HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինն ակադեմիայում․ Հայաստան ու Դանիա

Բյուրակն Իշխանյան

Մի քանի ամիս առաջ, երբ ղեկավարիս հետ ճաշում ու զրուցում էի, ինձ ասաց, որ եթե ուզում եմ ակադեմիայում հաջողության հասնել, պիտի երեխա չունենամ։ Հետո թվարկեց ամբիոնի մի քանի պրոֆեսոր կամ դրա ճանապարհին գտնվող կանանց, որոնցից ոչ մեկը երեխա չուներ։ Ղեկավարս ինքը տղամարդ է ու երեք երեխա ունի։ Այդ նույն ղեկավարս սրանից մեկ-երկու տարի առաջ միջանցքում տեսել էր ֆիններենի կին պրոֆեսորին ու հարցրել, թե ոնց է հասցրել երեք երեխա ունենալ ու պրոֆեսոր լինել։ Ֆիններենի պրոֆեսորը հակադարձել էր․ «Իսկ դու ո՞նց ես հասցրել»։

Թեև Հայաստանի համեմատ Դանիայում տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են երեխայի խնամքը կնոջ հետ կիսում (հենց թեկուզ երկու ծնողների միջև կիսովի ֆիզիոլոգիական արձակուրդի տեսքով), գենդերային անհավասարության խնդիրն առնվազն ակադեմիայում շարունակվում է․ PhD ուսանողների 55%-ը կանայք են, բայց պրոֆեսորների միայն 19%-ն են կանայք կազմում։ Պատճառներն առայժմ լիովին բացահայտված չեն, բայց դրանց թվում կարող են լինել կանանց՝ սեփական ցանկությամբ ակադեմիայից հեռանալը կամ այն, որ տղամարդիկ տղամարդկանց են աշխատանքի ընդունում։

Բայց որևէ տեղ չի խոսվում, թե այդ 19% կանանցից քանիսը կենսաբանական երեխա ունի։ Իսկ իրականությունն այն է, որ կյանքն ակադեմիայում շարունակող յուրաքանչյուր կին մի օր կանգնում է երեխա կամ գիտություն ընտրության առաջ։ Դանիայում պոստդոկ չորս տարուց երկար չի թույլատրվում անել։ Իսկ ֆիզիոլոգիական արձակուրդ գնալիս պոստդոկի պայմանագիրը չի երկարում: Արդյունքում՝ երբ պոստդոկի ընթացքում երեխա ունեցած կինը տարիներ անց դիմում է մշտական ակադեմիական աշխատատեղի համար, նրան մրցակից տղամարդիկ կարողանում են ավելի լավ տվյալներով ներկայանալ (ավելի շատ տպագրություններ, ավելի շատ կոնֆերանսներ, ավելի շատ միջազգային համագործակցություն և այլն)։ Այսպիսով, այսօր գիտնականը դարձել է արտադրող, ու չափվում է թվերով․ եթե չես հասցրել այսինչ ժամանակահատվածում այսինչ թվով միջազգային տպագրություններ գեներացնել, ուրեմն արժանի չես գիտական դաշտում մնալուն։

Գենդերային հավասարության խնդիրը լուծելու համար տարբեր համալսարաններ կա՛մ քվոտաներ են ներմուծում, կա՛մ մրցույթն անցկացնելուց առաջ սպասում են այնքան, մինչև այդ աշխատատեղի համար կին էլ դիմի։ Քվոտաները խնդիր չեն լուծում։ Իմ մտերիմ ակադեմիական ընկեր Սիլվիան աշխարհով մեկ արդեն երեք-չորս պոստդոկ է արել ու ամեն տեղ ներկայանալիս ասում, որ ինքը երեխաներ չի սիրում ու չի ունենալու։ Իսկ քվոտաների մասին ասում է․ «Ես չեմ ուզում, որ ինձ գործի ընդունեն մենակ նրա համար, որ ծիծիկ ունեմ»։ Քվոտաներն ինչ-որ տեղ նաև վիրավորական են դառնում էսպիսի ենթատեքստով․ «Դե մենք գիտենք, որ դուք՝ կանայքդ, ավելի թույլ եք։ Դրա համար ձեր ներկայությունն ապահովելու համար քվոտաներ ենք մտցնում, որ դուք ձեր մեջ մրցեք»։

Հայկական ակադեմիայի գենդերային հավասարության մասին տվյալներ չունեմ։ Միայն գիտեմ, որ Հայաստանում գիտությունն առաջնահերթություն չէ, ու համալսարաններում ակադեմիական մշտական տեղեր զբաղեցնող դոցենտներից ու պրոֆեսորներից շատերը լուրջ գիտությամբ չեն էլ զբաղվում։ Իսկ պոստդոկի ինստիտուտի բացակայության շնորհիվ գոնե բժշկական համալսարանում մշտական աշխատանք ճարելը միաժամանակ թե՛ ավելի հեշտ է (ասենք, ավարտելուց անմիջապես հետո ամբիոնում աշխատանքի ընդունվելով), թե՛ ավելի դժվար է (շատ քչերին են «ամբիոնում պահում»)։ Ու թեև իմ հասկանալով Հայաստանում կին գիտնականը չի կանգնում «երեխա՞, թե՞ գիտություն» ընտրության առջև, այնտեղ մի ուրիշ խնդիր կա․ հասարակական ճնշումը։

Հայ հասարակության մեջ կինը մեծանում է որպես «ապագա մայր»։ Դեռ ուսանողական տարիներից իմ ընկերուհիներից շատերի հիմնական նպատակը հարմար ամուսին գտնելն ու երեխաներ ունենալն էր, ինչն ինքնին դատապարտելի չէ․ իրոք կան կանայք, որոնք նախընտրում են տանը մնալ ու երեխա մեծացնել՝ ընդհանրապես չաշխատելով կամ ունենալով քիչ վարձատրվող աշխատանք։ Բայց այն կանայք, որոնք այլ կյանք են նախընտրում, հաճախ քննադատվում են ու համարվում ոչ լիարժեք։ Բժշկականում ունեինք կին պրոֆեսորներ ու դոցենտներ, որոնք երեխաներ չունեին։ Ու թեև կարծես երեխա ունենալ-չունենալը չէր ազդում նրանց մասնագիտական որակների վրա, բայց համակուրսեցիներս հաճախ էին երեխա չունեցողներին մատով ցույց տալով, թե՝ տես, էսինչն ամուսնացած չի, երեխա չունի, էսինչի սիրուհին է եղել և այլն։

Երբ դեռ Հայաստանում էի ապրում, այդ ճնշմանը հանդիպում էի ամեն քայլափոխի թե՛ հասակակից, թե՛ տարիքն առած կանանցից ու տղամարդկանցից։ Մասնավորապես, ինձ անընդհատ քննադատում էին «խելքս գիտությանը տալու» համար ու պնդում, որ առանց ամուսնանալու երջանիկ չեմ կարող լինել կամ լիարժեք կյանք չեմ կարող ունենալ։ Հիմա էլ, երբ գնում եմ Հայաստան, մեկումեջ հանդիպում են էդպիսի մարդիկ, որոնք սպասում են «նորությունների», որովհետև սուբյեկտիվորեն երջանիկ լինելս հաշիվ չի։ Անպայման պետք է պաշտոնական ամուսնական կարգավիճակ, պետք են երեխաներ, որ համարվեմ հաջողված պրոդուկտ։

Այսօր Հայաստանում ֆեմինիզմի մի տեսակ նսեմացնում է տան աշխատանքը՝ տնային տնտեսուհիներին կոչ անելով, որ գործադուլ անեն։ Իսկ հասարակությունը նսեմացնում է տան աշխատանք չնախընտրող կանանց՝ վարկաբեկելով ու անուններ կպցնելով։ Կուզեի Հայաստանում տեսնել մի այնպիսի ֆեմինիզմ, որը կանանց ով լինելու հարց կբարձրացներ․ որ կինը՝ լինի տնային տնտեսուհի, գիտնական, թե քաղաքական գործիչ, լիարժեք մարդ է և պետք է ունենա հավասար իրավունքներ ու հնարավորություններ, ինչ տղամարդը։ Կուզեի, որ հասարակությունն էլ առավոտից երեկո լաբորատորիայում չլվող գիտնական կնոջը նույնքան լիարժեք համարեր, որքան մի քանի երեխա ունեցած, տունը մաքուր պահող ու համով ճաշեր եփող կնոջը։

Դանիայում ընտանիք չունեցող գիտնական կամ քաղաքական գործիչ կինը վաղուց արդեն չի քննադատվում «ոչ լիարժեք լինելու» համար։ Այստեղ ամենազզվելի նախարարներից մեկը, որը մի քանի ամիսը մեկ մի խելքից դուրս հակաիմիգրացիոն օրինագիծ է առաջարկում ու աչքի է ընկնում էմպաթիայի ի սպառ բացակայությամբ, չամուսնացած ու երեխա չունեցող կին է։ Նա հաճախ է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ու նրա առաջարկած օրինագծերի անհեթեթությունը բուռն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Նույնիսկ նրա հոգեկան առողջությունն է հարցականի տակ առնվում, բայց երբևէ որևէ մեկը չի կպնում նրա կին լինելու, որևէ մեկի սիրուհի չեն սարքում նրան, ընտանիք չունենալը չեն կապում էմպաթիայի բացակայության հետ։

Դանիայում ֆեմինիզմն այլ անելիքներ ունի։ Ակադեմիայում գենդերային հավասարության խնդիրը լուծելու համար առաջարկվում է դպրոցականների շրջանում գովազդել գիտությունը։ Բայց դա խնդիրը չի լուծում, որովհետև PhD ուսանողների շրջանում կանանց մեծամասնությունը ցույց է տալիս, որ կանանց գիտությամբ հետաքրքրելու խնդիր չկա։ Ֆեմինիստները նաև առաջարկում են ավելի թափանցիկ մրցույթներ անցկացնել, ինչն էլի խնդիրը լիովին չի լուծի․ պոստդոկի ժամանակ երեխա ունեցած կանանց «օբյեկտիվ» ցուցանիշները նորից կզիջեն տղամարդկանցը։

Ես առաջարկում էի ուղղակի երկարացնել պոստդոկի պայմանագիրը ֆիզիոլոգիական արձակուրդին համապատասխան ամիսներով, ինչը հնարավորություն կտա կնոջը նույն կարգի աշխատանք կատարել, ինչ տղամարդը։ Ինձ հակադարձեցին, որ ոչ մի ակադեմիական կառույցի ֆինանսապես ձեռք չի տա այդ տարբերակը։ Բայց ինչու՞ պետք է կառույցի ֆինանսական վիճակն ավելի կարևոր լինի, քան ակադեմիայում երկու սեռերի ներկայացվածությունը։ Ինձ եթե թողնեին, ընդհանրապես կվերացնեի բիբլիոմետրիկ չափանիշներն ու մրցութային ընդունելությունը։ Էս բոլորն ակադեմիան դարձնում են առևտրային կառույց, ու գիտնականը դիտարկվում է որպես եկամտի աղբյուր․ ինչքա՞ն կկարողանա տպագրվել, լավ ամսագրերում կտպագրվի՞, կկարողանա՞ գրանտներ բերել։ Ու մոռացվում են ավելի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ինչո՞վ կարող է տվյալ գիտնականն օգնել, որ գիտական խումբն աճի։ Իսկ գիտական խումբն ինչո՞վ կարող է օգնել գիտնականին։

Ու մինչ շարունակվում են բանավեճերն ու հետազոտությունները, թե ինչու կանայք դանիական ակադեմիայում բավարար չափով ներկայացված չեն, պոստդոկի հերթական դիմումն եմ գրում՝ սիվիս հնարավորինս փայլփլուն սարքելով ու մտածելով, որ մի օր ակադեմիական այս կատաղի մրցակցությունը կվերանա, իսկ Հայաստանում գիտնական կնոջ մասին չեն ասի՝ խելքը տվել ա գիտությանը։

Նյութի աղբյուրը՝ https://byurakn.wordpress.com

Մեկնաբանություններ (3)

Բյուրակն
Գայանե ջան, մեկնաբանությունդ նոր տեսա։ Երևի պատասխանս չստեսնես, բայց ամեն դեպքում գրեմ։ Կինը նախևառաջ մայր չի, կինը նախևառաջ մարդ ա ու իրավունք ունի ընտրելու լինել մայր, պրոֆեսոր, երկուսը միասին, թե ուրիշ մի բան։ Ցավոք, ակադեմիան էդ ընտրությունը չի տալիս։ Ինչ վերաբերում ա Անգլիային, ապա Անգլիայում էլ կին պրոֆեսորների թիվն ավելի բարվոք վիճակում չի համեմատած Դանիայի։ Դանիայում երեխային հնարավոր ա մսուր տանել մի քանի ամսականից, ընդ որում՝ գրեթե անվճար, սիմվոլիկ գումարի դիմաց։ Էսպիսի լիքը ուրիշ միջոցներ կան, որոնք կարող են թեթևացնել ակադեմիայում կամ ընդհանրապես աշխատող կնոջ վիճակը։ Բայց, ցավոք սրտի, դրանք չեն օգնում, որովհետև մեկ ա, տղամարդիկ մի շարք առավելություններ ունեն ու ակտիվորեն օգտվում են դրանցից։
բայց լուռ...
Այո, հմեմատում են համեմատելին: Հայաստանի քաղաքացուն ու հային աղքատ ու իրավազուրկ վիճակում պահող ստրուկների ստրուկնե՛ր, ռազմահայրենաաիրական պոպուլիզմով պարուրված անարդար ու անիրավ Հայաստանում վայելեք հյուսիսային ցուրտ դրախտը և ճամփորդեք ինչքան կրող եք, բայց լուռ..................................................................
Գայանե
ի տարբերություն Դանիայի, Անգլիայում շատ խրախուսում էին կանանց ակադեմիական գործունեությունը, իսկ համալսարանները ունեն հատուկ մայրերի /ծնողների համար ձևավորած խմբեր ուս-խորհուրդներում, որ օգնում են երեխաների խնամքի հոգսը թեթևացնելու համար... Հայաստանում հետազոտությամբ և գիտական աշխատանքով զբաղվելու ոչ մի շանս չկա, այո, պետք է շարունակել դիմել փոսթ-դոկերի և կոտրել նման կարծրատիպերը աշխարհում, կինը նախ և առաջ մայր է, բայց լինելով մայր հեշտությամբ կարող է ներգրավվել ակադեմիական գործունեության մեջ առանց որևէ դժվարության; Բյուրակն ջան, ինչպես միշտ թեման շատ ակտուալ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter