նախկինում ճանաչված դերասանուհի, նառոդնի՝ Էմմա Սերգևնայինը և Կոմայգու տրանս, գլամուրային ծիտ, ջահել-ջիվան՝ Էլեոնորայինը․․․ Ու չեմ հավատում, որ ես երկուսի թաղմանն էլ ՀՐԱՎԻՐՎԱԾ» (ԻՆՏՐԻԳԱՅԻՆ ՍԵՌ ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ ՉՂՋԻԿ-ԲԵԱՏՐԻՍ ․․․

Ֆրանսիայում հրավերքների սպասու՞մ ես, որտեղ հենց դու կլինես այդ նոր միջավայրում՝ որպես գրող, որպես ֆրանսերենը կրելու փորձեր կատարող մեկը։

Սպասումը տարօրինակ բան է․ կյանքդ չապրելու պես բան, իսկ ես գոնե հիմա ուզում եմ սպասումը դարձնել ապրելու տարածք։ Քառասունից հետո արվեստի մեջ կամ վրա, տակը ու հետևում լինելը շատ բարդ, համարյա անհնարին բան է։ Դրա համար պիտի մինչև էդ տարիքդ մեռնես կամ էլ մեռած ձևանաս, ինչը ես արդեն արեցի․․․

Մեռա՞ր, թե՞ մեռած ձեւացար։

Ձևացա․․․ Ձևանալը մեռնելուց լավ է, մանավանդ երբ թիկունքում լեգենդներ չունես ստեղծած․․․

Այստեղ 40 տարի մնալն ու ստեղծագործելը ինչ-որ առումով լեգենդ է դարձել այն դեպքում, երբ փորձում եմ համեմատել անցյալ տարիների մեր զրույցները, եւ հիմա քո դիրքն ու կողմնորոշումը։ Ձեւանալն էլ արդեն լեգենդի առիթ է։

Մի քիչ ուրիշ տեղ գնացինք․․․ Մի քայլ էլ ու պը՛րծ, կընկնենք պաթոսի ու լեգենդի գիրկը, դրա համար էլ, որպես օգնություն, ես ստիպված եմ կրկին վերհիշել իմ առայժմ միակ ուղենշային գործը՝ «Փախչող քաղաքը» ու դիմեմ ֆրանսերենի օգնությանը “à la prochaine” («մինչ հաջորդ հանդիպում»):

Ուրեմն վերադառնանք այնտեղ, որտեղ որ հիմա ես՝ նյութական  եւ այլ իմաստներով հենց հիմա ինչպիսի՞ սենյակում ու ինչպիսի՞ մտքերի մեջ ես, ի՞նչ իրերի շրջապատում։

Ինչպես միշտ իմ մատանիներն են ինձ շրջապատում ու Փիսետտը․ վերջը որոշեցի սև կատու պահել, ավելի ճիշտ՝ ինքն ինձ գտավ։ Իսկ մտքերս պտտվում են մյուս շաբաթ հանձնվելիք յոթը քննական առարկաների շուրջը՝ Հինգերորդ Հանրապետության պատմության, Եվրոպական Միության, Երգերի շնորհիվ ուսումնասիրվող ֆրանսիական հասարակագիտության, Մշակութաբանության, Փողոցի լեզվի, Ֆրանկոֆոն դոկումենտալ ֆիլմերի պատմության, Եվրոպական գաղափարների պատմության և Ֆրանսիական հեղափոխությունների պատմության շուրջը։ 

Այնուամենայնիվ, ինձ համար հեռանալը կամ մեկնելը ինչ-որ իմաստով պերֆորմանսային բնույթ ունի։ Արդյոք հնարավո՞ր է վերադարձ եւ եթե այո՝ երկրի՞ն, ինքդ քե՞զ, թե՞ վերադարձ մեկին, ով ուզեցել ես լինել, եւ չէիր։

Էս ամենի մեջ հաստատ պերֆորմանսային բնույթ կա, մի քիչ էլ՝ սեթևեթանք, որը չի սազում էդ ժանրին։ Բայց վերադառնալ չեմ սիրում․ կյանքը շատ կարճ է հետ կամ առաջ նայելու համար, ուզում եմ ընդամենը պրոցես ապահովող կամ չապահովող լինել, մնացած ամեն ինչ հին թատերական բնույթ ունի, իսկ ես ուզում եմ բոլոր հիմները մոռանալ։

Իրականում խաղաղությունը դանդաղ քայլ է․ շատ ավելի հեշտ է վազել դաշտում, ուր պայթելու պատրաստ ականներ ու խաղացող երեխաներ կան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter