Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Շամլուղցի Էմմա Առաքելյան. «Մենք մանկապարտեզ ունեցել ենք 20-րդ դարի սկզբին, բայց 21- րդ դարում մանկապարտեզ չունենք»



«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում աշխատող 80 շամլուղցիներից ոչ մեկը աշխատանքը կորցնելու վախից չի ուզում խոսել Շամլուղի հանքերը շահագործող կոմբինատի բնապահպանական պարտավորությունների կատարման մասին։  

«Ճիշտ եք ասում, բայց դե գիտեք ինչ, հիմա էսա հանքափոր տղերք են, ով մի բան ասի, նա էլ առավոտը գործի չի, 4-5 երեխա ունի: Այ, քիրա, որ ինձ գործից հանեցին, ինձ պահելու ե՞ս»,- մեր զրույցի ընթացքում հարցրեց շամլուղցի Ֆեոդոր Կոտանովը:

«Երկու ուսանող եմ պահում, չաշխատեմ, ոնց տեմ պահի»,-բացատրում է Անդրանիկ Հախվերդյանը:

Շամլուղցիները տեղյակ են հանքերում տիրող աշխատանքային ծանր պայմաններին։ «Մարդիկ կան գիտակցում են ուր են մտնում, ինչի են մտնում: Նրանք նաև գիտեն, որ կարող է հանք մտնեն ու դուրս չգան: Հանքափորը շատ լավ հասկանում  է ինչ է տիրում հանքերում և իրեն ինչ է սպառնում, բայց ինչ անի էդ մարդը, ուրիշ հնար չունի»,-ասում է զրուցակիցներիցս մեկը, ում անունը հայտնի պատճառով չենք հրապարակում:

Շամլուղ քաղաքը

«Հանքը թող չփակեն, բայց  հանքերի անվտանգության նկատմամբ իրենց հսկողությունն ուժեղացնեն: Հաճախ են հանքերում փլուզումներ լինում»,-ասում է Էմմա Առաքելյանը: Ապրիլի 17-ին Շամլուղի 6-րդ հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով հորատող Աղբալ Առաքելյանի ծանր վնասվածքներ ստանալու հանգամանքերի մասին մենք արդեն 22 –րդ օրն է չենք կարողանում տեղակատվություն ստանալ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լյովա Վարդանյանից:

Առաջին օրերին Լ.Վարդանյանը մեր հեռախոսազանգերին պատասխանում էր, թե այս պահին զբաղված է, կամ Երևանում է: Մեկ շաբաթ առաջ ասաց հարցերը գրավոր ուղարկեք, ուղարկեցինք: Առ այսօր նաև գրավոր հարցերի պատասխան չունենք:

Շամլուղի  մոտ գտնվող անցած դարում ֆրանսիացիների կողմից շահագործված հանքերը երկու տարի առաջ նոր սեփականատերը սկսեց նորից շահագործել։  

Դրանք շահագործելու համար Մաքսիմ Հակոբյանը Շամլուղ մտնող բանուկ ճանապարհը դարձրել է հանքարդյունաբերական հրապարակ: Գիշերը հանքափորները հանքից հանում և ճանապարհաեզրին կուտակում  են  հանքաքարը: Առավոտյան  հանքաքարը կռունկով  բարձվում է մեծ բեռնատարներին և տեղափոխվում լեռնահարստացման կոմբինատ: Շամլուղցիների ավտոմեքենաներն իրենց հետ դեպի քաղաքի փողոցներ ու շենքերի բակեր են տանում քամիներից ու անձրևից ճանապարհին սփռված հանքաքարը:

«Երևի մի 10 տարի չկա, որ վերջին անգամ ասֆալտապատել են մեր ճանապարհները: Հանքի  տրակտորները, բեռնված ծանրաքարշ մեքենաները  մեր ամբողջ ճանապարհները քանդում են»,- դժգոհեց Էմմա Առաքելյանը:

Երբեմնի 5 հազար  բնակիչ ունեցող Շամլուղը հիմա աղքատ բնակավայր է: Փակ և բաց հանքերի շահագործման ընթացքում աղտոտելով Շամլուղի շրջակա միջավայրը, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն իր վրա որևէ պարտավորություն չի վերցնում համայնքի զարգացման համար:

Ավելին, օգտվելով շամլուղցիների համբերությունից ու աշխատանքը կորցնելու վախից՝ ընկերության նախկին և ներկա սեփականատերերը զավթել են Շամլուղի մշակույթի տունը և 80-ից ավելի երեխաների համար նախատեսված մանկապարտեզի շենքը:

«Երբ հեղափոխությունը եղավ, 1920 թ.-ին մեր հանքերը շահագործող ֆրանսիացիները հեռացան Շամլուղից: Ֆրանսիացիների ժամանակ Շամլուղում մանկապարտեզ չի եղել, 1925թ.-ին, երբ մեր հանքերը վերաբացվեցին, կոմունիստների կողմից է բացվել մանկապարտեզ: Այդ ժամանակ Թումանյանի տարածաշրջանում եղել է 4 մանկապարտեզ՝ 2-ը Ալավերդիում, մեկը՝ Մադանում, մեկն էլ՝ Շամլուղում: Մայրս 1925թ.-ին Շամլուղում  մանկապարտեզ է հաճախել: Բայց 21-րդ դարում, մենք Շամլուղում մանկապարտեզ չունենք»,-ասաց մասնագիտությամբ մանկավարժ Էմմա Առաքելյանը:

Խախտելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» 1998թ.-ի ՀՀ օրենքը, Շամլուղի մանկապարտեզի և մշակույթի տան շենքերը 2002թ.-ին բռնազավթել է ԼՀԿ-ի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը։

«Շամլուղի մանկապարտեզի և մշակույթի տան շենքերը ըստ օրենքի պետք է հանձնեին համայնքին, բայց չհանձնվեց: Ինչպես ակումբի, այնպես էլ մեր մանկապարտեզի շենքերը համայնքի համար կենսական նշանակության շենքեր են»,- բացատրեց շամլուղցի Գուրգեն Դավթյանը:

Սերոբ Տեր-Պողոսյանը մշակույթի տան շենքը նվիրել է կոմբինատի անվտանգության նախկին պետ Արսեն Չիթչյանին: Արդեն 15 տարի Շամլուղը ղեկավարող քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը այդ շենքերը համայնքին վերադարձնելու խնդիրը չի բարձրացրել կառավարության առաջ, կամ դատական կարգով:

Համայնքապետը 2016թ.-ին պետբյուջեից հատկացված 5 մլն. դրամը առձեռն տվել է Արսեն Չիթչյանին՝մշակույթի տան շենքը համայնքին հետ վերադարձնելու համար:

Արսեն Չիթչյանի դեմ 2015թ.-ից «Ախթալայի ԼՀԿ»-ից հայց է եղել դատարանում և նրա ամբողջ գույքը դատարանի կողմից դրվել է կալանքի տակ: Հենց այդ պատճառով անշարժ գույքի կադաստրում մշակույթի տան շենքը չեն գրանցել Շամլուղ համայնքի վրա: Արսեն Չիթչյանը տեղյակ է եղել իր անշարժ գույքի կալանքի տակ գտնվելուն, սակայն  նա խարդախությամբ 5 մլն դրամը կորզել է Շամլուղի քաղաքապետից։ «Չեք մտածում, որ Ա.Չիթչյանը կհրաժարվի 5մլն. դրամից»,-հարցրի: «Չի կարող հրաժարվել»,-պատասխանեց Լ. Բեժանյանը:

«Ախթալայի  ԼՀԿ» ՓԲԸ-ի  նոր սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը հանրակացարան դարձնելու նպատակով Շամլուղի մանկապարտեզի շենքի վրա կատարել է վերանորոգման որոշ աշխատանքեր: Լ.Բեժանյանն այսօր «Հետքին» հայտնեց, որ մանկապարտեզի և մշակույթի տան շենքերը համայնքին հանձնելու գրավոր պահանջ չի ներկայացրել «Ախթալայի ԼՀԿ»-ի նախկին և ներկա սեփականատերերին։

«Բանավոր շատ շուտ դիմել եմ Սերոբին, ասաց՝ «Ախթալայի ԼՀԿ-ի» բաժնետոմսերի փաթեթով է վերցրել այդ շենքերը: Հնարավոր չէ վերադարձնել համայնքին»,-բացատրեց Լ.Բեժանյանը: Վերջինս փորձել է ժամանակի հետ մոռանալ մանկապարտեզի շենքի խնդիրը, բայց շամլուղցի մայրերը մանկապարտեզի խնդիրը չեն մոռացել։

Եթե մեր մանկապարտեզի մասին Շամլուղում խոսում ենք՝ ընդդիմություն ենք կոչվում: Չէ, Շամլուղում որևէ խնդրի մասին չի կարելի խոսել: Երբ մանկապարտեզի հարցով գնում էի ստորագրություններ հավաքելու, շատերը հարցնում էին՝ կարո՞ղ է հանկարծ մանկապարտեզի պատճառով իրենց նպաստը կտրեն:Ասում են, եթե տեսնեն մանկապարտեզի պահանջով իրենց  ստորագրությունը, ԼՀԿ-ում ամուսիններին աշխատանքից կազատեն: Շամլուղում մարդիկ շատ են վախենում»,-պատմեց երկու երեխաների մայր Անթառամ Ադյանը:


                                                                        Անթառամ Ադյան

Անթառամի խոսքով մեծ աղջիկը՝ Միլան լավ  է նկարում: «Ամուսնուս ասում եմ Շամլուղում գոնե նկարչական դպրոց լիներ, ուղղարկեինք: Բայց այստեղ ոչ մի բան չկա»,- ասում է  Անթառամը: Շամլուղցի մայրերը մանկապարտեզի պահանջով 2012թ.-ին դիմել են  նախ համայնքապետին, ապա Լոռու մարզպետին: Լ. Բեժանյանը պատասխանել է, թե բյուջեում փող չունի: Արթուր Նալբանդյանը 2012թ.-ի օգոստոսի 21-ին 70-ից ավելի մայրերի  ստորագրած դիմումին պատասխանել է. «Կարևորելով նախադպրոցական կրթությունը, Ձեր համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հնարավորություն գտնել Շամլուղի դպրոցում նախակրթարարան բացելու և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության մատչելիության ապահովում» ծրագրում ընդգրկելու հարցում»:

Դպրոցում նախակրթարան բացվել է, սակայն այնտեղ ընդգրկվել են 13 երեխաներ: Մանկապարտեզի խնդիրը Շամլուղում չի լուծվել:  

«Մենք Շամլուղից 7 կմ հեռու գտնվող Ախթալա էինք իմ աղջկան ամեն օր մանկապարտեզ տանում: Դա  շատ մեծ գումար էր մեզ համար: Ամուսինս աշխատանքի հետ հարմարեցնում էր, աղջկաս  տանում, բերում էր  մանկապարտեզ: Շամլուղում շատ կան երեխաներ, նրանց համար ոչ մի զբաղմունք չկա»,-հայտնեց Անթառամը:

Այսօր Շամլուղում շուրջ 80 երեխաներ զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքից: «Մեր երեխաները  դրսում գոնե խաղալու տեղ չունեն: Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաները հաշվել, նկարել գիտեին, այբբենարանի 18 տառը սովորում էին մանկապարտեզի նախապատրաստական  խմբում: Երեխաները արտասանելու արվեստին էին տիրապետում: Հիմա  դա երազանք է»,- ասում է Էմմա Առաքելյանը, ով 18 տարի աշխատել է մանկապարտեզի դաստիարակ,  24 տարի եղել է Շամլուղի ավանային խորհրդի քարտուղարը: Տիկին Էմմայի խոսքով մշակույթի տան շենքը հոյակապ կառույց է,  350 տեղանոց դահլիճ ունի: Հիմա դահլիճն ավերված է: «Ունեցել ենք ժողգործիքների անսամբլ, վոկալ էստրադային խումբ՝ մեր երիտասարդների ուժերով: Թատերական երկու խումբ ենք ունեցել: Ֆուտբոլը Շամլուղի այցեքարտն է եղել: Հիմա ոչինչ չկա: Ինձ թվում է Շամլուղը խռովել է մեզանից՝ անուշադրության մատնված լինելու և տեր չունենալու պատճառով»,-ասաց Էմմա Առաքելյանը:

 Գլխավոր լուսանկարում ձախից՝ Անթառամ Ադյանը և Էմմա Առաքելյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Րաֆֆի19:35 - 10 մայիսի, 2017
Խնդիր, ոչ թէ "բարձրացնում են", այլ "բարձրաձայնում"
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ