HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդը մեքենաների հետևից ջուր էր շաղ տալիս, ասում էր՝ էդ փորձանքից ազատեք մեզ»

Ներսես Տեր-Պետրոսյանն ու Գեղամ Արշակյանը նույն ջոկատում են եղել Շուշիի ազատագրման ժամանակ, դրանից հետո էլ մասնակցել են մարտական մի քանի գործողությունների: Ներսեսը Կոտայքի մարզի Գողթ գյուղից է, Գեղամը՝ հարևան Գառնիից:

1992-ի ապրիլին Ստեփանակերտի մոտ զենքի տիրապետման փորձառություն էին անցնում: Պարապմունքները տևել են մինչև Շուշիի ազատագրման գործողությունը: «Եղյան Արմենը նոր կուրտկա էր ստացել, առաջին անգամ գրանատամյոտ փորձարկելիս կախել էր իր հետևում, բայց կրակելուց հետո լրիվ բզկտվել էր»,- ժպիտով հիշում է Ներսեսը:

Գեղամի տանն ենք զրուցում: Ընկերներով նստել են կողք-կողքի: Ասում են՝ Շուշիի ազատագրման արժեքն այնքան բարձր էր, որ հարձակման ժամանակ վտանգն առանձնապես չէր հուզում: «Ճանապարհին ժողովուրդը դուրս էր եկել, մեքենաների հետևից ջուր էր շաղ տալիս, ասում էր՝ էրեխեք ջան, էդ փորձանքից ազատեք մեզ»,- հիշում Գեղամը: Մայիսի 8-ի լույս գիշերն են սկսել հարձակումը: Երկուսն էլ եղել են Շոշ գյուղի կողմից (գրոհի արևելյան ուղղությունը) առաջացող մարտիկների թվում:

«Քեզ թվում էր՝ հեշտ կհասնես դրան, բայց մեկ էլ զգում ես, որ փակուղային է, դեմդ պատ է, առաջ չես կարող գնալ»,- հիշում է Ներսեսը: Հարձակումից մի քանի ժամ անց, երբ խփվել է դեպի Շուշի բարձրացող հայկական տանկը, նահանջելու հրաման են ստացել ու իջել Շոշի մոտ: Դա, Ներսեսի ասելով, առաջին թևաթափությունն էր: Սակայն գյուղում մի քանի ժամ մնալուց հետո լուր են ստացել, որ հակառորդը հետ է քաշվել Շուշիից:

«Բարձրացանք, մտանք Շուշի, շենք-շենք, տուն-տուն առաջ գնացինք, որ տարածքը մաքուր լինի»,- շարունակում է Ներսեսը: Գեղամը հիշում է, որ այդ ժամանակ հայերն արդեն հասցրել էին տներ վերցնել, դարպասներին գրված էր՝ «զանիտ»: Ադրբեջանցիները զինանոց էին դարձրել եկեղեցին՝ մտածելով, որ հայերը եկեղեցուն չեն խփի:

«Երբ արդեն պարզվեց, որ ամբողջ Շուշին մեր ձեռքն ա, երկու աքլոր վերցրեցինք, մի արկղ օղի, իջանք զորամաս, ճաշարանում տվեցինք խոհարարին, պատրաստեց, հետո նշեցինք Շուշիի ազատագրումը»,- պատմում է Գեղամը:

Հակառակորդի դիմադրությունը, ըստ Ներեսի, թույլ էր, եթե ցանկանային, վերևից իրենց ջոկատի տղաներին հատ-հատ կարող էին խփել թեկուզ քարերով, բայց թշնամու մոտ խուճապ էրս սկսվել: Բացի դրանից՝ Բաքվում ներքաղաքական իրավիճակը լարված էր:

Հարցնում եմ, թե 25 տարի անց ինչ է մտածում այն օրերի մասին, Ներսեսն ասում է. «Էն ռեսուրսը որ կար այդ տարիներին, 25 տարի ջանասիրաբար վատնում ենք՝ և՛ բարոյական, և՛ նյութական ռեսուրսը: Մտածում եմ, որ մենք լավ հիմքեր ստեղծեցինք, որ ունենանք տարածաշրջանի լավագույն բանակը, բայց էսօր սահմանը պահելու խնդիր ունենք»:

Նրա կարծիքով՝ 25 տարվա մեջ չկարողացանք հասկանալ, որ մեր մեկ զինվորը չի կարող հավասար լինել ադրբեջանցի մեկ զինվորին, մեր մեկ զինվորի ներքին կարողությունները բացահայտելու համար ոչինչ չարեցինք: Ներսեսը չի մանրամասնում, բայց նշում է, որ երկար տարիներ զինվորական ծառայության մեջ է եղել, բանակը ներսից գիտի, այսինքն՝ իր ասածները միայն զգացմունքային գնահատականներ չեն:

«Էսօր ղարաբաղյան պատերազմի հրամանատարական կազմի մեծ մասը փորձանք դարձան էս ժողովրդի գլխին, 25 տարի հետո նորից ուզում են մի կետից սկսել՝ «ազգ-բանակ», բա 25 տարի ի՞նչ էինք անում, ի՞նչ էինք ստեղծում: Մենք վերցրեցինք սովետական բանակը, դրա ստրուկտուրան դրեցինք մեր բանակի հիմքում, և մտցրեցինք այլասերված հակումները՝ թալանչիությունը, հրամանատարական կազմի հաբռգածությունն ու անգրագիտությունը»,- ասում է Ներսեսը:

Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմից հետո որոշ հարցերում դասեր քաղեցինք, որոշ հարցերում՝ ոչ: Ասում է, որ ժողովուրդը ստիպեց տեխնիկական որոշակի հագեցվածություն բերել սահմանին, բայց պատասխանատուները գլխավոր հարցում ընտրություն չեն կարողանում կատարել: «Էսօր մեր բանակը դարձրել են պաշտպանողական բանակ, այդ պատերազմում (նկատի ունի ապրիլյան քառօրյան- հեղ.) մենք չկարողացանք արագ հակահարված տալ»,- կարծում է արցախյան պատերազմի մասնակիցը:

Թե Գեղամի, թե Ներսեսի համոզմամբ՝ Շուշիի հաղթանակն արժեքային համակարգ է, որով կարող ես սերունդ դաստիարակել: «Մեր ձեռքբերածը դա է»,- շեշտում է Ներսեսը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, անձնական արխիվից  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter