HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։

Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը:


Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրության: 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter