Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ֆելիքս Գզողյան. «Ես հերոսի համար չեմ կռվել, ինձ իմ հայ ազգն է պետք, դրա համար էլ ինձ ասում են ժողովրդական գեներալ»


Գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանին հանդիպում ենք նրա ծառայողական բնակարանում: Զրույցը սկսելուց առաջ 74-ամյա զինվորականը ծխախոտի գլանակ է վառում: Մեր խոսակցությանը հետեւում է կինը՝ տիկին Սուսանը:   

Մինչեւ Արցախյան շարժումը Ֆելիքս Գզողյանը ծառայում էր Անդրկովկասյան ռազմական օկրուգում՝ Վրաստանի Ախալցիխե քաղաքում: Հիշում է, որ երբ Շարժումն սկսվեց, որոշեց զորացրվել ու վերադառնալ Հայաստան, չնայած մեծ պաշտոններ էին առաջարկում խորհրդային բանակում: Ընտանիքն այդ ժամանակ Բաքվում էր, 1989-ին տեղափոխեց Հայաստան ու մտավ Շարժման մեջ:

1990-ին Իջեւանում էր՝ Շամշադինից մինչեւ Նոյեմբերյան ձգվող ճակատի շտաբի պետն էր, իսկ երբ նույն տարում Երեւանում ձեւավորվեց Հատուկ գունդը, դարձավ դրա շտաբի պետ: 1991-ին Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր ձեւավորվեց պաշտպանության կոմիտե, որի կազմում Ֆ. Գզողյանը բաժնի պետ էր:     

«Երբ ադրբեջանցիները 1991-ի հունիսին գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը, ցանկություն հայտնեցի գնալ Շահումյան: Ինձ չմերժեցին: Շահեն Մեղրյանն էր շրջանի լիդերը: Ես շտաբի պետն էի, նա էլ հրամանատարը: Մենք շատ լավ համագործակցում էինք: Ընտանիքներով մտերմացանք»,- պատմում է Ֆելիքս Գզողյանը: Սեպտեմբերին հայկական ուժերին հաջողվեց ազատագրել գրավված երեք բնակավայրերը, սակայն այդ ընթացքում էլ Գզողյանը վիրավորվեց՝ ձորից վազել էր, ցատկել, վայր ընկել ու լուրջ վնասվածքներ ստացել: «Կողերս ջարդեցի, 6 ամիս կորսետով էի ման գալիս, բայց չդիմացա հիվանդանոցում, նորից գնացի Շահումյան, էնտեղից որ եկա, 1992-ի հունվարին ասացին, որ պիտի գնամ Ղարաբաղ»,- գեներալն այսօրվա պես է հիշում 25 տարի առաջ տեղի ունեցածը: Հունվարի 28-ին Գուրգեն Դալիբալթայանի հետ մեկնել են Արցախ, որտեղ էլ նշանակվել է տեղի ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈւ) շտաբի պետ: Պատմում է, որ չնայած փաստացի Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ԻՊՈւ հրամանատարն էր, ինքն էլ շտաբի պետը հունվարի 29-ից, այդ պաշտոններում հաստատվել են միայն մարտի 26-ին, երբ ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է պաշտպանության կոմիտե (ինքնապաշտպանության կոմիտե, ԻՊԿ) ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ստեփանակերտը տարբեր կողմերից պարբերական արկակոծության տակ էր: Շուշիի օպերացիայից առաջ անհրաժեշտ էր վերացնել այդ կրակակետերը: Փետրվարի սկզբին լռեցվեց Մալիբեկլուն, ինչը հնարավորություն տվեց բացել ճանապարհը դեպի Մարտունի, ամսի 26-ին էլ լռեցվեց հզոր ռազմակետ դարձած Խոջալուն՝ ազատագրվեց օդանավակայանը, բացվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղին: Կիչան-Սրխավենդ հատվածի վերահսկամամբ էլ Արցախի մայրաքաղաքը կապ հաստատեց Մարտակերտի շրջանի հետ:  

«Երբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն, մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքներ տանել Շուշիի ազատագրման ուղղությամբ,- պատմում է Ֆ. Գզողյանը,- կարողացանք ջոկատներին միաձուլել, բռունցք սարքել, թե չէ ով գալիս էր, ասում էր ես սպարապետ եմ, զորավար եմ: Լեզու գտնելը դժվար էր, բայց կարողացանք բանակին նմանվող կառույցներ ստեղծել: Սկսեցինք պաշարներ ստեղծել՝ զենք-զինամթերքի, սննդի, վառելիքաքսուքային նյութերի: Ու սկսեցինք հետախուզություն անել: Առանց դրա չես կարող գործողություն իրականացնել, մոտ մի ամիս դրանով էինք զբաղվում: Եկանք էն եզրակացության, որ կարելի է Շուշիի օպերացիան իրականացնել: Առաջին անգամ մարտական հրաման գրվեց, քարտեզի վրա գծագրվեց»:

Դիտարկմանը, թե տարբեր առիթներով խոսվել է այն մասին, որ գործողությունն ապրիլին պիտի իրականացվեր, սակայն եղանակը խանգարել է, գեներալ Գզողյանը պատասխանում է. «Չեմ ուզում մանրամասնել մեր գաղտնիքը… Կիչան-Սրխավենդից հետո, երբ Վազգենը եկավ Ղարաբաղ, հարցրինք, թե երբ ես ամուսնանալու: Ասաց՝ երբ Շուշին գրավեք, կամուսնանամ: Դրա համար անունը դրինք «Հարսանիք լեռներում»»:

Գեներալը կնոջը խնդրում է բերել Շուշիի ազատագրման 2003 մասնակիցների ցուցակը, որոնցից 47-ը զոհվել է, 7-ը՝ անհետ կորել: Գործողությունը 4 ուղղություն ուներ. հյուսիսային՝ հրամանատար՝ Վալերի Չիթչյան, արեւելյան՝ Արկարդի (Ագո) Կարապետյան, հարավային՝ Սամվել Բաբայան, Ջանհասան-Քյոսալար՝ Սեյրան Օհանյան:

«Բոլորն էլ իրենց մարտական առաջադրանքը կատարել են,- շեշտում է շտաբի նախկին պետը,- բոլորի առաջադրանքը գրված է մարտական հրամանի մեջ»:

Շուշիի ուղղությամբ գրոհի հրետանային նախապատրաստությունը սկսվել է մայիսի 8-ի լույս գիշերը՝ 2:30-ին: Մայիսի 8-ին, երբ հակառակորդը խոցել է քաղաքի ուղղությամբ բարձրացող հայկական տանկը, Ֆ. Գզողյանը թողել է հրամանատարական կետն ու գնացել այդ ուղղությամբ: Հրաման է տրվել որոշ ժամանակ հետ քաշվել, սակայն հետո հարձակումը վերսկսվել է:

«Որտեղ վտանգավոր ու բարդ իրավիճակ էր ստեղծվում, մենք այնտեղ միշտ ուղարկում էինք Ֆելիքս Գզողյանին։ Նույնպես եւ Շուշիի գործողության ժամանակ. երբ մեր տանկը խփեցին, եւ մեր հարձակումը մի կարճ ժամանակով դադարեցրինք, Գզողյանին ուղարկեցինք, եւ նա բոլոր հարցերը կարգավորեց, եւ դեպի Շուշի հետագա հարձակումը շարունակվեց»։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյան (Կոմանդոս)

«Մայիսի 9-ի առավոտյան ժամը 6-ին քայլում էինք Շուշիում,- ժպիտով հիշում է հրամանատարը,- ձեռք էիր տալիս՝ դվիժոկները տաք էինք, թեյը տաք էր… Մենք ճանապարհ էինք թողել, որ հակառակորդը ճանապարհով հեռանար Լաչին, հետո՝ Ղուբաթլու»:

Հարցնում եմ, թե ինչ էր զգում Շուշի մտնելուց հետո: Մի տեսակ հուզվում է, դեմքն ավելի է կարմրում. «Քո հողն ես ազատագրել… Ես ինձ հպարտ էի զգում, ինչու՞ պիտի մեր հողը թողնեինք նրանց: Ախր պետք է էդ մոմենտին կողքիս լինեիր, որ իմանայիր: Երբ արցունքներ են գալիս, ո՞նց կլինես… Ես բոլորին եմ ուզում նշել: Բոլորն իրենց դերը կատարել են, Հայաստանից եկած ջոկատներն էլ իրենց դերը կատարեցին: Էդ մարդկանց մենք չպիտի մոռանանք: Հո մենակ Շուշիի ազատագրմա՞նը չեն մասնակցել իրենք»:

Գործողության ժամանակ հայկական ուժերի գնահատականը հրամանատարն այսպես է տալիս. «Կոնֆուցիոսին հարցնում են, թե հաղթանակի համար ինչ է պետք, ասում է՝ հաց, զենք, ոգի, հարցնում են՝ իսկ եթե երկուսը թողնե՞նք, ասում է՝ զենք, ոգի, իսկ եթե մեկը թողնե՞նք, ասում է՝ ոգի: Մեր զինվորի ոգին է եղել էականը: Եթե մենք չվերցնեինք Շուշին, չգիտեմ, թե ոնց պիտի լիներ վերջը»:

Ֆելիքս Գզողյանն Արցախի ԻՊՈւ շտաբի պետն էր մինչեւ 1992-ի հոկտեմբեր: Այդ տարվա ամռանը, երբ ադրբեջանական զինուժը մեծաքանակ տեխնիկայի աջակցությամբ սկսել էր լայնածավալ գրոհը Շահումյանի ու Մարտակերտի շրջանների ուղղությամբ եւ զավթել առաջինն ու երկրորդի մեծ մասը, Ֆ. Գզողյանը հուլիսին վիրավորվել է:

«Երբ Չլդրանում վիրավորվեցի, ոտքս պիտի կտրեին, Արտո Սահակյանն իր կաբինետում վիրահատեց, բայց ոտքս չկտրեց… Վազգենն (Վ. Սարգսյանը- հեղ.) էկավ, կնոջս թեւն ընկավ, ասեց՝ Սուսան քույրիկ, գիտե՞ս, քո ամուսինը հերոս ա, ազգի հերոս ա…»,- պատմում է զրուցակիցս, ու այդ պահին միջամտում է կինը՝ դառնացած հեգնելով. «Դրա համար էլ 25 տարի անցել է, հերոս են տվել քեզ»: Գեներալի դեմքը շիկնում է, սուր հայացքով սաստում է կնոջն ու ձեռքը սեղանին խփելով գոռում. «Սուսա՛ն, հերի՛ք է, ես հերոսի համար չեմ կռվել, ինձ ոչ պաշտոն է պետք, ոչ էլ բան, ինձ իմ հայ ազգն է պետք, դրա համար էլ ինձ ասում են ժողովրդական գեներալ»: Շիկացած մթնոլորտը պարպվում է, իսկ մենք ժպտում ենք:

«Եզակի հրամանատարներից է, որ անընդհատ առաջնային գծում է եղել։ Անընդհատ եկել է, մարտը ղեկավարել։ Եվ շտաբում է գծել, պլաններ մշակել, բայց նաեւ անմիջականորեն խրամատում զինվորի հետ կռվել է թշնամու դեմ։

Շուշիի օպերացիայի նախապատրաստական փուլում գերագույն ներդրումը Ֆելոյինն է։

Ֆելոն ամեն ինչի տիրապետում էր։ Մինչեւ չճշտեր, մարդ չէր ուղարկի մարտի դաշտ, որ չզոհվեն։

Իզուր չէ, որ նրան սիրով անվանում են ժողովրդական գեներալ»։

Գնդապետ Սուրեն Սարգսյան

«1992-ի հոկտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանը Ղարաբաղից կանչեց Երեւան, թե արի մի 3 օրով հանգստացի: Իրիկունը մտա մոտը՝ բա դու քո գործողությունները շատ լավ կատարել ես, պիտի գնաս Լաչին, մենակ դու կարաս գլուխ հանես: Ասեց՝ դե, ես վաղն էլ հրաժարական եմ տալու, ասի՝ դե, էդ դեպքում ես էլ գնալու եմ Արցախը հանձնեմ: Ասեց՝ էդպես է պետք, բայց ես միշտ լինելու եմ Սյունիքում: Ամսի 17-ին գնացի Լաչին, հարավարեւելյան ճակատի՝ Կապանից մինչեւ Լաչին ձգվող գծի հրամանատարն էի,- վերհիշում է Ֆ. Գզողյանը,- ամենակարեւորը Լաչինի միջանցքը պահելն էր: Հակառակորդն իր դիրքերից անընդհատ խփում էր Լաչինի վրա: Երբ ես եկա, 25 կմ էր միջանցքի լայնքը: Կարողացանք պահպանել այն, մինչեւ 1993-ի մարտի 11-ը մնացի այդտեղ»:

Հարավարեւելյան ճակատից հրամանատարը տեղափոխվել է Երեւան, նշանակվել Սովետաշենում տեղակայված առաջին բրիգադի հրամանատար: Բրիգադի պատասխանատվության ներքո էր սահմանագիծը Երասխավանից մինչեւ Ջերմուկ:

Գեներալի կենսագրության մեջ առանձին էջ է Օմարի գործողությունը 1994-ի ձմռանը: Հակառակորդը կարողացել էր հետ վերցնել այս ուղղությամբ նախկինում կորցրած տարածքների մի մասը: Չնայած զանգել-կանչել էին Վարդենիս, չէր համաձայնել, ասում է՝ որոշ հարցեր կային, նեղացած էր, բայց հետո համոզել են:

«Հունվարի 28-ի իրիկունը Վարդենիսում էի, էնտեղից գնացի Դեմիրչիդամ ու փոխարինեցի Միխայիլ Հարությունյանին… Ես գրոհի ձախ թեւից էի, Յուրի Խաչատուրովը՝ աջ: Գլխավոր հրամանատարը գեներալ Հայկ Անդրեասյանն էր: Ամսի 29-ին սկսեցինք գործողությունն ու հասանք մինչեւ Սեյիդլար: Փետրվարի 17-ին սկսեցինք Օմարի հարձակումը, ամսի 18-ի առավոտվա 5:17-ին ես ու Արամը (հիմա Սեյրան Սարոյանի անվտանգությունում է) կանգնած էինք Օմարի լեռնանցքում: Քիչ էր մնում մինչեւ Խանլար, բայց… Էդպես էլ վերջացավ իմ էպոպեան»,- ասում է հրամանատարը:

1994-ի մայիսի 12-ի զինադադարի մասին լսել է Երեւանում, որտեղ նախարարության զորքերի ծառայության վարչության պետն էր: Հարցնում եմ, թե ինչպես ընդունեց լուրը, արդյոք ինչ-որ բանի թերի, կիսատ լինելու զգացողություն չուներ, ասում է. «Շատ լավ ընդունեցի լուրը: Ժողովուրդն արդեն հոգնել էր, մեզ էլ հանգիստ էր պետք՝ բանակը կառուցելու համար: Սկսեցինք կառուցվածքային փոփոխությունները, բրիգադներ, գնդեր ստեղծեցինք… Ես մինչեւ իմ աչքերով թուղթը չկարդամ, չեմ հավատա, որ չեն թողել առաջ գնալ: Հա, վերցնեինք Միրբաշիրը, Կիրովաբադը, բայց ո՞նց էինք պահելու, էդքան զենք ու մարդ ունեի՞նք: Եթե չլիներ զինադադարը, մենք չէինք կարող բանակ ստեղծել, ով ոնց ուզում է թող գնահատի, բայց զինադադարն օգնեց հասնել սրան: Ապրիլյան գործողությունները ցույց տվին, որ մեր բանակն ուժեղ է, որ մեր զինվորի ոգին մեծ է…»:

Թոշակի անցած գեներալն այժմ էլ բանակի կողքին է, աշխատում է պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովում: Ասում է, որ 25 տարին շատ քիչ է բանակի կայացման համար, սակայն առաջընթացն անցած տարիների համեմատ ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծառայել են բանակում, եղել են հատկապես առաջնագծում. «Մեր հանձնաժողովը ստուգում եւ ուսումնասիրում է, առաջարկություններ է անում նախարարին: Այո, կան թերություններ, բացթողումներ, բայց օրեցօր, ամսեամիս, տարեցտարի վերացվում են դրանք»:

Զրույցի վերջում գեներալ Գզողյանն իր առանձին շնորհավորանքն է հղում բոլոր նրանց, ում շնորհիվ մայիսի 9-ը դարձել է տոն. «Ես ուզում եմ բոլորին շնորհավորեմ, մանավանդ Հայրենական պատերազմի վետերաններին, իրենք են մեզ ապրել տվել, նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք, առողջութուն, հաջողություն: Մայիսի 9-ի առիթով շնորհավորում եմ բոլոր ազատամարտիկներին, ովքեր մասնակցել են Շուշիի, Արցախի ազատագրմանը, ցանկանում եմ առողջություն, հաջողություն, երկար տարիների կյանք, եւ թող մեր հայրենիքը, մեր Հայաստանը, Արցախը միշտ կապույտ երկնքի տակ լինեն»:

Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին Շամլուղում: 1963-ին ավարտել է Տաշքենդի տանկային բարձրագույն ուսումնարանը, 1963-1988թթ. ծառայել ԽՍՀՄ զինված ուժերի Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերում իբրեւ տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ: 1988-ին զորացրվել է խորհրդային բանակից ու փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում եւ մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջեւանի երկրապահների շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երեւանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան՝ Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։ 1991թ. Գզողյանն իր ներդրումն է ունեցել ՀՀ պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետեւ տեղափոխվել է Արցախ։ 1992թ. սկզբին նշանակվել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈւ) շտաբի պետ։ 1992թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ 1993թ. մարտի 11-ը եղել է մարտագծի հարավարեւելյան ուղղության հրամանատար։ 1995-ին նշանակվել է Տավուշում տեղակայված զորամասի հրամանատար, 1997-ին՝ մեկ այլ զորամասի հրամանատար, այնուհետեւ տեղափոխվել է Երեւան՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ՝ որպես հատուկ գործերով շտաբի պետի տեղակալ։ 1998թ. նշանակվել է նորաստեղծ 5-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, 2000-2006թթ. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալն էր։ 2002թ. ստացել է գեներալ-մայորի կոչում։ Այժմ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովում։

Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով ու «Շուշիի ազատագրման համար» մեդալով, ինչպես նաեւ խորհրդային ու հայկական բանակի բազմաթիվ պետական պարգեւներով։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Ռ. Գզողյանի անձնական արխիվից

Օգտագործվել են նյութեր hayzinvor.am կայքից


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։