HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նոյեմբերյանում բացված բրոքերական կենտրոնը կաջակցի Տավուշի եւ Քվեմո Քարթլիի ֆերմերներին իրացնել արտադրածը

Վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» հկ-ն (CiDA),  հայկական «Աջակցություն Նոյեմբերյանին» հկ-ի (SFN) և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի» հետ համատեղ անցած 16 ամիսների ընթացքում իրականացրեց «Միջսահմանային տնտեսական զարգացում» (CED) ծրագիրը` Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցություն ծրագրի շրջանակներում (EaPTC):

Ծրագրի նպատակն էր բարելավել Տավուշի և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանները, ամրապնդել նշված տարածաշրջանների բնակավայրերի միջսահմանային համագործակցությունը՝ լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով, ինչպես նաեւ երկու մարզերի բիզնես ոլորտի տնտեսավարող սուբյեկտների միջև զարգացնել փոխշահավետ փոխգործակցության հնարավորություններ:

Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիրը ստորագրելուց հետո վրացական բիզնեսները ներկայում ավելի մեծ հասանելիություն ունեն դեպի Եվրամիության շուկա, իսկ ԵԱՏՄ-ին միանալու արդյուքնում՝ հայկական բիզնեսներն ազատված են հարկերից Մաքսային միության տարածքում: Նման իրավիճակում Եվրամիության շուկաները կարող են գրավիչ լինել հայ բիզնեսմենների համար, որոնք ցանկանում են ապրանքներ արտահանել կամ ներդրում կատարել Վրաստանում: Միևնույն ժամանակ, Մաքսային միության շուկան կարող է հետաքրքրել վրացի ձեռներեցներին:

 «Երբ ծրագիրը դեռ նոր-նոր էր մշակվում, Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, իսկ Վրաստանը մի քիչ ավելի շուտ ստորագրել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, այսինքն` մենք հայտնվեցինք իրարից խիստ տարբեր տնտեսական միությունների մեջ: Այն, որ Եվրամիությունը պատրաստվում էր միջսահմանային համագործակցության ծրագրեր իրականացնել, դա բաց ինֆորմացիա էր, մենք էլ գիտեինք այդ մասին եւ 2012-13թթ. արդեն հստակ էր, որ սկսվելու էին այդպիսի ծրագրեր՝ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան, Մոլդովա-Ուկրաինա եւ այլն: Մենք, որպես նախապատրաստական քայլ, բացեցինք մեր մասնաճյուղն Իջեւանում 2013թ., որի միջոցով տարբեր ծրագրեր էինք իրականացնում տեղի ֆերմերների համար»,- ասում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» փոխտնօրեն եւ «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագրի պատասխանատու Վազգեն Կարապետյանը:

Զրուցակիցս նշում է, որ երկու սահմանակից երկրների` իրարից խիստ տարբեր միություններին անդամակցելը հետագայում հնարավոր է խոչընդոտեր Հայաստանի և Վրաստանի միջև ուղղակի միջսահմանային  առևտրային հարաբերությունների զարգացմանը: Հաշվի առնելով հնարավոր խոչընդոտները` «Միջսահմանային տնտեսական զարգացում» (CED) ծրագիրը պիտի ուսումնասիրեր և բացահայտեր այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող էին ստեղծվել այս երկու տնտեսական միավորումների կողմից հայկական և վրացական բիզնեսների, մասնավորապես` Քվեմո-Քարթլի և Տավուշի մարզերում գործունեություն ծավալողների  համար:

Նախապատրաստական աշխատանքները, որոնք հիմնականում միտված էին հասկանալու հայկական կողմի ներուժը, ապագա ծրագրում հայկական կողմից միջին եւ փոքր բիզնեսով զբաղվող գործարարների ընտրության խնդիրն էր լուծում: «Բնական է, որ եւ մենք, եւ վրացական կողմը պետք է հասկանայինք, թե ինչի շուրջ է ձեւավորվելու համագործակցությունը, որ ոլորտներն են, որ կարող են փոխշահավետ փոխգործակցության հիմք հանդիսանալ եւ ամենագլխավոր հարցը՝ կա՞ արդյոք շահագրգռվածություն հարեւանների միջեւ նմանատիպ համագործակության»,- բացատրում է Վազգեն Կարապետյանը:

Խնդիրն այն է, որ Տավուշում առավել զարգացած է գյուղատնտեսությունը, շատ են փոքր ֆերմերները, իսկ վրացական կողմում ընտրված շրջանն ավելի շուտ արդյունաբերական էր,կ ային պետական աջակցություն ունեցող մեծ գործարաններ՝ գինու, պարարտանյութի, հավաբուծարաններ եւ այլն: Միակ ընդհանրությունը սահմանակից լինելն էր, սակայն արտադրության առումով ընտրված շրջանները խսիտ տարբերվում էին:

«Ծրագիրը նաեւ նպատակ ուներ հասկանալու թե որքանով են հայկական բիզնեսները հետաքրքրված` օգտվելու հանգամանքից, որ Վրաստանը արտոնություններ ունի դեպի Եվրոպա, որպես տարանցիկ երկիր եւ հակառակը. վրացիները որքանո՞վ են հետաքրքրված Հայաստանն օգտագործել ԵԱՏՄ շուկա մտնելու համար: Ասեմ, որ այդ առումով հետքրքրությունը զրոյական էր: Մարդիկ այդ ուղղությամբ ընդհանրապես չեն մտածում, - ասում է Վազգեն Կարապետյանը, - գուցե ծրագրերը լինեին երկրների մասշտաբով, ոչ թե կոնկրետ շրջանների, մենք այլ պատկեր ունենայինք»:

Եթե հայկական կողմից լինեին Շիրակ, Լոռի, Տավուշ, վրացական կողմից էլ` Քվեմո Քարթլի, Սամցխե-Ջավախքի տարածաշրջաններն, ապա, ըստ Վազգեն Կարապետյանի, սահմանակից լինելուց զատ բազմաթիվ այլ ընդհանրությունների հիմքի վրա կընդգրկեր ավելի շատ մարդ՝ հաջողության պատմություներով:

«Տեսեք, վրացական կողմը գինեգործներ էր բերել Կախեթիից, մեր կողմից գինի արտադրում են Տավուշում, իսկ Քվեմո Քարթլիում գինի չեն արտադրում, էնտեղ խմում են: Ամեն դեպքում փորձել ենք հնարավորինս երկու կողմից ընտրված ֆերմերների համար կազմակերպել հանդիպում-քննարկումներ, թե Հայաստանում, թե Վրաստանում, օգնել նրանց գտնելու համագործակցության եզրեր: Հրատարակել ենք բիզնես ուղեցույց, թե ինչ քայլեր պետք է անի մարդը Հայաստանում եւ Վրաստանում բիզնես բացելու համար»:

«ՓՄՁ համագործակցության ասոցացիա» հկ-ի նախագահ Հակոբ Ավագյանն ասում է, որ եւ Հայաստանում, եւ Վրաստանում բիզնես հիմնելը հեշտ է, դժվարը շարունակելն է, զարգացնելը ու ինչ-որ բան չհաջողելու դեպքում՝ առանց մեծ վնասների փակելը:

«Հայաստանում վերջին 3-4 տարում՝ ուղղված փոքր եւ միջին բիզնեսին, հարկային նոր ռեժիմներ ներդրվեցին` մինչեւ 18 մլն դրամի շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողները 2014-ից ազատված են հարկերից,  հարկային արտոնություններ տրվեցին սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին, 2015թ-ից սկսնակ ՏՏ ոլորտի երեք տարով հարկազատում եղավ եւ այլն: Շրջանառության հարկի ռեժիմը, չնայած որ ներդնելիս նայել ենք վրացական փորձը, շատ ավելի լավն է իր մեթոդաբանությամբ, քան հենց վրացականը: Բացի դա էլ, հարեւան երկրում շրջանառության հարկից ավելի քիչ բիզնեսներ կարող են օգտվել,- ասում է Հակոբ Ավագյանը,- բայց կարող եմ մեկ օրինակ բերել միկրո բիզնեսի հետ կապված, որ առավել շահում են վրացիները, իսկ մենք դեռ կաղում ենք այդ հարցում»:

Խոսքը վերաբերում է արտադրանքի ծագման սերտիֆիկատի ստացման գործընթացին: Վրաստանում արտադրողի համար գործընթացն օնլայն ռեժիմով է կատարվում, կարելի է ասել` 5 րոպեում եւ անվճար, իսկ Հայաստանում նույն գործընթացը տեւում է 2-3 օր, փորձաքննության համար վճարում են 30 հազար դրամ եւ եւս 10 հազար դրամ` սերտիֆիկատի համար:

«Խնդիրն այն է, որ ինքը գերփոքր բիզնես է, ու շատ հաճախ չգիտի էլ ոնց է ստանալու էդ ծագման սերտիֆիկատը, - բացատրում է Հակոբ Ավագյանը, - օրինակ` եթե ինքը աշխատում է շրջանառության հարկի ռեժիմով, երբ որ մենք ասում ենք՝ պարզ հարկման ռեժիմում ես գործում ու քո ծախսերի հաշվառման փաստաթղթեր վարելու պարտավորություն չունես, իսկ արդեն սերտիֆիկացման ժամանակ ասում ենք՝ բեր տեսնենք էս քո մուրաբայի միջի ծիրանը ու՞մից ես մթերել, ու էս մարդը սկսում է թղթեր հավաքել հետին ամսաթվով, վճարել փորձաքննության համար, սերտիֆիկացման համար ու այդ ամենը տեւում է օրեր»:

Զրուցակցիս կարծիքով` նմանատիպ հարցերը փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար պետք է նախապես կարգավորել: Հաջորդ կարեւոր հարցը գերփոքր բիզնեսի համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ստեղծումն է: Մարզերում փոքր բիզնեսով զբաղվողների մեծ մասը, որոնք տարիներ շարունակ ձգտում են ընդլայնվել, փակուղու առաջ են մատչելի ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով:

«Էսօր մեր ունեցած աջակցության գործիքները հնացել են: Քաղաքակիրթ աշխարհը գնում է ինկուբացիոն մեթոդով Իսրայելում, Ճապոնիայում եւ այլն: Ըստ այդմ, բիզնեսին ոչ թե գումար են տալիս ու ասում, թե 6 ամիս հետո գալիս եմ մոնիթորինգ անեմ, քեզ գցեմ հարկադիր կատարողի ձեռքը ու լիքը նմանատիպ պրոբլեմներ, այլ ստեղծվում է ինկուբատոր միջավայր: Էդտեղ մարդուն տրամադրում են հաշվապահ, մաքսային բրոքեր, իրավաբան, որ պետք է միջազգային պայմանագրեր կազմի: Անցնում է ինկուբացիոն շրջանի մեկ տարին, նայում են` եթե մարդու բիզնես գաղափարն արդարացրել է, 20 տոկոս եկամուտով պայմանական աշխատում է՝ իրան բաց են թողնում ազատ կյանք: Պետք է ստեղծել մեխանիզմներ, որ անկախ անձերից, անկախ նրանից, ով է վարչապետը կամ մարզպետը, մեխանիզմները բիզնեսմենի համար աշխատեն », - ասում է Հակոբ Ավագյանը:

Եվրամիության ֆինանսավորմամբ «Միջսահմանային տնտեսական զարգացում» (CED) ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում «Համայնքային զարգացման կենտրոն տարածաշրջանային համագործակցություն» հկ-ի նախաձեռնությամբ մարտ ամսին Նոյեմբերյանում բացվեց բրոքերական կենտրոն: Կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանի փոխանցամամբ` կենտրոնի նպատակն է աջակցել Տավուշի եւ Քվեմո Քարթլի մարզերի ՓՄՁ-ներին ապրանքների եւ ծառայությունների իրացման հարցում, ինչպես ՀՀ-ում, Վրաստանում, այնպես էլ այս երկրների սահմաններից դուրս:

«Մենք բիզնես ծառայություն մատուցող կազմակերպություն ենք տարածաշրջանում բավականին ճանաչված, բայց զուտ միջնորդական առք ու վաճառք կազմակերպելու հիմնական մասնագիտացված փորձ չունենք, - ասում է Հասմիկ Ազիբեկյանը, - ծրագրի շրջանակներում վարձելու ենք միջազգային բրոքեր, ով 6 ամիս մեր թիմի հետ կաշխատի, կուսուցանի ինչպես կազմակերպել առեւտուրն ու ապահովել շուկաների հիմնական ցանցը»:

Հասմիկ Ազիբեկյանն ասում է, որ իրենց գործունեության ընթացքում համոզվել են՝ լեզվի խնդիրը, գիտելիքների պակասը խանգարում են միջսահմանային հարաբերություններ կառուցելուն: Բրոքերական կենտրոն հիմնելու միտքը ծագել է մի դեպքից հետո, երբ հայ գործարարը չի կարողացել գործնական կապ հաստատել վրացի ֆերմերների հետ: «Մենք ունեինք հայկական կազմակերպություն, որ հետաքրքրված էր հիմնել ֆերմերական տնտեսություն՝ սապերավի եւ կարդինալ խաղողի տեսակներով: Մենք վրացի 5 ֆերմերի հեռախոսահամար փոխանցեցինք հայ ֆերմերին, որ զանգեր, կապ հաստատեր ու փորձեր ներկրել իր ուզած սորտերը: Մի շաբաթ հետո հայ ֆերմերը տեղեկացնում է, թե զանգել է հինգ հեռախոսահամարներով՝ բոլորն ասել են չունենք»,- պատմում է Հասմիկ Ազիբեկյանը:

Կասկածելով, որ ինչ որ բան այնպես չէ, «Համայնքային զարգացման կենտրոն տարածաշրջանային համագործակցություն» հկ-ի աշխատակիցներն անձամբ են ձեռնամուխ լինում խնդրի պարզաբանմանը: Պարզվում է` վրացական կողմի ռուսերեն դժվարությամբ հաղորդակցվելն է եղել պատճառը: Չհասկանալով հայ ֆերմերի հարցը` պարզապես բավարարվել են «չունենք» պատասխանով: «Ճշտեցինք, որ վրացի հինգ ֆերմերն էլ ունեն հարկավոր տնկիները, մեր վրացի գործընկերներն օգնեցին՝ պայմանագիր կնքվեց, առք ու վաճառքը կայացավ: Հենց դա էլ առիթ հանդիսացավ հիմնել բրոքերական կենտրոն, ունենալ միջնորդ կազմակերպություն, որը կօգնի ձեռներեցներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter