Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կարեն Թորոսյան. «Հիմա, որ ասում եմ եզդի եմ, ասում են՝ հա, Քյարամն էլ էր եզդի, դա արդեն ինձ հերիք է»



Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, էջմիածինցի Կարեն Թորոսյանն ասում է, որ ապրիլը ոչ պակաս հաղթանակի ամիս է: Նա այսօր՝ մայիսի 9-ին բարձրանալու է Եռաբլուր և հաղթանակի տոնը նշելու է իր նահատակ ընկերների հետ, հետո այցելելու է Քյարամի ու իր մյուս ընկերների շիրիմներին: Ասում է` այնպիսի ժամի է գնալու նրանց «մոտ», որ մարդ չլինի:

«Ապրիլը կլիներ սովորական ամիս՝ ամսի 1-ը` հումորի օր և այլն, բայց այդ դեպքերից հետո ապրիլը շրջանցեց մայիսին: Ճիշտ է, ցավալի էջ է, որ անձամբ ես ընկերներ կորցրեցի, բայց նաև դարձավ հաղթանակի ամիս, որ թույլ չտվեցինք թշնամուն մեր սահմանը վերցնել՝ դրանով կանխելով 1990-ականների պատերազմի կրկնությունը: Մեր տղաների արյան գնով պաշտպանեցինք մեր հայրենիքի սահմանները»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Կարենին հանդիպեցի Մայր Աթոռի բակում: Նա քայլելով պատմում է իր ընկերների մասին. «Պիտի բոլորն իմանան, թե ինչ հերոսներ ենք ունեցել: Չմտածեք, թե նրանք զոհվել են, դրա համար եմ այդպես ասում, իրոք, հերոս տղերք էին»:

Կարեն Թորոսյանն ազգությամբ եզդի է: Ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և 2014թ. վերադարձել է Հայաստան, որպեսզի ծառայի բանակում: Զորացրվելուց հետո էլ մի քանի ամսով մեկնել է Ռուսաստան` աշխատելու, բայց վերադարձել է, ասում է՝ «հայրենիքից լավ տեղ չկա»:

Շատ է ուրախացել, երբ իմացել է, որ Արցախում է ծառայելու։ «Հայաստանի դարպասները սկսվում են Արցախից»,- ասում է Կարենը:

Նա Ռուսաստանում ապրելու տարիներին լուսանկարչություն է սովորել: Ասում է, որ իր մասնագիտությունը բանակում շատ է պետք եկել: Բայց քանի որ լուսանկարչական ապարատ հնարավոր չէր պահել մոտը, իր ընկերներին նկարել է հեռախոսներով:

«Տղաները, որ այսօր չկան, նկարում էի: Երբ առիթ էր լինում՝ ծնունդ, երդման արարողություն, կամ որ հավաքվում էին, ինձ էին ասում, որ նկարեմ, վառ հուշեր մնան այդ պահերից»,-ասում է Կարենը և թվարկում այն անձանց անունները, ում հաճախ է նկարել բանակում՝ 4-րդ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Ռոբերտ Աբաջյան, արարատցի Անդրանիկ Զոհրաբյան, լեյտենանտ Տիգրան Պողոսյան և այլք: Կարենը թվարկում է բոլորի անուններն ու, խորը շունչ քաշելով, ասում է, որ այդպիսի հերոս տղաների հետ է ծառայել: Բոլորն էլ զոհվել են 2016թ. ապրիլին: Կարենը  այդ տղաների հետ նկար չունի, քանի որ միշտ լուսանկարչի դերում է եղել:

Պահպանվել են միայն Քյարամի նկարները, որոնք տարածվել են լրատվամիջոցներով, իսկ մյուս տղաների նկարները մնացել են հեռախոսների մեջ ու կռվի օրերին ոչնչացվել:

«Ինչպես սերը տարիք, սոցիալական վիճակ չի հարցնում, այնպես էլ սահմանը, հայրենիքի պաշտպանությունը չի հարցնում՝ ով ես դու: Կարևորը, եթե ունես ոգի, հայրենիքդ սիրում ես, ուրեմն դու կկռվես, ինչ սոցիալական կարգավիճակի մարդ էլ լինես,-նշում է Կարենը և որպես օրինակ նշում Քյարամ Սլոյանին: -Բոլորս էլ գիտեինք, որ Քյարամը ոչ այդքան բարեկեցիկ կյանքով էր ապրում: Հիշում եմ, որ իրար հետ պոստ էինք պահում, ասում էր` զորացրվելուց պիտի տունս սարքեմ, բայց նա կռվեց ու կռվեց անձնվիրաբար, մինչև վերջ»:

Կարենը նշում է, որ նախքան ապրիլյան պատերազմը ծնողների մի մասն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց տղաներին ազատեին բանակից, բայց քառօրյա պատերազմից հետո, հերոս տղաների շնորհիվ շատերի մոտ մտածելակերպ է փոխվել: Հիմա արդեն հետ չեն պահում իրենց տղաներին: Ինքը մի քանիսին ճանաչում է, որ սիրով են բանակ ճանապարհել:

Արդեն նախկին զինվորն ասում է, որ պատերազմական իրավիճակներում դեր են խաղում մարդկային որակները, և կապ չունի, թե ինչ ազգի ներկայացուցիչ ես, հարուստ ես, թե աղքատ: Բայց ասում է, որ Քյարամի սխրագործությունից հետո եզդիների պատիվը բարձրացավ:

«Ես հիմա ավելի հպարտ եմ, եթե մի տեղ հավաքվենք, կարող ա ընկերներիս խնդրեմ, որ ինձ որպես եզդի ներկայացնեն: Հիմա որ ասում եմ եզդի եմ, ասում են՝ հա, Քյարամն էլ էր եզդի: Դա արդեն ինձ հերիք է»,-ասում է Կարենը և հավելում, որ եթե նման իրավիճակներ նորից կրկնվեն, իրենք պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները: Նա պատմեց, որ 1990-ականներին իր հայրը ևս մասնակցել է Արցախի ազատագրմանը, կռվել է Օմարի սարերում:

Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաները միշտ Կարենի հետ են։ Ասում է` երազում անընդհատ տղաներին է տեսնում, որտեղ բոլորը ողջ են։ «Երանի իմ այդ երազներին, որ բոլորը ողջ են, ժպիտը դեմքներին»,-ասում է Կարենը:

Ամեն առավոտ, երբ աչքերը բացում է, թվում է, թե դիրքերում է, իր հերթափոխի ժամն է: Կարենը նշում է, որ ապրիլյան քառօրյան իր մեջ էլ է շատ բան փոխել: Ասում է, որ ամեն ինչ հիմա կապում է կռվի, պատերազմի հետ: Նույնիսկ հարսանիքի ժամանակ, երբ հրավառության ձայն է լսում, իրեն թվում է, թե կրակում են, ու շուտով հնչելու է «Տագնապ» հրամանը:

«Չեն կարող այդ հիշողությունները չմնալ, մանավանդ` այդքան ընկերներ եմ կորցրել: Տեսեք, դուք իրենց չճանաչելով եք հուզվում, խեղդվում, բա ես ի՞նչ ասեմ, որ ճանաչել եմ: Եթե դուք չեք մոռանում, ես հաստատ չեմ մոռանա»,-ավելացնում է Կարեն Թորոսյանը:

Պատմում է, որ ապրիլի 1-ը սովորական օր էր։ Արթնացել են, զբաղվել իրենց առօրյայով։ Այդ օրը Արմենակ Ուրֆանյանը դիրքերով շրջայց կատարելիս իրեն և մյուսներին հրահանգել է փորել որոշակի հատվածներ, որպեսզի պատրաստ լինեն հարձակման: Կարենը հիշում է, որ այդ օրը Ուրֆանյանի մտքով անցել է, որ հնարավոր է հարձակում լինի:

«Ասացի` պարոն կապիտան, ես չփորեմ, էլի, դեմբել տղա եմ, 2 ամսից զորացրվելու եմ: Ասաց՝ չէ, հենց դու պիտի փորես, որ երկու տարվա ծառայությունդ ջուրը չընկնի: Դա էլ արեցինք որոշ չափով, ու այդ օրը երեկոյան, երբ իմ հանգստի ժամն էր, ականանետեր, ծանր զենքեր, տագնապ ու այդ ամեն ինչը սկսվեց»,-հիշում է Կարենը:

Նա ասում է, որ Արմենակ Ուրֆանյանը գիտեր, որ զոհվելու է, այդ վախը կար. «Անգիտակից մարդը չի վախենում»: Արմենակն իր զինվորներին հրամայել է, որպեսզի կռվի ժամանակ հետ գնան: 3 զինվոր փամփուշտներ են մատակարարել տղաներին, բայց նրանցից Քյարամը հետ չի գնացել, Ուրֆանյանին ասել է, որ եթե մեռնի, ուրեմն նրա հետ է մեռնելու:

«Հիշում եմ, Ուրֆանյանի հետ կապով կապվում էինք, բարկանում էր, ասում էր` մի խանգարեք: Բայց դա մեզ դուխ էր տալիս, արդեն գիտեինք, որ հերոսի հետ ենք կռվում»,-ասում  է Կարենը: Սկզբում նրանց չեն ասել, որ Արմենակ Ուրֆանյանը զոհվել է, զինվորներին ասել են` վիրավոր է: Հետո, երբ տեղեկացրել են զոհվելու մասին, արդեն չեն վախեցել։

«Ոչ թե կռվում էինք կռվելու համար, այլ մուռը հանելու համար: Այդպես էլ արել ենք։ Ճիշտ է, ցավալի է, որ կորցրել եմ նրանց, բայց մյուս կողմից էլ հպարտություն եմ զգում, որ իրենց գիտեմ, ճանաչել եմ: Ուրֆանյանի, Քյարամի հետ պոստեր եմ պահել»,-նշում է Կարեն Թորոսյանը:

Կարենը շատ մտերիմ է եղել Քյարամ Սլոյանի հետ. նրա հետ նույն օրը, նույն մեքենայով են եկել զորամաս: Լավ ծառայության համար միասին երեք անգամ արձակուրդ են գնացել, ունեցել են բանակի գերազանցիկի կրծքանշան, իսկ Քյարամը «Մարտական խաչ» մեդալ է ստացել:

«Պոստեր բարձրանալուց Քյարամն ասում էր՝ Կարեն, որ դիվերսիա սկսվի, կասես՝ մի րոպե սպասեք հեսա Քյարամին քնից հանեմ, թող գա կռվի: Շատ կատակասեր, մաքրասեր տղա էր: Զորամասում կողք-կողքի էինք քնում, ինձ հարազատ մարդ էր դարձել»,-ասում է Կարենը:

Քյարամին բոլոր են սիրել իր նվիրվածության համար, իսկ գումարտակի հրամանատարը Քյարամին դիմել է՝ Քյարամոս և անվանել ոսկի ձեռքեր ունեցող: Կարենը պատմում է, որ Քյարամը պոստը սարքում էր գեղեցիկ մի վայր, ամրացնում էր, կառուցում, շինարարության վարպետ էր:

Հիշում է, որ Քյարամը ճագար շատ է սիրել: Ասել է, որ զորացրվելուց հետո ճագարներ է պահելու ու բազմացնելու, իսկ երբ ամուսնանա, հարսանիքի հիշարժան պահերը լուսանկարելու է Կարենը:

Կարենն անմիջապես անցում է կատարում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Ասում է, որ նրան ևս մի քանի ամիս էր մնացել զորացրվելու: Հիշում է, որ Ռոբերտը բարի նախանձով էր նայում զորացրվողներին, իսկ ում զորացրվելու ժամկետը մոտ էր, խորհուրդ էր տալիս լավ ծառայել և պատվով զորացրվել:

«Նա իր տեղը լավ գիտեր՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: Բարի ժպիտ ուներ, շատ լավ տղա էր, լավ ծառայող էր մեր Կյաժը»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Նույնը պատմում է նաև արարատցի Անդրանիկ Զոհրաբյանի մասին: Նա ֆուտբոլի սիրահար է եղել, Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներից: «Ասում էր` պիտի լավ ֆուտբոլիստ դառնամ, դու էլ գաս ինձ բալետ անես: Ես էլ ներվերն ուտում էի, ասում էի` դեմքիս վրա լրիվ քո անունն եմ գրելու, Հայաստանի դրոշը կպցնելու եմ, գամ քեզ բալետ անեմ»,-ասում է Կարեն Թորոսյանը:

Կարենը չի մոռացել նաև 5-րդ վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Տիգրան Պողոսյանին, ով զոհվել է 2016թ. ապրիլի 25-ին՝ 82մմ ականանետից: Տիգրանն արթիկցի էր, նախկինում եղել է Կարենի դասակի հրամանատարը:

«Շատ հասարակ տղա էր, որ առաջին անգամ նրան տեսա, մտածեցի` զինվոր է: Հարցրեցի՝ ախպերս, ստեղ աֆիցերները ոնց են ծառայում: Ծիծաղեց: Իմանալով, որ իր վաշտի մասին եմ հետաքրքրվում, ասաց՝ ապ ջան, դե հենա, կարգին աֆիցեր է քեզ ընկել: Ձեռքը երկարացրեց ու ասաց` ես եմ քո դասակի հրամանատարը ու հրավիրեց սուրճ խմելու: Տիգրանը սև ու քաղցր սուրճի սիրահար էր, տոննաներով սուրճ էր խմում»,-պատմում է Կարեն Թորոսյանը։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աշոտ13:22 - 9 մայիսի, 2017
Հավերժ փառք ձեզ, տղերք ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ