HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գանձագողերի առջեւ բաց են թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհները

սկիզբը

Սյունիքը միակ տարածքը չէ, որտեղ գանձագողերն անարգել ավերում են: Հնագետների վկայությամբ՝ կան բրիգադներ, որոնք «սանրում» են տարածքները Հայաստանում եւ  Արցախում: Նրանց թիրախում են, հատկապես, Արտաշատ անտիկ քաղաքը, Լճաշենի դամբարանադաշտը, հնավայրերով հարուստ Կոտայքի մարզը, Կովսականը: Հուշարձաններն ավերելու վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվել են՝ կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ: Հայտնաբերված գանձագողերն անգամ  պատասխանատվության չեն ենթարկվում, գողոնն առգրավելու դեպքերում կամ՝ քրեական գործի հարուցումը մերժվում է, կամ՝ քրեական գործը կարճվում է: Լավատեղյակները պնդում են, որ գանձագողությունը Հայաստանի վերնախավի կողմից կառավարվող բիզնես է:

Քննչական կոմիտեն Լճաշենի դամբարանադաշտում կատարված ավերածությունների վերաբերյալ 2 քրեական գործ է հարուցել, երկուսն էլ անցյալ տարի կասեցվել են մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ:  

10.06.2016թ. Բնակատեղի Լճաշեն հուշարձանի տարածքում գտնվող քարի արտադրամասի աշխատակիցները քար եւ խիճ ձեռք բերելու նպատակով հնավայրում իրականացրել են հողի քանդման ապօրինի աշխատանքներ: Հնավայրի բլուրներից մեկի մոտ 50 մ երկարությամբ տարածք է քանդվել: Բացի այդ, գանձագողության նպատակով բլրի գագաթին գտնվող 4 խաչքարերից մեկը շուռ է տրվել եւ տակը մոտ 2 մ խորությամբ փոս է փորվել, իսկ դրանից մի քանի մետր հեռավորության վրա տեխնիկայով քանդել եւ թալանել են մեկ դամբարան:

Ըստ քննչական կոմիտեի՝ 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անհայտ անձի կողմից Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Ք. Ա. 3-2 հազարամյակի «Բնակատեղի Լճաշեն» հանրապետական նշանակության հուշարձանախումբը վնասելու դեպքի առթիվ 04.11.2016թ. հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Լճաշենի դամբարանադաշտում երկրորդ հանցագործությունը կատարվել էր 2016թ. սեպտեմբերին: Ոստիկանության «02» հաղորդաշարը ներկայացրեց սեպտեմբերի 14-ին գանձագողության կասկածանքով մարզային վարչություն բերված Լճաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Հարությունյանին:

«Իր գտածոները ներկայացնելուց բացի, նա նաեւ խոսեց դրանք ձեռք բերելու միջոցի մասին: Չի ժխտում, որ մետաղական դետեկտորի օգտագործմամբ է դրանք ձեռք բերել»,- հաղորդում է տեսանյութի հեղինակը:

Այս քրեական գործի վարույթը քննչական կոմիտեն նույնպես կասեցրել է մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: «24.10.2016թ. ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին եւ 264-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ անհայտ անձի կողմից գործով չպարզված հանգամանքներում թվով 11 հատ մշակութային արժեք ներկայացնող տարբեր առարկաներ, կավե տարաների ջարդոններ ձեռք բերելու եւ դրանք 2012-2013թթ. աշնանը Երեւան քաղաքի Վերնիսաժ տոնավաճառում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Արտակ Հարությունյանին վաճառելու դեպքի առթիվ»,- մեր գրությանն ի պատասխան` հայտնում է քննչական կոմիտեն:

Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցի գագաթնակետը համարվող Հավուց թառ եկեղեցական համալիրում 2015թ. աշնանը պեղումներ կատարելու ժամանակ հնագետները բացառիկ մատուռ պեղեցին: Նրանց հեռանալուց հետո գանձագողերը քանդել են մատուռի կիսակլոր շարվածքը եւ պատի մեջ անցք են բացել: «Հասկացող մարդ է եղել, բարեբախտաբար, շարվածքի արձանագրությունները, խաչաքանդակներով քարերը տեղափոխվել են մի փոքր հեռու»,- հայտնեց հնագետ Արման Նալբանդյանը:  Այս գործի քննությունը նույնպես կասեցված է:

«Հնագիտական արշավախմբերը եթե դաշտում չեն, այդ հուշարձանները վաղ թե ուշ դառնում են գանձագողերի գործունեության ընտիր դաշտ, անկախ նրանից` պեղվա՞ծ տարածք է, թե՞ ոչ: Մենք մեկ տարում չենք կարողանում ավարտել պեղումները եւ ցույց տալ, թե ինչ արդյունքներ ենք հանձնել պետությանը: Եթե մենք պեղումներն ընդհատում ենք, դու ես արդեն պեղում: Հաշվետվություններ եմ ներկայացնում եւ մշակույթի նախարարությունում ինձ հարցնում են` ի՞նչ միջոցներ եք ձեռք առնում հուշարձանի տարածքը պահպանելու համար: Այս ընթացքով սա անհեթեթ պահանջ է, բայց Հայաստանի պարագայում դա ծանր հետեւանք կարող է ունենալ»,- ասում է հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Սեւ հնագիտությունը» կամ գանձագողությունը միշտ եղել է, մարդկության սկզբից մինչ օրս, բայց հնագետների ասելով՝ խորհրդային տարիներին այդքան շատ չէր, որովհետեւ դատապարտվում էին: Հիմա Հայաստանում «սեւ հնագիտությամբ» զբաղվողներ շատ կան, որովհետեւ գանձագողությունը հեշտացել է: Նրանք արդեն լավ զիված են՝ գործիքներով են փնտրում, ցանկացած քաղաքացի կարող է մետաղորսիչ սարք գնել եւ ներմուծել: Խորհրդային տարիներին այդ գործիքները պետական համարանիշով հատուկ գիտարշավներին էին հատկացվում: Դեդեկտորներ ունեն, որոնցով երեւակում են որոշակի տարածքներ` իմանալով, որ դա պահպանվող հուշարձանի տարածք է: Այսինքն` իմանալով, որ հանցագործություն են կատարում: Ռենտգեն սարքերը մի քանի հազար դոլար արժեն, դա նշանակում է, որ այդ մարդկանց շահույթը թույլ է տալիս, որպեսզի թանկ աշխատանքային գործիքներ ձեռք բերեն: Հայաստանում կան մասնագետներ, որոնք վճարով գնահատում են այդ գողոնը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը շեշտում է, որ դրանք կազմակերպված խմբեր են, եւ նրանց գողոնի զգալի մասը երկրից դուրս է գալիս թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով: «Այդ կազմակերպվածության մակարդակը բավականաչափ մասնագիտացված եւ խորացված է, որ ե՛ւ օդանավով հնարավոր լինի անցկացնել, ե՛ւ մեքենայով: Քանի դեռ չեմ տեսնում, որ որեւէ մեկը պատժվի, չնչին բացառություններով, ես այլ ենթադրություն չեմ կարող անել, քան որ դա կազմակերպված եւ ի վերուստ հովանավորվող բիզնես է»,- շեշտում է հնագետը:

Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը ներկայացնում է գանձագողերի շղթայական կապը· «Վերնախավից մարդիկ կան, որոնք խմբեր ունեն իրենց կողմից ֆինանսավորվող՝ 40-50 հազար եվրո արժողությամբ սքաներները բերում են ու իրենց համար փնտրում: Ես էդ խմբերին էլ գիտեմ: Հնագետներ ունեն, որոնք «գիտականորեն» են այդ ամենն անում, հանածն ուղարկում են, որպեսզի նրանք բնութագրեն: Օլիգարխները կոլեկցիաներ ունեն, գնում են նրանցից: Մի երկրում, երբ արգելված է որեւէ հնագիտական իր վաճառելը կամ սահմանից  դուրս բերելը, բայց Վերնիսաժում բացահայտ վաճառում են, ուրեմն տերեր ունեն իրենց գլխին: Մեր հնագիտական իրերը Իրանում, Վրաստանում են հայտնվում, անցնում են Ադրբեջան»:

«Ես 3-4 հոգու գիտեմ, որոնք վաճառում են, գիտեմ մի քանիսին, ովքեր գնում են: Ինձ ուղարկում են նկարները, ես հայտնում եմ Պատմության թանգարանին, որպեսզի գնեն: Ինչպես Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ենք հանդիպում զանազան օլիգարխիկ դրսեւորումների, այդ նույնն իրականություն է նաեւ մշակութային ժառանգության քաղաքականության մեջ: Այսօր մշակութային ժառանգության պահպանման հարցում լուրջ խնդիրներ կան, եւ այդ խնդիրներին խառնված են զանազան օլիգարխներ, բարձրաստիճան զինվորականներ: Ջուղայից հետո Նորատուսն ու Առինջի խաչքարերի դաշտը եզակի են, որ մնացել են, բայց այսօր էլ այդ խաչքարերի տակ թաղումներ են անում եւ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կանխելու այն»,- ասում է հնագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Հնագետների ասելով՝ ամենաշատը անտիկ շրջանի դրամներն են երկրից դուրս հանվում` Տիգրան Մեծի, Արտավազդ թագավորի դրամները: Շատ հաճախ դուրս են տարվում այնպիսի առարկաներ, որոնք նույնիսկ մեր Պատմության թանգարանը չունի: «Որպես կանոն, այդ առարկաների մասին մենք հետագայում պատկերացում չենք ունենում, որովհետեւ դրանք գնում են մասնավոր կոլեկցիոներների մոտ եւ, ըստ էության, կորչում են ե'ւ հանրության, ե'ւ գիտության համար»,- իր վրդովմունքն է արտահայտում պրն Զարդարյանը:

 

«Դրանցից յուրաքանչյուրը ցուցադրության համար եւ տվյալ ժամանակաշրջանի մասին պատմող շատ լավ բաներ են, բայց դրամական մեծ արժեք չունեն: Երբ հանեց` գիտական առումով այն արդեն իսկ արժեզրկված է, այդ առումով հսկայական վնաս են տալիս: Ասում եմ` լավ ինֆորմացիա կա սրա մեջ, մի՛ տար Վերնիսաժ, ես դա կարող եմ հանդիպել այլ երկրում, որը Հայաստանի պատմությունը խեղաթյուրելու հնարավորություն է տալիս»,- ավելացնում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Մաքսային ծառայությունը վերջին 5 տարիներին Հայաստանից դուրս բերվող հնագիտական նշանակություն ունեցող մշակութային արժեքների մաքսանենգության միայն մի դեպք է կանխել: «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթով Մոսկվա քաղաք մեկնող ուղեւոր Արտաշես Թառումյանի ուղեբեռից հայտնաբերվել են տարբեր տեսակի մշակութային արժեքներ։ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հաստատվել է, որ քաղ. Արտաշես Թառումյանը 2013թ. ապրիլի 27-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով տեղափոխել է իրեն պատկանող 4.490.500 դրամ արժողության պատմական եւ հնագիտական նշանակություն ունեցող իրեր:

«Նշված դեպքով մաքսանենգության առարկաներ են հանդիսացել ընդհանուր` 443 հատ մետաղադրամներ, թղթադրամներ, նամականիշներ եւ բանկային չեկեր: Նախապատրաստված նյութերով` 28.10.2013թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` 03.10.2013թ. ընդունված համաներման ակտի հիմքով»,- հայտնում է Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այնուհետեւ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն դատարան՝ ընդդեմ Արտաշես Թառումյանի եւ Պետական եկամուտների կոմիտեի` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին: Դատարանը (դատավոր Էդիկ Ավետիսյան) մերժել է գլխավոր դատախազության հայցը։

Նախաքննության ժամանակ նշանակվել է արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննություն, «որի կատարումը հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին։ Կատարված փորձաքննությամբ հիմնավորվել է, որ «443 հատ իրերը արվեստաբանական, պատմամշակութային, գեղարվեստական կամ համաշխարհային առանձնակի արժեք չեն հանդիսանում, քանի որ ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի թիվ 1643-Ն որոշմամբ հաստատված «Մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում» ընդգրկված չեն»։ Նույն եզրակացությամբ հիմնավորվել է նաեւ, որ դրանք ունեն միայն պատմական, հնագիտական նշանակություն։ Առգրավված իրերը վերադարձվել են տիրոջը:

Մշակութային արժեքները թալանվում են բոլոր տեղերից՝ հնավայրերից, թանգարաններից, պահեստարաններից եւ դրանց վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվում են կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ժամանակավորապես պահվող «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան մասնաճյուղի հավաքածուից 1.450.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով 4 կարպետների եւ 3 գորգերի յուրացման դեպքի առթիվ 12.05.2016թ. Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

«Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում 2015թ. սեպտեմբեր ամսին կատարված գույքագրման արդյունքում պարզվել է, որ ֆոնդում բացակայում են թվով 11 առարկաներ: Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնից մեր գրությանն ի պատասխան հայտնում են, որ 2015թ. իրականացվել է հանձնում-ընդունում, որի ժամանակ պարզվել է, որ ֆոնդում բացակայում են 1 հատ բյուզանդական դրամ, 6 հատ սելջուկյան դրամ (պղինձ), 2 հատ իրանական դրամ (պղինձ), կնոջ արձանիկ (բրոնզ), 1 հատ կախիկ (բրոնզ):

28.10.2015թ. հարուցված քրեական գործի վարույթը 8 ամիս հետո կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

Նշենք, որ այս ֆոնդում պահպանվում են պեղումների ընթացքում հանված բոլոր այն իրերը, որոնք չեն թանգարայնացվել կամ դեռեւս չեն թանգարայնացվել: 

Քննիչը մեզ տրամադրել է նաև անհետացած իրերի ֆոտոպատճենները, որոնք լիարժեք տեսանելի չեն, ուստի ներկայացնում ենք նույն ժամանակաշրջանը ներկայացնող այլ դրամներ։

«Ազգը, եթե մշակույթ ու պատմություն չունի՝ վերացավ որպես ազգ: Սա ծրագիր է, սա հատուկ է արվում, պատմությունը ջնջելու նպատակով»,- համոզված է Ստեփան Նալբանդյանը:

«Այսօր ինտերնետային շուկան, սեւ շուկան շատ ավելի մեծ է, քան պաշտոնական աուկցիոներները: Թալանվեց Բաղդադի թանգարանը՝ վերադարձվեց չնչին մասը, մնացածը գնաց սեւ շուկա: Թալանվեցին Մոսուլի, Հալեպի թանգարանները, թալանվեց Պալմիրան եւ այդ բոլորը գնաց սեւ շուկա»,- գործընկերոջ միտքն է շարունակում Մկրտիչ Զարդարյանը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter