HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վիսկի արտահանող Հայաստան

Սկսած 2015 թվականից՝ Հայաստանի վիճակագրությունում արտադրվող ալկոհոլային խմիչքների կողքին հայտնվեց վիսկին։ Չնայած այն իր ծավալներով մեծ տարբերությամբ զիջում է հայկական գինուն, կոնյակին, օղուն ու գարեջրին, սակայն նաև արտահանվում է։ Երկու տարում՝ 2015-2016թթ., արտադրվել է 2.6 մլն լիտր վիսկի։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարի վիսկիի արտադրության ծավալներն աճել են 23.2%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

 

Հայաստանում վիսկի արտադրում է հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա և Գ» ընկերությունը։ Նրա ընկերությունները «մասնագիտացված» են ռուսական և ուկրաինական օղիների կեղծման գործում՝ շրջանցելով օրենքներն ու ժամանակին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի զգուշացումները։ Կեղծվող օղիների շշերը շփոթության աստիճան նման են Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրվող օղիներին։

Արտադրության սկզբում «Ա և Գ»-ի վիսկիները Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում ցանցում հայտնվեցին Mac Alex և Mac Grant անվանումներով։ Այժմ ընկերությունը վիսկին ներկայացնում է մեկ այլ անվամբ՝ MR. CHAVEZ։ Իսկ Mac Alex և Mac Grant անունով վիսկիներ երեկ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի»-ում չգտանք, աշխատակիցներն էլ պատասխանեցին, որ այդ անուններով վիսկի այժմ սուպերմարկետների այս ցանցում չկա:

Հայկական վիսկին մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստան ներմուծվածները։ Գնից էլ կարելի է ենթադրել, որ որակապես ևս զիջում է ներմուծվածներին։

Ռուսաստանն ու Իրաքն արտահանման հիմնական շուկաներն են

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 675 հազար լիտր վիսկի (100% սպ.), որի մասքային արժեքը կազմել է 1.44  մլրդ դրամ։ Տարվա միջին փոխարժեքով դա կազմում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Սա, իրականում, մեծ ցուցանիշ չէ՝ համեմատած, օրինակ, կոնյակի հետ, որի արտահանումը կազմել է շուրջ 147 մլն դոլար, կամ գինու հետ՝ շուրջ 6 մլն դոլար արտահանման ցուցանիշով։

2015 թվականի համեմատ՝ վիկսիի արտահանման մաքսային արժեքն աճել է 17%-ով, իսկ քանակը՝ 43%-ով։

Ստորև գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում արտահանման քանակն է, երկրորդում՝ արժեքը։

Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների

Հայաստանից վիսկին արտահանվում է հիմնականում Ռուսաստան ու Իրաք։ Ընդ որում՝ Իրաք արտահանվող վիսկին շատ ավելի էժան է, քան Ռուսաստան արտահանվողը։ 2016 թվականին Իրաք առաքված վիսկի 1 լիտրի միջին գինը կազմել է 1180 դրամ, իսկ Ռուսաստան՝ 3360 դրամ։ Սա կարող է նշանակել, որ Իրաքում էժանագին վիսկիի պահանջարկն ավելի մեծ է, քանի Ռուսաստանում։

Այսպիսով, եթե Հայաստանից արտահանված վիսկին դիտարկենք ըստ քանակի, ապա դրա ամենամեծ մասն առաքվել է Իրաք, իսկ եթե ըստ արժեքի, ապա՝ Ռուսաստան։

Փոքր քանակությամբ առաքվել է նաև Սիրիա, Բելառուս և Ուկրաինա։

Հայաստանում վիկսիի պահանաջարկը փոքր է

Հայերն այնքան էլ հակված չեն վիսկիին։ Ըստ ՊԵԿ-ի՝  նախորդ տարի ալկոհոլային այս խմիչքից Հայաստան է ներմուծվել ընդամենը 40 հազար լիտր։ Մաքսային արժեքը կազմել է 544 մլն դրամ, 1 լիտրի միջին գինը՝ 13 540 դրամ։

Հիմնականում ներմուծվում է Վրաստանից, Լատվիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից ու Նիդերլանդներից։ Նրանց շարքում ամենաթակը շվեյցարական վիսկին է։ Վիսկիի արտադրության ծավալները ևս, ինչպես տեսանք, մեծ չեն։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանում արտադրվել է 21.5 մլն լիտր կոնյակ, 6.8 մլն լիտր գինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter