ՈՒրբաթ, 20 հուլիսի

Էդմոն Մարուքյան. «Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով և մինչև վերջ պայքարել է ԵԱՀԿ գրասենյակի փակման համար»



ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները քննարկվեցին այսօր' մայիսի 10-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Ադրբեջանը բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խանգարում է իր ստատուս քվոյին»,- ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով' այս հայտարարությունն անհեթեթ է, քանի որ Ադրբեջանը միշտ էլ խնդրահարույց է վերաբերվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ 2017թ. հունվարից ընթացող բանակցություններն ավարտվեցին գրասենյակը փակելու որոշմամբ այն պատճառով, որ գործունեությունը շարունակելու հարցում համաձայնություն չտվեց ԵԱՀԿ անդամ Ադրբեջանը: Գրասենյակի փակման մասին կազմակերպությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը հայտարարել է, որ չնայած գործադրված ջանքերին, ԵԱՀԿ մշտական խորհուրդը չի կարողացել կոսնենսուսի հասնել գրասենյակի գործունեությունը շարունակելու հարցում:

Դեռևս այս տարվա հունվարին Մշտական խորհրդի նիստում Ադրբեջանը պնդել էր, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերից մեկը՝ կապված ականազերծման հետ, չի համապատասխանում ԵԱՀԿ մանդատին: Փաստացի Ադրբեջանի ներկայացուցիչը ոչ ուղղակի պատճառաբանել է, որ այդ ծրագիրը նպաստում է ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանմանը, հետևաբար ֆինանսավորելով այն՝ ԵԱՀԿ-ն նպաստում է կոնֆլիկտին: Մինչդեռ ծրագիրը ոչ թե ռազմական կամ քաղաքական նշանակություն ուներ, այլ մարդասիրական: Չնայած ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցչի կողմից Երեւանում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ԵԱՀԿ գերմանական, ապա նաև ավստրիական նախագահությունները եզրակացրել էին, որ այդ ծրագիրը չի հակասում ԵԱՀԿ մանդատին, Ադրբեջանը չհրաժարվեց իր պնդումներից: Հանուն գրասենյակի պահպանման՝ ընդառաջելով ավստրիական նախագահության հորդորին, պաշտոնական Երևանն անգամ համաձայնել էր չշարունակել կոնկրետ այդ մեկ ծրագիրը: Բայց դա ևս որևէ կերպ չազդեց Բաքվի դիրքորոշման վրա՝ ակնհայտ դարձնելով, որ վերջինիս առաջնային խնդիրը ցանկացած գնով երևանյան գրասենյակի փակմանը հասնելն է՝ օգտագործելով ԵԱՀԿ-ում որոշումների ընդունման վրա վետո կիրառելու հնարավորության սկզբունքը:

«Ադրբեջանը դժգոհ է այն գործընթացից, որն իրականացնում է այստեղ ԵԱՀԿ գրասենյակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ Կովկասում փակվի վերջին ԵԱՀԿ գրասենյակը»,-իր խոսքում նշեց Իգիթյանը: Բանախոսի կարծիքով՝ այն դժգոհությունները, որոնք ունեցել է Ադրբեջանը, ըստ էության լուծվել են, սակայն վերջինս փորձում է ցույց տալ, որ սա սառեցված կոնֆլիկտ չէ, և ուզում է միջազգայնացնել այն: Ինչն էլ, բանախոսի կարծիքով, կլուծվի Ադրբեջանի ուզած ձեւով:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով' գրասենյակի փակումը կարող է ազդել Հայաստանի և ԵԱՀԿ-ի ակտիվության վրա. «Քաղաքական առումով գրասենյակի փակումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ փակման հարցը Հայստանի կողմից չի առաջադրվել: Ադրբեջանը գնացել է ամենածայրահեղ ճանապարհով և մինչև վերջ պայքարել է գրասենյակի փակման համար»: ԱԺ պատգամավորը հավելեց, որ ԵԱՀկ գրասեյակի փակումը միանշանակ հարված էր ԵԱՀԿ-ին, որը չկարողացավ այնպես անել, որպեսզի այն չփակվի:

«Տակտիկական առումով Հայստանի համար առանձնապես մեծ վնաս տեղի չի ունենա, քանի որ կգտնվեն այլ ճանապարհներ»,-ասաց «Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը' հավելելով, որ ԵԱՀԿ-ի հետ քաղաքական հարաբերությունները կշարունակվեն:

Տեր-Գաբրիելյանի խոսքով' Ադրբեջանն այս ճանապարհով փորձում է ազդել Հայաստանի ներքին քաղաքականության վրա և դուրս մղել միջազգային կազմակերպությունների հարթակից: «Հայկական կողմը պետք է լուրջ որոշում ներկայացնի, համապարփակ անվտանգության համակարգ ստեղծի և քարտեզագրի հետագա որոշումները»,- իր խոսքը եզրափակեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Ելենա Արամյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 5-րդ կուրս


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ